Ակսել Բակունց –125. տոն, որ միշտ մեզ հետ է...

11.04.2024 11:08
664

Երկրի ու ազգի համար այս տագնապալի օրերին Գորիսը նշում է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի 125-րդ տարեդարձը:

Ակսել Բակունցի տուն-թանգարանն ինչպե՞ս է դիմավորում այն, ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում հոբելյանին ընդառաջ, և ի՞նչ ծրագրեր ունեն:

Այս հարցերի շուրջ է զրույցը տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի հետ:

Հարգելի Վարդան, հունիսի 13-ին լրանում է մեր մեծ հայրենակցի՝ Ակսել Բակունցի 125-րդ ամյակը:

Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել գրողի տարեդարձը, այդ  առթիվ՝ ձեր և մայր թանգարանի անելիքները:

– Տարվա մեջ ոչ միայն տուն-թանգարանի, այլև ողջ քաղաքի համար Բակունցի տարեդարձը նշելն ամենակարևոր իրադարձությունն է:

Դեռ ամիսներ առաջ ենք նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տվել, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Տարեդարձի նախաձեռնող խմբով ծրագրել ենք գրողին արժանի մակարդակով՝ պատվով նշել, ինչը հաջողությամբ առաջ է ընթանում:

Մտահղացումները շատ են, կառանձնացնեմ կազմակերպվելիք մի շարք միջոցառումներ. պատրաստվում ենք կազմակերպել մեկ տասնյակ հայ նկարիչների սիմպոզիում, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր բնակավայրերից ճանաչված նկարիչներ: Հինգ օր շարունակ օթևանելով այստեղ, և ապահովելով նրանց գիշերակացը, գրողի ծննդավայրում բակունցյան թեմաներով կստեղծագործեն, այնուհետ՝ կտավները կցուցադրվեն գրողի տարեդարձին:

Կտավներից մեկական ստեղծագործություն կնվիրեն թանգարանի ֆոնդին...

Մայրաքաղաքից կհրավիրենք հայտնի երաժշտախմբեր, որոնք կարժևորեն տոնը դասական ու ազգային երաժշտության, երգերի կատարումներով:

Ունենք Գորիս-Վիեն մշակութային ջերմ կապեր, գործի կդրվեն նաև դրանք:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական թատրոնը, ավանդույթի համաձայն, իր ստեղծագործական կազմով հանդես կգա բակունցյան թեմաներով, նրա ստեղծագործությունների տիպաժների ցուցադրությամբ:

Տոնին կներգրավվեն քաղաքի մշակութային-ստեղծագործական բոլոր ուժերը:

2024-ը հայտարարվել է Բակունցյան տարի և այն կնշանավորենք գրողի ստեղծագործական կյանքի ուսումնասիրմամբ ու բացահայտումներով, նրան նվիրված տարբեր միջոցառումներով, որոնցից մեկն էլ կլինի Գորիսի պետական համալսարանում կազմակերպվելիք գիտաժողովը, որին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ներկայացուցիչներ, բակունցագիտության ոլորտում հայտնի գրականագետներ:

Նախորդ զրույցներից հիշում եմ, որ տուն-թանգարանը նախաձեռնել էր Ակսել Բակունցի ստեղծագործությունների բազմալեզու հրատարակություն. իրականացվե՞լ է այդ ծրագիրը:

– Ցավոք, ոչ՝ ամբողջությամբ, բայց գրողի ընտրանուց առանձնացվել են որոշ պատմվածքներ, ներկայացվել հրատարակության, և հիմա պատրաստի գիրքը տպարանում է, կարոտ՝ տպագրության:

Բակունց գրողին թարգմանելն այդքան էլ հեշտ չէ, ժամանակատար էր, բայց այն խիստ անհրաժեշտ է՝ տուն-թանգարան այցելող օտարալեզու մեր հյուրերին տրամադրելու, գրողի հետ ծանոթացնելու, նրանց միջոցով Բակունցի ստեղծագործություններն օտարալեզու ընթերցողին հասանելի դարձնելու, նրա ստեղծագործությունները հանրայնացնելու համար:

– Գրողի տարեդարձին ընդառաջ՝ տուն-թանգարանում կատարվելիք թարմացման, տեխնիկական աշխատանքների մասին:

Հաշվի առնելով մեր անուրախ իրականությունը, ավելին՝ ժողովրդի տխուր տրամադրությունները՝ կապված տարածաշրջանի, ողջ Հայաստանի, մասնավորապես՝ Արցախյան ողբերգական անցքերի հետ, մեր ջանքերը պետք է տասնապատկենք, մի փոքր կարողանանք տոնական դարձնել մթնոլորտը, ավանդույթի համաձայն քաղաքը ողողենք բակունցյան շնչով ու կոլորիտով:

Մեր հայրենակից գրողի հոբելյանը պետք է նշվի ըստ արժանվույն, բնականաբար, նախապես կկատարվի տարածքի բարեկարգում, այս տարի նաև կթարմացվեն տան պատշգամբն ամբողջությամբ, դարպասներն ու նստարանները:

Միջոցառումների, կատարվելիք աշխատանքների ցանկն արդեն ներկայացրել ենք մայր թանգարանին, պայմանավորվածության համաձայն՝ շուտով նրա իրավասուները կայցելեն մեզ, մոտիկից կծանոթանան խնդիրներին ու ծրագրերին:

Փառք Աստծո, չունենք շենքի անվտանգության համակարգի, ջեռուցման, կապիտալ նորոգման խնդիր:

– Քանի որ խոսեցինք տեխնիկական բնույթի խնդիրներից, քաղաքի առաջին հայկական՝ ծխական դպրոցի շենքից էլ խոսենք, որտեղ սովորել է գրողը:

Տեղյակ եմ, որ այդտեղ հանդիսավոր պայմաններում տեղադրվել է հուշատախտակ, միաժամանակ, բոլորիս հայտնի է, որ շենքը բակի կողմից գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում:

Չե՞ք ուզում պատկան մարմիններին ներկայացնել նաև այդ հարցը, գոնե՝ մասնակի, թեկուզ՝ մեկ դասարան, որտեղ գրաճանաչ է դարձել մեծ արձակագիրը:

– Հարցը, ցավոք, առայժմ երազանքների շարքից է, քանի որ տարիների ընթացքում շենքում բնակություն են հաստատել և սեփականաշնորհել մարդիկ, որոնց տներից զրկելը ողջամիտ չի լինի:

Բայց, ինչ խոսք, մեկ դասարանի վերականգնման հարցը, կարծում եմ, դժվար չի լուծել, լավ հարց է, այսպիսի հարցեր էլի ունենք, որը ժամանակի ընթացքում պետք է առաջադրվեն:

Իսկ ընդհանրապես, ճիշտ կլինի՝ շենքն ամբողջությամբ դարձնել Գորիսի պատմամշակութային արժեք, սրբորեն պահպանել այն՝ որպես քաղաքի առաջին ծխական կրթօջախ:

Առհասարակ, գրողի հետ կապված ամեն մասունք՝ իրեղեն, թե հուշի տեսքով, պետք է վեր հանվեն ու որպես մշակութային արժեք՝ հղկվեն ու պահպանվեն:

– Տուն-թանգարանի հաստիքների կարգավորման, աշխատակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին էլի ենք խոսել, կարելի՞ է դրանք համարել լուծված: Ունե՞ք այս հարցում բաց տեղեր:

Այո, հաստիքների հարցը կարելի է համարել լուծված, այժմ յուրաքանչյուր աշխատող իր տեղում է՝ այգեպան, գիտաշխատող, թե՝ հավաքարար ու հսկող, ճանաչում են իրենց հիմնական պարտականությունները, բարոյահոգեբանական մթնոլորտն էլ անհամեմատ լավ վիճակում է:

Բաց տեղեր, այնուամենայնիվ, կան:

Թանգարանի աշխատանքները ժամանակակից պահանջներին համահունչ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նոր՝ համակարգչային, օտար լեզվի իմացության, կրթական ծրագրերի մասնագետներ, որոնց առկայությունն ուղղակի պարտադիր է:

Գրողի 125-րդ հոբելյանական տարեդարձը պետք է տարբերվի նախորդ բոլոր տարեդարձներից՝ բոլոր առումներով, և, ինչպես տեսնում եք, ուրվագիծն արդեն ենթադրում է այդ մասին:

– Վերջին հինգ տարում կա՞ն հիշարժան և իրագործված մտահղացումներ՝ Բակունց գրողին հավերժացնող՝ հաշվի առնելով, իհարկե, համաճարակի, 44-օրյա պատերազմի, երկրում տիրող ռազմաքաղաքական արհավիրքի՝ դեռ շարունակվող առկայությունները:

– Իրոք, վերջին հինգ տարում արհավիրքների միջով անցանք ու դեռ անցնում ենք, բայց, բարեբախտաբար, կան իրագործված ծրագրեր, և դրանցից հատուկ կառանձնացնեմ Ակսել Բակունցի անունը կրող քաղաքի թիվ 1 դպրոցի մուտքի մոտ վերջերս տեղադրված գրողի բազալտե հուշարձանը:

Կուզեի նշել հուշարձանի հեղինակ, քանդակագործ, լուսահոգի Միքայել Ղուկասյանի անունը, ով 2014-ին հանձն էր առել նաև տուն-թանգարանի շենքի մոտ տեղադրված հուշարձանի պատրաստումը:

Կա մեկ կարևոր խնդիր, որի շուրջ մտորումս վաղուց է:

Մեծ գրողի հուշարձաններ, անվանակոչված հրապարակներ, դպրոցներ կան ՀՀ տարբեր բնակավայրերում, բայց այս ուղղությամբ անելիքներ դեռ ունենք. ահա մեկը՝ հայոց մայրաքաղաքում մինչ այսօր չկա նրա հուշարձանը:

Ընդամենն Ազգային գրադարանում տեղադրված է գրողի կիսանդրին...

Այս թերացումը, վստահ եմ, հուզում է ոչ միայն ինձ, նաև՝ Գորիսի հասարակությանը:

Ինչպե՞ս կարելի է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ամենամոտ ընկերոջ, հայ արձակի երևելի դեմքի հուշարձանը չկանգնեցնել Երևանում, ինչը համալիր լուծում է պահանջում՝ համապատասխան այգում, ներդաշնակ՝ տարածքի հետ, ինչի համար պահանջվում են ֆինանսական ծախսեր, հարցին՝ լուրջ և մասնագիտական մոտեցում:

Ժամանակին հարցը ներկայացրել եմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով քննարկել էր այն, նույնիսկ տեղն էր որոշվել Օղակաձև այգում, բայց, ցավոք, կիսատ մնաց...

Ինչ արած, պարտավոր եմ նորից հարցը բարձրացնել, ամեն ազնիվ հայի սրբազան պարտքն ու պատիվն է՝ մեծ գրողին գնահատել ըստ պատշաճի, հանուն վաղվա սերունդների, հայ ու հայեցի մնալու, հայ մշակույթը պանծացնելու մեր տան սրտում:

Առանց ձգձգելու՝ հարցը  նորից հստակ կդնենք պատկան մարմինների առջև:

Վստահ եմ՝ այս խնդիրը վաղ թե ուշ կլուծվի, Երևանը մայրաքաղաքին վայել՝ Բակունցի հուշակոթող կունենա...

– Ի՞նչ կասեք տուն-թանգարանի ցուցասրահի, նրա նոր ցուցադրությունների, առհասարակ, բակունցյան մասունքները վեր հանելու ձեր առաքելության մասին:

– Թանգարանի ցուցասրահը բացվել է տասը տարի առաջ: Պետք է ասել, ցուցադրվող նմուշներն էլ ֆիզիկապես փոքր-ինչ մաշվել են, կարիք ունեն թարմացման ու նորացման:

Գրողի տարեդարձին ընդառաջ՝ որոշել ենք արխիվային նոր նյութերով թարմացնել ցուցադրությունները, ավելի մանրամասն ներկայացնել  Բակունցի կյանքի դրվագները:

Ծրագիրը ներկայացվել է մայր թանգարանի ղեկավարությանը, սպասում ենք համապատասխան մասնագետի այցին՝ ծանոթացնելու բովանդակային և որակական առումով՝ մեր առաջարկներին:

Արխիվային որոշ նյութեր արդեն առանձնացրել ենք՝ նոր  ցուցադրության ներկայացնելու:

Առաջիկայում նախատեսված է արխիվն ամբողջությամբ թվայնացնելու՝ հանրամատչելի և այցելուներին հասանելի դարձնելու, Բակունցի կյանքով և ստեղծագործություններով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի  համար:

– Հաջողվու՞մ է բակունցյան նոր հիշողություններ հայտնաբերել շառավիղից դուրս եկած, մեր անկանխատեսելի, վստահորեն՝ սրբուրաց ժամանակներում:

Չէ՞ որ վերջին երեք տասնամյակում մարդկային ու մշակութային արժեքների պղծումի և ուրացումի միտումը կարծես խորացել է:

Դա այդպես է, բայց թանգարանի համար յուրաքանչյուր բակունցյան պատառիկ մեծ ձեռքբերում է, մեզ հետաքրքիր է մեծ գրողի մասին յուրաքանչյուր պահպանված մանրաթել ու նրբերանգ՝ իր սիրելի Կյորեսի անզուգական և զրնգուն գույներով:

Գրողն այնքան կարճատև կյանք է ունեցել, նրա մասին և հուշերն են քիչ, և հուշ պատմողները ֆիզիկապես վաղուց չկան:

Բարեբախտաբար, գրողի 120-րդ տարեդարձից առաջ ծանոթացա պատրաստի, ցավոք՝ անտիպ գրքի տեսքով, Ձեր գրի առած հուշապատումներին:

Ցավալի ու նաև մեր թերացումն է, որ հինգ տարում չկարողացանք գիրքը տպագրության հանձել:

Այն Բակունցի ու նրա ընտանիքի մասին հուշերի մի գեղեցիկ համադրություն է, ընդհանուր առմամբ՝ թանկ հիշատակություններ՝ Գորիս այցելած հայ մեծերի՝ Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Վահրամ Փափազյանի, Վախթանգ Անանյանի, հայ մյուս երևելիների մասին, ովքեր պատմվել են առաջին դեմքերի վկայությամբ՝ Ձեր ծնողների կողմից, գրողին անմիջական առնչված և արյունակից մարդկանց՝ Բակունց Ավագի մինուճար դուստր՝ Շուշան տատի, պապի՝ քաղաքի երբեմնի մեծահարուստ, Ավագիմովների կրտսեր եղբայր Դանիել Հովակիմյանի պատմությունների հետ, ով ժամանակին իր տան կտուրում թաքցրել, ամիսներ շարունակ պահել է գրողի մինուճար որդուն՝ 12-ամյա Սևադային, այսպիսով՝ տղային փրկելով մոր հետ աքսորվելու աղետից, վտանգելով իր և իր մեծ գերդաստանի՝ յոթ երեխեքի ու կնոջ՝ Շուշան Բակունցի կյանքը…

Ձեր մի հրապարակումից հիշում եմ, որ նույնիսկ Ակսել Բակունցը, ով հանճարեղ «Կյորես» վիպակում, լրագրական նոթերում անխնա ձաղկել է Գորիսի մեծահարուստներին, բեգերին, նրանց ճտերին, «աչք է փակել» մեծահարուստ պապիդ՝ Ավագիմով Դանիելի վրա, և ոչ թե նրա համար, որ իր զարմուհու ամուսինն էր, այլ հաշվի էր նստել Կյորեսի ու Գորիսի քյասիբ խալխին քաղցր աչքով նայելու, նրանց պարտքերը բաշխելու, «ծանր կշռելու և քիչ առնելու» նրա մեծասրտության հետ:

Ցնցող էր, երբ իմացա, որ Դուք հասցրել եք Բակունցի ընտանիքի և նրա կնոջ՝ Վառվառա Չիվիջյանի մասին հուշեր քաղել նաև Բոխչագյուլ մայրիկի ու Ստեփան դայու լուսահոգի հարևաններից՝ Մարգո տատիկից և Խասան Հարությունյանից, և նրա մայր Հազարավարդից:

Ցավալի է, որ մինչ այժմ այս հուշապատումների գիրքը չի տպագրվել, դրանք արժեքավոր և բացառիկ գրառումներ են, որոնք կարող են կորչել, եթե չտպագրվեն ժամանակին:

Սա նաև մեր՝ տուն-թանգարանի խնդիրն եմ համարում, հույս ունեմ՝ այդ հարցն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում կլուծվի՝ գրողի 125-րդ տարեդարձին ընդառաջ կամ՝ տարվա ընթացքում:

Այս և այլ բարի մտորումներով, մտահղացումներով, ծրագրեր-առաջարկներով ենք նաև դիմավորում մեր մեծ հայրենակցի՝ Ակսել Բակունցի ծննդյան 125-րդ տարեդարձը, և, ինչպես ասացի, նոր ու հետաքրքիր անակնկալներ են սպասվում տարեդարձի մասնակիցներին, գրականության, մշակույթի գործիչներին, հեռավոր վայրերում ապրող գրողի հարազատներին, ի վերջո, մեր սիրելի Գորիս քաղաքին:

– Շնորհակալություն հուշագրություններիս փոքրիկ մատյանի մասին հիշատակելու, լավ ազդակներով զրույցի համար:

Բարին ընդառաջ՝ բոլորիս:

Բակունցը գորիսեցու համար եղել ու  մնալու է առանձնահատուկ Տոն, որ միշտ իր հետ է…

Հուսանք, մեր այս տխուր օրերում գրողի տարեդարձը նույնպես կլինի մի ազնիվ տոն ու սպեղանի՝ մեր ազգաբնակչության  վերքերին, կմղի հոգևոր թռիչքների ու արթնացման:

Զրույցը՝ Սուսաննա Բաբաջանյանի

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10