Հույս եւ անվերապահ հավատ. ահա՝ ինչ զգացողությամբ էին տասնյակ հիվանդներ ընդունելության եկել Գորիս ժամանած սրտաբան Կարեն Համբարձումյանի մոտ

26.11.2022 20:11
2805

Հայ-ճապոնական «Բեսթ-լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի գլխավորած բժշկական թիմը նոյեմբերի 26-ին հերթական այցն էր կատարել Գորիսի բժշկական կենտրոն:

Այս անգամ եւս հանդիպեցինք ճանաչված սրտաբանին ու զրուցեցինք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ:

***

-Պարոն Համբարձումյան, ուրախ ենք Ձեզ կրկին տեսնել Գորիսի հիվանդանոցում՝ Ձեր բուժառուների առողջությամբ մտահոգ:

Հաճելի է նկատել, որ շարունակում եք ակտիվ կապը Գորիսի հետ, թեեւ 2019-ին եք տեղի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնից տեղափոխվել Երեւան:

-Գորիսի բնակիչների հետ կապն ավելի ակտիվ կլիներ, եթե չբախվեինք 2020-ի եւ դրան հաջորդած ժամանակաշրջանի աղետալի դեպքերին:

Մենք ի սկզբանե պլանավորել էինք տարեկան երկու-երեք անգամ այցելել Գորիս, բայց…

Մեր մտադրությունները չեն փոխվել, ձգտում ենք օգտակար լինել սահմանապահ Գորիսի բնակչությանը:

-Քանիցս Ձեզ հանդիպել եւ զրույց ենք ունեցել, ու միշտ էլ խոսակցության առանցքում մարդկանց առողջությունն է եղել: Այսօր նույնպես այդ խնդրով ենք հանդիպման եկել, սակայն կուզենայինք նախեւառաջ իմանալ՝ ի՞նչ փոփոխություններ են կատարվել  մեր հարգելի բժշկի, սրտաբանի կյանքում վերջին երկու-երեք տարում՝ հատկապես մասնագիտական առումով. մեր նախորդ հանդիպումը, որքանով հիշում ենք, 2020-ի փետրվարի 1-ին էր:

-Մասնագիտական առումով բավականին փոփոխություններ են տեղի ունեցել…

Ես գլխավորում եմ Երեւան քաղաքի «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որը լավագույններից մեկն է մայրաքաղաքում, եթե ոչ ամենալավը: Կենտրոնը հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ բուժառուին եվրոպական կամ ամերիկյան մակարդակով օգնություն ցույց տալու համար:

Կենտրոնը, բացի սիրտ-անոթային բոլոր անհրաժեշտ գործողություններից ու միջամտություններից (բաց սրտանոթային վիրաբուժություն, առիթմոլոգիական ծառայություն, միջամտական սրտաբանություն, ախտորոշիչ կենտրոն), հագեցած է նաեւ հեմոդիալիզի բաժանմունքով, համակարգչային շերտագրմամբ, սոնոգրաֆիայի, դուպլեքսի եւ այլ հնարավորություններով:

Տեղայնացրել եւ կատարում ենք քրոնիկ փակ անոթների բացում  ինչպես անտեգրադ, այնպես էլ ռետրոգրադ տեխնիկայով, որն անգամ Երեւանում հազվագյուտ կենտրոններում է կատարվում:

-Մենք ազգովի երկու մեծ փորձություն (առնվազն) ապրեցինք՝ Արցախյան 3-րդ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ…

Ըստ Ձեր դիտարկումների՝ երկու այդ չարաղետ իրադարձություններն ի՞նչ անդրադարձ ունեցան մարդկանց առողջության վրա:

-Անշուշտ, այդ ամենը զգալի բացասական անդրադարձ է ունեցել…

Կորոնավիրուսի ժամանակ մենք ակտիվ աշխատանք ենք տարել, եւ հիմնական խնդիրը կապված էր անոթի պատի վնասման պատճառով հաճախակի հանդիպող մի երեւույթի հետ, որ բժշկական տերմինաբանությամբ կոչվում է դիսեկցիա (անոթի պատի շերտազատում), որը կարող է հիվանդի մոտ ինֆարկտի կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

-Գրեթե երեք տարի, վերը նշված պատճառներով, չեք այցելել Գորիս: Այդ դեպքում ինչպե՞ս եք ապահովել կապը Ձեր բուժառուների, Ձեզ  հավատացող հիվանդների հետ:

-Հիմնականում հիվանդներն իրենք են այցելել Երեւան՝ հետազոտությունների եւ գործողությունների, իսկ խորհրդատվությունները կատարել ենք հեռավար տարբերակով: Որոշ դեպքերում էլ տեղում անցել են համապատասխան հետազոտություններ, ու ստացված տեղեկություններն ուղարկել են ինձ՝ հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:

-Ավանդաբար, երբ Ձեր գլխավորած բժշկական թիմն այցելել է Գորիս, խմբում ընդգրկված են եղել ճանաչված բժիշկներ՝ այս կամ այն նեղ մասնագիտությամբ: Կարծում ենք՝ այսօր էլ մենակ չեք ժամանել Գորիս:

-«Բեսթ-լայֆ» բժշկական կենտրոնի թիմը՝ իմ գլխավորությամբ, լավագույն եւ փորձառու թիմերից մեկն է Հայաստանի Հանրապետությունում: Խմբում այսօր ընդգրկված են անոթաբան, սրտային վիրաբույժ, առիթմոլոգ եւ, իհարկե, սրտաբան:

-Ըստ  Ձեր ունեցած նախնական տեղեկությունների՝ քանի՞ այցելու եք ընդունելու այսօր: Եվ արդյո՞ք Ձեր տրամադրության տակ կան համապատասխան սարքավորումներ՝ հիվանդների ընդունելությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

-Մեզ հետ Երեւանից որոշակի սարքավորումներ ենք բերել, ու նաեւ Գորիսի բժշկական կենտրոնի միջոցներն ենք օգտագործում՝ իրականացնելու՝ բուժզննումներ: Եվ կարողանում ենք այդկերպ ապահովել բուժզննումների բարձր որակ:

Նախնական տվյալներով մոտ 60 հիվանդ պետք է զննենք, բայց վստահ եմ՝ բուժայցելուների թիվն ավելանալու է ՝ նկատի ունենալով նախորդ տարիների փորձը:

-Դեռեւս 2019 թ. հոկտեմբերի 5-ի մեր զրույցում  նշեցիք, որ Երեւանի «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը հանրապետության մարզերում բժշկական ծառայությունները բարելավելուն միտված ծրագիր ունի, կարողանո՞ւմ եք հետամուտ լինել այդ նպատակին:

-Մենք արդեն երկուստեք անդրադարձանք իրողությանը, թե վերջին տարիներին ի՞նչ փորձությունների միջով ենք անցել ազգովի: Այդ ամենն օբյեկտիվորեն եւ որոշակիորեն խոչընդոտել են մեր ծրագրերի իրականացմանը:

Եվ, այդուհանդերձ, շարունակել ու շարունակում ենք կյանքի կոչել որդեգրած գաղափարներն ու նպատակները:

-Դուք ծրագրել էիք Գորիսում  ներդնել (տեղի բժշկական կենտրոնի հետ) սիրտ-անոթային հիվանդությունների համար շատ կարեւոր մի հետազոտություն՝ հոլտեր մոնիթորինգ կամ 24-ժամյա ԷՍԳ հսկողություն: Ստացվե՞ց:

-Փա՜ռք Աստծո, այդ ծառայությունը Գորիսում հիմնվեց եւ գործում է նորմալ: Ու մի շարք հիվանդությունների գծով, այդ ծառայության շնորհիվ, հնարավոր է դարձել ախտորոշման հստակեցում եւ բուժման ավելի արդյունավետ կազմակերպում:

-«Բեսթ-լայֆ»-ը հայ-ճապոնական բժշկական կենտրոն է:

Ի՞նչ ասել է հայ-ճապոնական, արդյո՞ք այդ երկրի փորձը, ոլորտի նվաճումները, մեթոդները կարողանում եք ներդնել երեւանյան կենտրոնում:

Արդյո՞ք Ձեր կենտրոնի բժիշկները հնարավորություն են ունենում այցելել Ճապոնիա եւ տեղում ծանոթանալ նրանց փորձին:

-Առանց չափազանցության՝ դա ռեալ համագործակցություն է. մեր ճապոնացի գործընկերները նպաստում են ոչ միայն կենտրոնի մատուցած բժշկական ծառայության բարելավմանն ու զարգացմանը, այլ նաեւ ադմինիստրատիվ կառավարման լավարկմանը:

Այս տարի հուլիսին՝ մեր ճապոնացի գործընկերների շնորհիվ, «Բեսթ-լայֆ» բժշկական կենտրոնում էր աշխարհահռչակ միջամտական սրտաբան Ալֆրեդ Գալասին, ում հետ կատարեցինք մի շարք բարդ վիրահատություններ:

Փետրվարին էլ, դարձյալ մեր գործընկերների օգնությամբ, կատարեցինք Հայաստանում եզակի վիրահատություն՝ աորտալ փականի պրոթեզավորում՝ փակ եղանակով (TAVI):

-Նախորդ հարցազրույցներից մեկում փորձել էինք «վերծանել»  բուժառուների կողմից Ձեզ հավատալու եւ վստահելու գաղտնիքը: Ու որոշակի պատասխան էինք ստացել՝ համոզիչ, բայց… Այսօր նորից այդ հարցը հնչեցնելու կարիք առաջացավ, երբ հիվանդանոցի միջանցքում  հանդիպեցինք Կապան քաղաքի բնակիչ Կարինե Աղաջանյանին. հավատի, վստահության որքա՜ն մեծ պաշար կար Ձեր հանդեպ…

-Իսկապես, շատ կարեւոր է բժշկի հանդեպ հիվանդի վստահությունը, որը, կարծում ենք, աստվածատուր երեւույթ է:

Բայց եւ դա պայմանավորված չէ միայն բժշկի՝ հիվանդի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվությամբ: Ինքը՝ հիվանդն էլ գործնական շահագրգռվածություն պետք է ցուցաբերի իր առողջության պահպանման հարցում: Բժիշկն էլ պարտավոր է մշտապես հետաքրքրվել իր հիվանդների որպիսությամբ:

-Կուզենայի՞ք մեր զրույցի ավարտին ինչ-որ խոսք կամ հորդոր հղել Ձեր բուժառուներին, բոլոր նրանց, ովքեր սրտի հետ խնդիր ունեն:

-Շնորհակալ եմ Բարձրյալին՝ այս հնարավորության համար, որ կարողանում եմ մարդկանց օգտակար լինել:

Ինքս լինելով հայ քրիստոնյա եւ դաստիարակված լինելով քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքում, առաջնորդվում եմ աստվածաշնչյան հայտնի օրենքով՝ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց…»:

Իմ հորդորն է՝ պահպանեք ձեր առողջությունը, այլապես այն վերադարձնել-վերականգնելը շատ դժվար կամ անհնարին կլինի…

***

Կարեն Համբարձումյանի մոտ տասնյակ հիվանդներ էին այցելության եկել՝ սպասումներով, հույսով: Եկել էին ոչ միայն Գորիսի, այլեւ Սիսիանի ու Կապանի տարածաշրջաններից:

Ժամեր շարունակ հետեւում էինք ընդունելությանը եւ ընթացքում զրույցներ ունենում բուժայցելուների հետ:

Մեզ ամենից շատ հետաքրքրում էր հարցը՝ ինչո՞վ է պայմանավորված այն հավատն ու վստահությունը, որ սրտի հետ խնդիր ունեցող անձինք շարունակում են հույս կապել դեռեւս 2019 թվականից Գորիսից Երեւան տեղափոխված սրտաբանի հետ:

Հարցի պատասխանը, ըստ էության, ստացանք բուժայցելուների հետ զրույցներում, որոնցից երեքի խոսքը՝ ահավասիկ:

Արմեն Տատինցյան, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ

-Կարեն Համբարձումյանին ճանաչում եմ Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցից: Ժամանակին ինձ ստենտավորել է, եւ դրական արդյունք եմ ունեցել, 2017-ից մինչեւ հիմա բողոքներ չունեմ: Բայց եւ պարբերաբար գնում եմ Երեւան՝ «Բեսթ-լայֆ» բժշկական կենտրոն…

Տեղեկացել եմ, որ Կարեն Համբարձումյանը ժամանել է Գորիս, եկել եմ ընդունելության. լավ մարդ, գերազանց բժիշկ…

Ողջունում եմ «Բեսթ-լայֆ» կենտրոնի բժիշկների հերթական այցը:

Ալիսա Ենոքյան, Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր

-Հեռավորության եւ ֆինանսական պատճառներով հեշտ չէ պարբերաբար Երեւան գնալ…

Պիտի գնայինք Երեւան, բայց լսեցինք, որ Կարեն Համբարձումյանն է գալիս, ու որոշեցինք ընդունելության հերթագրվել:

Ողջունում եմ նրա այցը Գորիսի հիվանդանոց. տեսեք, թե որքան մարդ է ընդունելության եկել:

Այս այցի կազմակերպման գործում որոշակի ներդրում ունեն նաեւ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը եւ բաժանմունքի վարիչ Շողեր Թունյանը:

Նման այցելություններ շատ պիտի կազմակերպել:

Իսկ Կարեն Համբարձումյանի հանդեպ վստահությունն  այնքան մեծ է, որ քրոջս որդին Սիսիանից է Գորիս հասել:

Զոյա Բաղդասարյան, Գորիս քաղաքի բնակիչ

-Հինգ տարի առաջ՝ լուսադեմին, ամուսնուս մոտ սրտի  ուժեղ ցավեր էր առաջացել:

Նրան տեղափոխեցինք Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն: Այնտեղ մեզ ընդունեց Կարեն Համբարձումյանը եւ հետազոտություններից հետո կատարեց ստենտավորում:

Վիճակն այնքան լուրջ էր, որ  երկու ստենտ դնելուց հետո դրվեց նաեւ երրորդը:

Դա 2017-ին էր… Պարբերաբար կապ ենք պահպանում Կարեն Համբարձումյանի հետ: Ամուսինս, փառք Աստծո,  իրեն վատ չի զգում:

Ես ու ամուսինս լիովին վստահում ենք բժշկին եւ կատարում նրա բոլոր խորհուրդները, ինչն էլ դրական արդյունք է տալիս:

Այդ վստահությունն է այսօր մեզ բերել ընդունելության:

Աստված պահապան Կարեն Համբարձումյան սրտաբանին:

Շնորհակալություն նաեւ Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավար Դավիթ Մաշուրյանին, ով նույնպես ջանքեր է գործադրում նման օգտակար այցելություններ կազմակերպելու համար:

Կարինե Աղաջանյան, Կապան քաղաքի բնակիչ, տնային տնտեսուհի

-Կապանից եմ Գորիս հասել, այնքան եմ վստահում Կարեն Համբարձումյանին, որ նրա կողմից բժշկվելու համար մինչեւ աշխարհի մյուս ծայրը կգնամ…

2018-ին եմ հիվանդացել՝ սուր ինֆարկտ, ինձ տեղափոխել են Գորիսի սրտաբանական, այն ժամանակ Կարեն Համբարձումյանն էր գլխավորում կենտրոնը:

Մի քանի ժամվա կյանք էին տվել ինձ, բայց ինքը պայքարեց, ամեն ինչ արեց ու ինձ վերստին կյանք պարգեւեց…

Դրանից հետո միշտ կապի մեջ եմ եղել, երբ կարիք է առաջացել: Հարկ եղած դեպքում զանգահարել եմ եւ ինքը համբերատար պատասխանել է ու խորհուրդներ տվել:

Հետագայում ինձ ստենտավորեցին, ինքն էր: Վիրահատությունը ժամեր տեւեց, բայց երբ ավարտվեց, բոլորն ինձ շնորհավորում էին:

Պարզվում է՝ շատ ռիսկային էր վիրահատությունս, դրա համար էլ ինքն ամբողջ ընթացքում լուռ էր եւ լարված:

Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ երախտագիտություն եմ հայտնում Կարեն Համբարձումյանին, նաեւ նրա գործընկերներին. լավ ու հոգատար մարդկանցով համալրված կոլեկտիվ է:

 

Սամվել Ալեքսանյան

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03