«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
- Պարոն Բագրատյան, Թեհրանում՝ վարչապետի Իրան կատարած այցի ժամանակ, կարեւորվեց էներգետիկ գործակցության հեռանկարը․ Իրանի հետ գազամուղի եւ էլեկտրահաղորդման գծի միջպետական պայմանագրերը հայկական կողմից Դուք եք ստորագրել՝ 1995-ին, եւ դրանք այսօր ռազմավարական նշանակություն են ստացել։ Հիմա․ կա գազամուղ, էլեկտրահաղորդման գիծ, կառուցվում է «Հյուսիս-հարավը», բայց, մյուս կողմից, Իրան-Հայաստան տնտեսական կապերը վերջին 15 տարին գտնվում են լճացման փուլում։
- Իրոք, գազամուղի եւ էլեկտրահաղորդման գծից հետո մենք, չգիտես ինչու, խոսում էինք երկաթգծից։ 2012-ին ILF կազմակերպությունն ուսումնասիրությունից հետո հայտարարեց, որ դեպի Իրան մեզ պետք է ավտոճանապարհ, երկաթգիծը թե՛ թանկ է, եւ թե՛ համապատասխան ծավալով բեռներ չկան տեղափոխելու։ Դրանից հետո հրապարակ հանվեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը, չգիտես ինչու, սկսեցին կառուցել Արտաշատից Գյումրի հատվածում։ Այդ հատվածում մենք քիչ թե շատ նորմալ ճանապարհ ունենք։ Դեպի Իրան գնացող հատվածը, հատկապես Սիսիանից հետո, Քաջարանի մոտ բարձրանում է մինչեւ 2600 մետր, եւ այնտեղ կան հյուսիսային լանջահատվածներ, որոնք ձմռանը, միեւնույն է, փակ են։ Այս ընթացքում Էրդողանը կառուցեց մի ճանապարհ, որը շրջանցում է Հայաստանը․ Նախիջեւանի վրայով, Արարատ սարի արեւելյան կողմով դեպի Վրաստան եւ ներկայումս Իրանի առեւտրատնտեսական կապերը Վրաստանի եւ հյուսիսային երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստան եւ այլն, իրականացվում է այս ճանապարհով՝ մեծ մասամբ շրջանցելով Հայաստանը։ Շրջանցման հիմնական պատճառներից մեկը կայուն եւ շուրջամյա կապի բացակայությունն է, որովհետեւ ձմռանը մի քանի ամսով, մասնավորապես՝ Քաջարանի հատվածում, ճանապարհը պարտադիր փակ է լինում։ Ակնհայտ է, որ պետք է նոր ճանապարհ, որը շատ վերեւ չբարձրանա, աշխատի կլոր տարին եւ անհրաժեշտության դեպքում ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով՝ թունելներ, այլ կառույցներ, շրջանցի այդ բազում շրջադարձերն ու ոլորանները, որոնք այսօր կան դեպի Մեղրի գնացող ճանապարհին։
- Վերջին շրջանում շատ է խոսվում, որ եթե այդ ճանապարհը կառուցվի, մենք կունենանք բոլորովին այլ Հայաստան։ Եթե դրա շնորհիվ կարողանանք 2․5 ժամում հասնել Կապան։
- 2․5 ժամում կարող ենք հասնել Մեղրի․․․ հա, ճիշտ են ասում։ Բացի այդ, այդ ճանապարհը կարող է լինել Մետաքսի ցամաքային ճանապարհի հատվածներից մեկը։ Պարտադիր չէ, որ այդ՝ Չինաստանից եկող ճանապարհն Իրանից հետո գնա Թուրքիայով․ մասամբ կամ ամբողջությամբ կարող է գնալ մինչեւ վրացական նավահանգիստները եւ այնտեղից գնալ Ռուսաստան, Սեւ ծովով՝ Դանուբով մինչեւ Եվրոպայի սիրտը։
- Կա՞ն այդ հսկա եւ հավակնոտ ծրագրի աշխարհաքաղաքական նախադրյալները։ Ակնհայտ է, որ դա ամերիկյան կողմին դուր չի գա, Ռուսաստանի պարագայում էլ դժվար է ասել։ Մի խոսքով, սա առնվազն արտաքին քաղաքական կոորդինացման հարց է։
- Սա Հայաստանի համար կենսական խնդիր է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանին բարեկամ որեւէ երկիր կարող է դիտողություն անգամ անել մեզ՝ դեպի հարավ՝ Իրան, Չինաստան, Միջին Արեւելքի երկրներ կայուն ճանապարհ ստեղծելու եւ իր տնտեսությունը զարգացնելու համար։ Նրանք, ովքեր դրան դեմ են, թող կարողանան բացել փակ թուրքական սահմանը։ Եթե չեն կարողանում, ուրեմն Հայաստանն այլ կերպ կլուծի իր խնդիրները՝ ասելով, որ իր տնտեսական կապերը զարգացնում է Ծոցի երկրների հետ՝ կառուցելով ճանապարհ։
- Նոր կառավարությունն այդ ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը զգո՞ւմ է։
- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, հարցրեք կառավարությանը։
- Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ նրան խորհուրդ տալով չվախենալ պետական պարտքի ավելացումից, որ հետ չմնանք համաշխարհային տնտեսական զարգացումներից։ Դուք եւս այդ մասին բարձրաձայնել եք։
- Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացումն անխուսափելի է։ Նույնիսկ այն երկրները, որոնցից մենք պարտք ենք վերցնում՝ Ճապոնիա, Գերմանիա կամ Անգլիա, դրանց համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 500-600 տոկոսը։ Ճապոնիայի ներքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 300 տոկոսը։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ այդպիսի պարտք ունեցող երկիրը հանկարծ մեզ պարտք է տալիս։ Շատ պարզ ու շատ հասարակ․ տալով մեզ պարտք՝ իրենք զարգացնում են իրենց տնտեսությունը։ Որպես կանոն, այդ պարտքից հետո մենք ինչ-որ բան գնում ենք Ճապոնիայից, եթե պարտքը Ճապոնիայից է, Գերմանիայից՝ եթե պարտքը գերմանական է։ Սա միակ ձեւն է մեր տնտեսության ծավալն (space) աշխարհում ավելացնելու համար։ Այնպես որ, այս հարցադրումը բացարձակապես տեղին է։
- Դուք այդ մասին ակնարկել էիք՝ խոսելով այն մասին, որ հավասարակշռությունները՝ թրիլեման պետք է խախտվի, եւ պարտքը պիտի մեծանա։
- Իհարկե, եւ նախ տեսնենք, թե խոսքն ինչ պարտքի մասին է։ Ես հատկապես հակված եմ հետեւյալ սխեմաներին․ ներքին պարտքի ավելացումը, ներքին պարտք անելը, դրա սվոպը արտաքին պարտքի եւ այդ պարտքերն ամբողջությամբ ենթակառուցվածքային էլեմենտների շինարարությանն ուղղելը։ Լավ կլիներ, որ ներկայիս կառավարությունը մտածեր, որ պարտավոր է երկրով մեկ ստեղծել առնվազն 4-աստղանի ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, թունելներ, ավտոճանապարհներ, ավիացիոն պարկ, երկաթգիծ եւ այլն։
- Իսկ կա՞ հաշվարկ, թե որքան գումար է դրա համար հարկավոր, որքան լրացուցիչ արտաքին պարտք է անհրաժեշտ վերցնել։
- Հայաստանի բոլոր ենթակառուցվածքները 5-աստղանի դարձնելու համար մեզ պետք է 9 միլիարդ դոլար։
- Իսկ տարիների կտրվածքո՞վ։
- Տարիների կտրվածքով մենք այսօր չենք կարող որեւէ շինարարություն աբսորբացնել ավելին, քան 350-400 միլիոն դոլարը, բայց այդ շինարարական կարողություններն աստիճանաբար կավելանան։ Պետք է կարողանանք ենթակառուցվածքների մասով իրացնել 1-1․2 միլիարդ դոլարի շինարարություն։
- Պարոն Բագրատյան, Արցախի համար, որը տարիներ շարունակ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակի կամ դանդաղ պատերազմի մեջ է, արդյոք այդ 5-աստղանի ենթակառուցվածքները եւ իր պարտքին եւս 9 միլիարդ դոլարի պարտք ավելացնելն արդարացվա՞ծ են։
- Միանշանակ, մեր երկրին պատերազմ է սպառնալու 50, 150, 200 տարի հետո։ Մենք հավերժապես գտնվում ենք Հարավային Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի հարավային եւ հյուսիս-արեւելյան հատվածում։ Շրջանում, որը 3 ծովերի մեջտեղում է, միշտ էլ մեզ վտանգ է սպառնալու։ Մենք դատապարտված ենք ե՛ւ պատերազմելու, ե՛ւ կառուցելու։ Բոլոր կարգի ենթակառուցվածքները թույլ են տալու մեր երկրի ռազմաստրատեգիական դիրքը փոխել։ Եթե այս ներդրումները վարկավորվեն, ավտոմատ ավելացնելու են ազգային հարստությունն ու ՀՆԱ-ն։ Բայց դրանք չպետք է լինեն այնպիսի պարտքեր, որ, օրինակ, 2 տարի առաջ արվեց՝ Երեւանի արտաքին լուսավորության ծրագրի համար։ Կամ՝ աղբանոցի կառուցման ծրագիր, որն ավելացնում է երկրի պարտքը՝ առանց ավելացնելու հիմնական կապիտալի ծավալը երկրում։ Այսպիսի պարտքերն են վտանգավոր։ Իսկ իմ ասած ենթակառուցվածքներին, ինչպիսիք են իմ ասած ճանապարհը, Իջեւանից թունելը դեպի Բերդ, թունելը Նոյեմբերյանում, թունելները Տիգրանակերտի, Երասխի մոտ եւ այլն, ինչպես նաեւ երկաթգիծը դեպի Թբիլիսի, որը Վրաստանի մայրաքաղաք մեզ կհասցնի ընդամենը 45 րոպեում եւ թույլ կտա ընդունելու միլիոնավոր տուրիստների, որոնք գալիս են Վրաստան, որովհետեւ այս դեպքում գոնե 1 օրով Հայաստան էլ կգան։ Ավիացիոն «հաբը», որը թույլ կտա կապել Երեւանն ու Երուսաղեմը։ Երուսաղեմը՝ որպես առաջին քրիստոնեական հուշարձանների բնակավայր, եւ Երեւանը՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիր։ Ահա, այսպիսի պարտքերն են, որ երկրի տնտեսությանը խթանում են։ Գործող ենթակառուցվածքներով, մտածելակերպով, բիզնեսներով, տնտեսությամբ 11,5-12.5 միլիարդ դոլարի ՀՆԱ-ից ավել հնարավոր չէ արտադրել։ Այսօր մեր տնտեսությունը դոփում է տեղում։ Ասում են՝ 3, 4, 5, 2 տնտեսական աճ, բայց ավելացված արժեքը երկրի տնտեսությունում չի ավելանում։
hraparak.am