Հայկական ազատամարտի փառահեղ վետերանը. Մարտին Բաղդասարյանը դարձավ 80 տարեկան

06.05.2024 10:58
581

Մեծ պատերազմներն ու մեծ, հորդահոս շարժումները ծնում, առաջ են բերում մեծ ու լեգենդար անհատականություններ:

Մեր ժողովրդի համար այդպիսի մեծ, վճռական և ճակատագրական պատերազմ էր Արցախյան ազատամարտը, որը, ինչպես վերջին հազարամյակի հայության մղած բոլոր պատերազմները, ուղղված էր թուրք զավթիչների դեմ, որոնք շղթայված էին պահում Արցախն ու արցախահայությանը:

Հենց այդ պատերազմի ռազմադաշտերում ծնվեցին, կոփվեցին և կայացան տասնյակ ու տասնյակ լեգենդար անհատներ, ովքեր կարողացան լիուլի դրսևորել իրենց ներսում եղած լավագույն որակներն ու հատկությունները:

Այդպիսի և հենց այդ կարգի անհատներից մեկը ճանաչված Մարտին Բաղդասարյանն է, ով ականատեսն ու մասնակիցն է եղել Արցախի համար մղված բոլոր պատերազմներին:

Ծնվել է 1944 թ. մարտի 6-ին՝ Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրում: Սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: Նրա աշխատանքային գործունեությունն անցել է Չարենցավանի ձեռնարկություններում, որտեղ հստակ դրսևորել է ձեռք բերած գիտելիքներն ու հմուտ կարողությունները:

Սակայն նրա կյանքում ճակատագրորեն ճամփաբաժան եղավ 1965 թվականը…

Ծանո˜թ թվական է, չէ՞, 1965-ը՝ հայության ազգային հավաքական զարթոնքի տարին: Լրանում էր Հայոց մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, և մայր-հայրենիքում ու Սփյուռքում բողոքի և ցասումի բուռն հուզումներ էին նախապատրաստվում: Հայրենասիրությունն անսակարկելի արժեք է, և այն կրողները երբեք չեն կարող անտարբեր լինել հայրենիքի ճակատագրի հանդեպ:

Մարտին Բաղդասարյանը հայրենասիրության հենց այդ տեսակի կրողն է:

Նա հայրենի շրջանում բուռն ակտիվիստներից մեկը եղավ հայրենասիրական հուժկու պոռթկման և Չարենցավանից համախոհների հոծ երթով հասավ մայրաքաղաք, ուր ապրիլյան այդ օրը ժողովուրդը շրջապատել էր օպերայի շենքը, որտեղ երկրի իշխանավորներն էին նիստ գումարել: Բորբոքված հայրենասերները պահանջում էին արդար դատաստան և հատուցում՝ հո´-ղե´-րը´, հո՛-ղե՛-րը՛: 1965 թ. ապրիլի 24-ը ընդմիշտ դրոշմվեց հայության հիշողության մեջ: Այդ օրը հասունացրեց, հայրենասիրական ջերմ լիցքերով գոտևորեց շատ-շատերին:

Այդ օրը հայրենասիրական մկրտության դաս եղավ նաև Մարտին Բաղդասարյան հայորդու համար:

1965 թ. ապրիլի 24-ից անցել էր երկու տասնամյակից փոքր-ինչ ավելի ժամանակ, և 1988 թ. փետրվարյան օրերին հայ ժողովուրդը մեծով ու փոքրով հավաքվելու էր Օպերայի հրապարակում՝ դառնալով միասիրտ և միաբռունցք, միակա՛մ ու վճռակա՛ն: Մ. Բաղդասարյանն Ալափարսից, Չարենցավանից, Բջնիից, Հրազդանից ժամանած իր ընկերների հետ էր, դրոշակակիր էր ու պայքարի առաջին գծում: Հետագայում, երբ սկսվեց պատերազմը, Մարտինի ընկերներն ու համախոհներն իր զինակիցները դարձան: Նրանց շարքում հետագայում առանձնացավ Բջնիի ջոկատի քաջարի հրամանատարը՝ առյուծասիրտ Բեկը (Աղաբեկ Խաչատրյան): Բեկն ու Մարտինը պայքարի ընկերներ դարձան ամենուր՝ ընդհուպ մինչ այսօր: Պատերազմը սկսվեց, և Մարտինը դիրքերում ու խրամատներում եղավ մինչև վերջին օրը, երբ հաստատվեց զինադադար: Այդ տարիներին նրա մարտական ընկերների շրջանակը շատ լայն էր, և ամենուր էր՝ մարտնչող Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

Մարտինը սկզբում մարտական մկրտությունը ստացավ «Բալուջա» ջոկատի կազմում, հետո ընդգրկվեց ավելի մեծ զորամիավորումներում: Նրան անմիջապես նկատեցին և առանձնահատուկ վերաբերմունք ցույց տվեցին Վազգեն Սարգսյանը, լեգենդար Կոմանդոսը և ուրիշներ:

Պատերազմի ավարտից հետո Մ. Բաղդասարյանը ծառայությունը շարունակեց ՀՀ ՊՆ համակարգում՝ զբաղեցնելով պարտավորեցնող և պատասխանատու պաշտոններ: Ծառայությունը թողեց 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ սպանվեց իր սիրելի և պաշտելի Սպարապետը:

Սակայն շարունակեց իր ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունը:

Իր ընկերների հետ (Արմեն Կարապետյան, Խաչիկ Մարգարյան, Կոռնիձորի Արո և ուրիշներ) 2000-ական թվականների սկզբին հիմնադրեց «Ազատագրում» անունով հասարակական-հայրենասիրական կազմակերպությունը: Ապա «Ազատագրում» մատենաշարով սկսեց մեկը մյուսի հետևից հրատարակել հատորյակներ, որոնցում տրոփում է Արցախի ազատամարտի կենդանի շունչը: Այդ մատենաշարով մինչև օրս լույս է տեսել 13 հատոր: «Ազատագրում» մատենաշարով հատորյակներում ներկայացված է մեր ժողովրդի ապրած ծանրագույն տասնամյակները, երբ սոսկալի զրկանքների գնով կերտվեցին մեր փառահեղ հաղթանակները…

Նրա էջերում մերօրյա ազատամարտի խոնարհ հերոսներն են՝ երեկվա բանվորն ու շինականը, ուսանողն ու ուսուցիչը, բուժքույրն ու վիրաբույժը, դասախոսն ու գիտնականը:

Թվում է, թե մեր ողջ հանրությունն է ներկա սույն հատորյակների էջերում, ներկա՛ է իր տառապալից տվայտանքներով, հոգեկան ալեկոծումներով, ֆիզիկական տագնապներով ու ոգու և բազկի թռիչքներով:

Այո՛, «Ազատագրումը» ոգու և մտքի կենսական նոր պաշարներով լիցքավորեց հայ ընթերցողների հոգին՝ նրանց մղելով անհրաժեշտ և օգտակար մտորումների ու ոգորումների: Նաև պետք է նշենք, որ «Ազատագրումի» հատորյակները կարևոր նշանակություն ունեն պատմագիտական առումով, քանզի գրված են պատերազմի ականատեսի և մասնակցի կողմից: Ուստի վավերականության առումով վերոնշյալ հատորները սկզբնաղբյուրային արժեքի նշանակություն են ձեռք բերում:

Իր ակտիվ ու ազգօգուտ գործունեության շնորհիվ Մ. Բաղդասարյանը ճանաչված, հանրահայտ անուն է հայաստանյան իրականության մեջ: Նա միշտ հայրենի ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին: Խաղաղ տարիներին իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում մատաղ սերնդին՝ որպես զինղեկ պաշտոնավարելով մայրաքաղաքի դպրոցներում: Իսկ վտանգի և պատերազմի ժամանակ, առանց երկմտելու, ձեռքն է վերցնում ինքնաձիգն ու շտապում ճակատ: Ահա այսպես՝ անվարան ու անվեհեր կերպով, նա ռազմադաշտ հասավ 2016 թ. ապրիլին բռնկված քառօրյա պատերազմի ժամանակ և 2020 թ. աշնանը՝ քառասունչորսօրյային:

Այդ երկու պատերազմի ժամանակ Մարտին Բաղդասարյանն ամենատարեց ազատամարտիկը մարտադաշտում գտնվողների մեջ էր:

Եվ այդ հանգամանքի շուրջ տեղեկատվություն է եղել հայաստանյան և սփյուռքի մամուլում:

80-ամյա հոբելյարն առաջվա պես ակտիվություն է ցուցաբերում ամենուր: Նախապատրաստում է նոր հատորների տպագրություն, և այդ հարցում նրան մեծապես սատարում են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտնականները՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանի գլխավորությամբ: Ի դեպ, նրա մի քանի գրքերի շնորհանդեսներն ու անդրանիկ քննարկումները կայացել են հանրապետության գիտական մայր կաճառում:

Ահա այսպես, հայկական ազատամարտի բացառիկ գործիչ, վաստակառու վետերան, հայկական բանակի փոխգնդապետ, գրող Մարտին Բաղդասարյանը շարունակում է խորապես և զգայուն կերպով ապրել իր ժողովրդի մեծ ու փոքր հոգսերով և տագնապներով, նրա առջև ծառացած բարդ ու վտանգավոր մարտահրավերների քննությամբ, հայոց լուսավոր, խաղաղ ու անվտանգ ապագայի ուղիների որոնումներով:

Արմեն Կարապետյան

պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,

ՀՀ լրագրողների միության անդամ

 

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56