Հանրակրթության բարեփոխումներ. առկա է շտապողականություն եւ ոչ համակարգված աշխատանք

05.08.2020 17:40
14012

Հասարակական կյանքը հակում ունի անընդհատ փոխվելու, ուստի պատահական չէ, որ ամենապահանջված բաներից մեկը աշխարհում փոփոխությունն է: Բացի տնտեսական, քաղաքական, ֆինանսական ու այլ ոլորտներից, այդ փոփոխությունների մեջ վճռական ու կարեւոր է կրթության համակարգը, դրա շարժման դինամիկան, բարեփոխումների նպատակներն ու բովանդակությունը: Այս օրերին Հայաստանի կրթական կյանքում լուրջ քննարկումներ են ընթանում նոր չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի վերաբերյալ: Որպես ուսուցիչ, որքանով հիշում եմ, չի եղել մի ժամանակ, որ կրթությունը «հանգիստ» վիճակում լինի: Անկախության տարիներին մի կողմ դրվեցին խորհրդայինն ու սկսվեցին նոր կրթակարգի որոնումները: Ասեմ, որ դեռ 1990-2000-ականների սկզբից ընդգրկվել եմ այդ գործընթացում, մասնակից եմ եղել նոր կրթակարգի մշակմանն ու քննարկումներին: Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա առկա է շտապողականություն, ոչ համակարգված ու համագործակցված աշխատանք: Դրա արդյունքում ունեցանք այն, ինչ կա եւ ունենք այն, ինչ կունենանք 2022-2023 թթ: Համամարդկային զարգացման տեմպերն ու զարգացումներն այն աստիճան են պարուրում մարդկությանը, որ ծիծաղելի կլիներ մնալ «մաքուր» հատկապես կրթության ոլորտում: Ասելիքս այն է, որ մենք չենք կարող խուսափել համաշխարհային գործընթացներից ու հաշվի չառնել դրանք, բայց սրա հետ ակնհայտ է՝ մենք հայ դպրոցի ու հայ երեխայի հետ գործ ունենք: Համոզված եմ, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս բարեփոխումների փուլում չեն ուսումնասիրվել ու բացահայտվել հայ սովորողի կարիքները, ավելին՝ չպարզեցինք նաեւ, թե որտե՞ղ է նա գտնվում: Այնինչ՝ վերջնարդյունքի ու բովանդակային առումով դա շատ կարեւոր է: Չափորոշչային պահանջներն ընդհանրական են, երբեմն թարգմանված այլ երկրների փաստաթղթերից: Հասկանալի է, որ դրանց մեջ այն ակնկալիքներն ու ուղիներն են, որոնք պետք է ապահովեն բովանդակային ու արդյունավետ վերջնարդյունքներ: Պետք է նշեմ, սակայն, որ դրանք ավելի շատ վերացական են ու ոչ ռեալ, հետեւաբար չեն կարող ապահովել բոլոր ժամանակների բարեփոխումների ցանկալի վերջնարդյունքը՝ որակյալ կրթությունը:

Միշտ էլ յուրաքանչյուր բարեփոխում, առավել եւս՝ կրթական, անցել է կողմնակիցների ու ընդդիմադիրների լուրջ բախումներով: Որպես պատմության ու հասարակագիտության քիչ թե շատ ճանապարհ անցած ուսուցիչ, գտնում եմ, որ բարեփոխումները խիստ անհրաժեշտ են: Մեր առարկաների չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերը չափազանց գերծանրաբեռնված են՝ փաստախեղդ, թվախեղդ ու մեծ ծավալով: Հարկ է նշել, որ հիմնական դպրոցն ընթացքում որոշակի թեթեւացում ապրեց, իսկ ավագը՝ ոչ: Որպես ուսուցիչ ասեմ, որ 2000-ականների սկզբին շատերս ոգեւորված էինք ավագ դպրոցի գաղափարով, բայց շատ շուտ էլ հիասթափվեցինք.գրեթե ամեն ինչ նույնն էր, միայն հոսքային ուսուցում մտցվեց, մի քանի ավելի ժամ եւ վերջ: Անշուշտ, ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում կան մասնավոր կայացած, լավ արդյունքներ ունեցող կրթական հաստատություններ, բայց ես խոսում եմ հանրակրթության մասին, աշակերտական հսկայական անտարբեր բանակի, ավագ դպրոց հասած ու դեռ լավ կարդալ չիմացող սովորողի մասին: Ավագ դպրոցի գաղափարը շագրենի կաշվի նման փոքրացավ ու դարձավ ամենասովորականը: Պատահական չէ, որ նոր չափորոշիչներով հրաժարվում են հոսքային ուսուցումից, անցնում՝ անհատականի:

Քննարկումների մեջ մեծ աղմուկ է արձանագրել գրականության ծրագիրը, բայց հետ չեն մնում նաեւ հայոց պատմության չափորոշիչներն ու ծրագիրը:

Անդրադառնամ ավագ դպրոցի ծրագրին: Բովանդակային առումով այն սկսվում է Արարատյան թագավորությունից: Խիստ անտրամաբանական մուտք, որովհետեւ չենք տեսնում մարդկության հնագույն շրջանի՝ նախնադարի վերաբերյալ, ծագումնաբանության, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհի հնագույն կազմավորումների, նրանց պատմության ու կարեւոր դերի մասին նյութեր: Իհարկե, արդարամիտ պետք է գտնվել ու ասել, որ նախորդ ծրագրերում ու դասագրքերում այդ շրջանները ներկայացված էին խրթին, ծավալուն՝ լի ավելորդ նյութերով, որոնք էլ դժվարացնում էին յուրացումն ու մտապահումը, բայց գոնե վակուում չէին առաջացնում: Ցավոք, պիտի նշեմ, որ ավագ դպրոցի բոլոր դասարանների ծրագրերում պատմական ժամանակի ու տարածության անհամաձայնությունների, կտրտվածության, անհարկի հետ ու առաջի պակաս չի զգացվում: Այսպես՝ Արշակունիների անկումից հետո անցում է կատարվում Բագրատունիներին, ապա՝ Կիլիկիա, որով ավարտվում է 10-րդ դասարանը: Իսկ 11-րդ դասարանը սկսվում է… «Պայքար ինքնության համար 5-6-րդ դդ.» (տես`«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգ (նախագիծ, էջ 94): Կիլիկիայից վերադառնալով՝ անդադարձ է կատարվում 5-6-րդ դարերի պայքարին, արաբական քաղաքակրթությանը, Բագրատունիներին, Մամիկոնյաններին (նախագիծ, էջ 96), ապա անցում կատարում ազատագրական պայքարի գաղափարական փուլի եվրոպական ու ռուսական ուղղություններին, հայկական լուսավորականությանը եւ այսպես շարունակ: 11-րդ դասարանի վերջին թեման Արցախյան ազատամարտն է: Նույնպիսի անտրամաբանական, ժամանակագրական առումով անընդունելի է 12-րդ դասարանի ծրագիրը, որը սկսվում է «Ազգային զարթոնք» թեմայով, հետո ներկայացվում են արդյունաբերականացումը եւ կոլեկտիվացումը:

Հասկանալի է, որ ամեն մի բարեփոխում նաեւ նախորդից տարբերվելու խնդիր ունի, բայց, պարոնա՛յք, պատմության շարադրման սկզբունքը ոչ ոք Մովսես Խորենացուց լավ դեռ չի տվել. «Ոչ է պատմություն առանց ժամանակագրության»: Կարելի է շատ նորարարություններ կատարել, մոդեռն եզրույթներ օգտագործել, բայց պատմության չափորոշիչն ու ծրագիրը պետք է հենված լինեն համակարգվածության, ժամանակագրության եւ պատճառահետեւանքային կապի վրա: Նույնիսկ ավագ դպրոցի լավագույն սանն ի վիճակի չի լինելու յուրացնել այն քաոսն ու վակուումը, որ կա առաջարկված նախագծում: Ասեմ ավելին, ուսուցիչների մի խումբ աննպատակահարմար ու անարդյունավետ համարելով այս ամենը, կհայտնվի փակուղու առաջ: Պատմության տարածության ու ժամանակի մեջ սովորողի տեղաշարժն առավելագույնը կլինի մեխանիկական: Նյութը կդառնա պատմական փաստերի ու թվերի սովորական կույտ:

Մամուլում հետեւում եմ նախագծի հեղինակների քննարկումներին, հարցազրույցներին: Պատասխանատուներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանն այսպիսի միտք է արտահայտում. «Տարբերությունն այն է, որ եթե նախորդ կամ գործող չափորոշիչները կառուցվում էին բովանդակության վրա, ապա այժմ դրանք կառուցվում են կոմպետենցիաների ու վերջնարդյունքի վրա: …Այսինքն՝ բովանդակության հետ կապված այս խոսակցությունները դուրս են թեմատիկ դաշտից, որովհետեւ մեզ համար կարեւորը վերջնարդյունքներն են»:

Նախագծի պատասխանատուներին ուզում եմ հիշեցնել, որ չափորոշիչն ու ծրագրերը՝ մասնավոր, անհատական կամ որեւէ խմբի համար գրված, ալմանախ, ժողովածու եւ նույնիսկ ձեռնարկ չեն: Դա հանրակրթության ոլորտի իրավական փաստաթուղթ է, որի վրա հենվելու է կրթության ոլորտը: Այդ փաստաթուղթը պետք է ունենա ձեւ ու բովանդակություն՝ համակարգված ու ամբողջական:

Իմ այս դիտարկումներն ամբողջական չեն, քանի մեր ձեռքի տակ չեն նաեւ դասագրքերը: Դա մի առանձին քննարկման նյութ է:

Քննադատվում է նաեւ այն, որ նոր նախագծում հայրենասիրություն բառը չի գործածվում: Գտնում եմ, որ պարտադիր չէ սոսկ բառի առկայությունը, բայց առանց կամավորական շարժման կամ ինքնապաշտպանական մարտերի հայրենասիրությունն «անպաշտպան» կլինի: Շատ է օգտագործվում ինքնություն, ինքնութենական եզրույթը, որը կարելի է նաեւ փոխարինել ազատագրական պայքար, գոյապայքար կամ այլ բառերով: Անհասկանալի է նաեւ հայոց բազմադարյա մշակույթի ներկայացման կերպը:

Հաշվի առնելով բարեփոխումների կարեւորությունը՝ կոչ եմ անում մասնագետներին՝ համախմբվել, կատարել լրամշակումներ հանուն դպրոցի, հանուն ՀՀ քաղաքացու եւ նրա ապագայի: Այլապես՝ ուսուցիչը նորից մենակ կմնա անհաջող փաստաթղթերի, կրթական քաղաքականության հորձանուտներում:

Ի դեպ, ասում են՝ ուսուցիչների համար նախապատրաստում են «դժվար» վերապատրաստում, ինչը 30-40 հազար դրամ աշխատավարձ կավելացնի: Մի տեսակ սպառնալիքի նման է հնչում: Հետաքրքիր է, միլիոններով հավելավճար ստացողնե՞րն էլ են դժվար վերապատրաստում անցնում:

ԳԱՅԱՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Կապանի №9 ավագ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի

Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ այցելել է Եռաբլուր

02.04.2026 20:22

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

02.04.2026 19:15

ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար

02.04.2026 18:06

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

02.04.2026 17:03

«Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով․ Ալիև

02.04.2026 16:43

TRIPP-ն արժեքավոր է ոչ թե իր չափերի, այլ կենսականորեն կարևոր դիրքի պատճառով․ The National Interest

02.04.2026 16:25

ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

02.04.2026 14:40

Հայ ժողովրդի ընտրությունը կորոշի Հանրապետության կառավարման կուրսը․ միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ Մոսկվա այցին

02.04.2026 14:29

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թ. Օվերչուկ

02.04.2026 11:40

Երկու որդի ունեի, երկուսն էլ զոհվել են, մեկը՝ Ապրիլյանին, մեկը՝ 44-օրյային․ Միքայել Հաջյան

02.04.2026 10:51

Իրանի պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ամբողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան

02.04.2026 10:43

Երևանի քաղաքական հռետորաբանության պատճառով ՌԴ-ն ու ՀՀ-ն միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար․ Օվերչուկ

02.04.2026 10:40