Հովսեփ Ենգոյան. «1 մլն դրամը հայրենքի փրկության համար չնչին գումար է, բայց էդքան կարողացանք փոխանցել»

20.10.2020 14:29
1148

Շիրակի մարզի Արփի գյուղի բնակչի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին 1 մլն դրամի փոխանցման լուրը համացանցում տարածվել էր հոկտեմբերի 17-ին: «Միլիոն էր, խոմ միլիարդ չէր, օր ըդպես խառնվել եք իրար: Հայրենիքի փրկության համար էդ չնչին գումար է»,-բարեհոգի ժպիտը դեմքին նկատում է 89-ամյա Հովսեփ Ենգոյանը՝ կնոջ օգնությամբ տեղավորվելով տնակից բակ տեղափոխած անվասայլակի վրա:

Հովսեփ պապի կապույտ տնակը գյուղի սկզբնամասում է: Ապրում են կնոջ հետ, երեք զավակներից աղջիկներն ամուսնացած են՝ ապրում են ՌԴ-ում, տղան երկու տարի առաջ է մահացել: Հավաքված գումարը Հովսեփ պապի թոշակն էր: «Իմ թոշակն ու մեղրից ստացած եկամուտն ենք ծախսել, իր թոշակը՝ հավաքել: Նեղ օրվա համար կհավաքեինք ու երեւի էսօրվանից էլ նեղը չկար՝ տվեցինք, մեծ բանըմ չենք էրել»,-ասում է 72-ամյա Ասյա Ենգոյանը:

Հովսեփ պապն ասում է՝ շատ երկար չեն մտածել, ինքն առաջարկել է, կինը՝ անմիջապես համաձայնվել: «Լսեցինք հեռուստացույցով, որ դրամահավաք է, միանգամից որոշեցի, հարցրեցի կնոջս, թե թոշակից ինչքան կա հավաքված, որովհետեւ վրայից ծախսել էինք, ասեց՝ 700 հազարից ավելի: Տունն էլ գումար կար, էդ էլ դրեցինք վրան, եղավ 1 մլն՝ փոխանցեցինք»,-պատմում է Հովսեփ պապը: 750 հազար հաշվեհամարից եւ 250 հազար դրամ էլ վաճառված մեղրից՝ գումարը Հովսեփ պապը նախ փորձել է փոխանցել հեռախոսով: 

 

«Դե սկզբից Հովսեփն ուզեց հեռախոսով փոխանցել, չեղավ, հետո ես տարա հոկտեմբերի 12-ին փոխանցեցի: Արել ենք մեր հայրենիքի փրկության համար: Մեծ գումար չէ, ես կասեի՝ շատ փոքր գումար է՝ օվկիանոսի մեջ մի փոքր կաթիլ, բայց դե էդքան կարող էինք՝ էդքանն արեցինք: Էս մեզի համար մատաղի նման մե բանըմ էր, օր մեր զինվորները ուժ ու կող ունենան, Աստված թիկունքներին էղնի՝ հաղթեն»,-նկատում է տիկին Ասյան։ Հետո ժպտալով հավելում է, թե նորմալ լվացքի մեքենա էլ չունեն, բայց ոչինչ՝ մեղրը կվաճառեն (200 կգ մեղր ունեն վաճառքի-հեղ.), կգնեն, առաջնահերթը Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է: Ամուսինը գլխով հավանություն է տալիս կնոջ ասածին, ասում է. «10 տարեկան էի, որ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հերս գնաց պատերազմ, մերս մնաց 4 երեխու հետ, ես էի տան միակ տղամարդը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, դաշտերում ծանր աշխատանքը, հարազատի մահվան լուրը»:

 

Հովսեփ Ենգոյանը մասնագիտությամբ ռադիոօպերատոր է: Ծառայել է Ղրիմում: Բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում չի մնացել, տեղափոխվել է Սոչի, ասում է՝ մասնագիտությունս ինձ տարավ ծով: Հասարակ նավաստուց հասել է մինչեւ նավապետի աստիճանի: Փոխգնդապետ նավապետը հայրենի գյուղ վերադարձել է 27 տարի առաջ: Կնոջ հետ մեղվաբուծությամբ են զբաղվում, փոքրիկ այգի ունեն: Ձմռանը տեղափոխվում են Գյումրու իրենց փոքրիկ բնակարան: Ասում է՝ լավ եմ ապրել, հետաքրքիր կյանք եմ ունեցել եւ ունեի, բայց այդ ամենը ոչինչ է, եթե հայրենիքիդ սահմանների մոտ թշնամին է ու ամեն գիշեր գլուխդ բարձին դնելիս հոգիդ խաղաղ չէ:

hetq.am

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26