«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը
***
-Պարոն մարզպետ, հանրային ընկալման մեջ տպավորություն կա, որ մարզային եւ համայնքային իշխանությունները դժվարին մեր օրերում ինքնամեկուսացված են: Եվ, այդուհանդերձ, ընթերցողին հետաքրքրում է՝ ի՞նչ ռիթմով են աշխատում մարզպետարանը, համայնքապետարանները, ի՞նչ խնդիրներ են կառավարման այդ օղակները լուծում արտակարգ դրության պայմաններում:
- Ճիշտն ասած, ես նման բան չեմ լսել ու չեմ էլ զգացել: Օրվա ընթացքում առնվազն մեկ-երկու անգամ շրջում եմ Կապանում, հնարավորինս շփվում քաղաքացիների հետ եւ որեւէ մեկի կողմից նման հարցադրում չեմ լսել: Ճիշտ հակառակը՝ բոլորը գոհունակություն են հայտնում: Աշխատում ենք ամենալարված ռիթմով, թեպետ մարզպետարանում, օրինակ, նվազագույնի ենք հասցրել աշխատակիցների թիվը, մեծ մասն աշխատում է հեռավար մեթոդով, ու դա արդարացված է ե՛ւ իրենց, ե՛ւ շրջապատի համար:
Նույն ռեժիմով եւ սկզբունքով աշխատում են մարզի համայնքապետարանները, որոնց գործունեությունը համակարգվում է մարզպետարանի կողմից:
Ու այդ գործելակերպը շատ օպերատիվ է ստացվում եւ հնարավորինս՝ արդյունավետ:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն չկա աշխատակազմի բոլոր աշխատակիցներին կանչել, այս պահին ինքներդ էլ տեսնում եք՝ մարզպետարանի շենքում հաշվված մարդիկ են, մյուսները տնից են աշխատում, եւ դրանից բնավ աշխատանքը չի տուժում՝ ո՛չ գրագրությունը, ո՛չ փաստաթղթաշրջանառությունը:
Անշուշտ, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, պետական կառավարման մի շարք գործառույթներ վերապահված են պարետատանը: Միգուցե հենց այդ հանգամանքն է, որ տարածքային եւ տեղական կառավարման մարմինների պասիվության տպավորություն են թողնում, ինչը, կարծում եմ, սուբյեկտիվ ընկալում է:
- Սյունիքի մարզում է գտնվում հանրապետությունն աշխարհին կապող կարեւոր դարպասներից մեկը, ինչը եւ որոշակի առաքելություն է դնում մարզի ու մարզային իշխանությունների վրա: Մասնավորապես ՝ արտակարգ դրության պայմաններում բեռնափոխադրումների խնդիրն առավել քան կարեւոր է հանրապետության կենսագործունեության համար: Ինչպե՞ս է այն իրականացվում, որքանո՞վ են չեզոքացվում դրանից բխող ռիսկերը:
- Բեռնափոխադրումների հատուկ աշխատակարգ է սահմանված. երկու մեթոդով ենք աշխատում: Նախ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ծառայություններն իրականացնում են իրենց վերապահված գործառույթները՝ սկսած կանխարգելիչ աշխատանքներից: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, այս պահին՝ արտակարգ դրության պայմաններում, գործում է երկու տարբերակ: Նախ՝ փոխաբեռնման ենթակա ապրանքները, այսինքն՝ այն ապրանքները, որոնք հնարավոր է իրանական բեռնատարներից փոխադրել մեր բեռնատարների վրա (Մեղրիի մաքսակետի կամ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ մաքսային հսկողության տարածքում), փոխադրվում են:
Երկրորդ տարբերակը. եթե հնարավոր չէ ապրանքները փոխադրել այլ բեռնատարի մեջ, ապա բեռնափոխադրումը թույլատրվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը հանրապետության ողջ տարածքում եւ բեռնաթափումից հետո (նաեւ տրանսպորտային միջոցի վերադարձն Իրան), իրականացվում է ոստիկանության ուժերի հսկողությամբ, իսկ այդ ամենը համակարգվում է, ինչպես ասացի, ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից:
- Ի դեպ, Մեղրու մասին տարբեր եւ իրարամերժ խոսակցություններ են շրջանառվում, մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունն այդ տարածաշրջանի մասին սուղ է կամ գրեթե չկա: Գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը կամ առաջին օջախը Մեղրիում է եղել: Կուզենայինք որոշակի տեղեկություններ ստանալ այդ շրջանի մասին:
- Նախ՝ սկսեմ նրանից, որ ոչ մի ասեկոսեի չպիտի հավատալ, պետք է հետեւել պաշտոնական լրահոսին: Վստահաբար ասում եմ, որ ոչինչ չի թաքցվում եւ ապագայում չի թաքցվելու: Ավելի թափանցիկ, ավելի հրապարակային գործելակերպ, քան մեր իշխանություններն են այս պահին իրականացնում, ոչ մի տեղ չեմ տեսնում:
Միեւնույն ժամանակ՝ համաձայն չեմ, որ Սյունիքում ամեն ինչ Մեղրուց սկսվեց:
Փորձենք իրերը կոչել իրենց անուններով. Մեղրու բնակիչը, եթե չեմ սխալվում, հարսանեկան ճամփորդության էր մեկնել Իտալիա, որտեղից վերադառնալով՝ նրա մոտ հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակված լինելու փաստը: Հետո վարակվելու դեպք հայտնաբերվեց նրա հետ շփված անձի մոտ՝ Կապանի վարչական տարածքում՝ գազալցակայանում:
Այնուհետեւ՝ կորոնավիրուս հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխված մեր հայրենակցուհու մոտ…
Արդյունքում՝ Սյունիքում կորոնավիրուսով վարակվածության 25 դեպքերն ունեն ծագման երեք օջախ՝ չնչին բացառություններով:
Որպեսզի հիվանդների վիճակագրության թեման շահարկման նյութ չդառնա, նշեմ, որ 25 հիվանդից երկուսն արդեն առողջացել է:
Հիմա՝ հիվանդների թիվն ըստ տարածաշրջանների՝ Կապան՝ 15, Մեղրի՝ 9, Քաջարան՝ 1:
Ընդ որում՝ վեցը Երեւան է տեղափոխվել: Հիվանդներից մեկը բուժվել է մայրաքաղաքում, մյուսը՝ Կապանի բժշկական կենտրոնում:
Մեկուսացվածների մասին. այս պահին ունենք մեկուսացված 13 անձ (հարցազրույցը կայացել է ապրիլի 9-ին): Իհարկե, սրանք անընդհատ փոփոխվող թվեր են: Երբ մեկուսացման 14 օրը լրանում է, ոչ մի ախտանիշ չունեցող մարդը վերադառնում է բնականոն կյանք:
Այս համատեքստում կուզենայի երախտագիտությունս հայտնել մարզի բոլոր բուժաշխատողներին՝ «Շտապ օգնության» վարորդներից մինչեւ սանիտարուհիներ՝ իրենց նվիրումի, եթե կուզեք, խիզախության համար, ովքեր, մանավանդ բուժաշխատողները, վտանգելով իրենց՝ փրկում են ուրիշների կյանքը:
- Հավանաբար այլ մոտեցում է պահանջվում այն մարդկանց հանդեպ, ովքեր համաճարակին բնորոշ ախտանիշներ են ունենում առերեւույթ կամ կասկածվում են դրանք ունենալու մեջ: Կարո՞ղ ենք արձանագրել , որ նման մարդիկ պարտադիր կարգով թեստավորվում են:
- Թեստավորում կատարվում է այն սկզբունքով, ինչպես բոլոր տեղերում՝ ըստ անհրաժեշտության՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից՝ հաշվի առնելով մարզի բժշկական կենտրոններից ստացվող ահազանգերը:
Կարող ենք փաստել, որ ապրիլի 3-ից հետո կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպք մարզի բնակչության շրջանում չի գրանցվել:
Այս պարագայում կրկին կոչ եմ անում մարզի բնակչությանը՝ մնալ տանը եւ տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, նաեւ պահպանել հիգիենայի տարրական կանոնները, կատարել մասնագետների խորհուրդ-պահանջները՝ կրել դիմակ, հագնել ձեռնոց, օգտագործել ախտահանիչ միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն:
- Հաջորդ հարցս աշխատաշուկային է վերաբերում. կա՞ վիճակագրություն, թե մարզում քանի մարդ է գործազուրկ դարձել այս օրերին եւ , ընդհանրապես, զբաղվածության ի՞նչ նոր իրավիճակի հետ գործ ունենք Սյունիքում:
-Մարզի աշխատաշուկայում վերջին շրջանում կատարված փոփոխությունների վիճակագրություն, որպես այդպիսին, չկա:
Սյունիքում աշխատուժը հիմնականում կենտրոնացված է լեռնահանքային երեք ընկերությունում եւ գյուղատնտեսության մեջ: Այդ ոլորտներում հիմնականում խնդիրներ չկան, որովհետեւ կոմբինատները բնականոն հունով գործում են, գյուղատնտեսական աշխատանքները նորմալ ընթանում են: Նույնիսկ խնդիրներ չծագեցին մեր այն հայրենակիցների համար, ովքեր գյուղատնտեսական աշխատանքներով են (անասնապահություն, հողագործություն, մեղվաբուծություն) զբաղվում Արցախի Հանրապետությունում:
- Ի՞նչ էկատարվում մանրածախ առեւտրի շուկայում. այդ հարցը մտահոգում է յուրաքանչյուր ընտանիքի:
Հետաքրքիր է՝ Սյունիքում առաջին անհրաժեշտության ո՞ր ապրանքատեսակների գնաճ է տեղի ունեցել:
- Տեսչական մարմինները պարբերաբար ստուգայցեր են կատարում, մոնիթորինգի արդյունքները ներկայացնում ինչպես մարզպետարան, այնպես էլ իրենց վերադասին:
Այսպես ձեւակերպեմ՝ մանրածախ առեւտրի՝ տեղում գործող կետերն ապրանքի գին անհիմն չեն բարձրացրել: Եթե ոսպի եւ հնդկաձավարի գները, օրինակ, որոշ չափով բարձրացել են, ապա դա պայմանավորված է մատակարարով:
Տեղի շուկայում պարենային ապրանքների գների անհիմն բարձրացնելու դեպք չի եղել:
- Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը զուգադիպեց գարնան-գյուղատնտեսական աշխատանքներին: Եթե մի քիչ էլ գյուղացին հապաղի, անդառնալիորեն ուշ է լինելու: Ի՞նչ է կատարվում գարնանացանի առումով, թեեւ Դուք արդեն նշեցիք, որ գարնան- դաշտային աշխատանքներում դժվարություններ չկան:
- Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, արվել է հնարավորը, որ ե՛ւ աշնանացանը պատշաճ կատարվի, ե՛ւ գարնանային մշակաբույսերի ցանքսն իրականացվի:
Հովտային շրջանում գրեթե խնդիր չունենք: Բայց վերջին երկու օրվա տեղումները՝ ձյան տեսքով, ջերմաստիճանի կտրուկ անկումը նախալեռնային եւ լեռնային գոտիներում, ցրտահարության վտանգ են առաջ բերել: Այդ ուղղությամբ եւս մոնիթորինգ ենք արել, ներկայացրել ե՛ւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, ե՛ւ էկոնոմիկայի նախարարություն, նաեւ զրույց եմ ունեցել ոլորտի նախարարների հետ: Հայտնի է, որ Գորիսի եւ Սիսիանի մի շարք բնակավայրերում անցած երկու գիշերն օդի եւ հողի մակերեւույթին ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել: Տեսնենք՝ ինչ ցույց կտան ուսումնասիրությունները:
Այդ բոլորով հանդերձ՝ կան խնդիրներ, որոնք արտակարգ դրության ռեժիմի հետ բացարձակ կապ չունեն, որոնցով եւ մենք զբաղվում ենք:
Ինչ վերաբերում է աշնանացանի իրական պատկերին, ապա այն պարզ կդառնա ցրտահարության վնասները հաշվարկելուց հետո:
- Գյուղացին այս տարեշրջանում ամենից առաջ, պարարտանյութի, սերմացուի կարիք է զգում: Ապահովվա՞ծ է հողի մշակն այդ ամենով:
- Մենք մի քաղաքականություն ենք որդեգրել, ըստ որի՝ գարնան-գյուղատնտեսական աշխատանքներին աշնանից ենք պատրաստվում: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը համապատասխան հանձնարարականը դեռ աշնանն ենք տվել՝ ճշտելու՝ անհրաժեշտ նյութերից (պարարտանյութ, վառելիք, սերմացու) որքան է պետք համայնքներին, եւ գնային քաղաքականություն մշակելով՝ ստանալ դրանք: Կարծում եմ՝ այս պահին դժգոհություններ չունենք:
Նորից եմ փաստում՝ ներկայիս առաջնահերթ խնդիրը պարզելն է, թե ջերմաստիճանի անկումը եւ դրանով պայմանավորված ցրտահարությունն ինչ վնաս տվեցին ցանքսերին ու այգեգործական տնտեսություններին:
- Վերջին օրերին Երեւանի թերթերից մեկում հրապարակում կար այն մասին, որ Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում հարյուրավոր ընտանիքներ օգնություն են ստացել՝ սննդի փաթեթների տեսքով, եւ դա իբր արվել է անանուն բարերարի կողմից:
- Անանուն օգնություն չի կարող լինել եւ չի եղել: Հստակ հանձնարարական ենք իջեցրել համայնքներին՝ բացի պետության սոցիալական աջակցությունից, եթե անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ բարեգործություն անելու մտադրություն ունենան, ապա պիտի համագործակցեն համայնքի հետ՝ հաշվի առնելով բնակչության կարիքները, թիրախային խմբերը՝ օգնությունը հասցեական կազմակերպելու համար:
Բայց եթե ասում եք՝ ինչ-որ անանուն բարեգործ, ապա դա լուրջ չէ: Համայնքներին հատկացված օգնության մասին տեղեկացվում ենք մենք, որի մասին էլ իրազեկ ենք դարձնում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն ու հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին:
- Պարոն Պողոսյան, փորձենք գնահատել մարզի բնակիչների վարքն արտակարգ դրության պայմաններում: Ըստ Ձեզ՝ մարդիկ հետեւո՞ւմ են պարետատան, առողջապահության նախարարության կոչերին եւ հորդորներին:
-Արտակարգ դրություն հայտարարելուց հետո առաջին մեկ-երկու օրը ոչ լուրջ վերաբերմունքի դրսեւորումներ եղան:
Չեմ կարող ասել, որ հիմա իդեալական է այդ առումով: Բայց զգաստացան, պահի լրջությունը մարդկանց գերակշիռ մասը գիտակցեց, ինչի համար շնորհակալ ենք:
Միեւնույն ժամանակ հորդորում եմ, որ բոլորի մոտ լինի ողջամիտ անհանգստություն եւ ոչ թե խուճապ: Ավելի լավ է ողջամիտ հանգստություն, քան՝ անտարբերություն:
Յուրաքանչյուր ոք մի բան պիտի գիտակցի՝ տնից դուրս չգալով, մասնագետների եւ պատկան մարմինների խորհուրդ-պահանջները կատարելով՝ անձը ոչ միայն իրեն է ապահովագրում, այլեւ իր մերձավորին, ընկերոջը, հարազատին:
Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի