Հայոց ցեղասպանություն-100

19.05.2015 17:05
2113

Խնձորեսկում խաչքար է դրվել

Նոր Խնձորեսկի կենտրոնում ղարաբաղյան ազատամարտում զոհված Խնձորեսկի ամեհի տղերքի հիշատակին կառուցված յոթնապատկեր խաչքարախումբ կա:

Այս մեկն էլ պիտի լիներ: Չլինել չէր կարող: Չէր կարող, քանզի ազգի ցավը չի մոռացվում: Բյուրավոր ցավեր տեսած ու ապրած ժողովրդի ամենամեծ ցավը` յաթաղանազարկ եղած, մեկուկես միլիոն անմեղ զավակներ կորցրած ու հայրենազուրկ եղած հայության ցավը: Այդպիսի ցավերը երբեք չեն մոռացվում:

Գյուղն ուզում է հիշատակի ու խոնարհման իր բաժինն ունենալ: Ուզում է պատմական Խնձորեսկի հին ու նոր հուշարձաններին ավելացնել եւս մեկը: Ուզում է գյուղում ունենալ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Տասնյակ այսպիսի նախաձեռնությունների հեղինակ ժողովուրդն ուզում է միանալ հայոց  անմեղ նահատակների հիշատակին նվիրված միջոցառումների երթին:

Ստեղծված կազմակերպական հանձնաժողովը, ծրագրելով իր հետագա անելիքները, որոշում է համագյուղական այդ կառույցը, խաչքարի տեսքով, կանգնեցնել դպրոցի բակում, Հին ու Նոր Խնձորեսկն իրարից բաժանող «Փրթոս» կոչվող սահմանագծի վրա: Այստեղ` Հին Խնձորեսկի սահմանի գլխին՝ «Փրթոս» կոչված տափարակի վրա, ահեղ կռիվ է տեղի ունեցել գյուղի քաջ տղաների եւ օտարերկրյա հրոսակների միջեւ: Լեգենդ-ավանդազրույցը վկայում է, որ տղերքը ճակատամարտ են տվել թշնամուն, նրան հետ շպրտել գյուղի սահմաններից:

Վայրը ժողովուրդը տեղի բարբառով անվանել է  «Փրթոց», այսինքն ջարդի, կոտորածի վայր: Այդ «Փրթոցն» էլ հետագայում տառադարձվել, դարձել է «Փրթոս»: Խնձորեսկի նշանավոր տոհմերից մեկի արժանավոր զավակ Արմիկ Փանդունցը, ով նոր էր եկել Ռուսաստանից, խոստանում է հոգալ բոլոր ծախսերը:

Երբ մարդիկ դրվատում, մեծարում են նրան, Արմիկը համեստորեն պատասխանում է.

- Իմ  նախապապ Լալազարը Որոտանի վրա կամուրջ է կառուցել, իսկ ես ընդամենն օգնել եմ, որ իմ գյուղում Հայոց եղեռնին նվիրված խաչքար լինի:

Հուշաքար-խաչարձանի բացումը տեղի է ունենում ապրիլի 24-ին (խաչքարագործ՝ Աշոտ Ասատրյան): Բարձրախոսը ելեւէջում է Կոմիտասի «Անտունին»: Օրը թախիծ է մանում մռայլ երկնքից: Հազարավոր հանդիսատեսների առջեւ հրապարակ են մտնում անմոռուկակիր դպրոցականները: 150 երեխա դպրոցական համազգեստով, չորս շարքի բաժանված, կազմում են Մասիս սարի տեսապատկերը: Փրկիչ հրեշտակն անցնում է շարքերի միջով, դիպչում յուրաքանչյուրին: Աշակերտները կանգնում  ու թափահարում են արյան գույն ունեցող թաշկինակները: Հետո հրաշք է տեղի ունենում. Հրեշտակի ուղեկցությամբ աշակերտները վերադասավորվում են, թաշկինակները մանուշակագույն տեսք են ստանում, շարքերը վերածվում են խաչի: Խաչ կազմած աշակերտները գետնի վրա փռում են կարմիր կակաչներ: Նրանց ձեռքերին վառվում են անմար կրակներ: Այնուհետեւ աշակերտների շարանը գնում ու երկու կողմից պատվո պահակ է կանգնում խաչքարի մոտ: Համայնքապետ Սերյոժա Հայրապետյանն ու դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանն իջեցնում են խաչքարը ծածկող պաստառը:

Թնդում են ծափահարությունները:

Սկսվում է խաչքարի օծման արարողությունը: Քահանան օրհնում է խաչքարի ծնունդը: Մետրաչափ անմոռուկի մանուշակագույն պատկերի առջեւ երդման խոսքեր են մրմնջում աշակերտները:

Այնուհետեւ եղեռնապատում, տխրաշեշտ բառերը փոխում են իրենց բովանդակությունը, դառնում խրոխտ, հանդիսավոր:

Տխրությունը դառնում է զգաստություն, անցյալը` իրականություն, հիշողությունը`պահանջ:

Ելույթ են ունենում Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Խնձորեսկի համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանը, Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը:

Մարտ ամսվա մեջ դպրոցի ասպետականների խումբը (քսան աշակերտ) եղավ Արեւմտյան Հայաստանում: Աշակերտներն ականատես եղան թուրքական ավերումներին, եղան Եղիշե Չարենցի ավերակված տանը, զբոսնեցին Վանա լճում, տեսան Աղթամարը:

Այժմ դպրոցն առանձին ցուցափեղկի տակ պահում  է ուղերթի քարտեզը, այնտեղից բերված մասունքները. հող` Մասիսի ստորոտից, ջուր` Վանա լճից, նուշի կորիզներ` Կարսից, քարակտոր` Չարենցի մանկության տան պատից:


ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈւՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12