Տիկին Վարդապետյան
Պարոն Նահապետյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։
Մրցույթը տեղի կունենա 2026 թ․ մարտի 31-ին՝ ժամը 14-ին, «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։
Գործող կարգի համաձայն՝ մրցույթը կանցկացնի նորաստեղծ քոլեջի Կառավարման խորհուրդը, որի կազմը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 2026 թ․ փետրվարի 19-ի հրամանով։
Տնօրենի ընտրությունը պետք է կատարվի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության» Կարգի համաձայն՝ հաստատված ՀՀ կառավարության 2014 թ․ դեկտեմբերի 25-ի № 1494-Ն որոշմամբ։
Կառավարման խորհրդի կազմավորման որոշ սկզբունքներ սահմանված են նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։
Գորիսում՝ 100-ամյա ու մեծահամբավ երկու քոլեջի (դեռևս չհիմնավորված պատճառաբանությամբ) վերացման հաշվին կամ դրանց հիման վրա նոր քոլեջի հիմնադրման ուղղությամբ մեր կողմից իրականացվող լրագրողական հետաքննության ընթացքում ի հայտ են եկել վերոնշյալ Կարգի և օրենքի մի քանի էական խախտում, որոնք անհնար են դարձնում՝ իրավական տեսակետից, հայտարարված մրցույթի անցկացումը, ինչի մասին կցանկանայինք տեղեկացնել Ձեզ։
Այսպես, նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Կարգի 3-րդ կետի համաձայն, կարող էր «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը ձևավորել միայն ու միայն Հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության և պետական որոշ մարմինների կողմից առաջադրված թեկնածուներից։
Կարգի 14-րդ կետի համաձայն՝ Կառավարման խորհրդի անդամի թեկնածուները պետք է առաջադրված լինեին նախարարի հրամանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ կամ (ասենք) հրամանը ստորագրելուց ժամեր առաջ։
Մինչդեռ՝ 2026 թ․ փետրվարի 19-ին (հրամանը ստորագրելու ժամանակ) ԿԳՄՍ նախարարը չի ունեցել Կարգի և օրենքի համաձայն առաջադրված թեկնածուներ ո՛չ Հաստատության մանկավարժական կազմից, ո՛չ ուսանողներից։
Եթե Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատարն է ներկայացրել ինչ-որ թեկնածուների ցուցակ՝ մանկավարժական կազմից և ուսանողներից (Կարգի համաձայն ուրիշ որևէ մեկը չէր կարող թեկնածուների ցուցակ ներկայացնել նախարարություն), ապա դա կատարվել է մի քանի արտառոց կեղծիքներ գործելու միջոցով։
Եվ չունենալով օրինական հիմքեր, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2026 թ․ փետրվարի 19-ին ստորագրել է հրաման, որի Հավելված 1-ով հաստատել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի կազմը։
Ու այդ ապօրինությունը թաքցնելու և հետին թվով օրինականացնելու համար Արմինե Կոլյանը փետրվարի 20-ին (նախարարի հրամանից մեկ օր հետո) կազմակերպել է մանկավարժական կազմի այսպես կոչված ժողով (ընդ որում՝ այդ մասին ոչ պատշաճ կերպով մանկավարժներին տեղեկացնելով ու մանկավարժների մի մասին ժողովին մասնակից չդարձնելով)։
Եվ այդ ժողովը, փաստորեն, ոչ թե մանկավարժներից երկու թեկնածու է առաջադրել, այլ նախարարի հրամանով նախօրոք Կառավարման խորհրդի անդամ նշանակված երկու անձի կարգավիճակն է «օրինականացրել»։
Այսինքն՝ տնօրենի պաշտոնակատարն իր քիմքին հաճո և իրեն հնազանդ երկու դասախոսի անուն է նախապես ներկայացրել նախարարություն, իսկ օրեր հետո փորձել պատրանք ստեղծել, թե մանկավարժական կազմն է նրանց առաջադրել։
Եվ ոչ միայն դա. հայտնի է դարձել նաև, որ նախարարը (Կառավարման խորհուրդ ձևավորելու համար) կեղծված հիմքեր է ունեցել նաև ուսանողների մասով։
Ոչ միայն Կարգի, այլ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի 4-րդ կետի համաձայն՝ սովորողներից խորհրդի անդամի թեկնածուներ կարող է առաջադրել միայն ու միայն սովորողների ինքնակառավարման մարմնի ընդհանուր ժողովը։
Մինչդեռ՝ մինչև հիմա նորաստեղծ քոլեջում չի կազմավորվել-ստեղծվել ուսանողների ինքնակառավարման մարմին։ Այսինքն՝ քոլեջում դեռևս չկա ու չի եղել սովորողների ինքնակառավարման մարմին, որը Կառավարման խորհրդի անդամի թեկնածուներ առաջադրելու բացառիկ իրավունքով է օժտված։
Եվ չնայած դրան՝ Կառավարման խորհրդի կազմում (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով) ընդգրկվել է տնօրենի պաշտոնակատարի կողմից ապօրինաբար ներկայացված երեք ուսանող։
Այսպիսով՝ չունենալով որևէ օրինական հիմք, ԿԳՄՍ նախարաը ս․թ․ փետրվարի 19-ի հրամանով հինգ հոգու (Արմինե Կոլյանի անձնական ցանկությամբ և ոչ սահմանված կարգով) շնորհել է Կառավարման խորհրդի անդամի կարգավիճակ։
Տեղի ունեցածը վկայում է ոչ միայն նախարարի ու քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ինքնիրավչության ու պաշտոնեական դիրքի չարաշահման մասին, որի արդյունքում կեղծվել է իրավունք վերապահող փաստաթուղթը։
Տեղի ունեցածը հաստատում է նաև՝ Կառավարման խորհուրդն ապօրինաբար հորինված և իրավազորություն չունեցող մարմին է ու չի կարող նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնել։
Վերոնշյալ կեղծիքներն ու ապօրինությունները (ինչպես և նախկինում թույլ տրված կեղծիքները) արվում էին և արվում են բացառապես մեկ նպատակով՝ Արմինե Կոլյանին դարձնել Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն։
Ի դեպ, այդ «օպերացիային» մեկնարկ է տրվել դեռևս մեկ տարի առաջ։
Առաջին քայլն այդ ուղղությամբ՝ ապագա քոլեջի տնօրենի հնարավոր հավակնորդներից դաշտը մաքրելն էր։
Եվ 2025 թ․ մարտի 5-ին Գորիսի պետական քոլեջի 16 տարվա տնօրենին զրկեցին հավաստագրից․ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի գլխավորած Հանձնաժողովի կողմից իրավունք վերապահող փաստաթղթի կեղծման հանգամանքների վերաբերյալ առաջիկայում Ձեզ կնեկայացնենք հաղորդում հանցագործության մասին։
Արաքսիա Սվաջյանի գլխավորած Հավաստագրման հանձնաժողովի ապօրինության վերաբերյալ Մասնակցի հայցը ներկայումս դատական քննության թեմա է (Թիվ ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործ)։
Այնուհետև՝ Գորիսի պետական քոլեջի տնօրենին 2025 թ․ դեկտեմբերի 2-ին Ժաննա Անդրեասյանն ազատում է աշխատանքից՝ հրամանի հիմքում չնշելով գեթ մեկ փաստական կամ մեկ իրավական հիմք։
Ժաննա Անդրեասյանի կամայական այդ հրամանը նույնպես քննարկվում է դատարանում (Գործ ԵԴ2/13882/02/25)։
Այնուհետև չեզոքացվում ու արհեստական խնդիրների առաջ է կանգնեցվում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը, ով ունի ղեկավարման հավաստագիր և միջին մասնագիտական կրթական հաստատության կառավարման փորձ։
Ասպարեզը հավակնորդներից մաքրելուն զուգահեռ քայլեր ձեռնարկվեցին Արմինե Կոլյանին ղեկավարման իրավունք՝ հավաստագիր նվիրելու ուղղությամբ։ Եվ 2025 թ․ սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարության Հավաստագրման հանձնաժողովը (նախագահ՝ Արաքսիա Սվաջյան) նրան տալիս է ղեկավարման իրավունք վերապահող փաստաթուղթ՝ հօգուտ Արմինե Կոլյանի կատարելով բազմաթիվ կեղծիքներ։
Այդ մասին օրեր անց մեզ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից անձինք՝ չցանկանալով ներկայանալ անուն-ազգանունով։
Մենք (ի սկզբանե) չենք հավատացել այդ տեղեկատվությանը և փորձել ենք ծանոթանալ Հավաստագրման հանձնաժողովի տվյալ օրվա հարցազրույցի հիմքերին, սակայն արժանացել ենք նախարար Ժաննա Անդրեասյանի չհիմնավորված դիմադրությանը։
Երեք խնդրանք-պահանջ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, և երեք մերժում...
Արմինե Կոլյանի հավաստագրի հիմքերը թաքցնելու նախարարության պահվածքը վիճարկելու համար հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որն ընդունվել է վարույթ, բայց որի առնչությամբ դեռևս նիստեր չեն գումարվել (Գործ ՎԴ/22196/05/25)։
Արմինե Կոլյանին ամեն գնով նորաստեղծ քոլեջի տնօրեն դարձնելու Ժաննա Անդրեասյանի ապօրինությունները, սակայն, դրանով չեն ավարտվում։
Մասնավորապես՝ 2025 թ. հոկտեմբերի 6-ից, ԿԳՄՍ նախարարի հրամանով, Արմինե Կոլյանը նշանակվում է դեռևս գոյություն չունեցող «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար:
Հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 2-ը Արմինե Կոլյանը մեկ րոպե անգամ աշխատանքի չի հաճախում և որևէ աշխատանք կամ պարտականություն չի իրականացնում:
Նախարարը, սակայն, այդ ամենին իրավական գնահատական չի տալիս:
Մինչդեռ՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ի 3-րդ կետի «ե» ենթակետը սահմանում է՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝ ե) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի»։
Եվ հիմա՝ կեղծված հիմքերով Կառավարման խորհուրդ ստեղծելով, հնարավոր բոլոր հավակնորդներին ասպարեզից հեռացնելով, Ժաննա Անդրեասյանը փորձում է մարտի 31-ին տեղի ունենալիք մրցույթով Արմինե Կոլյանին դարձնել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Թե ինչու է նախարար Ժաննա Անդրեասյանը հանուն մեկ տիկնոջ և ոչ հանուն կրթական գործի՝ այդքան ակնհայտ կեղծիքներ գործել ու գործում՝ կա մի քանի շրջանառվող վարկած, որոնց վերաբերյալ շարունակում ենք մեր լրագրողական հետաքննությունը, բայց․․․
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համար միևնույնն է, թե ինչ է կատարվում Գորիսի նորաստեղծ պետական քոլեջի շուրջ՝ այն էլ ՀՀ օրենքը և նորմատիվ իրավական ակտերը շրջանցելու ճանապարհով։
Արդյո՞ք ՀՀ դատախազությունն ու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն չեն ուզում ուսումնասիրել այլևս հանրահայտ այդ ապօրինությունների դրդապատճառները, ընթացքը և հակակրթական ու հակապետական հնարավոր հետևանքները։
Արդյո՞ք ողջամիտ չէր լինի մարտի 31-ին նշանակված մրցույթի հետաձգումը, քանի դեռ չեն ուսումնասիրվել վերոնշյալ իրավախախտումները, քանի դեռ տեղի ունեցածին իրավական գնահատական չի տրվել։
Հակառակ պարագայում պետք է բոլորով պատասխան տանք չափազանց պարզունակ մի քանի հարցի․
ա) հանուն ինչի՞ և ի՞նչ գնով կամ ո՞ւմ թողտվությամբ է խախտվում Հայաստանի Հանրապետության պետական կարգը՝ նշված տիկնոջը «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն դարձնելու համար,
բ) և արդյո՞ք այդ տիկինն ունի գործող պետական կարգի համաձայն ձեռք բերած (ստացած) հավաստագիր, որի հիմքերը համառորեն ու հետևողականորեն թաքցնում է նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սյունյաց երկիր»
Հ.Գ.
Սույն դիմումը (էլեկտրոնային փոստով) ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
13 մարտի 2026 թ.