Կապան-Սումգայիթ առեղծվածը

21.02.2015 14:25
2268

ՀՐԱՆՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

Չնայած այդ իրադարձությունները տեղի են ունեցել 27 տարի առաջ, սակայն այսօր էլ ազերի եւ այլազգի որոշ հեղինակներ շարունակում են հորինել նոր վարկածներ ու խեղաթյուրել ճշմարտությունը: Իսկ դրանք ավելի քան վիրավորական են հայ ժողովրդի համար, մանավանդ որ դրանում ակտիվ մասնակցություն ունեն որոշ հայ մտավորականներ:

Այսպես. 2006 թվականի նոյեմբերի 24-ին Երեւանում տեղի է ունեցել աղմուկ բարձրացրած մի շնորհանդես, ծագումով հոլանդացի, անգլախոս ոմն Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» կոչված գրքի շուրջ: Այդ գրքի լրամշակված երկրորդ հրատարակության շնորհանդեսը Երեւանում տեղի է ունեցել 2014թ. աշնանը: Առաջին շնորհանդեսի ժամանակ աղմուկ է բարձրացել այդ գրքում տեղ գտած մի շարք սխալների շուրջ, որի մասին անդրադարձել է «Голос Армении» թերթը 2007թ. նոյեմբերի 24-ի համարում: Թվում է, թե պարոն Թոմասն իր գրքի վերահրատակության մեջ վերացրած կլինի նախկին սխալները: Սակայն` ոչ:

Ո՞վ է Թոմաս դե Վաալը. լրագրո՞ղ, պատմաբա՞ն, թե՞ ինչ-որ գործարար: «Голос Армении» թերթի հաղորդումից իմանում ենք, որ նա ղեկավարել է բրիտանական Պատերազմ եւ խաղաղություն ինստիտուտի կովկասյան բաժանմունքի Բաքվի գրասենյակը: Հասկանալի է, թե նրա վրա ինչ ազդեցություն կարող է թողած լինել այդ միջավայրը:

Դեռեւս գրքի առաջին շնորհանդեսի ժամանակ խոսք է բացվել Կապան-Սումգայիթ առեղծվածի մասին: Թե առաջին եւ թե երկրորդ հրատարակություններում ասված է, թե «Որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս «Ղարաբաղյան հարցի» սկիզբ սովորաբար նշվում է 1988 թվականի փետրվարը: Բայց առաջին բռնությունը /ընդգծումը մերն է-Հ.Ա./, որոնց մասին անգամ տարածաշրջանում քչերը գիտեն, տեղի է ունեցել դրանից մի քանի ամիս առաջ` Հայաստանի եւ Ադրբեջանի այլ վայրերում»: Իբրեւ 1987թ. նոյեմբերին Բաքվի երկաթուղային կայարան ժամանած «գնացքի երկու բեռնատար վագոններով եկած ադրբեջանցիները եկել էին Կապանից` ազգամիջյան բռնությունների արդյունքում: Այս միջադեպի մասին շատ քիչ բան է հայտնի, իսկ լրատվամիջոցներում առհասարակ ոչինչ չի հաղորդվել: Այնուհանդերձ կան ականատեսներ»: Եվ որպես «ականատես» վկայակոչում է բաքվեցի հայ այրի Սվետա Փաշաեւային, ով իբր պատմել է, թե ինչպես են փախստական ադրբեջանցիները եկել Բաքու մերկ երեխաներով, կեղտակորույս գյուղացիներ` երկարամազ ու մորուքավոր, տարեցներ` երեխաներով: Եվ որ ինքը, Սվետան, հագուստ ու սնունդ է տարել նրանց համար /Թոմաս դե Վաալ, «Սեւ այգի», Երեւան, 2014, էջ 43-44/:     «Հոգատար» այրի հայուհուն պարոն Թոմասի կողմից ներկայացնելը շատ միամիտ է եւ ծիծաղելի: Նախ` այդ հայուհին, եթե ճշմարտություն է պատմել, ապա ինչո՞ւ է հեղինակին խնդրել իր անուն-ազգանունը փոխել: Հետո` հազիվ թե 1987-ի նոյեմբերին «դռները բաց… մեխված երկու երկար տախտակներով, որ մարդիկ ցած չընկնեն» ապրանքատար վագոնները թույլտվություն ունենային անցնել Բիլյաջար կայարանը եւ հայտնվեին քաղաքի կենտրոնում: Եթե դա հնարավոր լիներ, ապա դրա նախաձեռնողներն անպայման միտինգ կհրավիրեին, աղմուկ-աղաղակ կբարձրանար, չնայած այն ժամանակ դա արգելվում էր, եւ լրատվության միջոցները չէին կարող որեւէ բան հրապարակել: Բացի այդ. մի՞թե քաղաք հասած ապրանքատար վագոնները միայն հայուհի Սվետան է տեսել եւ օգնություն ցույց տվել այդ «դժբախտներին»: Մի՞թե Սվետայից բացի այդ երեւույթը ոչ մեկը չի տեսել միլիոնանոց Բաքվում:

Պարոն Թոմասն առաջ մղելով իր հորինածը, ավելացնում է, որ իբր 1988-ի հունվարի 25-ին ազերի պատմաբան, հայատյաց Արիֆ Յունուսովը /ներկայումս կնոջ հետ գտնվում է Բաքվի բանտում-Հ.Ա/ ակադեմիա աշխատանքի գնալիս ականատես է եղել ադրբեջանցիների` «Կապանից փախչելու նոր վկայություն: Կառավարության շենքի մոտ կանգնած էին չորս կարմիր «Իկարուս» ավտոբուսներ, որոնք իբր գտնվում էին սոսկալի վիճակում: Ուղեւորները հիմնականում կանայք էին, երեխաներ ու ծերեր: Երիտասարդները մի քանի հոգի էին: Նրանցից շատերը ծեծված էին: Նրանք գոռում էին /նույն տեղը, էջ 44/»: Ինչպիսի՜ ստահոդ անբարոյականություն: Այդ ինչպե՞ս է, որ երկու դեպքում էլ «փախստականները» հիմնականում կանայք էին, երեխաներ եւ տարեցներ: Իսկ որտե՞ղ էին գտնվում այդ ժամանակ Կապանի շրջանում բնակվող շուրջ հինգ հազար ազերի տղամարդիկ, որոնց կանանց, երեխաներին եւ ծնողներին այդպիսի զարհուրելի վիճակում հասցրել էին Բաքու: Կարո՞ղ է պարտիզան էին եւ կռվում էին հայերի դեմ:

Անգլախոս հեղինակը պնդում է, որ «Փախստականների այս վաղ հոսքի ամբողջական պատմությունը պատմված չէ, մեծ մասամբ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանություններն արել էին հնարավոր ամեն բան այդ տեղեկությունը կոծկելու համար»: Շատ լավ. այդ դեպքում, պարոն Թոմաս, ինչո՞ւ այդ նույն իշխանությունները թույլատրեցին «ջարդված» մարդկանցով լեցուն երկու ապրանքատար վագոներն ու չորս «Իկարուսները» երեւան Բաքվի կենտրոնում: Դուք եք մեջբերում, որ Կապանի շրջկոմի երկրորդ քարտուղար Արամայիս Բաբայանի այն պնդումը, թե ինքը չի մտաբերում, որ 1988թ. փետրվարից առաջ իրենց շրջանից ադրբեջանցիներ են հեռացել: Այստեղ չեք սխալվում, երբ տողատակ գրում եք, թե «հայերը կտրականապես հերքում են, թե Հայաստանից ադրբեջանցիներ են մեկնել մինչեւ Ղարաբաղի ոտքի ելնելը» /էջ 44/: Այնուհետեւ խոստովանում եք, որ Կապանի իրադարձությունների վերաբերյալ «որեւէ փաստաթղթի հաստատում» չեք տեսել: Չեք տեսել, որովհետեւ այն չկա, որտեղի՞ց տեսնեք:

Ըստ էության` անկախ նրանից, թե պարոն Թոմասն իր ասածները հաստատելու համար ում վկայությունների վրա է հենվել, պարզապես շառլատանություն է, կեղծ եւ լիովին հորինված: Մի՞թե դա չի ապացուցում այն, երբ առանց ամոթի գրում եք. «Աղանբեկյանի միջամտությամբ էր, որ ադրբեջանցիներն առաջին անգամ տեղեկացան իրենց դեմ ուղղված հայկական շարժման մասին» /էջ 46/: Պարոն. մի՞թե մինչեւ հիմա չեք հասկացել, որ Ղարաբաղյան շարժումն ուղղված չէ ադրբեջանցիների դեմ, այլ պաշտպանում է իրենց ինքնորոշման իրավունքը: Հետո` արցախցիների 1986-1987թթ. կատարած ստորագրահավաքը, որի արդյունքում ավելի քան 50 հազար ստորագրությամբ փաթեթը Մոսկվա է տարվել եւ ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան հանձնվել 1987-ի նոյեմբերի վերջին, այդ մասին շատ լավ գիտեին Բաքվում, մանավանդ Ադրբեջանի ՊԱԿ-ը: Այնպես որ ձեզ միամտի տեղ մի դրեք եւ իզուր եք պաշտպանում ազերի հեղինակների այն պնդումը, թե իբրեւ ադրբեջանցիները Կապանից հեռացել են «վիրակապումներով» /էջ 60/:

Այո. 1987թ. վերջից, մանավանդ 1988-ի հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանի որոշ տեղերից, մանավանդ Կապանից, հեռացել են ադրբեջանցի ընտանիքներ: Մինչեւ սումգայիթյան ցեղասպանությունը` այդ մասին թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդել: Միայն մարտի սկզբին Կապանի շրջանային «Ղափան» թերթը հաղորդել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների առթիվ շրջանում եղել են արտադրության ռիթմի խախտում, հասարակական կարգ ու կանոնի խանգարում, շրջանից առանձին քաղաքացիների ու ընտանիքների մեկնելու դեպքեր: Այդ մասին այն ժամանակ ժողովրդական պատգամավորների Ղափանի շրջխորհրդի նախագահ Կ.Մկրտչյանը տվել է հետեւյալ բացատրությունը. «Այս ամենը, եթե հաշվի չառնենք առանձին բացատրություններ, բացարձակապես զուրկ են որեւէ հիմքից: Մեզ մոտ այդ օրերին չի արձանագրվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք: Այդ օրերին բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, տրանսպորտային, շինարարական եւ մյուս կազմակերպություններն աշխատել են արտադրական նորմալ ռիթմով: Ամենուրեք հանդես են բերվել բարձր կազմակերպվածություն, որը հետեւում էր նույնիսկ մարդկային առօրյա փոխհարաբերություններում»: Շրջխորհրդի նախագահը հայտարարել է, որ տագնապի համար ոչ մի հիմք չկա եւ չի թույլատրվի ոչ մի անպատասխանատու գործողություն /«Ղափան», 01.03.1988/: Վերջերս հանդիպելով ականատես, այն ժամանակ «Ղափան» թերթի լրագրող Վահրամ Օրբելյանին, նրան խնդրեցի պատասխանել հետեւյալ հարցին. 1987թ. նոյեմբերից մինչեւ սումգայիթյան ցեղասպանությունն ընկած ժամանակաշրջանում Կապանի շրջանում ադրբեջանցիների նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է: Պարոն Օրբելյանն այսպես պատասխանեց.
– Աշխատանքի բերումով ամեն օր հանդիպում էի բնակչության հետ: Այդ օրերին, իրոք, որոշ ադրբեջանցի ընտանիքներ հեռացել են շրջանից: Նրանք իրենց բնակարանները փոխանակում կամ վաճառում էին ու հեռանում` տանելով իրենց ամբողջ ունեցվածքը: Նրանք գնում էին հանգիստ ու խաղաղ, առանց որեւէ միջադեպի: Գնում էին այն հույսով, որ Ադրբեջանում հողատարածություն են ստանալու եւ բնակարան կառուցելու: Չեմ հիշում ընդհարման որեւէ դեպք: Նման բան չի եղել, շատերը հորինվել են: Անշուշտ` կային դժգոհ անձնավորություններ` կապված Ղարաբաղի հիմնախնդրի հետ…

Կուսակցության Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը 1988-ի մայիսի 3-ին Հայկոմկուսի կենտկոմ ուղարկած զեկուցագրում նշում է, որ փետրվարի 26-27-ին Ղափանում այսպես կոչված ինքնաստեղծ կոմիտեներ չկային, տեղի ունեցած միտինգները ծնվել են ինքնաբերաբար, կրել են «հուզական պոռթկումի բնույթ»: Այդ միտինգներին մասնակցել են նաեւ ադրբեջանցիներ, որոնց ժամանակ «ժողովուրդների բարեկամություն սասանող կոչեր, լոզունգներ, արտահայտություններ չեն եղել» /ՀԱԱ, ֆ.1, ց.127, գ.599, թ.67-68/: «Ղափան» թերթի էջերում ելույթ ունեցած ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Մ.Համբարձումյանը, Սիզնագի պետտնտեսության աշխատող, աշխատանքի վետերան Զ.Հուսեյինովը եւ ուրիշներ մերկացրել են բամբասանքները, որոնք փորձում էին երկու ժողովուրդներին գրգռել իրար դեմ: Ահա թե ինչ է պատմել Վերին Գյոդաքլու գյուղի տնտեսության կթվորուհի Քուբուրա Գադիրովան. «Ես հիմա միայն համոզվեցի, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է թողնել սուտ լուրը: Մի քանի օր անընդհատ մեզ մոտ Վերին Գյոդաքլու, մեկը մյուսից սարսափելի լուրեր էին հասնում. այս ինչ գյուղում հայերը այսպես են արել, այստեղ այսպես են արել եւ տարօրինակն այն էր, որ այդ «լրաբերների» մեջ չկար գոնե մեկը, որ իր աչքով տեսած կամ ականջով լսած լիներ կատարվածի մասին: Միայն մի գլուխ կրկնում էին. ասում են, տեսել են, պատմում են… » /«Ղափան», 05.03.1988/: Քուբուրա խանումին պաշտպանում է թերթի հաջորդ համարում տպագրված «Ստի ոտքերը կարճ են» վերատառությամբ նամակի հեղինակ Ռոզա Մամեդովան: Իրոք` այդ օրերին տարածված սուտը ոչ ոք չհաստատեց, որը փոթորիկի պես ավերում էր:

Հետագայում այդ մասին գրել են Բագրատ Ուլուբաբյանը /«Արցախյան պայքարի տարեգրություն, Երեւան, 1997, էջ 35»/, Վլադիմիր Գրիգորյանը /«Армения-1988-1989» Ереван 1990, с.86/, Սմբաթ Հովսեփյանը /ՀՀՇ եւ հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, Երեւան, 2002, էջ 32/ եւ ուրիշներ:

Այնուամենայնիվ` 1987-ի վերջին եւ 1988-ի սկզբին ի՞նչ է տեղի ունեցել Կապանում եւ դա որեւէ կապ ունեցե՞լ է Սումգայիթի ցեղասպանության հետ: Այն ժամանակ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար, վերոհիշյալ Ռ.Ղոնյանը 1990թ. հունվարի սկզբին պատասխանելով «Коммунист» թերթի այն հարցին, թե 1987թ. վերջին եւ 1988-ի սկզբին ի՞նչ է տեղի ունեցել Կապանում, այսպես է բացատրել. այդ ժամանակ Կապանից սկսել են հեռանալ որոշ ադրբեջանցիներ, որի հիմնական պատճառը հետեւյալն էր. 1987թ. դեկտեմբերին Ադրբեջանի ղեկավարության մի մասի մոտ հասունացել էր Ապշերոնի շրջանի չօգտագործված հողատարածությունները, որոնք ընկած են Բաքվի եւ Սումգայիթի միջեւ, բաժանել եւ դրանք օգտագործել արդյունաբերական ձեռնարկություններ եւ բանջարաբուծական ընկերություններ հիմնելու համար: Այդ հարցը քննարկվել է հանրապետության կուստնտեսավարների ակտիվում եւ չնայած այդ մասին վեջնական որոշում չէր ընդունվել. սակայն Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զ.Մամեդովը որոշեց գործել եւ շրջանը փրկել լուծարումից: Հրաման է արձակվում չօգտագործված այդ հողերի վրա ստեղծել պետտնտեսություններ: Այդ մասին 1988թ. հունվարին թերթում հայտարարություն է հրապարակվել , որտեղ նշված է, որ այդ հողերի վրա բնակվողները կստանան արտոնություններ եւ անհատական բնակարան կառուցելու համար մինչեւ 40 հազար ռուբլի վարկ: Այդ լուրը հասել է նաեւ Հայաստանում ապրող ադրբեջանցիներին: Այդ մասին նույնիսկ հաղորդվել է Հայաստանի «Լրաբերով»: Դրանից հետո Հայաստանից շատ ադրբեջանցիներ ցանկություն են հայտնել մեկնել Ադրբեջան, այնտեղ հողատարածություն ստանալ եւ բնակարան կառուցել: Հենց այդ նպատակով էլ 1988թ. հունվարի 12-ից մինչեւ 15-ը միայն Կապանի շրջանից մեկնել է 100 հոգի: Մինչեւ փետրվարի վերջը գնացողների թիվը հասել էր 500-ի: Այդ ժամանակ տեղի ունեցող միտինգներում հորինվում էին ինչ-որ ցանկանաս: Մեր շրջանում ոչ մի վիճաբանություն, ոչ մի բռնաճնշում չի եղել: Սակայն թե այդ սուտն ու կեղծիքը ովքեր էին հորինում, այդպես էլ մնաց չբացահայտված: Փետրվարի 27-ին գնացքով գնացել է 200 մարդ: Իմիշլիում կանգնեցվել է գնացքը: Գնացքը կանգնեցրել էին իմիշլիցիները, որովհետեւ, ըստ նրանց բացատրության, գնացող այդ «փախստականները» կարող էին Բաքվում անկարգություններ սարքել: Հեռացող ադրբեջանցիները տեղի եւ Կապանից գնացած ղեկավարին ասել են, որ իրենք հայերի նկատմամբ ոչ մի դժգոհություն չունեն, եւ որ իրենք Բաքու են գնում իրենց հարազատների կանչով: Չգիտեմ. հնարավո՞ր է, որ նրանք գիտեին նախապատրաստվող հետագա անախորժությունների մասին: Վերադարձի ժամանակ իմիշլիցիները շրջկոմի քարտուղարի մեքենայի վրա քարեր են նետել /«Коммунист», 05.01.1990/: Հենց այդ օրերին շրջկոմի բյուրոն քննարկելով «ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1988թ. փետրվարի 28-ի որոշման կատարման միջոցառումների մասին» որոշումը, շեշտում է, որ շրջանից ադրբեջանցիների հեռանալու համար հիմքեր չկային եւ չի արձանագրվել առանձին մարդկանց ահաբեկելու, կարգուկանոնի խախտման, խուլիգանական որեւէ արարք, դրանք հիմնականում կապված են եղել Ղարաբաղի հարցի կապակցությամբ տեղի ունեցած միտինգի հետ, որը ճիշտ չեն հասկացել ադրբեջանցիները /ՀԱԱ, ֆ.16, ց.38, .21, թ. 68-69/:

Այսպիսով, ըստ էության, Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիները ոչ մի կապ չեն ունեցել Սումգայիթի իրադարձությունների հետ: Դա նույնիսկ վկայել է ԽՍՀՄ Գերագույն դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսեւը «Բակինսկի րաբոչի» թերթին 1988թ. մարտի 12-ին եւ օգոստոսի 19-ին տված հարցազրույցներում։

Շարադրվածից հետեւում է.

1. Մինչեւ 1988թ. փետրվարի վերջը Հայաստանի Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիների մասին ազերի եւ օտարազգի հեղինակների գրածները լիովին կեղծիք են, հորինված եւ հայ ժողովրդին վարկաբեկելու միջոց: Հեռացած ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից ոչ մի ուժ եւ բռնություն չի գործադրվել, նրանք հեռացել են կամավոր, իրենց ցանկությամբ:

2. Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիները ոչ մի կապ չեն ունեցել Սումգայիթում իրագործված ցեղասպանության հետ: Սումգայիթի հրապարակում ելույթ ունեցողներից ոմանք հորինել են ցնցող պատմություններ, իրենց ներկայացրել իբրեւ կապանցի «փախստականներ»: Նրանք եղել են նախօրոք նախապատրաստված հանցագործներ:

3. Միության ղեկավարության անտարբեր եւ հանցագործ քաղաքականության հետեւանքով մինչեւ հիմա չի բացահայտվել ամբողջ ճշմարտությունը եւ դաժանորեն ցեղասպանություն իրագործած շատ մասնակիցներ մնացել են անպատիժ:

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06