Հետադարձ հայացք՝ 2016 թ․ այս օրը. Հայրենիքը վտանգի մեջ է. Սյունիքը ոտքի է ելնում

02.04.2025 11:20
374

    2016թ. ապրիլի 3-ը Սյունիքում, հիրավի, հայրենասիրության պոռթկումի, հավաքական ուժի, համախմբվածության եւ միասնության իսկական դրսեւորման օր էր:

    Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով լայնածավալ հարձակումը զայրույթի ալիք էր առաջացրել նաեւ Սյունիքի մարզում: Եվ հազարավոր սյունեցիներ, սրտի թելադրանքով, պատրաստակամություն էին հայտնել մեկնել ռազմաճակատ:

    Ապրիլի 3-ի վաղ առավոտվանից Սյունիքի մարզպետի գորիսյան նստավայրը վեր էր ածվել կազմակերպական աշխատանքների յուրօրինակ շտաբի: Սուրեն Խաչատրյանը նախեւառաջ խորհրդակցություն անցկացրեց Գորիս քաղաքի հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ՝ առաջադրելով իրավիճակից բխող խնդիրներ:

    Այնուհետեւ արվեց կարգադրություն՝ մարզի բոլոր համայնքերում եւ հատկապես քաղաքապետարաններում ու մարզպետարանում շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին:

    Օրվա գլխավոր խնդիրը, սակայն, սյունիքյան գումարտակի ձեւավորումն էր, որի նախապատրաստական աշխատանքները սկսել էին մեկ օր առաջ: Գումարտակի ձեւավորումն անմիջապես ղեկավարում էին Սուրեն Խաչատրյանը, Մեղրու, Քաջարանի, Կապանի, Գորիսի քաղաքապետներ Արշավիր Հովհաննիսյանը, Վարդան Գեւորգյանը, Աշոտ Հայրապետյանը, Վաչագան Ադունցը, ԵԿՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարներ Աշոտ Մինասյանն ու Մայիս Միրզոյանը (Սիսիան), Սուրիկ Բաղդասարյանը (Գորիս), Մանվել Օհանյանը (Կապան), Սամվել Հայրապետյանը (Մեղրի), Հովիկ Մատինյանը (Քաջարան):

    Ագարակի կամավորական ջոկատը նպատակահարմար էր գտնվել թողնել տեղում՝ Նախիջեւանի ուղղությամբ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:

    Օրվա վերջին, ըստ քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, ագարակցի կամավորականներն արդեն իսկ գտնվում էին Ծիրանաձորի եւ Գողթանասարի սահմանային ուղեկալներում:

    Ժամը 16-ի սահմաններում Մեղրու, Քաջարանի, Կապանի, Սիսիանի, Գորիսի ջոկատներն արդեն իսկ Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում էին:

    Կամավորականների մարզային հավաքակայանի վերածված այդ հրապարակում էին նաեւ երիտասարդ երկրապահները (հրամանատար՝ Զարզանդ Նիկողոսյան):

    Կամավորականները զինվորական հանդերձանք եւ զենք էին ստանում Գորիսի ու Սիսիանի զորամասերից:

    Սիսիանի կամավորակաները, մինչեւ Գորիս մեկնելը, այցելել են Սիսիանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ, որից հետո կամավորականները զոհված ազատամարտիկների պանթեոնում խոնարհվեցին իրենց զոհված ընկերների շիրիմներին: Կամավորականներին ճակատ էին ճանապարհում բազում սիսիանցիներ՝ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորությամբ:

    Կապանում նույնպես կազմակերպվել էր ճակատ մեկնող կամավորականներին ճանապարհելու արարողություն: ԵԿՄ տարածքային կազմակերպության գրասենյակի բակում հավաքված երկրապահներին ողջերթի խոսք էր ուղղել Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

    Ժամը 19-ի դրությամբ Գորիսում ավարտվել էր գումարտակի ձեւավորման աշխատանքը. գումարտակի հրամանատարի պարտականությունը դրվել էր Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի վրա:

    200 հոգուց բաղկացած կամավորական գումարտակի առջեւ ելույթ է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

    Ժամը 19:30-ին Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակից ավտոբուսների շարասյունը, գլխավորությամբ Սյունիքի մարզպետի, շարժվեց դեպի Լեռնայի Ղարաբաղի Հանրապետություն: Շարասյան կազմում էին նաեւ Գորիսի հիվանդանոցի շտապ օգնության մեքենաները՝ համապատասխան բուժանձնակազմով եւ դեղորայքով, ինչպես եւ ամենագնաց մեքենաներ՝ մոբիլիզացված Գորիսի տարածաշրջանից:

    Թեեւ Գորիսում առատ ձյուն էր տեղում, բայց հարյուրավոր մարդիկ հավաքվել էին հրապարակում: Նրանց ծափահարությունների ներքո էլ ավտոշարասյունը շարժվեց դեպի Արցախ:

    Տեսարանը, իրոք, հուզիչ էր: Գումարտակում, իհարկե, կային նաեւ երիտասարդներ, բայց հիմնական կազմն Արցախյան գոյամարտի վետերաններ էին՝ 1990-ականներից մեզ ծանոթ դեմքեր: Ամենակարեւորը՝ նրանք ճակատ էին մեկնում ոգեւորված, բարձր տարամադրությամբ, սահմանում կանգնած երիտասարդ զինծառայողներին նեցուկ լինելու վճռականությամբ, ադրբեջանական ելուզակներին նույնիսկ կյանքի գնով սանձելու պատրաստակամությամբ:

    Օրվա վերջին՝ ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի գումարտակն արդեն Ստեփանակերտում էր եւ պատրաստ էր մեկնելու առաջնագիծ:

    Ապրիլի 3-ի օրը, սակայն, չնշանավորվեց միայն դրանով: Գումարտակի կազմավորմանը զուգահեռ ձեւավորվեց նաեւ ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կփոխարինի ճակատ մեկնածներին կամ կհամալրի գումարտակի շարքերը: Ինչպես տեղեկացրին մարզի զինկոմիսարիատներից՝ շարունակվում է ճակատ մեկնել կամեցողների հաշվառումը:

    Օրվա ընթացքում «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ում տեղի էր ունենում դոնորական արյունատվություն: Ըստ ՓԲ ընկերության տնօրեն Արթուր Առաքելյանի՝ դոնորական արյան հավաքումը կշարունակվի նաեւ ապրիլի 4-ին ու 5-ին:

    ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    3 ապրիլի 2016 թ

     

    Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

    05.04.2025 22:14

    Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

    05.04.2025 22:08

    Հասանովը «ցանկացած սադրանքի արձագանքելու պատրաստակամության» ցուցում է տվել

    05.04.2025 18:57

    Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

    05.04.2025 13:57

    Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան

    05.04.2025 10:57

    Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը. Անի Բադալյան

    05.04.2025 10:14

    Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին

    05.04.2025 01:03

    Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

    04.04.2025 19:48

    Չինաստանն ամերիկյան ապրանքների վրա 34 տոկոս մաքսատուրքեր կսահմանի

    04.04.2025 16:14

    Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

    04.04.2025 16:04

    Արցախցիների աջակցության «40+10» ծրագիրը չի շարունակվելու

    04.04.2025 15:11

    Ապրիլին պետք է ակնկալել լավ անձրևներ. Դա միշտ ուրախալի է. Գագիկ Սուրենյան

    04.04.2025 15:08