Հեքիաթները երբեմն իրականություն են դառնում

04.02.2025 17:52
562

Նախկինում թերթերը մի խորագիր ունեին. «Հազվագյուտ մասնագիտությունների մարդիկ», որի ներքո՝ տպագրվում էին իրենց տաղանդով, նախասիրություններով եւ զբաղմունքով շատ-շատերից տարբերվող մարդկանց մասին հետաքրքրական նյութեր: Այս մասին մտաբերեցի վերջերս, երբ Սիսիանում հանդիպեցինք եզակի մի անձնավորության` մանրաքանդակագործ էդվարդ Տեր-Ղազարյանին: Ճիշտն ասած վաղուց գիտեի նրան. Երեւանի պատմության թանգարանում դեռեւս 1974-ին մանրադիտակով տեսել էի բրնձի հատիկի վրա քանդակված Ստեփան Շահումյանի դիմանկարը, մամուլում բազմիցս հանդիպել էի նրա յուրօրինակ տաղանդի մասին պատմող նյութեր: Բայց մի բան է լսելն ու կարդալը, մի այլ բան, երբ պատեհ առիթ է ընձեռվում հաղորդակցվել բազմակողմանի տաղանդի տեր մարդու հետ:

Եվ, իրոք, միայն մանրաքանդակագործ չէ նա, Էդվարդ Տեր-Ղազարյանի անհատականության մեջ մեկտեղված են վիրտուոզ ջութակահարը (մի քանի տասնամյակ է՝ նվագում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում), ջութակ պատրաստող վարպետը (բազմաթիվ հայտնի երաժիշտներ հպարտանում են, որ նվագում են նրա ստեղծած գործիքով), գյուտարարը (միկրովիրաբուժության համար անտեսանելի ասեղներ է պատրաստել), ծաղրանկարիչը։ Եվ այն ամենը, ինչին ձեռք է զարկում, անում է անթերի վարպետությամբ։ Վեց տարեկանից ջութակ է նվագել, աներեւակայելի փաստ է ներկայացնում. առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է... երեք տարեկանում, քանզի մինչ ջութակ նվագելը նկարում էր եւ կավից ֆիգուրներ պատրաստում։ Տասներեք տարեկան էր, երբ զգաց, որ իր ուսուցչի ջութակն ավելի լավ հնչողություն ունի, քան իր։ Փորձեց կատարելագործել սեփական գործիքը, չստացվեց։ Եվ միայն դրանից հետո սկսվեցին նոր գործիք ստեղծելու փնտրտուքները։ Նոր գործիքն արժանացավ ուսուցչի գովասանքին։ Այսպես սկսվեց նոր ջութակ պատրաստելու գործունեությունը, ընդ որում նրա ստեղծած ջութակներից մեկը 14 միլիմետր երկարություն ունի եւ կշռում է կես գրամ։

Հետաքրքրական է նաեւ նրա մանրաքանդակով զբաղվելու նախապատմությունը։ «Մտածեցի, որ ջութակ պատրաստելով շատ բանի չեմ հասնի։ Անցյալ տարի 40-ական թվականներին մի կարգախոս էր շրջանառվում` ավելի շատ հաց հայրենի երկրին: Որոշեցի մի փոքրիկ տրակտոր պատրաստել, դնել ցորենի հատիկի վրա։ Մինչ այդ գնացի մեքենատրակտորային կայան, ուսումնասիրեցի այդ մեխանիզմի կառուցվածքը եւ չափերը։ Հաջողվեց պատրաստել ցորենի հատիկից չորս անգամ փոքր տրակտոր եւ տեղադրել ցորենի հատիկի վրա, ընդ որում տրակտորի ռադիատորի վրա ամրացված դրոշակին գրված էր հայտնի կարգախոսը՝ «Ավելի շատ հաց՝ հայրենի երկրին»։ Վարպետի առաջին մանրաքանդակը ցուցադրվեց ժողովրդական տնտեսության տանը, այդ մասին գրեցին թերթերը, հեռագրական գործակալությունների միջոցով տեղեկություններ տարածվեցին աշխարհով մեկ: Նամակ ստացվեց գերմանական «Բեռլիներ ցայտունգ» թերթից, խմբագիրը գրում էր, թե թերթի ընթերցողները չեն հավատում այդ տեղեկատվության հավաստիությանը և խնդրում էր,  որ վարպետը հանգամանորեն ներկայացնի իր աշխատանքների մասին, որով կփարատվեին կասկածները։ Մաեստրոյին այլ բան չէր մնում, քան խմբագրի նամակին պատասխանել ողջույնով. «Եղբայրական ողջույն գերմանական ժողովրդին»։ Եվ այդ սրտաբուխ ողջույնը գրված էր ոչ թե թղթի, այլ մեկ սանտիմետրանոց մազի վրա, որը երկու կողմից ամրացրեց թանկարժեք քարով։ Վարպետն այդ գործն ուղարկեց Բեռլին, եւ թերթի ընթերցողները մանրադիտակով կարողացան հիանալ փոքրիկ այդ գլուխգործոցով։ Իսկ «Բեռլիներ ցայտունգն» այդ օրերին գրեց «Հեքիաթները երբեմն իրականություն են դառնում»:

Իր աշխատանքների մասին պատմում է վարպետը եւ իրոք, աչքիդ առջեւ ջնջվում են իրականի եւ անիրականի սահմանները: Միայն նա կարող է մազի վրա հեռուստացույց տեղադրել գունավոր շարժապատկերներով կամ նույն այդ մազի վրա 75 վագոնից բաղկացած շարժակազմ քանդակել, ընդ որում մարդիկ վագոններում նստած թերթ են կարդում, ընթրում կամ պարզապես զրուցում: Ո՞ր մեկը թվես: Զարմանահրաշ միկրոքանդակների թիվը հասնում է 600-ի, դրանք տեղադրված են բրնձի, շաքարավազի հատիկի, ոսկու փոշեհատիկի եւ ասեղի անցքի մեջ։ Եվ ինչն է ուշագրավը, այդ քանդակված մարդիկ, իրերն ու առարկաները շարժվելու հատկություն ունեն։ Ապշելու բան է ինչպես նրան հաջողվեց վեց տասնյակի հասնող հայ միջնադարյան բանաստեղծների փիլիսոփաների, գիտնականների, պատմաբանների, մաթեմատիկոսների դիմանկարները քանդակել մազի մի կտորի վրա։ Եղել են նաեւ զավեշտական դեպքեր. երբ ժամանակին բնակարան էր պետք, երկրի ղեկավարությանը նա դիմում է գրել բրնձի հատիկի վրա։ Այժմ այդ մասունքը պահպանված է եւ պիտի ցուցադրվի Կարեն Դեմիրճյանի թանգարանում:

Արվեստագետն այն համոզմունքն ունի, որ ինքնաձիգը (ավտոմատը) մահ սփռող զենքից կարելի է վերածել երաժշտական գործիքի։ Իր ստեղծած երաժշտական գործիքը նա այդպես էլ անվանել է «Խաղաղության ավտոմատ»: Միայն թե դրա վրա նա տեղադրել է աշխարհի տարբեր ազգերի մոտ 40 նվագարաններ՝ հարվածային, կսմիթային, փողային, լարային։ Եվ ստացվել է այնպես, որ ինքնաձիգը մահ ու ավեր սփռելու փոխարեն գեղագիտական հաճույք է պատճառում հանդիսականին։ Ի՞նչն է ցավալին: Այսքանից հետո մաեստրոն իր եզակի մանրաքանդակները պահելու տեղ չունի: Խորհրդային տարիներին նրան տարածք էին տրամադրել Աբովյան փողոցում, մի քանի տարի գործեց որպես ցուցասրահ, արտասահմանից ժամանած զբոսաշրջիկները գալիս հաղորդակցվում, հիանում էին նրա արվեստով։ Բայց մի գեղեցիկ (չէ շատ տխուր օր) բռնազավթեցին այդ տարածքը եւ դարձրեցին կուսակցության գրասենյակ: «Հիմա արվեստի ժամանակներ չեն», դառնորեն նկատում է նա: Գոնե լավ է, որ հանրապետության ղեկավարը վերջերս նրան արժանացրեց արվեստի վաստակավոր գործչի կոչման, օրեր առաջ շնորհվեց Սիսիանի պատվավոր քաղաքացու կոչում: Հայրը Սիսիանում է ծնվել, բայց Ղազարյան տոհմի արմատները Խոյ ու Սալմաստ են տանում, որտեղից 1928-ին ապուպապերը գաղթել ու բնակություն են հաստատել Սիսական աշխարհում։ Ազգանունը «տեր» մասնիկն է կրում, հասկանալի է՝ հոգեւորական են եղել նախնիները, ավելի ստույգ պապը, ով թաղված է Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցու բակում:

Եթե միայն արտասովոր տաղանդի եւ հետաքրքրությունների տեր մարդու հնարավորությունները այսքանով սահմանափակվեին: Քչերը գիտեն, որ մաեստրոն նաեւ... գրող է, շատերը չգիտեն, քանզի նրա գրվածքները դեռեւս տպարանից դուրս չեն եկել։ Ասում է, որ ժամանակակից գրողները արկածային, գիտաֆանտաստիկ թեմաներով գրքեր չեն գրում, ահա ինչու ձեռքն է վերցրել գրիչը: Իր գրվածքներից մեկը նա վերնագրել է ոչ ավել, ոչ պակաս «Ինչպես ապրել 300 տարի»: Իր ասելով գրելիս իրեն օգնության են գալիս «վերևից», ասել է թե մուսան: Դարձյալ Աստծո մատը խառն է նրա բոլոր իրական եւ անիրական ձեռնարկումներին։

Վահրամ Օրբելյան

«Սյունյաց երկիր» թերթ

15 դեկտեմբերի 2006 թ

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38