Հովհաննես Թումանյան-Ակսել Բակունց. կենսագրական նոր փաստեր և առնչություններ

27.02.2024 12:56
1660

Ինչպես հայտնի է, Բակունցի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ է ունեցել Հովհաննես Թումանյանը: Բակունցի ստեղծագործության հմայքի բացահայտման հիմնական տարրերը՝ բառերի չափավոր, «ժլատ» գործածությունը, նկարագրությունների դիպուկ ոճաձևը, սեղմ խոսքի մեջ խիտ բովանդակություն դնելու կարողությունը, մարդ-բնություն կապի պատկերման գեղարվեստական առանձնահատկությունները նախ և առաջ թումանյանական ավանդույթի արդյունք են:

Առհասարակ, գրականագիտությունը զգալի ուշադրություն է դարձրել գրական ավանդույթի և ժառանգորդության խնդրին՝ համարելով այն գեղարվեստական նոր արժեքների ստեղծման հիմք: «Ժառանգորդությունը գրականության զարգացման մեջ» ուսումնասիրության առանցքում Ա. Բուշմինը դիտարկում է հենց այդ գաղափարը. որքան խորությամբ է գրողը յուրացնում նախորդ գրական փորձը, այնքան ինքնատիպ ու բարձրարժեք են նրա ստեղծագործությունները (Բուշմին, 1978, 101): Այս առումով ուշագրավ դիտարկում է արել հենց Թումանյանը. «Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ` իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար – մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով» (Թումանյան, 1995, էջ 227)։

Բակունցը Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող էր, երբ մահացավ Թումանյանը: Հետաքրքիր է, որ 1919 թվականի սեպտեմբերից մինչև 1920 թվականի հունիսը սովորելով Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում և մի կարճ շրջան աշխատելով տեղի որբանոցի գիմնազիայում, Բակունցը Թումանյանին հանդիպելու հնարավորություն չի ունեցել: Ամեն դեպքում Թիֆլիսյան այդ կարճատև շրջանից մեզ նման տեղեկություն հայտնի չէ: Բակունցը դեռ շատ երիտասարդ էր, խառնվածքով չափազանց համեստ և ապա դժվար թե այդ ծանր օրերին, երբ հազիվ էր ապրուստի միջոցներ հայթայթում, առիթ ունենար թիֆլիսյան գրական-մշակութային կյանքին առնչվելու:

Ճակատագիրը Բակունցին ընձեռեց ոչ թե Ամենայն հայոց բանաստեղծի հետ անձնապես ծանոթ լինելու, այլ վերջին հրաժեշտը տալու հնարավորություն: Ռաֆայել Իշխանյանը (Իշխանյան, 1974, էջ 48), երկրորդելով Վարվառա Չիվիջյանի և Աստղիկ Մելնիկովայի (Լեբլեբիջյան) հուշերը, խարկովյան շրջանից ներկայացնում է հետևյալ դրվագը: 1923 թվականի մարտին, երբ մահացավ Թումանյանը, աշխարհի շատ ու շատ հայերի հետ սգո օրեր էր ապրում նաև Խարկովի հայությունը: Ապրիլի սկզբին Բակունցը, որ արդեն մեծ աշխատանք էր տարել Խարկովում հայ համայնքի մշակութային գիտակցությունը զարգացնելու գործում, հավաքում է տեղի հայ երիտասարդությանը՝ Խարկովի կայարանում դիմավորելու Թումանյանի աճյունը, որը Մոսկվայից տեղափոխում էին Թիֆլիս: Ցուրտ, անձրևային օրը կայարանում հավաքված բազմությունը երկար է սպասում Մոսկվայից եկող գնացքին: Երբ գնացքը ժամանում է, գումարվում է սգո հանդես, ելույթ է ունենում խարկովահայ մեծահարուստ Հովհաննես Լեբլեբիջյանը, ապա Ակսել Բակունցը, որի սրտառուչ խոսքը անջնջելի է մնում ունկդիրների հիշողության մեջ: Բակունցի հուզմունքը այն աստիճանի է հասնում, որ նա սկսում է ուժգին արտասվել և չի կարողանում ավարտել ասելիքը: Նա իր խոսքը շարունակում է Խարկովի հայկական ակումբում գումարված սգահանդեսին, որտեղ հանդես է գալիս ընդարձակ զեկուցումով՝ Խարկովի1 մտավորականությանը մանրամասն ծանոթացնելով Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը: Նույն իրադարձության մասին իր հուշագրության մեջ գրել է նաև Սիրանույշ Լեբլեբիջյանը՝ Հովհաննես Լեբլեբիջյանի կինը, որի Խարկովյան բնակարանի սենյակներից մեկում ուսումնառության տարիներին ապրել էր Բակունցը: «Ինչպե՜ս էր խոսում, ինչպե՜ս էր խոսում, մի քանի խոսք ասաց, չկարողացավ վերջացնել, լաց եղավ: Այդ օրը առաջին անգամ Բակունցին տեսա հեկեկալիս…. Իսկ երեկոյան նա իր խոսքը շարունակեց հայկական ակումբում»,-վկայում է հուշագիրը2: Հետաքրքիր է նաև վերջինիս այն վկայությունը, որ գրական նախաքայլեր անող Հովհաննես Լեբլեբիջյանը Թումանյանի մահվան կապակցությամբ բանաստեղծություն էր գրել և այդ օրը ընթերցել ակումբում կազմակերպված սգո հանդեսին, և ըստ կնոջ վկայության՝ Բակունցը այդ գործը նույնպես տպագրել էր իր ուժերով Խարկովում լույս տեսնող «Խոպկար» խորագրով թերթում:

Խարկովյան ուսումնառության տարիներին արդեն Բակունցը լիովին յուրացրել էր Թումանյանի կենսափիլիսոփայությունը, ժողովրդական աշխարհազգացողությունը, խոսքի գեղագիտության յուրահատկությունները, որոնք ընդամենը մի քանի տարի անց պետք է ինքնահատուկ ոճով դրսևորվեին նախ՝ ակնարկներում, ապա՝ պատմվածքներում:

Ինչպես հայտնի է, Բակունցի առաջին գործը «Հիմար մարդը» հեքիաթն է, որը տպագրվել է «Աղբյուր» մանկական հանդեսի (Տփղիս) 1913թ. 10-րդ համարում՝ Աշակերտ ստորագրությամբ: Այդ մասին նա գրում է նաև համառոտ ինքնակենսագրության մեջ: Հեքիաթի սկզբնաղբյուրը հանրահայտ ժողովրդական մոտիվն է: Հեքիաթի մեկ կամ գուցե մի քանի տարբերակ մշակել է նաև Թումանյանը՝ «Անխելք մարդը» վերնագրով, որը նրա առաջին արձակ ստեղծագործություններից է և առաջին տպագրված հեքիաթը նույն «Աղբյուր» հանդեսում 1894 թվականին: Այս առումով Ռ.Իշխանյանը ենթադրում է, որ 1913 թվականին Բակունցը կարդացած չի եղել Թումանյանի հեքիաթը, «այլապես նա ոչ կգրեր այդ հեքիաթը, ոչ էլ առիթ կունենար «Աղբյուրին» ուղարկելու» և շարունակում, որ «հավանաբար, «Աղբյուրի» խմբագրությունում էլ չեն հիշել, որ 19 տարի առաջ տպագրել են նույն հեքիաթի մի այլ տարբերակ» (Բակունց, 1979, էջ 627): Հակված ենք կարծելու, որ հեքիաթի թումանյանական մշակմանը ծանոթ լինելը (ինչը բացառել չի կարելի) ամենևին չէր կաշկանդի Բակունցին՝ բանահյուսական նյութի մշակման նոր փորձ անելու: Ինչ խոսք, ընդհանրությունը գուցեև պատահական է, բայց  ընդգծում է շատ կարևոր ստեղծագործական օրինաչափություն՝ գրական նախաքայլերից անգամ Բակունցի հակվածությունը բանահյուսական-ժողովրդական աշխարհազգացողությանը:

Ստեղծաբանական այդ մոտեցումը հետագայում հստակ և ուղենշային բանաձևումներ ստացավ. «Որտեղ է ճշմարիտ ուղին,- գրում է Բակունցը,- վերադարձ դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը: Ես նկատի ունեմ ոչ թե վերադարձը դեպի ժողովրդական ստեղծագործության հին աղբյուրները, դեպի բանահյուսությունը, թեև բանահյուսությունը նույնպես ապրում ու զարգանում է, այլ վերադաևձը դեպի ժողովրդական ստեղծագործության իսկական ու նոր արմատները» (Բակունց, հտ. 4, 1984, էջ 133)2: Այնուհետև՝ «Մաքուր, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել, և ես գտնում եմ, որ այդ լեզուն խարխսված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա,- նշում է Բակունցը և որպես այդպիսին վկայակոչում Թումանյանի լեզուն: - Դրա համար մենք պետք է ուսումասիրենք Թումանյանի լեզուն, <նկատի առնելով>, թե իր ժամանակին Թումանյանն ինչպես է կարողացել օգտագործել բարբառները և ժողովրդական լեզուն, գրաբարը, զանազան պատկերներ և այլն» (Բակունց, հտ. 4, 1984, էջ 512): Բակունցը նկատի ունի ժողովրդական լեզվի գանձարանից վարպետորեն և ճաշակով օգտվելու՝ Թումանյանի օժտվածությունը, որը և բարձր էր գնահատում: Այսպես՝ լեզվի հարցում Բակունցը նախ և առաջ թումանյանական ավանդների կրողը և շարունակողն էր: Բակունցը այն համոզմունքն ունի, որ Թումանյանից գրողները պետք է սովորեն՝ ինչպե՞ս ժողովրդական լեզվից բառեր ընտրել, սեղմ, պատկերավոր, պարզ ու գեղեցիկ ոճաձևեր, դարձվածքներ: Թումանյանը համոզված էր՝ «Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ,և բոլոր բարբառները հանդես կբերեն իրենց գանձերը» (Թումանյան, հտ. 6, 1994, էջ 182): Բակունցի կարծիքով էլ գրականության լեզուն պետք է զարգանա կենդանի ժողովրդական լեզվի ստեղծագործական յուրացման ու մշակման ուղիով, ընդ որում` այդ մշակման համար պարտադիր պայմաններ են գրողի խստապահանջ վերաբերմունքը բառի ընտրության հանդեպ, բառերի «ժլատ տնտեսումը», լեզվի գունագեղությունը, պատկերավորությունը, արտահայտչաձևերի հարստությունը: Հակումը դեպի բնաշխարհիկ ակունքները Թումանյանի ու Բակունցի համար և՛ գեղագիտական ճաշակ էր, և՛ աշխարհայացքային դիրքորոշում: Այդքանով հանդերձ՝ Բակունցը շատ ավելի հիմքեր ուներ ժողովրդական սկզբնաղբյուրներին դիմելու կամ թումանյական ավանդները պաշտպանալու3 (հիշենք նրա բանավիճային ելույթները), որովհետև, ի վերջո, նրա ստեղծագործության զարկերակը գյուղն է: Հետևաբար գյուղական կենսավարության պատկերման համար Բակունցը չէր կարող չդիմել ժողովրդի մտածողությունը արտահայտող ձևերի: Ժողովրդական լեզվի արտահայտություններ չենք հանդիպում, օրինակ, «Խաչատուր Աբովյան» վեպում՝ դորպատյան կյանքի նկարագրություններում, «Պրովինցիայի մայրամուտը», «Ձորերի լույսը», «Մի անգամ հոկտեմբերի 25-ին», «Անձրևը» պատմվածքներում, քնարական ակնարկներում, որոնցում գեղարվեստական տարածությունը գյուղական միջավայրը չէ: Բակունցը Թումանյանի պես հրաշալի գիտեր՝ որ բառը ինչպես և որտեղ գործածել, որպեսզի բացվեն իմաստային բոլոր նրբերագները, որ բառապատկերը կարողանա բացել նաև գրողի հոգեկան աշխարհի տարածությունները: Իսկ բառի ընտրությունն ու տեղին գործածումը երկար պրպտումների ու որոնումների արդյունք է եղել: Թումանյանից նա սովորեց նաև գրական լեզուն ու բարբառը հմտորեն համադրելու, գեղարվեստապատումը բարբառով չխեղդելու սկզբունքները: «Այս տեսակետից Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար» (Բակունց, հտ.4, 1984, էջ 514):

 Ուշագրավ են նաև ստեղծագործական կոնկրետ ընդհանրությունները, որոնք նույնպես պայմանավորված են աշխարհընկալման հարազատությամբ: Օրինակ՝ նյութի, ոճի, կառուցվածքի առումով ակնհայտ նմանություններ ունեն Թումանյանի «Գելը» և Բակունցի «Ձմռան մի գիշեր» պատմվածքները: Մարդ-բնություն հավերժական կապի խոր զգացողությամբ Բակունցը նույնպես, ինչպես Թումանյանը հաճախ է իր պատմվածքներում մարդկանց համեմատում կենդանիների հետ, զուգահեռում կամ կողք կողքի հիշատակում նրանց: Օրինակները բազմաթիվ են, բնորոշ ու բնութագրական:  

Ինչ վերաբերում է մեզ հայտնի դարձած կենսագրական նորահայտ փաստերին, ապա դրանք վերաբերում են Ակսել Բակունցի՝ 1932 թվականին Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հետ Դսեղ այցելությանը և այդ այցի լուսանկարչական վավերագրությանը, որը մի նոր էջ է ավելացնում Բակունցի կենսագրական նյութերին և Թումանյան-Բակունց հոգեկցությանը:

Ինչպես հայտնի է, հայ գրողներից շատերն են զբաղվել լուսանկարչությամբ: Պահպանվել են այդ մասին վկայող հուշակնարկներ, լուսանկարներ և լուսանկարչական սարքեր: Այդ զբաղմունքը գրավել է, օրինակ, Ռուբեն Սևակին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, Պերճ Պռոշյանին և շատ ուրիշ գրողների: Ռուբեն Սևակը 1910-ական թվականներին նույնիսկ ինքնալուսանկարվելու փորձ է արել. բավականին ուշագրավ լուսանկար է ստացվել, որը պահպանվում է: Պերճ Պռոշյանն առաջիններից էր, որ 1860-ին լուսանկարչությունը ներմուծեց Ռուսական Հայաստան: Այդ նախաձեռնության հովանավորը թիֆլիսաբնակ հրատարակիչ Համբարձում Էնֆիաջյանն էր՝ ցանկությամբ, որ երիտասարդ գրողը լուսանկարչական գիտելիքներ ձեռք բերի՝ հայկական պատմական հուշարձանների ֆոտոարխիվ ստեղծելու նպատակով: Թեև այդ նախագիծը գլուխ չեկավ, բայց Պռոշյանը, իբրև կոմերցիոն լուսանկարիչ, իր գործունեությունը շարունակեց Կովկասի տարբեր անկյուններում։ Հայտնի է, որ նա իր առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861-ին և հիմնականում կատարել է դիմանկարների պատվերներ որպես ապրուստ վաստակելու միջոց։ Առհասարակ լուսանկարչությունը 19-րդ դարավերջին հայերի շրջանում ամենատարածված համքարություններից մեկն է եղել:

Բառանկարչության անզուգական վարպետ Ակսել Բակունցը նույնպես սիրել է լուսանկարել և զբաղվել է լուսանկարչությամբ։ Տուն-թանգարանում ցուցադրվում է նրա՝ անգլիական արտադրության լուսանկարչական սարքը, որը գրողը ձեռք է բերել հավանաբար 1920-ական թվականներին: Հետագայում Բակունցն այն նվիրել է եղբորը՝ Վահանին, որ նույնպես լուսանկարչական նախասիրություններ է ունեցել, և հենց Վահանի միջոցով է մեզ հասել Բակունցների ընտանիքի լուսանկարչական բացառիկ վավերագրությունը:

1970 թվականին թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին ուղղված նամակներից մեկում Բակունցի եղբայրը գրում է.«Հարգելի Քաջիկ, ուզում եմ հայտնել ուրախալի մի լուր ևս: Ակսելի ֆոտոապարատը  (անգլիական մարկայի), որը Ակսելը նվիրել էր ինձ 7/XI 1926 թվին, վերջապես գտա: Այս ապարատով եմ ես քանիցս անգամ նկարահանել Ակսելին, Սևադային, ծնողներիս: Տուն-թանգարանում ցուցադրված և առայժմ չցուցադրված բոլոր ֆոտոնկարները (մերոնց) նկարել եմ այս նվեր-ֆոտոապարատով: Նպատակահարմար եմ գտնում այն ցուցադրելու Ակսելի իրերի կողքին, բաց վիճակում և կողքին էլ մի այսպիսի բացատրություն դրված (ուղարկում եմ): Խնդրում եմ էքսպոնատների շարքում տեղ տալ այս հազվագյուտ առարկային: Հարգանքներով՝ Վահան Բակունց, 30/X 70թ.»: Վահան Բակունցի «Մեծ հույզերի սերմնացանը» գրքում զետեղված հայտնի ֆոտոիլյուստրացիաները նույնպես հեղինակին են պատկանում, որի մասին նշում կա գրքում:

Հովհաննես Թումանյանի ծննդավայրը պատկերող լուսանկարները Ակսել Բակունցի կողմից թանգարանում պահվող լուսանկարչական սարքով արված բացառիկ գտածոներ են, որոնց բնօրինակները պահվում են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Հովհաննես Թումանյանի ֆոնդում:

Հայտնի է դարձել, որ 1932 թվականին Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հետ այցելել է Դսեղ և լուսանկարել սիրելի բանաստեղծի ծննդավայրը:

Արխիվային տեղեկանքում գրանցված է, որ Բակունցը 1932 թվականի փետրվարի 7–ին ԳԱԹ-ին է հանձնել Թումանյանի ծննդավայր Դսեղը պատկերող 19 լուսանկար, որոնց դարձերեսին կան Բակունցի ձեռագիր նշումները և թվագրումներ:

Գրականության և արվեստի թանգարանի թույլտվությամբ առայժմ ցուցադրության ենք նախապատրաստել այդ բացառիկ լուսանկարներից միայն 9–ը՝ թվագրված N 4, 6, 7, 9, 10, 12, 17, 18 և 19, որովհետև միայն դրանց դարձերեսին է Բակունցը ձեռագիր նշումներ կատարել, իսկ մյուս 10–ը հեղինակային հստակեցման, լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ պահվում են Դսեղի՝ տարբեր տարիների այլ լուսանկարների հետ՝ արված տարբեր լուսանկարիչների կողմից: Լրացուցիչ ընթացակարգով ստուգվելուց հետո հնարավոր կլինի ամբողջացնել հավաքածուն, ցուցադրել և ներկայացնել ամբողջությամբ:

Դսեղյան այդ լուսանկարները առայժմ Բակունցի կողմից արված մեզ հայտնի առաջին ֆոտոիլյուստրացիաներն են, որոնց արժեքը պայմանավորված է նախ և առաջ դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով: Թեև Բակունցը եղել է սիրող լուսանկարիչ, և նրա գործնեությունը չի կրել պրոֆեսիոնալ բնույթ, այնուամենայնիվ այդ աշխատանքները հատկանշվում են բարձր գեղարվեստականությամբ ու դիտողունակությամբ: Դրանք նույնպես միտված էին Թումանյանի ծննդավայրը ճանաչելու միջոցով նրա գրաշխարհի անհատակ խորքերը, հոգեխառնության կարևոր երակները բացահայտելուն, և ըստ այդմ՝ կարևոր վավերագրումներ են: Դրանցում նույնպես մարդ–բնություն կապը գերակա է: Լուսանկարների միջոցով էլ Բակունցը նրբորեն արտահայտել է գյուղական կյանքի ընկալման իր կերպը՝ հուզականորեն երանգավորված: Դրանցում էլ, ինչպես ստեղծագոծություններում, դիմանկարներն ու բնանկարները հմտորեն փոխներթափանցված են, շարունակում և լրացնում են իրար: Շատ դիպուկ է Ս.Աղաբաբյանի հետևյալ բնութագրումը. «Բակունցը «տեսնում» է բառերով: Ամեն մի բառապատկեր նրա համար ստանում է նկարչական վառվռունություն ու գունավորում, նրա նախադասությունները բերում են իրենց հետ դիտողական բազմաթիվ նորույթներ՝ հողի, լեռան, ծաղկի, ծառի, երնկքի, ամպերի, անձևրի, անտառի, գետի, մարգագետինների, թռչունների և առհասարակ մարդուն շրջապատող բնության բազմազան երևույթների մասին: Բակունցը խոսքի նկարչությամբ լուծում է ստեղծագործական բարդ խնդիրներ՝ նկարագրել և հնարավորություն տալ ընթերցողին «շոշափել» նկարագրությունը» (Աղաբաբյան, 1959, էջ 241):

 Ի վերջո, ի՞նչ էր փնտրում, ի՞նչ է նկատել ու ֆիքսել Բակունց գրող-լուսանկարչի հայացքը Թումանյանի ծննդավայրում: Դրանք Դսեղը պատկերող լուսանկարչական գեղեցիկ էտյուդներ են, որոնցում վառ արտահայտված է Թումանյանի ստեղծագործական աշխարհը, դրանցում կարող ենք տեսնել Թումանյանի նախակերպարներին, նրա նկարագրած բնապատկերները, սիրած վայրերը, որտեղ անցակցրել է մանկությունը, տուն-խրճիթը, խաղընկերներին, համագյուղացիներին:

Այդ 19 լուսանկարներից առայժմ առանձնացրել ենք 9–ը: Ընդհանուր կողմերով ներկայացնենք դրանք.

Լուսանկար N 4: Դարձերեսին Բակունցը գրել է. «Նեսո բիձա. Թումանյանի խաընկերներից»: Ո՞վ չի կարդացել Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն»: «Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը»։ Բակունցը Դսեղում գտել է Թումանյանի խաղընկերոջը՝ մանուկ ժամանակ «էնքա՜ն հեքիաթ իմացող», պարզ ու ազնիվ, տարիների հետ «չարքաշ կյանքի դառնություններով լցված» և վատ սովորություններ ձեռք բերած Նեսո բիձային և լուսանկարել նրան դաշտում մի երեխայի հետ:

Լուսանկար N 19: Լուսանկարը ունի գրառում. «Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը Դսեղում համագյուղացիների հետ»: Հավաքածուի մեջ լուսանկարը բացառիկ է այն առումով, որ Բակունցը լուսանկարել է իրեն ուղեկցող Նվարդ Թումանյանին համագյուղացիների հետ: Լուսանկարի կրկնօրինակը պահվում է Թումանյանի թանգարանում, սակայն հեղինակը մինչ այդ հայտնի չէր: Լուսանկարը դիտելիս միտքդ Թումանյանի տողերն են գալիս՝ «Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը, Գյուղի տերերը»:

Լուսանկար N 7: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Դսեղ գյուղի տեսարանը»: Գրողը հեռվից լուսանկարել է Թումանյանի ծննդավայրը՝ անչափ գեղեցիկ մի համայնապատկեր:

Լուսանկար N 12: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Դեբեդի ձորը: Աջ կողմից այժմ Ձորագեսն է»: Լուսանկարը բավականին պրոֆեսիոնալ կադր է: Դեբեդի ձորն է կամ Լոռու ձորը՝ հայտնի զառիթափ կիրճը Լոռու մարզում և Թումանյանի ստեղծագործական պատկերներում:

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ»։

Կիրճը ձևավորել է Դեբեդ գետը՝

«Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի...:

Լուսանկար N 10: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Դսեղի գյուղամեջի աղբյուրը»:

Բակունցի ամենագեղեցիկ ու պայծառ լուսանկարներից է, մանրամասների մեջ ամբողջացող գյուղաշխարհի թանձր պատկեր, որում ամեն մի դետալը խոսուն է: Գրողը լուսանկարել է գյուղամեջի աղբյուրը և դրա շուրջը հավաքված «առույգ ու ժիր գեղջուկ մանուկներին», որոնք հետաքրքրասեր հայացքներով նայում են լուսանկարչին: Մեկը խաղն է ընդհատել և մոտեցել, մեկը կովն է բերել ջուր տալու, մյուսն էլ կժով լի ջուրը պիտի ուր որ առնի ու տանի տուն...

Պայծառ շողերն հիշողության

Մտնում են ծոցն անցյալի,

Լուսավորում իմ մանկության

Անհոգ պատկերն անձկալի:

 

Աղբյուրը այժմ չկա:

Լուսանկար N 9: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Գյուղի աղբյուրը: Ձախ թևի տան մեջ մի տարի ապրել է Թումանյանը: Այդ տունն այժմ դարձնում են Թումանյանի անվան խրճիթ ընթերցարան»:

Հայտնի է, որ Թումանյանի տունը Դսեղում թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ։ 1932 թվականից արդեն աշխատանքներ էին տարվում, որի մասին էլ ակնարկում է Բակունցը: Լուսանկարը գյուղական կենցաղը կենդանագրող մի ուշագրավ պատկեր է, կարծես պատմվածքի մանրակերտ լինի: Ոչ սովորական աչքով տեսածն էլ գեղարվեստորեն յուրացնում և գունեղ բառապատկերի է վերածում Բակունցը: Ուշադիր նայում ես և համոզվում, որ Բակունցի համար լուսանկարելն էլ ստեղծագործական եղանակ է:

Լուսանկար N 17: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Սիրուն խաչ: Թումանյանը շատ հավանում էր այս խաչը»:

Այս հրաշակերտը գտնվում է Դսեղ գյուղի մոտ։ Թվագրվում է 13–րդ դար, կանգնեցվել է Մամիկոնյան իշխանների օրոք: Տե­ղա­ցի­ներն ասում են «Սիրուն խաչ», որովհետև բացառիկ ասեղնագործ աշխատանք է, ընդգրված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հայտնի է, որ այս խաչքարը եղել է Հովհաննես Թումանյանի ամենա­սի­րելի հու­շար­ձաններից մեկը, և ինքն էլ լուսանկարներ ունի Սիրուն խաչի մոտ: Բակունցի արած լուսանկարում խաչքարը ամբողջովին պահպանված վիճակում է: Այսօր էլ համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը, որը, դատելով լուսանկարների համեմատությունից, վնասվել է ավելի ուշ շրջանում՝ փաստորեն 20–րդ դարասկզբին՝ 1930–ականներից հետո:

Լուսանկար N 18: Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Թումանյանի ստորագրությունը Դսեղի Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա»:

Սա էլ ուշագրավ լուսանկար է: Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա Բակունցը ֆիքսել է Թումանյանի թողած ստորագրությունը 1919 թվականին: Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս–արևելեք Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ: Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է «կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի»): Բակունցը հենց այդ ժամանակ է այցելել վանք և լուսանկարել պատի այդ հատվածը: Հայտնի է, որ վանքը մասնակիորեն նորոգվել է 1939 թ.–ին: Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին։

Թումանյանի ստորագրությունը այժմ էլ պահպանվում է:

Լուսանկար N 6: Թումանյանի համագյուղացիները. խմբանկար

Սա էլ կարծես թումանյանյանական պատկերներից մեկի լուսանկարային անդրադարձը լինի: Բանաստեղծի համագյուղացիներն են, հանգիստ են առնում, և ո՞վ գիտի՝ մտմտում «աշխարհքի բանի» մասին. «... Մեր բազմահոգ գյուղացին, /Մեծամարմին և քաջալանջ, /Ծիծաղ չըկա երեսին»։

Բակունցի այս և այլ լուսանկարներում առկա Լոռվա բնապատկերի, կենցաղի, մարդկանց կենսավարության որոշ տվյալներ համադրելով ազգագրական, տեղագրական գրավոր նյութերի հետ՝ կարելի է առավել ամբողջական ընկալել Դսեղի տեղագրության, ավանդական կացութաձևի, այդ թվում՝ կենցաղային իրերի, հագուստի ու հագուկապի բնութագիրը: Որևէ դետալ չի վրիպել գեղարվեստական մանրամասների ու հոգեբանական թափանցումների վարպետ Ակսել Բակունցի՝ այս դեպքում ոչ թե գրողի, այլ լուսանկարչի տեսադաշտից: Հուսանք` առաջիկայում հնարավոր կլինի ի մի բերել Բակունցի՝ Դսեղյան նաև մյուս լուսանկարները և հավաքածուն ներկայացնել ամբողջությամբ, ինչը ոչ միայն նոր գույն կհաղորդի գրողի տուն-թանգարանի էքսպոզիցիոն հավաքածուին, ոչ միայն հնարավորություն կտա նորովի բացահայտելու Ակսել Բակունց արվեստագետին, այլև նոր էջ կավելացնի Բակունցի կենսագրական նյութերին և Թումանյանի հետ ունեցած հոգևոր-ստեղծագործական առնչություններին:

Ամփոփելով նշենք, որ թումանյանական ավանդույթների ստեղծագործական յուրացման դրսևորումները կարևոր թեմա են հետազոտության համար, որոնք նոր շերտեր են բացահայտում ամեն նոր առնչության դեպքում: Հայ գրականագիտությունը վաղուց արձանագրել է Բակունցի ստեղծագործութան՝ բնաշխարհիկ ակունքներից, մասնավորապես՝ թումանյանական ավադույթներից սնվելու փաստը:

Բակունցի կենսագրության նորահայտ դրվագը՝ Թումանյանի դստեր հետ ծանոթ լինելը, նրա հետ Դսեղ այցելելը, Թումանյանի հետքերը գտնելն ու վավերագրելը վերահաստատում են այն հոգևոր ամուր կապն ու հարազատությունը, որ ուներ Բակունցը Թումանյանի և նրա ստեղծագործական աշխարհի հանդեպ:

 

 

Թեհմինա Մարության

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

 

 

 

 

 


 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25