-Պարոն Կիրակոսյան, նախ շնորհակալություն` մեր պարբերականին հարցազրույց տալու կամեցողության համար:
«Սյունյաց երկրի» հատուկ համարը, որ հրատարակվելու է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ, նվիրված է Սյունիքի կենսաբազմազանության խնդիրներին:
Մեր զրույցը, բնականաբար, այդ թեմայի շրջանակում է: Սակայն բուն թեմային անցնելուց առաջ կուզենայինք նախևառաջ համառոտ պատկերացում կազմել էկոպարեկային ծառայության առաքելության, հիմնական խնդիրների մասին:
-Շնորհակալություն մեր ծառայության հանդեպ հետաքրքրության համար։
Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովելու, ինչպես նաև դաշտային պայմաններում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Մեր հիմնական առաքելությունն է՝ ապահովել կենսաբազմազանության պահպանությունը և բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողությունը։
Ծառայության գործունեության առանցքում են ապօրինի ծառահատումների, որսագողության և այլ բնապահպանական իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը։ Մենք ապահովում ենք իրավախախտումների արձանագրումը, իրականացնում ենք բնությանը պատճառված վնասի հաշվարկման գործընթացը և համագործակցում այլ պետական մարմինների հետ՝ իրավական ընթացակարգերի լիարժեք իրականացման նպատակով։
Կարևոր է նաև ընդգծել, որ մեր աշխատանքը միտված է ոչ միայն արձագանքելու արդեն տեղի ունեցած խախտումներին, այլև՝ իրականացնելու կանխարգելիչ գործառույթներ՝ արդյունավետ հսկողություն և պահպանություն իրականացնելու միջոցով։
-Էկոպարեկային ծառայության կառուցվածքը հանրապետությունում, ծառայության ի՞նչ ստորաբաժանումներ են գործում Սյունիքի մարզում:
-Էկոպարեկային ծառայության կառուցվածքը սահմանված է օրենքով և բաղկացած է կենտրոնական մարմնի կառուցվածքային և մարզային ստորաբաժանումներից։
Ծառայության կառավարման համակարգի հիմքում գտնվում է կենտրոնական ապարատը, որը կազմակերպում և համակարգում է ծառայության գործունեությունը, սահմանում միասնական մոտեցումներ և ապահովում գործառույթների իրականացումը հանրապետության ողջ տարածքում։
Տարածքային մակարդակում ծառայությունը գործում է մարզային վարչությունների միջոցով, որոնց կազմում ընդգրկված են համապատասխան տեղամասեր։ Սյունիքի մարզում գործում է Սյունիքի մարզային վարչությունը՝ Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տեղամասերով, որոնց միջոցով իրականացվում է հսկողություն և պահպանություն տեղում։
Նման կառուցվածքը հնարավորություն է տալիս համատեղել կենտրոնացված կառավարումը և տարածքային ճկունությունը՝ ապահովելով ծառայության արդյունավետ աշխատանքը և օպերատիվ արձագանքը տեղական մակարդակում։
-Մոտ մեկուկես տարի է` Սյունիքում ևս գործում է էկոպարեկային ծառայություն, և Դուք, անշուշտ, ամբողջական պատկերացում ունեք մարզի կենսաբազմազանության միջավայրի պահպանության, առկա ռիսկերի մասին:
Կուզենայինք իմանալ` հատկապես ի՞նչ ռիսկեր կան Սյունիքում` կենսաբազմազանության պահպանության տեսակետից:
-Սյունիքի մարզն առանձնանում է հարուստ և բազմազան կենսաբազմազանությամբ՝ կենդանական և բուսական աշխարհի արժեքավոր ու հազվագյուտ տեսակներով, ինչը միաժամանակ մեծացնում է դրանց պահպանության կարևորությունը։
Բնականաբար, ռիսկերը մարզի տարբեր հատվածներում նույնը չեն և էականորեն տարբերվում են՝ կախված տարածքի բնական առանձնահատկություններից։ Էկոպարեկային ծառայության կողմից իրականացվող հսկողության և պահպանության արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր տեղամասում աշխատանքները կազմակերպվում են՝ հաշվի առնելով հենց այդ ռիսկերը։
Մասնավորապես՝ Կապանի տարածքում, որտեղ առկա է զարգացած անտառածածկ, պահպանության հիմնական թիրախներից են ապօրինի ծառահատումները։ Մեղրիի տեղամասում, պայմանավորված բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությամբ, առավել արդիական են ապօրինի որսի դեպքերը։ Իսկ Սիսիանի հատվածում ուշադրության կենտրոնում են անտառային հողերի ապօրինի օգտագործման դեպքերը։
Այսպիսով, ծառայության աշխատանքը կառուցվում է ռիսկերի գնահատման հիման վրա՝ յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններին համապատասխանեցված մոտեցումներով, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել կենսաբազմազանության պահպանությունը։
-2024 թվականից ի վեր էկոպարեկային ծառայության աշխատանքի արդյունքը Սյունիքում` պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովման տեսակետից:
– Սյունիքի մարզում էկոպարեկային ծառայության կողմից պահպանությունը 24/7 ռեժիմով սկսել է իրականացվել 2025 թվականի ապրիլ ամսից։
Նշված ժամանակահատվածից ի վեր ծառայության կողմից իրականացվող հսկողության և պահպանության արդյունքում հնարավոր է դարձել էականորեն բարձրացնել բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման դեպքերի թիվը, ինչպես նաև բացահայտված իրավախախտումների թիվը, այսինքն՝ այն դեպքերը, որտեղ իրավախախտ անձը նույնականացված է։ Նշված հանգամանքն արդեն իսկ վկայում է 24/7 ռեժիմով պահպանության արդյունավետության, ինչպես նաև ծառայության ստեղծման հիմնավորվածության մասին։
Այս մոտեցումը հնարավորություն է տվել ոչ միայն արձանագրել իրավախախտումները, այլև ապահովել դրանց հասցեական արձագանքը, իրավական գնահատականը և ընթացքը՝ նպաստելով պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացմանը։
Այսպիսով՝ Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկից հետո 1 տարվա ընթացքում արձանագրված բնապահպանական իրավախախտումների դեպքերը 2.8 անգամ գերազանցել են մինչև մեկնարկը նախորդած 1 տարվա ընթացքում արձանագրված դեպքերի թվի նկատմամբ։
Միաժամանակ արձանագրվել է նաև բացահայտման արդյունավետության աճ․ եթե 2024 թվականին արձանագրված դեպքերի մոտ 41 տոկոսն էր բացահայտվում, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է մոտ 46 տոկոսի, ինչը վկայում է ոչ միայն դեպքերի արձանագրման, այլև դրանց բացահայտման արդյունավետության բարձրացման մասին։
Նշված արդյունքները կարելի է գնահատել որպես ծառայության գործունեության զգալի առաջընթաց և արձանագրված շոշափելի արդյունք։
- Կարո՞ղ եք որոշ չափորոշիչներով զուգահեռներ կամ համեմատություններ անցկացնել 2024-ից առաջ եղած ցուցանիշների հետ` Սյունիքի մարզի կտրվածքով:
-Այս հարցին անդրադառնալով՝ կուզենայի ներկայացնել Սյունիքի մարզում արձանագրված բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ համեմատական տեղեկատվությունը՝ մարզային կտրվածքով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել 2024 և 2025 թվականների ցուցանիշների դինամիկան և ծառայության գործունեության արդյունավետությունը։
2024 և 2025 թվականների համեմատությունը ցույց է տալիս, որ Սյունիքի մարզում արձանագրված բնապահպանական իրավախախտումների ընդհանուր պատկերը կրել է էական փոփոխություն՝ ինչպես դեպքերի բացահայտման, այնպես էլ դրանց կառուցվածքի առումով։
Մասնավորապես՝
2024 և 2025 թվականների համեմատությունը ցույց է տալիս, որ Սյունիքի մարզում արձանագրված բնապահպանական իրավախախտումների ընդհանուր թիվը 17 դեպքից աճել է մինչև 48 դեպք։
Միաժամանակ էական աճ է արձանագրվել բացահայտված դեպքերի մասով․
2024 թվականին բացահայտված դեպքերը կազմել են 7, իսկ 2025 թվականին՝ 22։
Բացահայտված դեպքերի տեսակարար կշիռը ևս աճել է՝ 41%-ից հասնելով 46%-ի, ինչը վկայում է ոչ միայն դեպքերի արձանագրման, այլև նաև դրանց բացահայտման արդյունավետության բարձրացման մասին։
2024 թվականին արձանագրված դեպքերի մի զգալի մասը մնացել է չբացահայտված, մինչդեռ 2025 թվականին գերակշռում են բացահայտված դեպքերը։
Ընդհանուր առմամբ՝ տվյալները վկայում են, որ ծառայության գործունեության արդյունքում ոչ միայն ավելացել է արձանագրված դեպքերի թիվը, այլև բարձրացել է դրանց բացահայտման արդյունավետությունը, ինչը կարելի է գնահատել որպես համակարգային աշխատանքի շոշափելի արդյունք։
-Արդյո՞ք էկոպարեկային ծառայության լիազորությունները կամ գործառույթները տարածվում են համայնքային անտառների, անտառային հողերի վրա:
-Էկոպարեկային ծառայության մասին օրենքով ծառայողի լիազորություններից է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը, ինչպես նաև այդ տարածքներում օրենսդրության պահանջների պահպանության ապահովումը ։
Միևնույն ժամանակ, գործնականում հաճախ հանդիպում ենք այն իրավիճակին, երբ դեպի պետական անտառներ կամ բնության հատուկ պահպանվող տարածքներ տանող ճանապարհներն անցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողերով։ Այս պայմաններում էկոպարեկային ծառայողը, լինելով հանրային ծառայող և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործող պետական մարմնի ներկայացուցիչ, իր ծառայողական գործունեության ընթացքում ի հայտ դարձած առերևույթ իրավախախտման կամ հանցագործության դեպքերին պարտավոր է արձագանքել։
Նման դեպքերում ծառայողը, իր լիազորությունների շրջանակում, ձեռնարկում է իրավիճակին համարժեք միջոցներ՝ սկսած իրավախախտման կանխմանն ուղղված գործողություններից մինչև իրավասու մարմիններին համապատասխան տեղեկության փոխանցում՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
Այսպիսով, թեև ծառայության հիմնական գործառույթները վերաբերում են պետական անտառներին և բնության հատուկ պահպանվող տարածքներին, գործնականում ծառայության գործունեությունը նպաստում է նաև հարակից տարածքներում բնապահպանական իրավակարգի պահպանությանը։
-Արդյո՞ք էկոպարեկային ծառայությունը զբաղվում է նաև պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենդանական աշխարհի, ջրային ռեսուրսների պահպանության հարցերով:
-Այո, էկոպարեկային ծառայությունը, իր լիազորությունների շրջանակում, իրականացնում է նաև կենդանական աշխարհի օգտագործման նկատմամբ հսկողություն։
Մասնավորապես, ծառայության գործունեությունն ուղղված է կենդանական աշխարհի նկատմամբ ապօրինի գործողությունների կանխմանը և հայտնաբերմանը, ինչպես նաև որսի ու ձկնորսության կանոնների պահպանության ապահովմանը պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Սևանա լճում ապօրինի ձկնորսության կանխմանը, ինչպես նաև արդյունագործական որսի համար սահմանված կանոնների պահպանության նկատմամբ հսկողությանը։
Այսպիսով, ծառայության գործառույթները ներառում են ոչ միայն բուսական, այլև կենդանական աշխարհի պահպանության ապահովումը՝ նպաստելով կենսաբազմազանության համակողմանի պաշտպանությանը։
-Էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման գործում շատ կարևոր են համայնքների և ընդհանրապես հանրության հետ շփումները: Հաջողվե՞լ է անցած ժամանակաընթացքում շփումների արդյունավետ համակարգ ձևավորել:
-Այո, մենք մեծապես կարևորում ենք համայնքների և հանրության հետ շփումն ու համագործակցությունը և համոզված ենք, որ առանց դրա հնարավոր չէ ապահովել ծառայության գործունեության լիարժեք արդյունավետությունը։
Մեր փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական իրավախախտումների կանխարգելման և էկոհամակարգերի պահպանության գործում համայնքների հետ ուղիղ կապը և փոխվստահությունն ունեն առանցքային նշանակություն։ Այդ պատճառով հետևողականորեն աշխատում ենք ձևավորել արդյունավետ հաղորդակցության և համագործակցության մեխանիզմներ։
Հենց այս մոտեցումից ելնելով՝ Էկոպարեկային ծառայության նախաձեռնությամբ կատարվել են նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ․ մասնավորապես՝ էկոպարեկային ծառայության մասին օրենքում նախատեսվել են լրացումներ՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ամրապնդմանը և հստակեցմանը։
Վստահ ենք, որ համայնքների հետ համագործակցության խորացումն էականորեն կբարձրացնի ինչպես կանխարգելման արդյունավետությունը, այնպես էլ ընդհանուր պահպանության մակարդակը։
-Տարիների փորձը ցույց է տալիս, որ Սյունիքի անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում չափազանց կարևոր է հրդեհային անվտանգության ապահովումը:
Հաջողվո՞ւմ է էկոպարեկային ծառայությանը (նաև տեխնիկական միջոցների տեսակետից) պատշաճ հսկողություն ապահովել հրդեհային անվտանգության հարցում:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անտառային հրդեհները շրջակա միջավայրին հասցնում են զգալի և երբեմն անդառնալի վնասներ, էկոպարեկային ծառայությունը մեծ կարևորություն է տալիս հրդեհային անվտանգության ապահովմանը և անտառային հրդեհների դեմ պայքարին։
Այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով Սյունիքի մարզում ծառայության կողմից կիրառվում են ինչպես կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական միջոցներ։ Մասնավորապես՝ ծառայության մեջ ներգրավված «Պիկապ» թափքով ամենագնաց մեքենաներից 7-ը կահավորված են հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ համակարգերով, որոնք ներառում են 500 լիտր տարողունակությամբ ջրի բաք, բարձր ճնշման մոտոպոմպ և ճկուն խողովակաշար։
Այս տեխնիկական լուծման առավելությունն այն է, որ «Պիկապ» ամենագնացները, ունենալով բարձր անցունակություն, կարողանում են անտառային դժվարանցանելի ճանապարհներով արագ հասնել հրդեհի օջախներին, այն դեպքում, երբ ծանր հրդեհաշիջման տեխնիկան հաճախ նման հնարավորություններ չունի։
Բացի այդ, ծառայության տեղամասերը հագեցված են նաև հրդեհաշիջման համար նախատեսված այլ անհրաժեշտ գույքով՝ կրակմարիչներով, կրակթակիչներով, կացիններով, քլունգներով, ձեռքի ջրցան տեխնիկայով և այլ միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս հրդեհի սկզբնական փուլում արագ արձագանքել և տեղում իրականացնել առաջնային հրդեհաշիջման գործողություններ։
Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվում նաև ծառայողների պատրաստվածությանը․ պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ և ուսուցումներ անտառային հրդեհների դեմ պայքարի թեմայով, ինչը թույլ է տալիս բարձրացնել արձագանքման արդյունավետությունը և ապահովել գործողությունների համակարգված իրականացումը դաշտային պայմաններում։
Այսպիսով, համադրելով տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական կարողությունները և օպերատիվ արձագանքը՝ ծառայությունը կարողանում է ապահովել հրդեհային անվտանգության արդյունավետ մակարդակ։
-Մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման համար կարևոր է մարդկանց քաջատեղյակությունը ոլորտին առնչվող օրենսդրությանը։
Ենթադրում ենք, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ եք տանում…
-Այո՛, իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները մենք դիտարկում ենք որպես բնապահպանական իրավախախտումների կանխման և կանխարգելման կարևոր գործոն։
Էկոպարեկային ծառայության գործունեության առաջնային նպատակներից մեկը հենց իրավախախտումների կանխումն ու կանխարգելումն է, և այդ համատեքստում կարևորում ենք հանրության, հատկապես համայնքների բնակիչների տեղեկացվածության բարձրացումը ոլորտին առնչվող օրենսդրության պահանջների վերաբերյալ։ Այդ նպատակով իրականացվում են իրազեկման աշխատանքներ, հանդիպումներ, ինչպես նաև տեղեկատվության տարածում տարբեր հարթակներով։
Վստահ ենք, որ իրազեկված քաղաքացին առավել պատասխանատու է շրջակա միջավայրի նկատմամբ, և հենց հանրության ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունն են ապահովում պահպանության իրական արդյունքը։
Օգտվելով առիթից, կցանկանամ բոլորին հորդորել՝ առավել հոգատար վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ, քանի որ դրա պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է և մեր ապագայի կարևոր նախապայմանը։
Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի