Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ

21.01.2021 15:40
5323

Մի քանի օր առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ Աննա Գրիգորյանը, ով 2018 թ. դեկտեմբերի 9-ին քվեարկվել էր Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
Հաշվի առնելով Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները եւ բազմաթիվ հարցերում առկա անորոշությունը` զրույցի հրավիրեցինք պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ նպատակ ունենալով ճշտել նրա դիրքորոշումը սյունիքյան զարգացումների վերաբերյալ:

***

- Հարգելի Աննա, շնորհավորում ենք Ձեզ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալու կապակցությամբ:
Դեռեւս 2018 –ի դեկտեմբերյան ընտրությունների քարոզարշավի ժամանակ մենք զրուցեցինք Ձեզ հետ՝ syuniacyerkir.am ֆեյսբուքյան հարթակում՝ ուղիղ հեռարձակմամբ, եւ Դուք` ուրույն ու ոչ ստանդարտ մտածելակերպով, տպավորություն թողեցիք լսարանի վրա: Ենթադրում ենք, որ Սյունիքի շուրջ ներկայումս տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նույնպես ունեք սեփական կարծիք եւ դիրքորոշում:
Բայց մինչեւ այդ խնդրի քննարկումը, կուզենայինք ճշտել՝ ե՞րբ ստանձնեցիք պատգամավորի պարտականությունները, ո՞ւմ փոխարինեցիք խորհրդարանում, արդյո՞ք սիրահոժար վերցրիք մանդատը, չէ՞ որ դժվարին ժամանակներ են երկրում եւ հատկապես այն տարածաշրջանում, որտեղ ժամանակին քվեարկվել եք իբրեւ ԱԺ պատգամավորի թեկնածու:

- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մանդատս վերցրել եմ նախորդ տարեվերջին, իսկ պարտականություններս լիովին ստանձնել եմ հունվարի 18-ից՝ խորհրդարանում փոխարինելով Տիգրան Կարապետյանին։ Մեծ պատասխանատվություն  եմ  զգում  այս  պատմական  պահին  պատգամավորական պարտականությունները ստանձնելիս, քաջ գիտակցում եմ,  որ անվտանգության լուրջ սպառնալիքների, քաղաքական ճգնաժամի եւ ապագայի մշուշոտ տեսլականի միջավայրում ինձ բավականին բարդ աշխատանք է   սպասվում։ Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ հավատարիմ եմ երկու տարի առաջ տված՝ քաղաքացիների կողքին լինելու իմ խոստմանը։ Հիրավի,  պատերազմից հետո Սյունիքը եւ Վայոց Ձորը կանգնած են անվտանգային եւ սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ այդ պատճառով կուզենայի, որ Սյունիքի հետ կապված որեւէ խնդիր դառնար ոչ թե քաղաքական շահարկումների թեմա, այլ ենթարկվեր բովանդակային քննարկումների, առաջադրվեին պատշաճ լուծումներ։
- Դուք վերցրիք «Իմ քայլը» խմբակցությանն ի սկզբանե պատկանող պատգամավորական մանդատը, բայց եւ դուրս եկաք իշխող խմբակցությունից՝ գերադասելով անկախ պատգամավորի կարգավիճակը:
Իհարկե, համացանցում եղան իրարամերժ հրապարակումներ այդ առիթով, սակայն, կուզենայինք Ձեզանից լսել կարեւոր այդ որոշման դրդապատճառների մասին:

- Խմբակցությունից դուրս գալը կարգավորվում է օրենքով, եւ այն պնդումները, թե այդ մանդատը պատկանում է մեկ միասնական մանդատ ստացած ուժին՝ հարցի լավագույն մեկնաբանությունը չէ։ Վարչապետի գործոնը իմ հավաքած ձայների հարցում կարեւոր է եղել, բայց թույլ տվեք նաեւ ասել, որ մարդիկ սատարել են ինձ եւ ինձ հետ քարոզարշավ անցկացնող թիմին՝ մենք նույնպես մեր ներդրումն ենք ունեցել «Իմ քայլը» դաշինքի ձեւավորման գործում։ Խմբակցությունից դուրս գալու իմ որոշումը որոշ շրջանակներում գուցե ոչ միանշանակ ընդունվեց, քանի որ, ցավոք, այսօր հասարակությունը բեւեռացված է, եւ յուրաքանչյուր հարց նախ եւ առաջ փորձ է արվում դիտարկելու սեւերի եւ սպիտակների ջրբաժանի լույսի ներքո։ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի անհեռանկար քաղաքականության հետեւանքով կորցրեցինք հայրենիքի՝ Արցախի 75%-ը, այսօր Սյունիքն ունի անվտանգության լրջագույն խնդիրներ, իսկ երկիրը կանգնած է տնտեսական ճգնաժամի շեմին։ Իմ անմիջական մասնակցությունը չեմ ունեցել այդ ամենի պատճառը դարձած՝ վերջին երկու տարվա ընթացքում վարվող քաղաքականությանը, հետեւաբար չեմ կարող կիսել պատասխանատվությունը քաղաքական թիմի հետ եւ, համաձայն չլինելով տարված քաղաքականության հետ, որոշել եմ դուրս գալ խմբակցությունից։

- Ցավով պիտի արձանագրենք, որ խորհրդարանում Սյունիքը ներկայացնելուն կոչված պատգամավորներն այդպես էլ սեփական կարծիք եւ դիրքորոշում չունեն Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, լավագույն դեպքում նրանք փորձում են վերարտադրել-կրկնել իշխանության կարծիքը։
Ձեր կարծիքը կամ գնահատականը Սյունիքի շուրջ տեղի ունեցող արտառոց իրադարձությունների վերաբերյալ: Նկատի ունենք, նախեւառաջ, սահմանորոշման ուղղությամբ տարվող աշխատանքները:

- Թույլ տվեք չմեկնաբանել այլ պատգամավորների կողմից կատարվող աշխատանքները, նրանցից յուրաքանչյուրին ընտրել են մեր հայրենակիցները եւ նրանք կտան իրենց գնահատականը։ Ինչ վերաբերում է Սյունիքի սահմանորոշմանը, ապա պետք է անհապաղ վերանայել այս ուղղությամբ տարված աշխատանքները։ Մասնավորապես, GPS համակարգով սահմանորոշման փոխարեն պետք է գործընթացում ներգրավված լինեին մասնագետներ, ստեղծվեր միջկառավարական հանձնաժողով եւ կատարվեր սահմանազատում ու սահմանագծում (դելիմիտացիա, դեմարկացիա)։ Պետք է օր առաջ սկսել այդ աշխատանքը եւ տրամադրել բնակչությանն անվտանգության երաշխիքներ։
- Մինչեւ սահմանորոշումը, սակայն, ունեցանք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը հայոց պատմության մեջ մտավ իբրեւ կապիտուլյացիայի ակտ:
Այդ փաստաթղթի 9-րդ կետն ուղղակիորեն առնչվում է Սյունիքի մարզին:
Ինչպե՞ս եք վերաբերում եռակողմ հայտարարության 9-րդ կետին:

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իսկապես կապիտուլացիա է, որքան էլ որ իշխանությունները խուսափեն այն այդպիսին համարելուց։ Իսկ դա նշանակում  է, որ բոլոր կետերը, այդ թվում եւ 9-րդ կետը, պարտադրված են մեզ Ադրբեջանի եւ, հետեւաբար, նաեւ Թուրքիայի կողմից։ Այդ հայտարարությունը նախ եւ առաջ միտված է կապելու Թուրքիան Ադրբեջանին՝ Նախիջեւանի միջոցով, ի կատար ածելու պանթյուրքիզմի գաղափարի իրականացման մասին Թուրքիայի վաղեմի երազանքը։ Կարո՞ղ է, արդյոք, 9-րդ կետի իրագործումը Հայաստանի համար շահեկան լինե՞լ. տնտեսական առումով, կարող է, թեեւ պետք է պատրաստ լինել նաեւ թուրքական տնտեսական էքսպանսիային եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Բայցեւայնպես, եկեք փաստենք, որ սա մեր օրակարգը չէ եւ առեւտուրը չի կարող առաջնահերթ լինել գերիների վերադարձի հարցից, Արցախի կարգավիճակի հարցից, ինչպես նաեւ  Հայաստանի  անվտանգության  հարցից։ Պետք է բանակցային սեղանի շուրջ առաջ մղել նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը։
- Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի յուրօրինակ շարունակություն եղավ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը, որով, ըստ էության, Մեղրիով միջանցք է տրվում հակառակորդին՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման անվան տակ: Ի դեպ, դարեր շարունակ թուրքերը հավակնություն են ունեցել՝ ձեռք բերելու նման միջանցք, բայց հաջողության հասան միայն հիմա:
Հասցրե՞լ եք ծանոթանալ հերթական եռակողմ փաստաթղթին:

- Այսօր որպես այդպիսին միջանցքի մասին չի խոսվում։ Խոսքը նախ եւ առաջ երկաթգծի եւ հետագայում նաեւ ավտոճանապարհային կոմունիկացիաների մասին  է, որն անցնելու է Հայաստանի սուվերեն տարածքով եւ վերահսկվելու է ՌԴ սահմանապահ ուժերի կողմից։ Կոմունիկացիաների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որն այսօր ավելի մանրամասն զբաղվում է այդ հարցով, բայց թույլ տվեք նորից ասել, որ հայկական բեռները չեն կարող անցնել մի երկրի տարածքով, որտեղ դեռ գերեվարված են մեր եղբայրներն ու քույրերը։ Աշխատանքների շարունակման համար գերիների վերադարձը պետք է լինի նախապայման։
- Ի՞նչ անել ստեղծված ոչ սովորական իրավիճակում. հարցին ամենատարբեր պատասխաններն են տրվում այս օրերին: Բայց մեզ հետաքրքրում է հայոց խորհրդարանականի պատասխանը. ի՞նչ կարող է անել Հայաստանի խորհրդարանը կամ ի՞նչ եք մտադիր անել Դուք իբրեւ անկախ պատգամավոր: Չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական կառավարում ունեցող երկիր է։
- Վերջին երկու տարիների սահմանադրական փոփոխություններից հետո մենք ականատես ենք լինում արդեն երկրորդ քաղաքական ճգնաժամին, որը թույլ է տալիս ինձ ասել, որ խորհրդարականական կառավարման մոդելը համապատասխան չէ մեր երկրին՝ պետք է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ վերադառնալ նախագահական կառավարման մոդելին։ Այժմ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը լիովին չի զգում սեփական պատասխանատվությունը եւ այն արհավիրքի մասշտաբը, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը։ Խմբակցությունը շարունակում է աշխատել, ինչպես կաշխատեր սովորական պայմաններում, եւ նման դեպքում այս խորհրդարանից իրավիճակի հետ կապված առողջ լուծումներ ակնկալելն անիրատեսական է։
- Սյունիքի մարզի համայնքապետերը (մեկ բացառությամբ) եւ համայնքների ավագանու անդամները կոնկրետ հայտարարությամբ պահանջել են գործող վարչապետի հրաժարականը, նույնիսկ արգելափակվել է նրա մուտքը Սյունիքի մարզ:
Ձեր դիրքորոշումը գործող վարչապետի հետագա պաշտոնավարման հարցում:

- Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա, պարտություն կրած ղեկավարը ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի Հանրապետության շահերը, հետեւաբար` Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
- Ձեր համարձակ պահվածքն ընդդիմախոսներիդ ելույթների տեղիք տվեց համացանցում, թեեւ դա չի կարող ստվերել Ձեր մասին ընտրողների ունեցած դրական պատկերացումները, որ կա Սյունիքում ու հատկապես Կապանում:
Բայց արդյո՞ք այդ համացանցային հարձակումները, որ հաճախ անձնական վիրավորանքի են վերածվում, չի կասեցնի անկախ պատգամավորի Ձեր ծրագրերի իրագործումը, չի ջլատի Ձեր համարձակությունը, հետ չի պահի Ձեզ ինքնուրույն մտածելակերպից ու գործելակերպից:

- Այն, ինչ տեղի է ունենում համացանցում, գրեթե չի արտացոլում իրական հանրային տրամադրությունը։ Ցավոք, տարբեր ուժերի կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներն այլեւս անիմաստ են դարձրել համացանցային հրապարակումներին հետեւելը, առավել եւս դրանք վերլուծելը կամ դրանց վրա հենվելը։ Ես բավականաչափ տեղեկացված եմ՝ նման «հարձակումներին» լուրջ վերաբերվելու համար։ Դրանք որեւէ կերպ չեն կարող ազդել իմ մտածելակերպի եւ գործելակերպի վրա։
- Իսկ ի՞նչ եք ակնկալում Սյունիքի նորանշանակ մարզպետից՝ Մելիքսեթ Պողոսյանից, պատրա՞ստ եք համագործակցել մարզի տարածքային եւ համայնքային իշխանությունների հետ ու հատկապես ո՞ր հարցերում:
- Նորանշանակ մարզպետին հանդիպելու առիթ դեռեւս չեմ ունեցել, բայց պատրաստակամ եմ աշխատելու եւ մարզպետի, եւ համայնքապետերի հետ, կատարելու ցանկացած աշխատանք, որը կարող է նպաստել մեր բնակիչների առաջ ծառացած խնդիրների լուծմանը։

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի
 

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30