Ի բնե ամուր և արվեստաշեն Կապանը

18.04.2024 14:57
540

Հատվածներ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» կոթողային գործից

11-րդ դ. վերջից 12-րդ դարի կեսերը Սյունյաց թագավորության նվազման ժամանակ իշխանական փայլով աչքի է ընկնում Բաղքի Համտունյանների տոհմը, որի մեջ առաջինը Մեծ Համտուն հորջորջվածն է, իսկ նրա որդի Հասանը 12-րդ դարի սկզբում կոչվում է «Բաղաց մեծափառ իշխան, որ իր ձեռքերի մեջ պահում էր թագավորության բոլոր ազատներին»: Սրա որդին և ժառանգորդը Համտուն Բ-ն է և մյուս որդին` Հովհաննավանքի Հովհաննես եպիսկոպոսը, ով և աշխարհի ավերման պատճառով գնաց Վայոց ձոր և կառուցեց հռչակավոր Նորավանքը, ուր և առանձնացավ նաև իր եղբայրը՝ Համտունը, հրաժարվելով աշխարհից, և «այնտեղ կրոնավորելով նույն վայրում վախճանվում է ՈՁ (1231) թվականին»(21):

Այլազգիները 1104թ. գրավեցին Սյունյաց թագավորության ամրոցը՝ մայրաքաղաք Կապանը (22) ու մի առ մի մյուս ամրոցները և ապա թագավորության հզորագույն ամրոցն ու ապաստարանը՝ Բաղաբերդը 1170 թ.:

Բայց թագավորը կանխազգալով՝ փախչում է իր հայրենի Խաչեն, որով և վերացավ, կամ ըստ պատմիչի, մարեց նաև հայկական հարստության այս ջահը, և երկիրը Սյունիքի մյուս գավառների նման կոխան և որս դարձավ օտարներին՝ չվայելելով ազատությունը, որ նվաճեցին նրանցից ոմանք՝ աշխարհակալ, աշխարհաշեն Զաքարյանները:

Բաղաց թագավորների իշխանության (որի սահմանները վերը հիշատակեցինք) ժամանակ, ըստ պատմիչի, կային 2000 կամ 1008 կամ ըստ այլ գրչագրերի ու Վարդան ավագագույն պատմիչի` 1400 գյուղ, 43 բերդ, որոնցից անվանի էին 12-ը և 48 վանք:

 

***

Ձորք-Կապանը եղավ վերջին խորհրդարանը Սյունյաց թագավորական տան և թերևս հայ թագավորների վերջին գահը բնիկ Հայաստանում: Բոլոր կողմերից շրջափակված է վերոհիշյալ գավառներով՝ սահմանակցելով Կովսականին՝ արևելքից, Բաղքին՝ հյուսիս-արևմուտքից, Ծղուկին՝ հյուսիս-արևելքից, Երնջակի Պելև տարածքին՝ արևմուտքից և Արևիքին՝ հարավից: Ամբողջ երկիրը լեռնային և անտառային մի հովիտ է Կապան գետի համար, որ Չավնդուրին է միանում աջից, որին և խառնվում է Կովսականի սահմաններում: Ունի իրեն միացող գետակներ՝ աջից՝ արևելյան կողմից՝ փոքրիկ [գետակ], ձախից՝ արևմտյան կողմից՝ երկարը, որ Գեղվաձորի գետակն է: Հյուսիսային կողմից Ծղուկի տարածքի մեջ մտնող Լորաձորի և Տաթևի լեռների թիկունքից ընդունում է ոչ քիչ վտակներ, որոնցով և քաջապես ճշմարտվում է գավառի Ձորք անվանումը: Գեղվա գետակի աղբյուրները Ղազանգյոլի նշանավոր լեռներում են, որոնք գտնվում են Ձորքի և Պելևի մեջտեղում, որից սկսած դեպ հարավ արևելախառն գնալով՝ հիշյալ տարածքի Գողթան գավառի մեջտեղում են Ձորք գավառի Հաջի դաղ [լեռը] ու բովանդակ Սյունիքի լեռներից բարձրագույնը, և, ինչպես կարծվում է, Հայոց երկրի բարձրագույն գագաթներից մեկը` Կապուջուղ կամ Ղափուջիղ (Կապուտջիղ) լեռն՝ իր որձաքար զույգ կատարներով՝ 12060 ոտնաչափ, որի հարավակողմում գտնվում է Այրայքալի (Արագլի՞) սրագագաթ լեռնասարը: Այսքան քիչ բան է ինձ հայտնի երկրի բնական դիրքի վերաբերյալ, որ հանքային և այլաբնույթ բարիքի չգոյության դեպքում իսկ արժանի էր քննության, գոնե տվյալ տարածքում տեղի ունեցած քաղաքական և ազգային անցուդարձի պատճառով՝ նկատի ունեմ Կապան քաղաքի և Բաղաբերդի ամրոցի` իբրև Սյունիքի թագավորների վերջին բնակարան և նրանց խլյակների մեծահռչակ գահ լինելը:

Աներկբայելի է, որ այս աշխարհի շինության և բնակության սկզբում Բաղակ նահապետը, որից է Բաղաց գավառի անունը, այստեղ հաստատեց կամ կառուցեց իր բույնը՝ Բաղակի քարի վրա, որ հետո Բաղաբերդ կոչվեց, և դարձավ վերջին ապաստանը Սյունյաց իշխանների: Եվ Չավնդուրի ամբողջ գոգահովիտը նրա տոհմին վիճակվեց: Այն հետո բաժանվեց երեք կամ չորս գավառի՝ Բաղք-Աճանան, Բաղք-Քաշունիք, Կովսական և Ձորք(69): Վերջինը՝ բոլորից փոքրը, մյուսներից ավելի մեծարվեց թագավորական գահով, շնորհիվ իր ամրությունների, մինչև որ հետնորդները Ձորքի արքաներ կոչվեցին, և նրանց ամուր քաղաքի պատճառով ամբողջ գավառը Կապան անվանվեց 11-12-րդ դդ. և մինչև այժմ էլ նույնպես է անվանվում՝ միայն թե աղավաղ Ղափան ձևով: Բայց այս անունով [գավառի] սահմաններն ընդարձակորեն ձգվում են Կովսականի և Չավնդուրի գետահովտի մեծ մասի վրայով, որ նշանակում է վերադարձ Բաղակի տոհմի վաղնջական սահմաններին:

Ստույգ հայտնի չէ, թե երբ են Սյունիքի թագավորներն իրենց աթոռը հաստատել գավառի ամրոցներում՝ Ծղուկի և Վայոց ձորի կողմերից տեղափոխվելով [այնտեղ], բայց հայտնի է, որ 11-րդ դարից մինչև 12-րդ դարի կեսն այնտեղ էին նստում նաև Սենեքերիմի ժամանակ` 1070թ., քանի դեռ «Կապանի գավառները շեն էին», ըստ պատմիչի, ով դրանով ճանաչում է ժամանակի Սյունյաց թագավորությունը՝ հիշատակված այն տասը գավառով և հինգ գավառին պատշաճող չորս բերդով, որոնք են Ծղուկքը, Ձորքը, Արևիքը և Կովսականը: Եվ ոչ մի տեղ չեն հիշվում Հաբանդը և Բաղքը, որոնց տիրում էին սկզբից: Եվ այդ թվականից հետո այլազգիները սկսեցին աստիճանաբար նվաճել գավառը և բերդերը ու ամենավերջում՝ 1170 թ., հզոր Բաղաբերդը, որից մի տարի առաջ իր հայրենի երկիր Խաչեն էր հեռացել վերջին արքան՝ Հասանը: Եվ այդ կողմերում իսպառ վերացավ Սյունիքի արքունական և արքունավայել իշխանությունը՝ անմոռաց թողնելով «Կապան» անունն իբրև հզոր վայրի խորհրդանիշ՝ նաև լեռների դժվարանցանելի կիրճերով, որոնցով հարկադրված են անցնել այդ տարածքով և Արևիքով երթևեկողները: Ու թերևս նեղ կածանների պատճառով բարձրագագաթ այն լեռն ըստ իմաստի Կապուտջուղ կոչվեց (Դռնակ), որովհետև ճանապարհներն անցնում են այն տեղով, ինչպես արձանագրել է տեղանքը հետազոտող մի անգլիացի գիտնական: Չգիտեմ, թե ինչպես էր հնում անվանվում, որովհետև պետք է որ այդպիսի բարձրությունն իր սեփական անունն ունենար: Թագավորության վերացումից հետո, մանավանդ երկրի՝ այլազգիներին ոտնակոխ լինելուց հետո, հայ իշխանները ևս հեռացան ուրիշ գավառներ, ուր տակավին խաղաղության մեջ էին ազգակիցները: Մերձակա գավառների նման Ձորքը նմանապես անցավ և ընկավ թուրքերի ու թաթարների բռնությունների տակ, որոնց սերունդները ցարդ սփռված են այս կողմերում: Բայց ինչպես նույն մերձակա գավառներում, այստեղ ևս անշեջ մնաց ազգության կրակի կայծը մինչև մեր դարը...

 

***

Բաղաց բերդն ապաստանի մեկ այլ օրինակ դարձավ 10-րդ դարի կեսին Սյունյաց վեհասիրտ Հակոբ եպիսկոպոսի (Հովհաննես Զ կաթողիկոսի եղբորորդու) համար, ով փախչում էր Անանիա Մոկացի կաթողիկոսից՝ իրեն պաշտպան ունենալով Բաղաց իշխան և այս բերդի տեր Ջվանշերին տասը տարի, մինչև իր մահը: Այս մասին լսելով` կաթողիկոսը եկավ Սյունիք և Տաթևի քանդված եպիսկոպոսարանը կառուցելու հրաման տալուց հետո «գնաց Կապան քաղաքը: Նրան ընդառաջ գնալով բանադրված Ջեվանշեր իշխանը՝ զղջումով խոստովանեց իր մեղքերը: Նույնպես և եկավ Սյունյաց գահընկեց իշխան Վասակը... և գեղեցիկ խոստովանությամբ մեղա եկավ: Այսպիսով միասին [կաթողիկոսից] իրենց հանցանքների համար ներում ստանալով՝ նրան տարան, իջեցրին Կապան քաղաքի արքունական գահույքի վրա» (78): Այնտեղ ձեռնադրեց Ջվանշերի որդի Վահանին Սյունիքի եպիսկոպոս և վերցնելով հավատարմության գիրը՝ գնաց: Այս խոսքից երևում է, որ այն ժամանակ Կապան քաղաքը լոկ Բաղաց իշխանի նստավայր էր և դրանից հետո Սյունյաց նահապետների ոստանը դարձավ, երբ հասան թագավորության պատվին, և մտածում էին այն դարձնել խաղաղ մի վայր, և, հիրավի, սրանից ավելի ապահով վայր չկար, որովհետև ոչ միայն զորավոր էր Բաղաց բերդը, այլև ինքնըստինքյան ամուր էր Կապանն ի բնե և արվեստաշեն, որի հանգամանքները փոքր-ինչ ներկայացնում է պատմիչը՝ խոսելով այլազգիների կողմից նրա մատնության և ավերման չարաշուք դեպքերի մասին 11-րդ դարի վերջին կամ 12-րդի սկզբին, [որ կատարվեց] Մելիքշահ սուլթանի սիրելիի՝ թուրքերի Չորթման ամիրայի քինախնդրությամբ. [բանն այն էր], որ երբ մի անգամ Սյունիքի Սենեքերիմ թագավորը նրա մոտ էր, այդ այլազգին աղաչեց նրան իր դստերը կնության տալ իրեն: Թագավորը չհամաձայնեց, այլ լռեցնելու համար նրա թախանձանքները, երեսանց խոստացավ, իսկ նա ստույգ համարելով՝ պահանջելով էր խնդրում: Եվ թագավորի կողմից մերժվելով՝ թշնամացավ, ապա Մելիքշահի և Բերկիարուխի մահից հետո՝ թափանցելով Սյունիքի սահմանները, սկսեց ավերել երկիրը, քանդել ամրոցները, և, ինչպես երևում է, սադրեց Գանձակի Փաթլուն ամիրային, և սրա հրամանով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանը (79) Առանի ամբողջ զորքով եկավ Բաղքի և Կապանի ամրոցների մոտ, և «խաբեությամբ հնարքով մտան ներս, և սպանելով Սենեքերիմ հայկազուն արքային... այնտեղ մարեց ճրագը (80): Ըստ Օրբելյանի՝ Գրիգոր Ապիրատյանը խաբվելով և հարկադրվելով (Փաթլուն) ամիրայից, որ նրան համոզում էր սիրո պատրվակով հրավիրել Սենեքերիմին և եթե չհամաձայներ՝ [սպառնում էր] կտրել Գրիգորի գլուխը: Եվ երբ թագավորը միամտաբար եկավ, «իր պայմանը դրժեց, մռլտոցով հարձակվելով թագավորի վրա՝ սպանեց նրան, իսկ ինքն անցավ-գնաց իր աշխարհը...: Եվ եկան մեծամեծերն ու [սպանվածի] որդիները, մեծ լաց ու կոծ արեցին նրա վրա և վերցրին-տարան Վահանի սուրբ վանքը և այնտեղ գերեզման դրեցին ուրիշ թագավորների շիրիմների մոտ»: Մոտ տասը տարի անց (1103), ավելացնում է նույն պատմիչը, «մի օր, երբ քաղաքացիներն անհոգ դրության մեջ էին, Տերը [կորստյան] մատնեց մարդկանց համար անառիկ Կապան քաղաքը. անիծյալ Չորթմանն իր վրեժը [լուծելու] համար անսպասելիորեն հարձակվեց քաղաքի վրա: Նախ՝ բազմաթիվ հետևակ ծերպամուտ ու քարագնաց զորականներ բարձրացան ապառաժոտ լեռան գլուխը և հեղեղատի մեծ հունով (81) իջան քաղաք, քանի որ այդ տեղը պարսպափակված չէր՝ մարդկանց մուտքի համար անհնարին լինելու պատճառով: Սկսեցին կոտորել Ջհտաթաղի կողմից, ապա բացեցին քաղաքի դարպասը, որ նայում էր Խնձորոգլխին: Բոլոր զորքերը մտան ու ջարդեցին, կոտորեցին ամբողջ բնակչությունն առհասարակ: Սակայն բերդի նկատմամբ ոչինչ չկարողացան ձեռնարկել և հետ դարձան իրենց տեղը: Ահա հենց սա եղավ այս աշխարհի ավերման սկիզբը, և այդ թագավորությունն օրըստօրե սկսեց թուլանալ և ապա վերացավ», որովհետև այլազգիները մի առ մի գրավեցին բերդերը և ամենավերջում` 1170 թ., «բոլորի ապավեն և ապաստարան անառիկ Բաղաբերդ ամրոցը մատնեց Իսմայելի անիծյալ ու գիշակեր մարդու ձեռքը, որը բազմաքանակ զորքերով եկավ, բայց չկարողացավ ոչինչ անել: Այնուհետև խաբեական խոսքերով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց, ու նրանց միջոցով նախ գրավեց Կկոց քարը (82), ապա գիշերը նույն մարդկանց միջոցով հափշտակեց և Բաղաբերդը, որը գրավելով սաստիկ կոտորած արեց: Եվ քանի որ այն անհաղթահարելի ամրություն ուներ, բոլոր վանքերից այնտեղ էին կուտակել սրբությունները, գրքերը, եկեղեցական սպասքները, առավելապես Տաթևի փարթամ ու հարուստ աթոռի անհամար և աննման սրբություններն ու եկեղեցական սպասքները, ոսկե և արծաթե խաչերը, հիշատակային իրերը՝ զարդարված անգին ակնեղեններով, անհամար մարգարիտներով: Այնտեղ ամբարված էին շատ կտակարաններ՝ թվով ավելի քան տասը հազար: Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիր ու ցան եղան երկրի երեսին... Ապա մինչ Տերը մեզ դատապարտեց ու կամենում էր օրեցօր ոչնչացնել, մյուս բերդերն ու ամրոցներն ինքնակամ հանձնվեցին Ելտկուզ աթաբեկին (83), և ամենուրեք տիրեց տաճիկը»(84): Բայց Սյունյաց թագավորների վերջին ժառանգներից Հասան Խաչենեցին, որ փեսայացել էր Գրիգոր թագավորի (+ 1166թ.) դուստր Կատային, բերդի գրավումից առաջ իր կնոջ հետ փախավ՝ ապահովություն գտնելով իր հայրենի Խաչենում: Թեպետ շատ չանցած աշխարհաշեն Զաքարյանները տաճիկներից «հերթով խլեցին աշխարհը՝ Կայենից մինչև Բաղաբերդ» և երկրի համար քիչ դյուրին չեղավ Օրբելյանների ժառանգորդության ժամանակ 13-րդ դարում: Բայց Կապանը և Բաղաբերդն այլևս չեն հիշվում, որովհետև երկրի ազատներն արքայազունների հեռանալուց հետո, ցրվելով գնացին տարբեր կողմեր՝ Համտունյաններն ու Մահևանյանները. Բաղաբերդի անունը մնաց և այսօր էլ մնում է լոկ իբրև վիճակ:

Ծանոթագրություններ

21. Օրբելյան, ԿԴ: Հայտնապես վրիպակներ կան թվերի մեջ, որովհետև սկզբից ասում է Հովհաննավանքում Հովհանն եպիսկոպոսի լինելու մասին ՇԾԴ (1105) թվին և նրա մահը դնում է ՈԿԳ թվին (1214), որ 110 տարի հետո է, իսկ եղբոր մահը՝ ևս 17 տարի հետո. բայց եպիսկոպոսը մահացել է հավանաբար 1164 թ., իսկ Համտունը՝ 1181-ին:

22. [Կապանը նվաճվեց 1103 թ. Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի հրոսակախմբերի կողմից. տե՛ս Գ. Գրիգորյան, նշվ. աշխ., էջ 207-208]:

69. Մեր հին պատմիչ Բուզանդը 4-րդ դարի երկրորդ կեսին հիշատակում է Ձորոց աշխարհի Գորութ իշխանին [Գ դպ., ԺԲ], որի անունը և նրան կից Գողթնյաց իշխանի հիշատակումը ենթադրել են տալիս, թե ակնարկը վերաբերում է այս գավառին, բայց քանի որ նրանց հետ հիշվում է նաև Կողբի իշխանը, հարկ է նրանց հետ այստեղ հիշված Ձորքը համարել Գուգարաց Ձորոփոր գավառը, թեպետ և չափազանց է թվում երկուսը միասին ընդարձակորեն աշխարհ անվանել: Ինչպես երկու տեղի Ձորք անունն անստույգ է դարձնում [անվան] հիշատակումը, նույնն էլ Կապանի [պարագան] է, որովհետև Փոքր Հայքում էլ համանուն քաղաք կա, և չգիտեմ, թե որտեղի՞ց էր Տիրանուն իմաստասեր վարդապետ Կապանեցին 11-րդ դարում [տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, թարգմանությունը, ներածությունն ու ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Եր., 1973, էջ 69, 118]:

78. [Օրբելյան, ԾԲ]:

79. Վարդանը (ԾԹ) և Մխիթար Այրիվանեցին Գրիգորի փոխարեն ասում են Գրիգոր Մագիստրոսի որդի Վասակ:

80. [Օրբելյան, ԾԲ]:

81. [«Եվ իջին ընդ մեծաւարի»] բառերի վերաբերյալ Ալիշանը ծանուցում է]. Այսպես է գրված գրքի օրինակներից մեկում. ինչը քննելի է, բայց, թվում է, մատնացույց է անում հեղեղատի հունը կամ ձորը և կամ ակնարկում է վարարուն և շատաջուր լինելը:

82. [Կկոց քարը կամ Կկվո քարը Բաղք (Ձորք) գավառի ամրոցներից մեկն էր: Այն գտնվում էր Բաղաբերդի մոտ, բարձր լեռան գլխին, Գիրաթաղ գետակի ձախակողմում. Կապանի շրջանում. տես Ս. Օրբելյանի «Սյունիքի պատմության» Ա. Աբրահամյանի ծնթ. 982, էջ 488-489]:

83. [Սա Շամսադդին Ելտկուզ աթաբեկն է, որն Իրաքի սելջուկյան սուլթանության աթաբեկներից էր: Ատրպատականում և այլ նահանգներում 1147թ. հիմնադրել էր Ելտկուզյան ամիրայությունը: Իշխել է 1147-75թթ.: Հայտնի է իր ասպատակություններով. տես Ա.Աբրահամյանի ծնթ. «Սյունիքի պատմություն», էջ 489, ծնթ. 985]:

84. [Օրբելյան, ԿԲ]:

Գրական հայերենի փոխադրումը` բանասիրական գիտությունների թեկնածու Հակոբ Քյոսեյանի

Հրապարակման խմբագրումը` Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցու)

Գրական հայերենի փոխադրման նախաձեռնությունը` «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի

 

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

04.12.2024 00:24

Նորաստեղծ լարային քառյակի առաջին բեմելը

03.12.2024 21:46

Սիսիանի համայնքապետը՝ համայնքային կազմակերպություններում

03.12.2024 21:26

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

03.12.2024 21:15

Կայացավ Քաջարան համայնքի ավագանու արտահերթ նիստը

03.12.2024 21:09

Հանրային քննարկում՝ Մեղրի համայնքի 2025 թ. բյուջեն հաստատելու վերաբերյալ

03.12.2024 21:04

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան

03.12.2024 18:43

Բռնի տեղահանցված արցախցիները Կապանում․ հարմարվելը դժվար է, հեշտ չէ, բայց փորձում ենք առաջ նայել»

03.12.2024 17:55

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 22 սմ-ով

03.12.2024 16:50

Օրվանը պատշաճող ցերեկույթ՝ կրթահամալիրում

03.12.2024 16:32

Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն հետաձգել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը․ Պեսկով

03.12.2024 16:25

Բեռնատարը փակել էր Տաթև-Լծեն ճանապարհը

03.12.2024 16:12