Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդի

03.10.2024 18:51
626

Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում են Le Point-ի նախաբանը և հարցազրույցը.

«Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120.000 մարդու պարտադրելով աքսորման։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև,  Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է:  Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին:

Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք:

Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։ Դա շոկ էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:

Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է:

Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։

Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։

Սա մեզ համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է: Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը...

Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և հարևաններ ենք մնալու։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի կիրառմամբ ու սպառնա։

COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, պետք է անցկացվի նոյեմբերին Ադրբեջանում։ Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել օտարերկրյա առաջնորդներին, ովքեր կայցելեն Բաքու:

Ինչպե՞ս կարելի է  COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենք ցանկանում ենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա։

Արդյո՞ք միջազգային հանրությունը չափազանց ներողամիտ է Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանն աշխարհում ազատության ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է։ Ըստ Freedom House-ի՝ նրա ազատության ինդեքսը 100 հնարավորից 7-ն է։ Մեծ տերություններից Ֆրանսիան միակն էր, որ պատասխանատվության կանչեց Բաքվի ռեժիմին։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Նրանք պետք է անեն շատ ավելին, քան արել են նախկինում»:

tert.am

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46