Հարցազրույց Լևոն Սահակյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

24.01.2025 11:35
536

Հունվարի 26-ին լրանում է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանի 70-ամյակը։

-.Պարոն Սահակյան, նախ ընդունեք մեր շնորհավորանքները հոբելյանի առթիվ, Ձեզ՝ քաջ առողջություն և ստեղծագործական հաջողություններ։

- Շնորհակալ եմ: Տարիքը հարստություն է, ինչպես ասվում է հանրահայտ երգի մեջ: Անցա վայրիվերումներով լի մի ճանապարհ, գտա իմ կոչումը, դարձա ինձ ընկեր ու այսօր էլ դեռ ճանապարհին եմ:

- Մեր հանդիպումից առաջ ծանոթացանք Ձեր կենսագրությանը։ Կապանի շինարարական տեխնիկում, աշխատանք տարբեր շինկազմակերպություններում, ծննդավայր Ակների ակումբի վարիչ և... խոսքի աշխարհ։

Անցումը, որքան տեսնում ենք, այնքան էլ սովորական չէր, ինչպե՞ս ստացվեց։

- Ավարտել եմ Կապանի շինարարական տեխնիկումը, Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ տնտեսագետ-ֆինանսիստ մասնագիտությամբ, 1973-75 թթ. ծառայել եմ ԽՍՀՄ բանակում, 1992-94 թթ. եղել եմ Ակներ գյուղի կամավորական ջոկատի շտաբի պետը, աշխատել եմ տարբեր կազմակերպություններում՝ բանվոր, ակումբի վարիչ, անվտանգության ինժեներ, շինարարության վարպետ, պահեստապետ, թերթի աշխատակից, հաշվապահ, աշխատակազմի քարտուղար, իսկ 2017 թվականից ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի նախագահն եմ: Այո, անսովոր ու դժվարին էր անցածս ուղին: Ինձ հեշտ ոչինչ չի տրվել: Թիկունք չունեի: Ընտանիք պահել էր հարկավոր: Կարելի է ասել և այսպես՝ իմ իսկական գործն արել եմ երկրորդական գործերի արանքում: Ու այս անսովորի դրականը նրանում է, որ կյանքից տարատեսակ դասեր եմ առել, հարստացել, պարզել իմ պղտորությունը ու հիմա Տիրոջ հետ հանդիպման ու զրույցի համար սպասման մեջ եմ…

- Ծանոթ ենք Ձեր հեղինակած գրքերին, բանաստեղծությունների հիմնական մասին, տեղյակ ենք նաև Ձեր ստեղծագործությունների վերաբերյալ գրականագիտական–գրաքննադատական որոշ գնահատականների։ Բայց կուզենայինք, որ ինքներդ (հնարավորինս համառոտ) ամփոփեիք ու ներկայացնեիք Ձեր գրական ժառանգությունը։

- Մինչ այժմ հրատարակել եմ 16 գիրք: Տպագրվել եմ տարբեր թերթերում, ամսագրերում և ալմանախներում: Գրում եմ չափածո և արձակ: Գրականագետների, գրողների և ընթերցողների կողմից կան անդրադարձներ՝ տպագրված իմ «Երկեր» գրքում (2016 թ.):

Ներկայումս աշխատում եմ 17-րդ գրքի վրա, որում կներառվեն իմ տարբեր տարիներին հրատարակված և անտիպ գործերը՝ խորհրդածություններ, պատմվածքներ, հոդվածներ, հուշեր, մանրապատումներ ու գորիսյան բարբառով ժողովրդական հումոր, իմ մշակմամբ:

- Եվ, այդուհանդերձ, որո՞նք են լավագույն կամ գոհացնող գործերը Ձեր ստեղծագործություններում։

- Իմ, ինչպես Դուք եք ասում, լավագույն ու գոհացնող գործերը ներառել եմ 2024 թվականին տպագրված  «ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ» գրքում, որն անպայմանորեն կնվիրեմ ձեր խմբագրությանը:

- Ձեր ստեղծագործությունների թեմատիկան, ի՞նչն է Ձեզ մտահոգում, ի՞նչ եք քարոզում, ո՞րն է Ձեր ասելիքը։

- Ստեղծագործությանս առանցքը ԿՅԱՆՔՆ Է: Եթե նկատել եք, ես առանձնակի թեքում չունեմ որևէ կոնկրետ ուղղությամբ: Ինչ կյանքն ունի՝ իմն է՝ լավ, թե վատ: Լավի համար գոհանում եմ, փառք տալիս Աստծուն, վատի դեմ պայքարում, որ այն նաև իմ միջամտությամբ քչանա…

Մտահոգված եմ տիեզերքի, մեր տուն-երկրագնդի, հայրենիքի և մարդու ճակատագրով, ասելիքս էլ այդ շրջանակներում է ու զրուցակիցս՝ հազարահրաշ-աշխարհարարը:

- Ովքե՞ր են Ձեր ստեղծագործությունների հերոսները, արդյո՞ք նրանց մարդկային տեսակը կամ նրանց նախատիպերը շարունակում են Ձեզ հրապուրել, թե՞ փոփոխվող ժամանակաշրջանի հետ փոփոխվում են նաև նախընտրելի հերոսները։

- Իմ հերոսը ՄԱՐԴՆ Է, իր պարզությամբ ու արդարամտությամբ, իր բարդությամբ ու բացասական նկրտումներով: Իմ ամբողջ կյանքում փորձել եմ հասկանալ աստվածատուր այս էակի էությունը, պեղել եմ, խորացել ու եկել այն համոզման,

      … Որ այս վերքերի, մեղքերի համար

      Պետք չէ մարդկանց մեջ փնտրել մեղավոր…

- Ի սկզբանե, որքան հասկացանք, Ձեզ գայթակղել է բանաստեղծությունը, իսկ փորձե՞լ եք ուժերն օգտագործել արձակում։

7. Գրում եմ նաև արձակ:

Հրատարակել եմ «Կատակում է Գորիսը» (1994 թ.), «Ակների պատմություն» (2000 թ.), «Գորիսյան ժպիտներ» (2002 թ.) և «Գրամատյան» (2006 թ.) գրքերը:

Առաջիկայոմ կտպագրվի իմ «Արձակ տողեր» գիրքը:

Իսկ որոշակիության համար ասեմ՝ ինձ համար բանաստեղծությունն առաջին տեղում է, արձակը՝ երկրորդ:

- Բանաստեղծ Լևոն Սահակյանի գրելու տեխնոլոգիան, բառը, տողը Ձեզ համար։

- Ինձ հոգեհարազատ է բանաստեղծության դասական ձևը: Ձգտում եմ քիչ բառերով շատ բան ասել, պահպանել բանաստեղծության երաժշտականությունը, ռիթմը:

Կարծում եմ՝ Լևոն Սահակյան բանաստեղծն ունի իր յուրահատուկ ոճը, ասելիքը, բառի որոնման անհոգնել տենչը, տողը վերջնական տեսքի բերելու արհեստավարժ հմտությունը: Նա ծառայում է ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ոչ ոքից ոչինչ չպահանջելով, գերազանց գիտակցելով, որ՝

                  Պոետի պարտքը լավ գրելն է լոկ

                  Ու հանրությունը պարտք չէ պոետին:

- Ովքե՞ր են Ձեր գրական ուսուցիչները կամ ո՞ւմ ազդեցությունն եք ավելի շատ կրել ու կրում։

- Թվարկեմ՝  Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սևակ, Բլոկ, Խայամ, Եսենին, Տյուտչև, Բյոռնս, Էմին, Մ. Իշխան, Վ. Դավթյան…

Ազդեցության առումով ասեմ՝ բանաստեղծը նման է մեղվի, բազում ծաղիկներից նեկտար է առնում ու պատրաստում ԻՐ ՄԵՂՐԸ:

Պոետների էության և նրանց առաքելության մասին հիանալի է ասել երջանկահիշատակ Ֆելիքս Բախչինյանը. «Նրանք մարդկության թթվածինն ու ջուրն են, լույսն ու ջերմությունը, խիղճն ու մաքրությունը, մարդկության անմեղ երեխաներն ու նրա հոգու մեջ լույսեր վառող փոքրիկ ու աննշան լուսատտիկները, որոնց լույսը, սակայն, պարզապես կուրացուցիչ է գիշերային խավարում… Բանաստեղծները չեն հաղթում, քանզի չարն ու չարիքը անհաղթելի են, բայց չեն էլ պարտվում, այլ մնում են չհանձնված, չստրուկ, չգերի…»:

- Ձեր սիրած մեծագույն կամ լավագույն գործը հայ գրականության մեջ։

- Որպեսզի անաչառ լինեմ, պատասխանեմ այսպես՝ Նարեկացու «Մատյան ողբերգությանը», Թումանյանի քառյակները, Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» ու մնացած հայ գրողների լավագույն գործերը:

- Ինչպես քիչ առաջ ասացինք՝ Ձեր ստեղծագործությունների հանդեպ ձևավորված որոշակի հայացք կա, գրականագիտական վերաբերմունք։

Ըստ Ձեզ՝ ո՞վ է առավել օբյեկտիվ և ամբողջական ներկայացրել–բնութագրել բանաստեղծ Լևոն Սահակյանին։

Եվ, եթե կարելի է, բնութագրական այդ խոսքից մեկ–երկու նախադասություն։

- Եղել են մասնակի ներկայացումներ: Սպասենք ամբողջական ներկայացնողին:

Ներկայացվածներից կուզեի  առանձնացնել հետևյալները՝

Գևորգ Էմին- Ունես ասելիքդ բանաստեղծորեն ներկայացնելու աստվածատուր շնորհ: Քո ոճն ու քչախոսությունը հարազատ են ինձ նրա համար, որ ինքս էլ ինժեներ եմ ու սիրում եմ խոսքի ռացիոնալը: Առավել շատ ինձ գրավեցին քո խոսքի կուլտուրան և պատասխանատվության անթաքույց զգացումը: Գրիր, աշխատիր տքնաջան, հաջողությունը իրեն երկար չի սպասեցնի: (1978 թվական):

Մետաքսե (բանաստեղծուհի) - Քո ամենամեծ առավելությունը նրանում է, որ հեռու ես ավելորդ պաճուճանքներից, Տղամարդավարի ուզում ես  ԲԱՆ  ասել ու ասում ես… (2003 թ.):

Լևոն Անանյան - … Գրքիդ շատ բանաստեղծություններ երկրորդ անգամ ընթերցվելու պահանջ են ներկայացնում: Խոսքդ սահուն է, անկեղծ, առինքնող… (2013 թ.):

Թեհմինա Մարության (բ.գ.թ. դոցենտ) - Իմ խորին համոզմամբ Ձեր պոեզիան արժանի է ամենաբարձր գնահատության: Ձեր մաքուր և բնական ձայնով ստեղծած գործերը իրենց հետքը թողնում են իսկական ընթերցողի սրտում (2015 թ.):

Լիլիթ Թունյան (բ.գ.թ.) - Ուշադրություն դարձրեք լեզվական պատկերավորման միջոցներին, որոնք ստեղծագործության շաղախ-շինվածքն են և այն դարձնում են թեթև, խաղացկուն, ի հայտ բերում գրողի, բանաստեղծի գեղագիտական ինքնատիպությունը, երևակայությունը, մտքի թռիչքը… (2015թ.):

- Հավանաբար փորձել եք ճշտել՝ Ձեր գրականությունն ո՞ւնի ընթերցող, ո՞ր բանաստեղծությունները և ո՞ր ժողովածուներն են առավել շատ պահանջված ընթերցողի կողմից։

- Ճիշտն ասած, առանձնակի դիտարկումներ չեմ արել, սակայն տարբեր անձանց կողմից հնչած ու հնչող անդրադարձները վկայում են, որ Լևոն Սահակյան բանաստեղծն ընթերցվում է ու հարգի է ընթերցողների շրջանում:

Իմ բանաստեղծություններն իմ զավակներն են և նրանցից յուրաքանչյուրը հոգեհարազատ ու թանկ է ինձ համար: Կարծում եմ՝ լավագույնների ընտրությունը պիտի կատարի ընթերցողը, գրականագետն ու գրաքննադատը:

- Մեր ժողովուրդը վճռորոշ ժամանակներ է ապրում, շարունակում ենք անցնել փորձությունների միջով։

Ձեր կարծիքով՝ մեր ներկա ընթացքը որքանո՞վ է արտացոլվում գրականության մեջ։

Դուք, օրինակ, ունե՞ք գործեր՝ մեր նոր իրականությունն արտահայտող։

- Այո՛, ունեմ, այդ գործերն ամփոփված են իմ «Ընտրյալները» գրքի «Երկրիս հետ» բաժնում: Հետաքրքրվողը կարող է դիմել ինձ, ունենալ գիրքը և ծանոթանալ նրանց հետ:

… Կռիվ եմ տալու ես ՄԱՐԴՈՒ համար

Ոսոխների դեմ ներսի ու դրսի.

Եվ պահելու եմ երկիրն իմ հոգում,

Որ չկոշտանա և որ չմրսի…

***

Ժամանակն էլ քեզ չի պատկանում,

Դու հիմա հույսն ես հայրենիքի,

Այս խառն օրերի զինվորն ես դու՝

Առանց մեռնելու իրավունքի…

 

- Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահն եք, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բաժանմունքը։

- ՀԳՄ Սյունիքի բաժանմունքը գտնվում է Գորիսի մշակույթի տան երկրորդ հարկում և արդեն յոթերորդ տարին է՝ գործում է իմ նախագահությամբ: Անցկացնում ենք գրական հանդիպումներ, միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, օգնում ենք սկսնակ գրողներին, գրականության դաշտում օգնության կարիք ունեցողներին: Այն դարձել է մի յուրահատուկ «Գրօջախ», որի տեղը գիտի ամեն իսկական ստեղծագործող: Կարող եմ վստահորեն պնդել՝ Սյունիքում ոչ մի շնորհալի պատանի կամ երիտասարդ չի կարող մնալ անհայտ: Բաժանմունքի աշխատանքները կարող էին լինել ավել արդյունավետ, եթե պետության կողմից լիներ նվազագույն աջակցություն, որպեսզի դեպի Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքներ պարբերաբար գնալ-գալու հնարավորություններ առաջանար և շփումները ստեղծագործողների միջև դառնային հաճախակի ու մոտիկից:

- Գրական մթնոլորտը Սյունիքում, ովքե՞ր են սյունեցի գրողները, բանաստեղծները, որ արդեն իսկ իրենց մնայուն տեղն ունեն մեր գրական անդաստանում և շատ թե քիչ ճանաչում ունեն հանրապետությունում։

- Գրական լավագույն ավանդությունները շարունակվում են  Սյունիքում: Ունենք հույսեր ներշնչող մոտ 15 ստեղծագործող: Ներկայումս Սյունիքից ՀԳՄ անդամ են Գագիկ Դավթյանը, Հրանտ Գյուլասարյանը, Ներսես Խառատյանը, Տիգրան Գրիգորյանը, Լևոն Սահակյանը, Էդուարդ Հարենցը, Ավագ Եփրեմյանը, Մարի Առաքելյանը, Վարուժան Գալստյանը, Արթուր Առաքելյանը, Վարդան Սարգսյանը, Սուսաննա Խաչատրյանը (թարգմանչուհի), Հայկուշ Օհանյանը, Հերմինե Նավասարդյանը:

Հենց այս վերոնշյալներն էլ ունեն իրենց մնայուն տեղը մեր գրականության մեջ և ճանաչված են հանրապետությունում:

- Ի՞նչ կասեք նրանց, ովքեր հայոց Արցախը համարում են Ադրբեջանի մաս, ովքեր Արևմտյան Հայաստանի ու Արևմտյան Ադրբեջանի միջև զուգահեռներ են անցկացնում՝ նկատի ունենալով կեղծիքը, թե Արևմտյան Ադրբեջանը ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է։

- Կասեմ այսպես՝ նրանք կամ անգրագետ են կամ հարմարվողներ կամ էլ դավաճաններ: Մեր ազգի մի ստվար մասը պետականության հարգը չգիտի: Մեր ղեկավարներն ու դիվանագետները հեռատես, ճարպիկ ու ճկուն չեն: Արցախյան պատերազմի ժամանակ ունեցանք զինվորականների շրջանում «պանիկա» տարածողներ, քաղաքական պատվեր կատարողներ: Կուսակցություններից որոշները ոչ միայն չմիացան պատերազմի ժամանակ, այլև բանակի ներսում գործեցին ի օգուտ ոսոխի և իրենց ամբիցիաների: Ինչպե՞ս բացատրել Շուշիի հանձնումը, հարյուրավոր զինյալների գերի ընկնելը, քաջաբար կռվող մեր տղաներին մենակ, անղեկավար թողնելը (վկաների պատմածներից): Ազատ ու անկախ և հողին տեր լինելու միակ պայմանը ուժեղ, զարգացած երկիր կառուցելն է: ԱՀԱ ՍՐԱ ՄԱՍԻՆ ՊԻՏԻ ՄՏԱԾԵՆՔ:

- Ի՞նչ եք մտածում այն մասին, որ Սյունիքի մարզից մի քանի հարյուր հեկտար հողատարածք է բռնազավթված Ադրբեջանի կողմից։

- Այսպիսի ասույթ կա՝ «Ով չի տիրապետում ինքն իրեն, նրան տիրապետում են ուրիշները»: Մենք չկարողացանք պահպանել մեր ազատագրված տարածքները, որվհետև մեր անհեռատես ղեկավարները հույսները դրել էին ժամանակին մեր հողերով թուրքերին լավություն արած ռուսների վրա և բանակաշինությանը նայում էին մատների արանքով: Ու անկախության տարիներին փոխանակ բանակ կառուցելու, մեզ մոտ պալատներ էին կառուցվում, մեկը մյուսից լավ, զարմացնող…

Ահա, թե ինչու են մեր տարածքները բռնազավթված ու մեր վաղը՝ անորոշ:

Երկրին  հզոր  ՏԵՐ  է  հարկավոր, երկաթե կարգապահություն, գործուն, անտատան օրենքներ, միասնական գաղափարախոսություն …

- Յոթանասուն տարին բավական լուրջ տարիք է, բայց և իմաստնությամբ ու փորձով լեցուն։

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք։

-         …Երեկ էր, արի քայլս առաջին

          Ու բարբառում է այսօր մի ահել…

Ապրածս յոթանասուն տարիների ընթացքում անցա վայրիվերումներով լի մի ճանապարհ, նեղվեցի, գոհացա, հիասթափվեցի, երջանակացա, հասա բարձունքների, որ անհասանելի էին թվում, հարստացա իմաստնությամբ ու հասկացա, որ՝

          Իմ կյանքը թանկ չէ մրջյունի կյանքից,

          Բնության համար՝ թե մարդ, թե մրջյուն.

           Այդ մենք ենք, մենք ենք մեզ կարևորում,

           Բնության համար՝ թե մարդ, թե մրջյուն…

Հասկացա նաև, որ՝

            Կյանքի լավ կողմն է ինձ ապրեցնում,

            Թևաթափում է վատ կողմը նրա.

            Եվ որքան էլ ինձ փորձեն համոզել՝

            Հարմարվել վատին չեմ կարողանա:

Ներկայումս աշխատում եմ իմ «Արձակ տողեր» գրքի վրա և հույսով սպասում հայանպաստ լուրերի և շրջադարձերի:

- Ձեր սերունդը մի քանի «դարաշրջան» ապրեց՝ խորհրդային շրջան, անկախության հռչակում, անկախության տարիներ, Արցախյան երեք հերոսամարտ, հայ ժողովրդի ցեղասպանություն Արցախում...

Ինչի՞ համար եք ափսոսում, ինչո՞վ եք հպարտանում, ի՞նչ չիրականացված ծրագրեր, սխալներ կամ բացթողումներ ունեցաք տարիների ընթացքում։

- Բնորոշեմ այսպես՝ խորհրդային տարիները կիսաերջանիկ անիմացության տարիներ էին, անկախության հռչակումը պարտադրված էր, անկախության տարիները սխալ ապրած տարիներ էին:

Ափսոսում եմ, որ առողջ դատողության կողքին կյանքն ունի նաև այսքան հիմարություններ: Հպարտանում եմ աշխարհի լավագույն մարդկանց գոյությամբ: Ցավում եմ, որ չկարողացա փոխել մարդուն…

                  Թերություննե՞ր, ինչ խոսք, ունեմ,

                  Ո՞վ մեզանից չունի,

                  Միայն պետք է հսկել դրանց,

                  Որ չփոխվեն թույնի…

- Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդությանը, ապրելու ի՞նչ բանաձև կառաջարկեիք Սյունիքի սահմանապահ գյուղերի երիտասարդությանը։

- Կցանկանայի, որ մեր երիտասարդները լավ սովորեն: Օրինակելի դաստիարակություն ստանան, չհայհոյեն, աղբ չթափեն հասարակաց վայրերում, պահպանեն մեր ապուպապերի դրական ավանդությունները, չխուսափեն բանակային ծառայությունից, վաստակեն հալալ աշխատանքով, իրենց եսը կարողանան դնել մենքի մեջ, երկրի պետականության մասին մտահոգվեն այնպես, ինչպես իրենց պատվի, մեծանան ու ապրեն որպես իսկական ՔԱՂԱՔԱՑԻ…

Այսօր մարզերից որոշ մարդիկ փախչում են մայրաքաղաք, մայրաքաղաքից՝ ամերիկաներ: Կցանկանայի, որ դադարեցվեին այս «քողարկված փախուստները» ու բնիկ երևանցին սահմանային գյուղի բնակչի հետ մտածեին նույն կերպ երկրի հոգսերի և անելիքների մասին:

- Եվ վերջին հարցը՝ արդյո՞ք գրականագիտությունը, գրաքննադատությունը, գրական մամուլը կարողանում են հետևել կենտրոնից հեռու բնակավայրերում ստեղծագործող մարդկանց գրական գործերին, աջակցում և ուղղորդում նրանց։

- Հիշում եմ, ԽՍՀՄ օրոք Երևանից գրողների ու գրականագետների գործուղում էին հեռու բնակավայրեր՝ ստեղծագործողներ հայտնաբերելու, օգնելու և տպագրելու համար: Այդ հանդիպումները, ճիշտ է, հաճախակի չէին, բայց կային: Ներկայումս նման բան չկա: Որքան տեղյակ եմ, այս բնագավառ էլ են թափանցել շուկայական օրենքները:  Գրքի առաջաբան կամ գրական խոսք անվճար գրվում է  բարեկամի կամ ծանոթի համար, իսկ օտարի համար՝ գումարով…  Ու դա, ցավոք, անում են նաև ճանաչված, հարգի գրականագետները: Այնպես որ՝ հեռու բնակավայրերում ստեղծագործողի ամենաառաջին օգնողը և խորհրդատուն  մնում է  ՀԳՄ բաժանմունքը:

 

Հարցազրույցը՝

Աննա Ալեքսանյանի

Բաքվում ավարտվել է Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների «մեղադրանքի» հրապարակումը

18.02.2025 21:33

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անվիճարկելի է. Էրդողան

18.02.2025 20:26

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

18.02.2025 17:34

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

18.02.2025 17:22

Ալիևի անձնական վրեժխնդրությունն է. Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին

18.02.2025 17:19

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտել են բանակցային առաջին նիստն ու անցել աշխատանքային լանչի

18.02.2025 15:58

Մասկը ներկայացրել է Grok 3 ԱԲ նոր տարբերակը՝ պնդելով, որ այն «աշխարհում ամենախելացին» է

18.02.2025 14:48

Սպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով

18.02.2025 14:01

Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները

18.02.2025 12:26

Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը

18.02.2025 11:24

Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը

18.02.2025 11:22

Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

18.02.2025 11:17