Հարցազրույց Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիի հետ՝ Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի կապակցությամբ

08.02.2024 16:37
466

Իրանի Իսլամական Հանրապետությունում այս օրերին նշում են Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձը:

Այդ կապակցությամբ զրույցի հրավիրեցինք Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին:

Զրույցը միայն Իսլամական հեղափոխությանն առնչվող հարցերի շուրջ չէր: Հետաքրքիր էր նաև պարոն հյուպատոսի գնահատականը հայ-իրանական հարաբերությունների ներկա ընթացքին և, իհարկե, Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների հանդեպ Իրանի որդեգրած քաղաքականությանը:

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկրների առաջին շարքում է, որոնք սթափ և ողջամիտ գործելակերպ են որդեգրել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների հանդեպ: Այդ թեման նույնպես մեր հետաքրքրությունների կենտրոնում էր:

– Պարոն հյուպատոս, մեր հարգարժան բարեկամ պարոն Վարամի, սրտանց շնորհավորում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եղբայրական ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա ժողովրդին ցանկանում ենք հետագա հաջողություններ:

– Շնորհակալություն:

– Մենք տեղյակ ենք 1979 թ. հեղափոխական իրադարձություններից, որոնց շնորհիվ Իրանում տապալվեցին շահական կարգերը, միապետությունը:

Փորձեք համառոտ ներկայացնել այդ հեղափոխությունը, որը պատմության մեջ մտավ Իսլամական հեղափոխություն անվամբ, որը նոր դարագլուխ բացեց Մերձավոր Արևելքում:

Եվ, իհարկե, Իսլամական հեղափոխության պատմական նշանակությունը...

– 45 տարի է անցել... Աշխարհի  մարդիկ տեղյակ են Իրանի իսլամական հեղափոխության պատճառներին, արդյունքներին և պատմական նշանակությանը։ Ուզում եմ Ձեզ մի դրվագ ներկայացնել հիշողություններիցս։ Իմ առաջին աշխատանքային գործուղման ժամանակ այցելեցի Նիգերիա, որտեղ կողք-կողքի ապրում էին մուսուլմաններ և քրիստոնյաներ: Կար մի մզկիթ, ուր կամեցանք ներս մտնել և աղոթել, սակայն թույլ չտվեցին: Նրանք կարծում էին, թե մենք քրիստոնյաներ ենք, քանի որ սպիտակամորթ ենք: Երբ ասացինք՝ մուսուլման ենք, հարցրին՝ որտեղի՞ց եք... Մի ծերունի կար, ով ղեկավարում էր մզկիթը: Ես մտածեցի, որ նա չի կարողանա լսել մեզ՝ առաջացած տարիքի պատճառով: Բայց երբ ասացի Իրանի մասին, նա արձագանքեց՝ Խոմեյնիի երկրի՞ց: Այն ժամանակ՝ 35 տարի առաջ, այդ ծերունին հետևել էր մեր հեղափոխությանը, և հեղափոխության ուղերձները հասել էին աշխարհի ժողովուրդների ականջին, ինչը շատ հետաքրքիր էր ինձ համար:

Ընդհանուր առմամբ՝ Իրանի իշխող համակարգը, որ թագավորական էր ու կախյալ, իր կախվածության պատճառով հաշվի չէր առնում ժողովրդի շահերն ու հիմնականում հաշվի էր առնում օտար երկրների և հատկապես Արևմուտքի շահերը, կատարում նրանց հրահանգները: Այդ իսկ պատճառով էլ հասարակության  մեջ առաջացավ դժգոհություն, որն էլ հանգեցրեց հեղափոխության։ Անձամբ  հավատում եմ, որ հեղափոխությունն աստվածային երևույթ է, այսինքն՝ Աստված ստեղծում է մի շարք պատճառներ, որոնց արդյունքը հանգեցնում է հեղափոխության: Հեղափոխություններ տեղի են ունեցել ոչ միայն Իրանում, այլև այլ երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում... Մենք ականատես եղանք այդ զարգացումներին։ Սա ոչ միայն այդ երկրների, այլեւ այլ երկրների ցանկությունն էր։ Կոնկրետ երկրի անուն չեմ ուզում նշել, բայց եթե որևէ երկիր ուզում է իր ժողովրդի շահերը բխեցնել այլ երկրների շահերից ու մնալ կախվածության մեջ, ապա պետք է սպասել հեղափոխության...

– Որքան տեղյակ ենք, Իսլամական հեղափոխության ուշագրավ արդյունքներից մեկն էլ ազգային փոքրամասնությունների հանդեպ պետական ուշադրությունը և հոգածությունը նոր մակարդակի բարձրացնելն էր: Դրա հետ մեկտեղ ավելի ընդգծվեց քրիստոնեական սրբավայրերի և ընդհանրապես քրիստոնեական արժեքների հանդեպ պետական հոգածությունը, որը բարձր գնահատանքի է արժանի:

– Նախ ասեմ՝ ազգային փոքրամասնությունները մասնակից և դերակատար եղան բուն հեղափոխությանը, հեղափոխական գործընթացներին, նաև դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին: Իրաքի հետ պատերազմի ժամանակ, ասենք, փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները ևս գերի են ընկել ու նահատակվել: Օրինակ բերեմ՝ Իմամ Ալիի օրոք, ով մարգարեի իրավահաջորդն էր, որոշ գողեր ու ավազակներ եկան և, քանի որ արաբ կանայք իրենց կոճերին կրում էին խարիսխներ (դեկորատիվ իրեր), դրանք կողոպտեցին ու տարան։ Իմամ Ալին շատ զայրացած դիմեց այդ շրջանի տիրակալին, որ դու արժանի ես պատժվելու այն բանի համար, որ տեղի է ունեցել կանանց հետ: Հետևաբար՝ իսլամական կառավարությունում փոքրամասնությունները պետք է ունենային և ունեցան լիարժեք անվտանգություն ու ապահովվածություն: Դա մեր կրոնի սկզբունքներից է: Այդպես էլ իրականացվեց իսլամական հեղափոխության ժամանակ: Ու թեև Իրանում փոքրամասնությունների համամասնությունը փոքր է, բայց ունեն իրենց պատգամավորները խորհրդարանում, և պետությունը պարտավորվածություն ունի պահել ու պահպանել նրանց կրոնական ու հասարակական կառույցները։

– Դուք տեսնում եք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Սյունիքի շուրջ: Նախ՝ Ադրբեջանն օկուպացրել է մեր երկրամասի որոշ հատվածներ և չի պատրաստվում զորքերը հետ քաշել: Նաև չի թաքցնում տարածքային նոր ու անհիմն նկրտումները մեր երկրամասի հանդեպ...

Միևնույն ժամանակ՝ պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած, հնարված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը դարձել է աշխարհի ուժային կենտրոնների գրեթե ամենօրյա քննարկումների թեման: Դա մի ծրագիր է, որի իրականացման դեպքում հարցականի տակ կդրվի հայոց պետության լինելիությունը:

Ուզում ենք փաստել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ժամանակ առ ժամանակ (ամենաբարձր մակարդակով) հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության մասին, ինչի համար երախտագիտություն ենք հայտնում:

Հատկապես Սյունիքում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության այդ դիրքորոշումը:

Եվ, այդքանով հանդերձ, կուզենայինք, որ կրկին բարցրաձայնեիք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեզ համար չափազանց կարևոր այդ հարցում:

– Իրանի քաղաքականության մեջ մեր դիրքորոշումները ֆիքսված են, այսինքն՝ մեր դիրքորոշումները (որոշ երկրների պես) չեն փոխվում հանգամանքներից ելնելով. մի օր՝ մի բան, մյուս օրը՝ այլ: Այս դեպքում ևս չեմ նշի կոնկրետ երկրների անուններ, որոնց դիրքորոշումն ամեն օր փոխվում է։ Նրանց շահերի մեծ մասը նյութական է, դրա համար էլ սեփական դիրքորոշումները փոխվում են ըստ իրենց շահերի ու հետաքրքրությունների: Բայց Իրանի դիրքորոշումը հստակ է և հաստատուն, ամբողջությամբ ամրագրված, ու մենք պարզորոշ նշել ենք՝ մեր և Հայաստանի սահմանները ոչ մի պարագայում չեն կարող փոփոխվել: Նշվել է ամենաբարձր մակարդակով, նշել են Իսլամական հեղափոխության առաջնորդը, երկրի նախագահն ու արտաքին գործերի նախարարը՝ հստակ ասելով՝ սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է: Ուրեմն և տարածաշրջանի երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմաններն ու ինքնիշխանությունը, խուսափեն ուժի և բռնության դիմելուց։ Մեր այդ դիրքորոշումը հստակ է և այդպես էլ կմնա:

– Քանի որ խոսեցինք Սյունիքի հանդեպ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման մասին, չենք կարող շրջանցել այն կարևոր իրողությունը, ինչպիսին էր ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին:

Փորձեք իմաստավորել-արժևորել դրա նշանակությունը սյունիքյան քաղաքականության համատեքստում:

Նաև փորձեք համառոտ ամփոփել հյուպատոսության մոտ մեկուկես տարվա գործունեությունը:

Շատ կուզենայինք իմանալ նաև Սյունիքի հետ կապված Ձեր առաջիկա ծրագրերի մասին:

– Կապանում Իրանի հյուպատոսության բացումից անցել է գրեթե 15 ամիս... Սկզբում ոչ ոքի չէինք ճանաչում, նույնիսկ պարոն Ալեքսանյանին, բայց հիմա շատ ընկերներ ենք գտել մարզում և հատկապես Կապան քաղաքում: Մարդիկ մեզ հետ շատ ջերմ են վերաբերվում, և դա շատ հաճելի է ու ցույց է տալիս, որ նման հետաքրքրություն Իրանի հանդեպ ձևավորվել ու ամրապնդվել է այդ ընթացքում: Մենք այստեղ մի քանի ծրագրեր ենք իրականացրել, որոնց հիմնական դրսևորումները եղել են ժողովրդի աչքի առաջ և ժողովրդի հետ, ինչը, իմ համոզմամբ, շատ կարևոր հանգամանք է: Իսկ հանրության հետ կապերն իսկապես կարևոր են։ Մեր գործունեությունը ներառում է միջոցառումներ, որոնց օգնությամբ միմյանց ավելի ծանոթ և ճանաչելի ենք դարձնում երկու երկրների ժողովուրդներին: Նաև աշխատել ենք զբոսաշրջության ոլորտում: Բայց դեռ սկիզբն է... Միաժամանակ կարող եմ պարզ և հստակ ասել՝ զգում եմ, որ որոշ երկրներ դժգոհ են ու անհանգիստ մեր ծավալած գործունեության համար: Այդ առումով մտահոգված ենք և պետք է զգույշ լինենք՝ թույլ չտալու, որ որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով վնասեն մեր հասարակական և պաշտոնական հարաբերություններին: Այս տարածաշրջանը պատկանում է այս տարածաշրջանի ժողովուրդներին, և հազարավոր կիլոմետրերով հեռու երկրները չպիտի խանգարեն մեր դարավոր հարաբերություններին ու չփորձեն իրավիճակը հարմարեցնել իրենց շահերին: 

– Հիմա՝ Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն պետական հարաբերությունների մասին:

Կուզենայինք հայ-իրանական համագործակցության մեկ-երկու ուշագրավ և կոնկրետ օրինակի մասին իմանալ ձեզանից:

– Հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են... Վերջերս մեր երկրի նախկին արտգործնախարար պարոն Խարազին, ով հանդիսանում է Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարը, այցելեց Հայաստան և արդյունավետ հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ։ Բացի այդ, Թավրիզում բացվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, ինչը վկայում է երկու երկրների կայուն հարաբերությունների մասին: Ճանապարհաշինության ոլորտում ընթանում են աշխատանքներ. Իրանի սահմանից մինչև Քաջարան՝ 32 կմ երկարությամբ, ավտոմայրուղի է կառուցվում: Մեկ այլ ընկերություն էլ արդիականացնում է Ագարակում գտնվող հայկական մաքսակետը: Այդ ամենի հետ մեկտեղ զարգանում են գործարարների կապերը, երկու ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալներն են մեծանում: Ինչ վերաբերում է ապագային՝ ես շատ լավատես եմ...

– Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ  այս կարգի զրույցներում անհնար է շրջանցել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի թեման...

Այն, ինչ Իսրայելն է անում պաղեստինցիների հանդեպ, մարդկային երևակայության մեջ չի կարող տեղավորվել:

Այն հռետորաբանությունը, որ լսում ենք հավաքական Արևմուտքից՝ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, մեզ նույնպես մտահոգում է:

Ներկայացրեք, խնդրեմ, Իրանի դիրքորոշումը Գազայի հատվածում և Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:

Դա մեր հեղափոխության խնդիրներից մեկն էր... Այն ժամանակ Իմամ Խոմեյնին վճռականորեն պաշտպանում էր Պաղեստինի հարցը և պաղեստինցիների իրավունքները: Փաստը, որ շահի և սիոնիստական ռեժիմի միջև սերտ հարաբերություններ կային, Իմամը խստորեն քննադատում էր, և մեր հեղափոխության պատճառներից մեկը շահի ու Իսրայելի սիոնիստական համակարգի համագործակցությունն էր:

Արևմտյան երկրները մինչ այժմ փորձում են ձևավորել աշխարհի մարդկանց մտքերը՝ Իրանում մարդու իրավունքների թվացյալ խախտումների առումով: Մարդիկ հավատում էին, թե աշխարհում կան մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ, և ՄԱԿ-ն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը, արևմտյան երկրներն էլ նպաստում են դրան: Մինչդեռ՝ այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել և ունենում Գազայում այս մի քանի ամսվա ընթացքում՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Ընդ որում՝ զոհերի երկու երրորդը երեխաներ ու կանայք են, քաղաքացիական անձինք... Այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը դատարկ կարգախոսի է վերածվել։ Նույն արևմտյան երկրներն ու նրանց արտգործնախարարներն Իրանում մի կնոջ մահվան համար մեծ աղմուկ բարձրացրին աշխարհով մեկ, բայց հիմա Պաղեստինում հազարավոր կանայք ու երեխաներ են սպանվում, և Արևմուտքը ոչ միայն ձայն չի հանում, այլև աջակցում է սիոնիստական ռեժիմի հանցագործություններին: Դա ցույց է տալիս, թե ժամանակակից աշխարհում որքան ամբարտավան ու կեղծ կարգախոսների հետևորդներ են նրանք, որը, բարեբախտաբար, պարզ դարձավ ամբողջ աշխարհի ժողովուրդների համար: Եվ արևմտյան երկրներում ներկայումս տեղի ունեցող հանրային ընդվզումները ցույց են տալիս, որ մարդիկ տեղյակ են այդ ամենին: Մենք առաջին իսկ օրվանից դեմ ենք եղել այդ ռեժիմին, ասել ենք՝ սիոնիստական համակարգը ոչ մի սկզբունքի չի ենթարկվում, ու ցավոք սրտի անօրինական սիոնիստական ռեժիմի ազդեցությունը կա նաև Կովկասում: Ինքներդ գիտեք, թե այդ ռեժիմն ինչ գործողություններ է կատարել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ...

– Ըստ Ձեզ՝ հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքում:

– Այսօրվա աշխարհը նման չէ նախկինին, աշխարհն այսօր չափազանց կապակցված է... Երբ աշխարհի որևէ անկյունում ինչ-որ բան տեղի է ունենում՝ արևմտյան երկրները խառնվում են դրան, ու մենք հարցնում ենք՝ ինչո՞ւ եք միջամտում:

Թույլ տվեք հստակ ասել՝ մեր անվտանգությունն ու շահերը պահանջում են, որ մենք ներկա լինենք այստեղ, ուստիև, եթե ընդունենք այն փաստը, որ այսօրվա աշխարհը փոխկապակցված է, ապա (միանշանակ) ցանկացած միջադեպ, հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որը շատ զգայուն տարածաշրջան է, կարող է անդրադարձներ ունենալ նաև այստեղ: Մինչև այժմ Իրանի իշխանությունները ջանք չեն խնայել, որպեսզի Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը չտարածվի... Հուսով ենք, որ արևմտյան երկրները ողջամտություն կդրսևորեն՝ կանխելու պատերազմը տարածաշրջանում։ Առայժմ նրանց վարքագիծը հակասական է, այսինքն՝ տեղ-տեղ հրապարակավ հայտարարում են, թե չենք ուզում պատերազմի շարունակում և թեժացում, տեղ-տեղ էլ անում են հակառակը ցույց տվող գործողություններ, օրինակ՝ Եմենը, Գազան...

Եթե արևմտյան երկրների այդ պահվածքը շարունակվի, ապա ամբողջ աշխարհում ականատես կլինենք նոր հեղափոխությունների...

– Պարոն հյուպատոս, մենք սպառեցինք այս զրույցի համար նախատեսված հարցերը:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

Եվս մեկ անգամ ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի առիթով:

– Ես, օգտվելով այս հնարավորությունից, և՛ որպես դիվանագետ, և՛ իրանցի, պարտքս եմ համարում ասել հետևյալը։

Տեսել եմ Իրանի հեղափոխությանը նախորդող ժամանակաշրջանը, իսկ հեղափոխությունից անցել է 45 տարի, հեղափոխության ժամանակ 15 տարեկան պատանի էի... Այն ժամանակ մենք ունեինք բանակ, որն ամբողջովին կախված էր Արևմուտքից, ինչը նշանակում էր՝ եթե Իրանում ուզում էին ինչ-որ բան անել, պետք է թույլտվություն ստանային Արևմուտքից: Մեր արդյունաբերությունն ամբողջովին կախված էր Արևմուտքից: Հիշենք՝ երբ սկսվեց Իրան-Իրաք պատերազմը, մեր զինտեխնիկան շատ վատ վիճակում էր, նույնիսկ չէինք կարողանում սովորական փշալար պատրաստել։ Բժշկության ոլորտում, տնտեսության ոլորտում ոչինչ չունեինք։ Արևմտյան համակարգը մեզ թույլ չէր  տալիս ամբողջ աշխարհին ցույց տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Իրանում, և դրա պատճառը կայսերական համակարգն էր, նրա կախվածությունն Արևմուտքից: Սակայն հեղափոխությունից հետո մենք ամբողջությամբ փոխվեցինք... Օրինակ անգրագիտության խնդիրը. Իմամ Խոմեյնին հայտարարեց, թե մզկիթները դպրոցներ են, և անգրագետները եկան ու գրագետ դարձան: Ու նման բազմաթիվ օրինակներ։

Այդքանով հանդերձ՝ չենք ուզում ասել, թե ներկայումս խնդիրներ  չկան: Բայց և, չնայած մեզ հետ կապված շատ ծանր պատժամիջոցներին, մենք հիմա ունենք ամեն ինչ և օրեցօր նվաճում ենք նոր բարձունքներ:

Առհասարակ երկրները չպիտի ակնկալեն, որ ուրիշի լծի տակ մտնելով կլուծեն իրենց խնդիրները...

Ուզում եմ խոսքս ավարտել  «Փոքրիկ իշխանից» մի հատված հիշեցնելով, որ բոլորս հավանաբար ընթերցել ենք: Իշխանն  աղվեսին հարցնում է՝ ո՞նց լուծեմ իմ խնդիրները, աղվեսը պատասխանում է ՝ երբ  ընդունես, որ ամեն ինչ կախված է քեզանից: Եւ մենք ընդունեցինք այդ իմաստնությունը՝ ամեն ինչ կախված է մեզանից, ու ամեն մի հարցում պետք է ապավինել նախևառաջ սեփական ուժերին: Եվ Իրանը, տարիներ շարունակ գտնվելով լիակատար սանկցիաների  պայմաններում, հաջողում է նոր բարձունքների  հասնել և՛ տնտեսության, և՛ ռազմական արդյունաբերության, և՚ գիտության ոլորտներում։

Համոզված եմ՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններում  ապագան կլինի պայծառ ու լուսավոր...

Շնորհակալություն Ձեզ և Ձեր ջանասեր աշխատակազմին:

Աստված բոլորիս պահապան։

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Թարգմանությունը՝ հյուպատոսարանի

թարգմանչուհի Շերլի Ավետյանի

 

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57