Կյանքի ուղեգիր ստացավ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը

29.11.2022 12:02
4200

2021 թվականի նոյեմբերին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Ճակատեն տանող Մ-17 ճանապարհին, որը մարզկենտրոնը կապում է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ բնակավայրերին: Փաստորեն փոքրիկ մի լեռնաշխարհ կտրվում էր արտաքին աշխարհից: Ճիշտ է, Ճակատեն տանող այլընտրանքային երկու ճանապարհ կար՝ մեկը Մեղրիով, որ բավականին երկար էր, ուրեմն ծախսատար, մյուսը՝ Գեղանուշ գյուղի հարակից անտառով, որը դժվարանցանելի էր ու անհարմար: Երկու կարծիք լինել չէր կարող, որ ավանդական Կապան-Ճակատեն ճանապարհի գերակշիռ հատվածին այլընտրանքային մի ճանապարհ պիտի կառուցվեր, հնարավորինս սեղմ ժամկետում և որակով:

Խնդրի հրատապությունից ելնելով հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի անձից գնում կազմակերպեց, նախագծողներին անմիջապես հանձնարարվեց նախագիծ պատրաստել:

Այլընտրանքային ճանապարհի շինարարությանը ձեռնամուխ եղավ «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը: Ընդ որում՝ նոր ճանապարհը պիտի ունենար 7 կմ 470 մետր երկարություն: Ըստ պայմանագրի՝ շինարարության ավարտ էր սահմանված այս տարվա նոյեմբերի 10-ը, ինչն իրականացրին կապանցի ճանապարհաշինարարները:

Նոյեմբերի 8-ին արգելափակոցներով, նշագծումներով նոր ճանապարհահատվածը հանձնվեց շահագործման:

Նոյեմբերի 23-ին առիթ եղավ երթևեկել նորակառույց ճանապարհով, ինչը հնարավորություն տվեց փոքրիշատե պատկերացում կազմել կատարված աշխատանքների մասին, իսկ մյուս մանրամասներն արդեն հայտնի դարձան ընկերության գլխավոր  ճարտարագետ Սերգեյ Առուստամյանի հետ զրույցից:

Նախ՝ մեր զրուցակիցը բազմահմուտ ճանապարհաշինարար է, 1977 թվականից է աշխատում ճանապարհաշինության ոլորտում: Մեզ հետ զրույցը սկսվեց իրենց ձեռնարկության համար  հաճելի մի փաստով. նոյեմբերի 5-ին եղել է Դուբայում, որտեղ ստացել է «Կապանի ՃՇՇ» ընկերությանը շնորհված «Որակի նշան» մրցանակը: Առիթը բաց չենք թողնում հարցնելու, թե այս նոր կառուցված ճանապարհահատվածի համա՞ր է մրցանակը շնորհվել, պատասխանում է՝ նաև այո:

Ինչևէ, անցյալ աշնանը շինարարությունը  սկսվելուց մեկ, մեկուկես ամիս անց նորակառույց ճանապարհն արդեն երթևեկելի էր ամենագնացների համար, երբեմն ճանապարհաշինարարն ու երթևեկող մեքենաները խանգարում էին  միմյանց, բայց այդ պատկերն ամենուր է, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում: Այս համատեքստում Սերգեյ Առուստամյանն ընկերության անունից շնորհակալություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ այդ աշխատանքները կազմակերպելու նպատակով երկու հորատող մեքենա հատկացնելու համար, իսկ պայթեցումներն իրականացրել է «Ապառաժ մայնինգ» ընկերությունը: Ի դեպ, նորկառույց ճանապարհահատվածով երթևեկելիս դժվար չէր նկատել, որ շինարարները ճանապարհ են հարթել նաև քարաժայռերի միջով, ինչը վկայում է նաև Սերգեյ Առուստամյանը. «Բավականին  ժայռերի հանդիպեցինք, պայթեցումներով ենք առաջ գնացել»:

Ինչպես փոխանցեց մեր զրուցակիցը, ընդհանուր առմամբ իրականացվել է մեկ միլիարդ 421 միլիոն դրամի աշխատանքներ, կատարվել 126 հազար խորանարդ մետր հանույթ, որի կեսից ավելին՝ փխրեցմամբ մշակելով: Ընդ որում՝ նախատեսված ժամկետում ավարտելու համար աշխատանքները սկսել են երկու կողմից՝ Կապանի և Ճակատենի: Իսկ շինարարական տեխնիկայի առումով խնդիր չի եղել, քանի որ օգտագործվել է նաև ԶՊՄԿ-ի տեխնիկան:

Ճանապարհն ունի ասֆալտբետոնե երկու շերտ՝ 6 սմ+4 սմ հաստությամբ:

- Քաղաքական, ռազմական, տնտեսական առումներով ճանապարհահատվածը հնարավորինս արագ պիտի կառուցվեր, իսկ դա չի՞ հանգեցրել որոշակի շտապողականության, եթե չասենք գրոհայնության,- հարցնում ենք վաստակաշատ ճարտարագետին:

- Սեղմ ժամկետն աշխատանքի որակի վրա չի ազդել, քանզի խիստ վերահսկողություն կար պատվիրատուի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից. ճանապարհին տեղադրվող ասֆալտի յուրաքանչյուր 250 տոննայից  ասֆալտի նմուշ էր տարվում լաբորատորիա՝ ստուգման, եթե մի թերություն նկատվեր՝ պատվիրատուն պարզապես կդադարեցներ վճարումները,- մանրամասնում է մեր զրուցակիցը,- բացի այդ՝ Արարատի ճանշինից հանքային փոշի ենք գնում, որ օգտագործվում է ասֆալտի արտադրության մեջ, մանավանդ վերին շերտի դեպքում, նպաստում է ծակոտկենության նվազմանը: Շինարարության մեջ օգտագործվող խիճը ևս սեփական արտադրության է ու  համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Ճանապարհին տեղադրվող ասֆալտն արտադրվում է ընկերությանը պատկանող ասֆալտգործարանում: Ի դեպ, մարզում գործող ասֆալտգործարաններից ամենահինն է: Բայց ինչպես վկայեց Սերգեյ Առուստամյանը, համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին: Ուկրաինայից մասնագետներ են հրավիրել, ովքեր ասֆալտգործարանի խառնիչի մեջ սարքավորում են տեղադրել, որն ավտոմատ ղեկավարում է գործընթացը և արտադրանքի  համամասնությունները հստակորեն պահպանում:

- Այս ձմեռը յուրահատուկ «քննաշրջան» կլինի նոր կառուցված ճանապարհահատվածի համար: «Կապանի ՃՇՇ»-ն է իրականացնելու  ձմեռային սպասարկումը: Այս առումով ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

- Ճակատենի կողմից ճանապարհի 1,5 կմ հատվածն անցնում է անտառի միջով, ինչի համար վարորդներն ուշադիր պիտի լինեն, ավելի հետևողական, քանզի այդ հատվածում ճանապարհի մերկասառույցով պատվելու հավանականությունն ավելի մեծ է: Բայց նախագծողներն այլ տարբերակ չեն ունեցել, իսկ մյուս հինգ և ավելի կիլոմետր հատվածն արևահայաց լանջով է ձգվում, այդտեղ առանձնապես խնդիրներ չեն ծագի: Ընդհանրապես ամենաօպտիմալ տարբերակը հենց այս մեկն էր, որ նախընտրվել  և կառուցվել է, թեև հատվածներ կան, որ դիտարկվում են հակառակորդի կողմից, բաց եթե մեկ կիլոմետր էլ ավելի հեռու լիներ, այսօրվա ժամանակակից զինտեխնիկայի պարագայում անվտանգ լինել չէր կարող: Ճանապարհը, որ հատվածով էլ որ անցնի, հրազենով խոցելու վտանգը կա,- մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում, որ ապահովված են ընկերությանը պատկանող ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող տեխնիկայով, այլապես նման գործառույթ իրականացնելու համար պատվիրատուն պայմանագիր չէր կնքի և պատվեր չէր տա:

 

Վահրամ Օրբելյան

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն աշխատանքային այցով Իշխանասար բնակավայրում էր

31.03.2026 23:35

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ․ Արման Թաթոյան

31.03.2026 22:06

Ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը․ նույնիսկ տեսաուղերձների հարցը չի լուծել Վերաքննիչ դատարանը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

31.03.2026 22:01

Ժաննա և Արաքսյան չեն վճարում նաև տների գույքահարկերը

31.03.2026 19:41

Աշխարհի ժողովուրդների դեմ Ռուսաստանի իրականացրած «ագրեսիայի» հետևանքները

31.03.2026 19:34

Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հետաձգվել է

31.03.2026 17:47

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով

31.03.2026 14:45

Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից

31.03.2026 12:57

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ` ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ

31.03.2026 12:44

Հայացք Սյունիքից․ հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ

31.03.2026 12:17

ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ

31.03.2026 11:22

Մինասյան եղբայրների նկատմամբ քրհետապնդում հարուցվեց

31.03.2026 11:19