Հայաստանն ունի դատարան, եթե մարդիկ Արցախում թալանել են պետական բյուջեն, ամոթ նրանց, կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնեն, այլապես վատ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը
Մինչև 2025-ի մայիսի 21-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ն չի կարող լուծարվել
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները երկու ճանապարհ ունեն
«Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Պարոն Թովմասյան, Ձեր հրաժարականից և Արցախի կորստից հետո առաջին անգամ խախտում եք լռությունը:
-Գիտեք, որ առողջական խնդիրներ կային, հիմա լուծվել են խնդիրները, և, ինչպես խոստացել էի ձեզ տալ առաջին հարցազրույցը, պահել եմ պայմանավորվածությունը…
-Վերջին շրջանում ակտիվացել են ձեր պատգամավորները, սկսել են տարբեր հյուրանոցներում կազմակերպված փակ քննարկումների մասնակցել, պատգամավորների մի մասն էլ պնդում է, թե շարունակելու է իր գործառույթները իրականացնել նաև ՀՀ-ում: Որքանո՞վ է դա առհասարակ իրատեսական:
Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախի ժողովրդի քվե ստացած միակ, ընդգծում եմ, միակ լեգիտիմ կառույցն է, որը պետք է շարունակի իր աշխատանքները իրավական, քաղաքական, մարդասիրական և լրատվական ուղղություններում: Այսօր մենք չենք կարող ընդունել օրենքի նախագծեր, քանի որ Արցախի կառավարությունը չի աշխատում, բայց մեզ ընտրած հասարակությունը սպասելիքներ և պահանջներ ունի մեզնից:
Այո, մենք պետք է նիստ գումարենք, բայց մարդիկ չեն պատկերացնում, թե նախապատրաստական աշխատանքների համար ինչ է հարկավոր, մինիմալ պահանջներ կան: Բայց այս մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ ասել, որ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները երկու ճանապարհ ունեն հայտարարությունների և որոշումներ ընդունելու մասով: Առաջին ճանապարհը ուռա-հայրենասիրության ճանապարհն է, երկրորդը՝ ներկա իրողություններին համապատասխան ճանապարհն է: Ես հորդորել եմ մեր պատգամավորներին, որ ուռա-հայրենասիրության ճանապարհն այսօր ընդունելի չէ, որովհետև մենք այսօր կարող են վնասել դրանով ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև արցախահայությանը:
Մենք չենք կարող ինքնալուծարվել՝ ի տարբերություն կառավարությանը: Արցախի նախագահը կարող է լուծարել կառավարությունը մինչև հունվարի մեկը, բայց չի կարող լուծարել Աժ-ն, ըստ Արցախի Հանրապետության սահմանադրության՝ մենք ինքնալուծարման իրավունք չունենք:
–Դուք ասում եք, թե միակ լեգիտիմ կառույցն է Արցախի ԱԺ-ն, բայց բազմիցս քննադատվեց, որ Սամվել Շահրամանյանին 22 պատգամավորների կողմից նախագահ ընտրելուց հետո այդ կառույցը լեգիտիմ չէ: Արցախահայությունը հենց մեղադրում է այդ ընտրության մեջ Արցախի 22 պատգամավորներին:
-Առաջին հերթին մեկ թեկնածու կար: Ես Սամվել Շահրամյանին շատ մոտիկից չեմ ճանաչում, բայց նա միակ թեկնածուն է, որի անցյալն ուսումնասիրել եմ, նա թալանի մասնակից չէ, քչով բավարարվող մարդ է, անտիռետինգ ունեցող մարդ է…
-Եվ Ձեր նշած այս գործոններով պայմանավորվա՞ծ 22 պատգամավոր ընտրեց նրան:
–Իսկ Արցախի Հանրապետությունն առանց նախագահ մնա՞ր…
-Պարոն Թովմասյան, իրականում ի՞նչ կատարվեց: Ամեն ինչ կարծես սկսվեց Ձեր հրաժարականով, ապա հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը և գործընթացները սկսվեցին շատ արագ զարգանալ:
–Իմ հրաժարականի պատճառը հիվանդությունն էր: Մի մասը գալիս էր, ասում՝ պետք է գնանք Հաակարի կամուրջ, ասում եմ՝ ճիշտ եք ասում, մյուսը գալիս էր, ասում՝ չպետք է գնանք, ասում էի՝ դու էլ ես ճիշտ ասում, ամեն մարդ իր աշխատանքով չէր զբաղված…
–Այսինքն՝ Արցախը կորցրին, որովհետև ամեն մարդ իր գործով չէր զբաղվա՞ծ;
-Արցախը մենք կորցրին 2020թվականի նոյեմբերին…
-Ձեր պատգամավորների մի մասն էլ առաջարկում է վտարանդի կառավարություն ձևավորել:
–Դեռ մենք մեր գործերն անենք: Կքննարկենք, եթե մեծամասնությունը այդպես գտավ, թող անեն: Բայց մենք դեռ շատ հարցեր ունենք, որոնց պատասխաններն այս պահին չունենք:
Հիմա Արցախի ԱԺ-ն պետք է լուծարվի հունվարի մե՞կին:
-Ո՜չ, մինչև 2025-ի մայիսի 21-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ն չի կարող լուծարվել:
-Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է անեն Արցախի ԱԺ պատգամավորներն այստեղ, որ չի արվում:
-Ինչպես նշեցի, Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունքը, կորցրած գույքի իրավունքը, մշակութային ժառանգության պահպանության հարցերը պետք է բարձրաձայնել: Հայաստանում շատ լավ էր աշխատում Եղիշե Կիրակոսյանի խումբը, նրանք աշխատանքներ են իրականացնում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ և ոչ միայն:
Մենք պետք է ՀՀ Աժ մեր գործընկերների հետ հանդիպենք, մշտական հանձնաժողովների նախագահների հետ պետք է քննարկումներ ունենանք: Հիմա ԱԺ նախագահի պաշտոնակատարը ԱԺ փոխնախագահն է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում ՀՀ-ում մինչև վերջին բռնի տեղահանումը ՀՀ-ում, բնակվում էր 21.000 արցախահայություն:
Նրանց երեխաների ուսման վարձերը փոխհատուցվում էր Արցախի Հանրապետության պետական բյուջեից: Այսօր այդ հարցը դեռևս լուծված չի՝ ի տարբերություն 2023 թվականի սեպտեմբերի վերջի տեղահանվածների: Սա պետք է մտահոգի՞ մեր պատգամավորներին, թե ոչ: Այո, գտնում եմ, որ պետք է մտահոգի: Այդ նույն խավին Արցախի պետական բյուջեից յուրաքանչյուր անձին 40.000-ական դրամ բնակվարձի համար:
Վերջին անգամ այդ վճարը կատարվել է 2023-ի մայիսին, որն այժմ ընդգրկված չէ ՀՀ 40+10 ծրագրի մեջ: Միասնական, այս 130.000 բռնի տեղահանվածներն իրավունք ունեն կորցրած գույքի փոխհատուցման: Մոտ երկու տասնյակ հազար մեր հայրենակիցներ արդեն ՀՀ-ում չեն, սա 2020-ից տեղահանվածներն են ավելացած նաև վերջինը: Արցախի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծրագիր կար, որով զոհվածի ընտանիքը բնակարան էր ձեռք բերում ՀՀ-ում: Դրանք 2023-ին բռնի տեղահանվածներն էին, որոնց երեխաները Եռաբլուրում էին և իրենք ցանկանում էին Հայաստանում ապրել:
Այդպիսի ընտանիքները 200-ն էին: Մի մասը ստացել էր սերտեֆիկատ և իրացրել այն, մյուսը մասը՝ դեռ ոչ, թեև քիչ մասն է մնացել: Եվ պարզ չէ ծրագրի իրականացման ճակատագիրը: Ավելին, բանկերն արդեն իսկ ահազանգում են այդ ընտանիքներին ամսական մայր գումարի և տոկոսադրույքների վճարման համար, որը նախկինում վճարվում էր Արցախի պետական բյուջեի հաշվին:
Բռնի տեղահանված արցախահայերի թոշակառուների հարցը պետք է մտահոգի՞, թե ոչ, 100.000-ական դրամները մի քանի հազար մարդ չի ստացել և այլ հարցեր, որոնք պե՞տք է մտահոգեն Արցախի պատգամավորներին, թե ոչ… իհարկե պետք է մտահոգեն։
–Արդյոք փորձել եք այս հարցերը ներկայացնել ՀՀ իշխանությունների՞ն:
-Հիմա բարձրաձայնում եմ, ես համոզված եմ, որ նրանք ընթերցելու են: Նորից եմ ասում, բազմաթիվ հարցեր կան, և հարցերը միայն քաղաքական չեն: Արցախահայության 97 տոկոսն արդեն սկսել է ծանր պայմաններում հայտնվել, և պատճառներից մեկը բնակարանների վարձերի բարձրացումն է, և սա է պատճառը, որ մեր հայրենակիցներից շատերը թողնում-գնում են Ռուսաստան, եվրոպական երկրներ: Նրանց թիվը անցել է 10 հազարից: Եվրոպական երկրներ, իհարկե, գնում է ունևորները: Թեև ես համոզված չեմ, որ նրանք կարող են երկար մնալ Ռուսաստանում:
-Վերջերս Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էր, որտեղ արցախցիները մասնավորապես, ասում էին, որ բազմաթիվ պաշտոնյաներ հարստացել են Արցախի հաշվին, վերցրեք նրանք ձեռքից շքեղ առանձնատներն ու հյուրանոցները և դրա գումարը բաժանեք կարիքավոր արցախցիներին:
Արցախի ժողովրդի 97 տոկոսը դրա հետ կապ չունի, 3 տոկոսը կարող է կապ ունենալ դրա հետ։ Հայաստանն ունի դատարան, եթե մարդիկ թալանել են պետական բյուջեն, ամոթ նրանց, և կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնեն, այլապես վատ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, քանի որ ժողովուրդը պոռթկալու է: Խոսքը միայն Հայաստանի մասին չէ, Արցախի դատախազությունում էլ կային քրեական գործեր, թող դրանով էլ զբաղվեն:
Այսինքն՝ կարծում եք, որ Արցախի պաշտոնյաները, մասնավորապես, Ազգային ժողովը, պետք է շարունակեն իրենց գործունեությունը:
Այո, որովհետև Ազգային ժողովը լուծարված չէ, և չի կարող ինքնալուծարվել: Կան բազմաթիվ չլուծված հարցեր. վերադարձի իրավունքի, կորցրած գույքի, մշակութային ժառանգության պահպանման հարցերի մասով ո՞վ պետք է բարձրաձայնի, եթե ոչ Արցախի ԱԺ-ն:
Օրերս հայտնի դարձավ, որ գերիների, այդ թվում Արցախի առաջնորդների հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել նրանց գտնվելու վայրի, առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ է Ձեզ հայտնի, ի՞նչ վիճակում են նրանք գտնվում, արդյոք հնարավոր է լինում կապ հաստատել, արդյոք Բաքվի բանտերում խոշտանգման չեն ենթարկվո՞ւմ նրանք:
Ես ձեզնից մի քիչ եմ ավել տեղեկացված, գիտեմ, որ հեռախոսազանգերով կապվում են իրենց ընտանիքների հետ, խոշտանգումների մասին որևէ բան չեն ասել:
Հնարավոր համարո՞ւմ եք Արցախ վերադարձը միջազգային երաշխիքների դեպքում, որովհետև Ադրբեջանն էլ անընդհատ խոսում է, որ ոչ ոք արցախցիներին չի ստիպել հեռանալ:
Վերադարձի իրավունքի մասին մենք պետք է բարձրաձայնենք: Եթե միջազգային երաշխիքներ լինեն, կուսումնասիրենք, հետո կասենք՝ կվերադառնան, թե ոչ: Բայց առանց միջազգային երաշխիքների՝ այնտեղ վտանգված է որևէ քաղաքացու ապրելու և կյանքի իրավունքը:
Ալիևը հայտարարել է, որ իրենց պատերազմ պետք չի, քանի որ հասել են իրենց նպատակներին:
30 տարի առաջ էլ մենք էինք գտնում, որ հասել ենք մեր նպատակներին:
Դուք՝ որպես Արցախի պաշտոնյա, տեղյակ եղե՞լ եք Արցախի լուծարման տեքստին:
Մեկ բառով ասեմ՝ ոչ: Նույնիսկ, որ այստեղ հավաքվել են, ինչ չեն հրավիրել: