Մեղրու երեւելի զավակներից է բանասեր, հայագետ-արեւելագետ, թարգմանիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը: Նա խտացումն է նաեւ այն անձնավորությունների, ովքեր նախորդ դարը (19-րդ) տարել, կապել են հաջորդ (20-րդ) դարի հետ: Կ.Մելիք-Օհանջանյանը նաեւ ապրել է ստալինյան հալածանքների դաժան շրջանը: 1937թ. չարաբաստիկ տարում բռնադատվել է ու հինգ տարի անցկացրել սիբիրյան աքսորում: Սակայն 1930-ականների հալածանքները չկոտրեցին նրա ոգին, ու նա շարունակեց զբաղվել գիտական գործունեությամբ: Հետազոտողի գիտական նախասիրությունները բազմազան էին եւ բազմաբնույթ` ժողովրդական բանահյուսություն, հայ հին գրականություն, հայոց պատմություն, արեւելագիտություն, համեմատական տեքստաբանություն, գիտական եւ գրական հուշարձանների թարգմանություն:
Մեղրու Կալեր գյուղում 1893 թվականի փետրվարի 20-ին ծնված ազնվական տոհմի ժառանգ Կարապետը նախնական կրթությունը ստացել է Գանձակի տղայոց գիմնազիայում: 1913-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որն, իրավամբ, մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնարան հայոց դպրոցաց» պատվանուններով: Այդտեղ դասավանդել են նշանավոր հայագետներ ու օտարազգի գիտնականներ: Կրթարան, որ իր պատերի մեջ տակավին պահում էր Վահան Տերյանի եւ հայոց այլ մեծերի շունչը: 1914թ. էր, առաջին աշխարհամարտի թոհուբոհի սկիզբը: Ճեմարանի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ գերազանցիկ ուսանողին գործուղում են Գերմանիա` որտեղ նրան դասավանդել են նշանավոր գիտնականներ Յոզեֆ Մարկվարտը, արեւելագետ Յանսենը, եվրոպացի երեւելի այլ գիտնականներ: Գիտության մեջ անդրանիկ քայլերն անող երիտասարդը խորացել է ոչ միայն գերմաներենի, այլեւ հին հնդկերենի՝ սանսկրիտի մեջ:
1915-1917թթ. Կ.Մելիք-Օհանջանյանն ազատ ունկնդիր էր Բեռլինի համալսարանում: Ապագա հայագետն ապրում էր Ավետիք Իսահակյանի տանը: Բեռլինի` նրա ապրած ժամանակաշրջանը վավերացված է Ավետիք Իսահակյանի նամակներում` հասցեագրված Էջմիածնի սինոդի դատախազ Փարսադան Մելիք-Օհանջանյանին` ապագա հայագետի հորեղբորը, ում հովանավորությամբ նա սովորում էր արտասահմանում: Պահպանվել են վարպետի նամակները փաստաբանին. ահա որոշ կտորներ. «Կարապետը համալսարանում դասեր է լսում, ժամանակը զուր չի վատնում» (1915թ. նոյեմբերի 15-ի նամակից): Դրանից առաջ գրած իր նամակում Իսահակյանը ներկայացնում է երկրում ստեղծված ծանր իրավիճակը. «Գերմանիայում դրությունն օրեօր վատանում է, թանկ, թանկ, թանկ, ապրելն անկարելի է դառնում, միայն ձեր հայրական խնամքի շնորհիվ է, որ նա (Կարապետ Մելիք-Օհանջանյանը, ծանոթ. խմբ.) պիտի կարողանա այդ դժվարություններից գլուխ հանել»:
Մեր երկրի համար դժվարին մի ժամանակում (1920թ.) վերադարձավ Հայաստան: Կուտակելով անհրաժեշտ գիտելիքներ, համաշխարհային գրական փորձ` կարող էր Եվրոպայի որեւէ համալսարանում պրոֆեսորի պաշտոնով շարունակել իր գործը, բայց նախընտրեց հայրենիքում լինել, ծառայել իր ժողովրդին: Սկզբում աշխատել է հանրային կրթության եւ արվեստի նախարարությունում, ապա` Երեւանի տղայոց գիմնազիայում: 1921թ. նշանակվել է հանրապետության առաջին գիտական հիմնարկի` Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ: 1921-1930թթ. զբաղվել է մանկավարժական աշխատանքով` դասախոսելով Երեւանի պետական համալսարանում եւ մանկավարժական ինստիտուտում:
Կարապետ Մելիք-Օհանջանյանի մանկավարժական գործունեության մասին ուշագրավ փաստեր ենք հայտնաբերում կապանցի մանկավարժ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ (այժմ` հանգուցյալ) Աղամիր Աղամիրյանի նոթատետրում: Նա գրում է, որ 1922 թվականին առաջին անգամ Ղափանից Մեղրի ուղարկեցին մի խումբ երիտասարդ ուսուցիչների` լուսժողկոմատի կողմից կազմակերպված կուրսերին մասնակցելու համար: Մեկուկես ամիս տեւած այդ դասընթացներում դասավանդում էր նաեւ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
1930-ական թվականներից սկսած` Կարո Մելիք-Օհանջանյանը մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի հետ հաջողությամբ իրականացրել է «Սասնա ծռեր» էպոսի գիտական հրատարակությունը` երեք մեծադիր հատոր, որ հայ բանասիրության ծանրակշիռ հիմնաքարն է: Տակավին 1932թ. ալաշկերտցի ասացող Մանուկ Թորոյանից գրի է առել էպոսի մի նոր տարբերակ: Ընդհանուր առմամբ` գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» տասը ընտիր պատում` ընդարձակ ուսումնասիրությամբ եւ հարուստ ծանոթագրություններով: Ոչ միայն թարգմանել, այլեւ խորացել է «Սասնա ծռեր» էպոսի փիլիսոփայության, մարդկային փոխհարաբերությունների, գրական, գեղարվեստական նկարագրության մեջ:
Միջանկյալ նշենք, որ 2008թ. նրա եղբոր թոռ Վահան Մելիք-Օհանջանյանի ջանքերով լույս տեսավ «Սասնա ծռերի» ինը ընտիր պատում` տարբեր բարբառներով եւ զուգահեռ թարգմանությամբ, որը կատարել էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կ.Մելիք-Օհանջանյանը: Հրատարակության մեջ զետեղված են նաեւ Կ.Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը` «Հայ ժողովրդական վիպական բանաստեղծությունը» վերտառությամբ եւ բառարան-ծանոթագրությունները:
Հայագետի գրչին են պատկանում «Ֆիրդուսին եւ Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» եւ հայ մատենագրության մեջ» (Եր. 1934), «Միթրա Միհրը» «Սասնա ծռերի մեջ» (1946), «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Կորյունը» եւ նրա «Վարք Մաշտոցին» (ռուս. 1962) եւ այլ ուսումնասիրություններ: Ռուսերեն է թարգմանել Մ.Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948) առաջին հատորը:
Գերմանիայում հիմնավոր կրթություն ստացած վաստակաշատ գիտնականի յուրաքանչյուր գիտական հոդված, թե մենագրություն ծանրակշիռ խոսք են տվյալ բնագավառում: Հիշենք մեծանուն հայագետի` «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջ» հոդվածը` տպագրված «Պատմաբանասիրական հանդեսում» (1964 N4): Կ.Մելիք-Օհանջանյանը Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության համահավաք գիտական բնագրի հեղինակն է, որտեղ արտացոլված են նրա գրաբարի փայլուն իմացությունը եւ ընդհանրապես մեր գրականության հմուտ գիտակի կերպարը:
Կիրակոս Գանձակեցու «Պատմություն հայոց» աշխատության գիտապատմական բնագրի հետ մեկտեղ Կ.Մելիք-Օհանջանյանը կազմել է նաեւ 13-րդ դարի նշանավոր պատմիչի աշխատությունների ցանկը: Գանձակեցու աշխատության 1982թ. հրատարակության առաջաբանում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարագ Առաքելյանը գրում է. «Գանձակեցու գրքի փայլուն գնահատականը եւ պատմագիտական արժեքավորումը տվել է ակադեմիկոս Կարո Մելիք-Օհանջանյանը` Գանձակեցու երկի հրատարակության առաջաբանում, որը քննական բնագիրը կազմողի լավագույն աշխատություններից մեկն է` Գանձակեցուն, նրա երկին, դարաշրջանին վերաբերող հարցերի դրմամբ եւ փայլուն լուծումով»:
Իր ստեղծած գիտական վաստակի հետ միասին Կարո Մելիք-Օհանջանյանը նաեւ ուսուցիչ էր ու դաստիարակ: 1921-1937թթ. կարդացել է «Հայ հին գրականության պատմություն», «Հայ բանագիտություն» դասընթացները: 1935թ. գիտնականին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Եվ միայն 1962թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Ափսոս, որ դաժան ճակատագրի պարտադրմամբ Կարապետ Մելիք-Օհանջանյանն իր կյանքի մի որոշակի շրջանում ստիպված եղավ ժամանակը տրամադրել արդարության հաղթանակը մոտեցնելուն: Եթե չլինեին հալածանքի, անվստահության այդ անլուր ու մութ տարիները, ով գիտե, թե ինչ նոր մենագրություններ, գիտական բնագրեր ու թարգմանություններ կունենայինք Կարապետ Մելիք-Օհանջանյանի հեղինակությամբ: Նա անցավ չարչարանաց մի ճանապարհ, որ ճաշակեցին Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը եւ շատ ուրիշներ, բայց ի տարբերություն շատ-շատերի` կարողացավ վեհ մնալ, շարունակել մի կյանք, որն իսկապես հայ բանասիրությանը, միջնադարյան մեր գրականությանը նվիրվելու հրաշալի օրինակ է: Մեծանուն գիտնական Բորիս Պիոտրովսկին «Ուրարտու, Ուրարտուի պատմությունը եւ կուլտուրան» աշխատության մեջ, որ լույս է տեսել 1944թ. (այսինքն` երկու տարի էր` Կ.Մելիք-Օհանջանյանը աքսորից վերադարձել էր), այսպիսի տողեր է ձոնել վերջինիս. «Թանկագին Կարո Մելիք-Օհանջանյանին` ի հիշատակ հին բարեկամության եւ համատեղ աշխատանքի եւ ի նշան նոր բարեկամական հարաբերությունների եւ հետագա համատեղ աշխատանքի»:
Այս համատեքստում անպայման պիտի հիշատակել Պարույր Սեւակի եւ Կարապետ Մելիք-Օհանջանյանի մտերմությունը. «Չափածո նամակս իմ ազնիվ ուսուցչին` Կարո Մելիք-Օհանջանյանին.
Դու դեռ արթուն, իմ ուսուցիչ,
Որպես Դավիթն` հայոց պաշտպան,
Եղիշեի քնարն առած`
Կարդում ես դու հայոց մատյան`
Հայոց մատյան ողբերով լի.
Ընդվզումով, գոռ մարտերով` հզորազոր,
Ով ուսուցիչ, հանճարով լի,
Քո աշակերտը քո շնչով է ապրում ցարդ:
Դարերի մեջ դու կմնաս,
Որպես Մասիս սարն աներեր,
Արաքսի պես դաշտն ոռոգող,
Դու հայոց դաշտ պերճ, բարեբեր:
Թե իմ դաշտում անունս մնա,
Կուզեմ քեզ մոտ հանգիստ նիրհել
Ոչ սին փառք ես դու տենչացել,
Այլ սրտեր ես դու ջերմացրել:
Կարապետ Մելիք-Օհանջանյան մարդու, գիտնականի, հետազոտողի դիմանկարը թերի կլինի, եթե չներկայացվի նրա հասարակական գործունեությունը, ակտիվ դիրքորոշումը երկրի համար կարեւոր հարցերում: «Նա մեր ավագ սերնդի դասական հայագետներից էր, բայց շատերի նման միայն կաբինետային գիտնական չէր, այլ հասարակական գործունեության մեծ ջիղ ուներ, հասարակական կյանքին արձագանքող գիտնական էր, - նրա մասին պատմում է հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանը, - բացի այդ՝ հաղորդակցվող եւ անմիջական անձնավորություն էր: Երբ լինում էր պատմության ինստիտուտում, ասպիրանտներով, երիտասարդ գիտաշխատողներով շրջապատում էինք նրան, լսում նրա համով-հոտով խոսքը: Սիրում էր շփվել հասարակության բոլոր շերտերի հետ՝ սկսած իր ծննդավայրից՝ Մեղրուց եկած հայրենակիցներից, վերջացրած՝ մտավորականներով, արվեստի աշխատողներով, ուսանողներով: Նրա պահվածքն այնպիսին էր, որ մենք ազատ ու անկաշկանդ էինք լինում նման մարդու հետ շփվելով»:
Հայագետի կյանքում կարելի է առանձնացնել մի դրվագ եւս, որը լավագույնս բնորոշում է նրան: 1960-ականների վերջին գիտական հասարակայնության (եւ ոչ միայն) մեջ մեծ ալեկոծում եւ վրդովմունք առաջացրեց, երբ ադրբեջանցի Զիա Բունիաթով կոչեցյալ գիտնականն իր աշխատություններում խեղաթյուրեց հայ ժողովրդի պատմության շատ հարցեր: Եվ ոչ այլ ոք, եթե ոչ Կարապետ Մելիք-Օհանջանյանն առաջինը ոչ միայն արձագանքեց, այլեւ մերկացրեց հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրողին «Զիա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հիմնարար հոդվածով, որ ռուսերեն լույս տեսավ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում (1968թ., N2) եւ այլ պարբերականներում: Մեր պատվերով հոդվածը թարգմանվել եւ տպագրվել է մեր թերթի 2012թ. մարտի 28-ի համարում։
Կարո Մելիք-Օհանջանյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1970թ. փետրվարի 24-ին, Երեւանում: Կարողացավ ստեղծել մնայուն արժեքներ, եւ պատահական չէ, որ Սեւակն ասում էր. «Կուզենայի քո աճյունի մոտ լինել, կուզենայի քեզ միշտ ունկնդրել»: Մեծ հայագետի մահվանից մեկ տարի հետո նա էլ դարձավ հավերժի ճամփորդ...
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ