Հարություն Ոսկանյան. «Տաթեւ-Կապան ճանապարհի Աղվանի-Շրվենանց հատվածում կառուցում ենք չորրորդ կարգի ճանապարհ»

12.08.2021 16:18
6761

Տաթեւի վանական համալիրը Կապանին կապող ավտոճանապարհի Շրվենանցի խաչմերուկ-Աղվանի՝ 17,5 կմ-անոց հատվածը (կմ 37+500-կմ 55+00) հիմնանորոգում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը՝ ամենախոշոր ճանապարհաշինական ձեռնարկությունը Գորիսի տարածաշրջանում:

Ընկերության երիտասարդ տնօրեն  Հարություն Ոսկանյանը ձեռնարկության հիմնադրման ժամկետ է նշում 1925 թվականը:

Հայաստանի անկախացումից հետո արդյունաբերական եւ շինարարական բազմաթիվ ձեռնարկություններ իրենց մեքենասարքավորումների եւ գույքի հետ փոշիացան, բայց «Ոսմարի» ե՛ւ մեքենասարքավորումները, ե՛ւ մարդուժը պահպանվեցին, ու հիմա ճանապարհաշինարարներ ունեն, որոնց աշխատանքային կենսագրությունը չորս տասնամյակից ավելի ժամանակաշրջանով է չափվում:

2002 թվականին «Ոսմարը» ՍՊ ընկերության կարգավիճակ է ձեռք բերել, որը 2017 թվականից ղեկավարում է Հարություն Ոսկանյանը. ծնվել է 1991 թ., 2007-2008 ուստարում ավարտել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը, ընդունվել Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» ֆակուլտետը, որի բակալավրիատն ավարտելուց հետո շինարար-տնտեսագետի մասնագիտությամբ վերադարձել է հայրենի Գորիս:

Միանգամից ասենք, որ «Ոսմար» ՍՊ ընկերությունը 44-օրյա պատերազմից առավել տուժած ընկերությունն է մարզում, թեպետ շատ հեռու էր մարտական գործողությունների թատերաբեմից: 2020 թ. դեկտեմբերի 18-ի՝ այսպես կոչված սահմանազատումից հետո ընկերության ասֆալտգործարանը, որ գտնվում էր Որոտան գյուղի մերձակայքում, հայտնվեց սահմանից անդին: Ճիշտ է, ասֆալտգործարանի սարքավորումները հնարավոր եղավ ապամոնտաժել եւ տեղափոխել, բայց շենք-շինությունները, խճի, ավազի հսկայական պաշարը մնացին հակառակորդին, եւ հիմա տնօրինում են ադրբեջանցիները: Այդ առումով Ոսկանյանը նշում է, որ կորուստներն անչափելի են, բայց թեւաթափ չեն եղել: Մեծ գումար են ծախսել եւ հիմա ամայի մի տեղ (Շինուհայրի խաչմերուկի մերձակայքում) տեղադրել են ասֆալտգործարանի սարքավորումները եւ հընթացս լուծում են գազիֆիկացման, ջրամատակարարման, էլեկտրասնուցման խնդիրները: Ի դեպ, հակառակորդին մնաց նաեւ ավազակոպճագլաքարային հանքը, եւ հիմա հումքի խնդիրը լուծում են Սիսիանից ներկրելով:

Անդրադառնալով Աղվանի-Շրվենանցի խաչմերուկ կառուցվող ճանապարհին, ընկերության ղեկավարը նշում է.«Կարելի է ասել նոր ճանապարհ ենք կառուցում, որովհետև լայնացումներ ենք տալիս, լիցքեր անում, մեծ ծավալի հողային աշխատանքներ կատարում: Հիմա փորձում ենք նվազագույնը դարձնել չորրորդ կարգի ճանապարհ: Ճանապարհի անհրաժեշտ լայնությունն ապահովելու համար 6 կմ երկարությամբ եւ 10 մետր լայնությամբ անտառահատում է իրականացվել: Որպեսզի բնությանը շատ վնաս չհասցնենք, համագործակցել ենք շրջակա միջավայրի նախարարության հետ: Ավելի ստույգ՝ մեր դիմումի համաձայն՝ անտառի պահապաններն են կատարել հատումը»:

Երբ երթեւեկեցինք Աղվանի-Շրվենանց ճանապարհով, համոզվեցինք, որ «Ոսմարին» Տաթեւ-Կապան ավտոճանապարհի ամենադժվարին հատվածն է բաժին ընկել: Ըստ ամենայնի՝ հողածածկ մի ճանապարհ էր. երբեմն-երբեմն հանդիպող ասֆալտի կտորները հուշում էին, որ խորհրդային տարիներին ասֆալտածածկ է եղել:

Տեղամասի պետ Ասատուր Այվազյանն ասում է, որ աշխատանքները սկսել են 2021-ի հունիսին: Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն (հիմնականում անբարենպաստ եղանակի հետ կապված)՝ ծրագիրը կավարտեն տարեվերջին:

Նույնիսկ շրջանցիկ ճանապարհ են բացել ընկերությանը հատկացված ճանապարհահատվածում հանդիպող միակ կամրջի նորոգման համար: Հողային աշխատանքները կատարել են 90 տոկոսով: Եվ հիմա ստեպ-ստեպ երթևեկող ավտոմեքենաները փոշու հսկա ամպ են բարձրացնում:

Ներկայումս ճանապարհաշինարարների ձեւակերպմամբ՝ ծածկի մշակման աշխատանքներ են կատարվում: 5 կմ-ի վրա տեղադրել են ավազակոպճային շերտ, պատրաստվում են տեղադրել ց—5 ավազակոպճային խառնուրդով 20 սմ շերտը, որի վրա լինելու է 3 շերտ ասֆալտ:

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի դժվարությունը նաեւ այն է, որ անցնում է երկու գյուղով՝ Տանձավեր, Վերին Խոտանան, ու տակավին լուծված չեն որոշ նախագծային խնդիրներ՝ կապված գյուղամիջյան ճանապարհի լայնության հետ: Պիտի ապահովվի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածի նախատեսվող ասֆալտապատ 6,0 մ լայնությունը: Իսկ դա հնարավոր կլինի գյուղացիների տների, տնամերձերի եւ օժանդակ կառույցների հաշվին:

Ինչպես տեղեկացրեց տեղամասի պետը, սպասում են նախագծային փոփոխությունների, մանավանդ ճանապարհի մոտ մեկ կիլոմետրը Խոտանանի գյուղամիջով է անցնում, նույնքան էլ՝ Տանձավերի միջով: Բացի այդ, Խոտանանում (եկեղեցու մերձակայքում) շրջադարձի շառավիղը նորմատիվին չի համապատասխանում, ինչի համար լայնացումներ պիտի կատարեն, լիցք անեն: Ի դեպ, խոտանանցիները մտահոգված են Վերին Խոտանանի 17-րդ դարի եկեղեցու ճակատագրով, որ ճանապարհին կից է գտնվում: Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ բոլոր մտավախություններն անհիմն են, դեռ ավելին՝  եկեղեցու հարավային կողմից հենապատ պիտի կառուցեն:

Հարություն Ոսկանյանը տեղեկացրեց, որ ընկերությունում այս պահին մոտ 70 մարդ է աշխատում, նաև որոշ աշխատանքներ կատարելու  համար ընդգրկված են ենթակապալառու կազմակերպություններ:

Ի դեպ՝ ճանապարհաշինարարները սնվում և գիշերում են Տանձավերում:

Ինչեւէ, բավականին դժվար ծրագիր է բաժին ընկել «Ոսմար» ընկերությանը: Խոչընդոտների մի մասն էլ պայմանավորված է նախագծային բնույթի խնդիրներով: Բայց, այդքանով հանդերձ, Հարություն Ոսկանյանը հավաստում է, որ ճանապարհը կկառուցվի ժամանակին եւ բարձր որակով:

Ուրեմն եւ «Ոսմարին» հաջողություն ենք մաղթում:

Վահրամ Օրբելյան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10