Իմ Ռոբերտ Ամիրխանյանը

28.02.2019 12:38
1039

Նախախնամության կամոք անցյալ դարի 70-ական թվականներին  ծանոթացել եմ մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի  հետ  եւ  արդեն մի քանի տասնյակ տարի է՝  ընտանիքիս, զավակներիս հետ  վայելում ենք  նրա  շռայլ ընկերությունն ու բարեկամությունը: Այդ տարիներին  բազմաթիվ հանդիպումների  ընթացքում  ինձ համար  բացահայտել  եմ  երաժշտությունից  «դուրս», երաժշտությունից  «անդին» մեծ արվեստագետից  ոչ պակաս մեծանուն անհատին: Այս մասին իմ փոքր շրջապատում անթաքույց հպարտությամբ պատմել ու պատմում եմ  մի այնպիսի ոգեւորությամբ, կարծես նրա այդ արժանիքների մեջ  ես էլ ինչ-որ ներդրում ունեմ:

Ի վերջո համարձակվում եմ այս մասին մտորումներս, մեր հանդիպումներից հիշողությանս մեջ մնացած առավել հետաքրքիր դրվագները լրագրային մանրապատումների տեսքով ներկայացնել «Սյունյաց երկիր» թերթի ընթերցողներին:

***

Գորիսում լինելիս երբեմն հյուրընկալվում էր մեր երկու սենյականոց համեստ բնակարանում: Այդպիսի մի օր՝ օգոստոս ամսին, առավոտյան շատ վաղ արթնացա եւ նրա մահճակալը դատարկ տեսա: Գիտեի, որ վաղ արթնանալու սովորություն ունի:  Սովորաբար իջնում էր բակ եւ այնտեղ գտնվող մշտահոս աղբյուրի սառը ջրով լվացվում: Աղբյուրը երեւում էր պատշգամբից: Այնտեղ չէր: Արագ հագնվեցի եւ իջա: Մեր քաղաքում մի այլ սիրած վայր էլ ուներ. գնում էր դեպի Գորիս  գյուղին նայող քարափը եւ այնտեղից երկար ժամանակ դիտում նույնիսկ տեղացիներիս համար երբեք սովորական չդարձող հրաշալի տեսարանը: Չէի սխալվել: Անցել էր ձորապռնկին գտնվող բացօթյա սրճարանի տարածք  եւ մի տարեց կնոջ հետ կանգնած զրուցում էր: Քիչ ուշացումով էլ ինքն նկատեց եւ անցնելով  սրճարանը փողոցից բաժանող  ցածր ցանկապատի վրայով ՝ շարժվեց դեպի ինձ: Չգիտեմ ինչու, հարցրեցի՝ ի՞նչ էիք զրուցում: Ասաց՝ չէինք զրուցում, կռվում էինք: Ես հարցական նայեցի նրան: Շարունակեց. 

- Ես անցել էի սրճարանի տարածք, երբ նա մոտեցավ եւ հայտարարեց, որ ինքն այդ սրճարանի պահակն ու հավաքարարն է, եւ որ ես պետք է «փասափուսես հավաքեմ»: Ես էլ ասացի, որ սրճարանն արդեն իմն է, գնել եմ: Ինքն էլ զարմացավ, թե ինչու իրեն այդ մասին չեն ասել: Հետո եկար դու եւ խանգարեցիր: Երբ մոտեցանք մեր տանը, ասաց. 

- Արի քեզ մի լավ բան ցույց տամ:   

Բազմաբնակարան շենքը, որտեղ ես ապրում էի, երկու հարկի բարձրությամբ կամարով բաժանվում էր  հավասար մասերի: Նա ինձ տարավ այդ կամարի տակ եւ գլխով դեպի վերեւ ցույց տվեց: Առաստաղին մոտ, պատի վրա կարմիր ներկով խոշոր գլխատառերով գրված էր՝«Երջանկություն եմ ուզում»: Ոչինչ չասացի: Երբ շարժվեցինք, ավելացրեց. 

- Միայն սիրահարված մարդը կարող Է նման բան գրել: 

Ինչ-որ ձեւով արձագանքելու համար ասացի՝ սենտիմենտալ է: Ասածս հավանաբար նրան դուր չեկավ: Բավականին ժամանակ լռելուց հետո չգիտեմ՝ հարցրե՞ց, թե՞ բարձրաձայն մտածեց.

- Սենտիմենտալ լինելն այդքան վա՞տ բան է: Բա առանց սենտիմենտի ինչպե՞ս կստեղծվի պոեզիան, մեղեդին: 

Սիրելի Ռոբերտ, ներիր, եթե ակամայից վիրավորել եմ քո լսողությունը:   

Վաղուց այդ շենքում չեմ ապրում, բայց քաղաք իջնելուց անպայման անցնում եմ այդ կամարի տակով: Քո գտածոն  դեռ այնտեղ է՝ «Երջանկություն եմ  ուզում»…

***

1978 թվականին «Մոսֆիլմը» վավերագրական ֆիլմ էր նկարահանում մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի եւ գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մասին: Ֆիլմի ռեժիսորը Ռոբերտին նվիրված  նկարահանումների համար  փնտրում էր մի տարածք, որը պետք է լիներ  զուտ հայկական եւ միաժամանակ խիստ կուսական տպավորություն թողներ հանդիսատեսի վրա: Որպես այդպիսին առաջարկեցի իմ հայրենի Խանածախ  գյուղի մոտակայքում գտնվող «Անապատի ձորը»: Այդտեղ զանգեզուրյան բրգաձեւ սրագագաթ ժայռերը, տասնյակ տոննանոց քարե գլխարկով հարյուրավոր սնկերը կարող էին հենց  այդպիսի տպավորություն ստեղծել: Իր գեղեցկությամբ մեր անապատն ամերիկյան հայտնի Մակենայի կիրճին  կարող է զիջել թերեւս միայն չափսերով:

Մայիսի կեսերին ֆիլմի ստեղծագործական խմբի հետ մեկնում ենք այնտեղ: Կիրճից մոտ 2-3 կմ հեռավորության վրա իջնում ենք: Ճանապարհի մնացած մասն անցնում ենք ոտքով: Հասնելով կիրճ իջնող արահետին՝ կանգնում ենք լուրջ խնդրի առջեւ: Պարզվում է, որ խմբի առանցքային անդամներից մեկը՝ մի մարմնեղ կին,  սարսափի հասնող վախ ունի բարձրության նկատմամբ: Հետ դառնալ՝ նշանակում է կորցնել ամբողջ օրը: Առաջին մեկ-երկու քայլից հետո նա ուղղակի փլվեց: Մեկը խորհուրդ տվեց փակել աչքերը, բայց այդ խորհրդի կարիքը չկար. նա վաղուց էր դա արել եւ հավանաբար բացելու էր կիրճի հատակին հասնելուց հետո: Ինչեւէ, խմբի երիտասարդ անդամներից երկուսը մտան նրա թեւերի տակ, եւ սկսեցինք վայրէջքը: Ես եւ Ռոբերտն օպերատորներից մեկի հետ առաջացանք: Մոտ կես ժամ անց կիրճի հատակով հոսող առվակի մոտ էինք: Մեր եռյակն ավելի շուտ կարող էր տեղ հասնել, բայց օպերատորը հընթացս նաեւ նկարահանումներ էր կատարում: Չսպասելով խմբի մնացած անդամներին, մենք սկսեցինք բարձրանալ կիրճն ի վեր: Յուրաքանչյուր 10-15 քայլից հետո գեղեցկությամբ նախորդին  գերազանցող նոր տեսարան էր բացվում, այնպես որ օպերատորն աշխատում էր «քափ ու քրտինքի» մեջ:    

Մոտենում էր ժամը 12-ը, բայց արեւը, որ մեր թիկունքից էր, նոր-նոր էր հպվում ժայռերի արանքներում  մատղաշ կանաչով  պատված թեքություններին, որոնցից մեկի վրա միայն իրեն  հայտնի կածանով բարձրացել եւ արածում էր ոչխարի հոտը: Չգիտեմ ինչու, Ռոբերտը հանկարծ բարձր ձայն հանեց, գոռաց: Նույն ակնթարթին հոտի բոլոր կենդանիները, առանց բացառության,  բարձրացրին  գլուխները եւ թեքվեցին դեպի ձայնը: Մի քանի հարյուր զույգ աչքեր անդրադարձրին  արեւի լույսը եւ մնացին քարացած: Հսկայական լուսանկարի տպավորություն ստեղծվեց: Օպերատորն ափսոսաց, որ չհասցրեց ֆիքսել այդ հրաշալի պատկերը: Ես հանգստացրեցի նրան եւ հորդորեցի պատրաստ լինել ու հետեւել իմ ազդանշանին՝ չնայած համոզված չէի իմ  ձեռնարկման հաջողությանը: Նա թերահավատորեն, բայց այնուամենայնիվ  նկարահանող սարքն ուղղեց դեպի ոչխարի հոտը եւ աչքի պոչով  սկսեց հետեւել ինձ: Մեկ- երկու րոպեից ոչխարի հոտը  «վերադարձավ» ընդհատված գործին: Ես նշան արեցի  Ռոբերտին եւ նա նորից գոռաց: Ոչխարները նորից բարձրացրեցին գլուխները: Օպերատորը, առանց սարքն անջատելու, այն դանդաղ  պտտեց եւ Ռոբերտին էլ  առավ կադրի մեջ: Գործն արված էր: Եվ չնայած դրան, այս խաղն այնքան էր դուր եկել Ռոբերտին, որ նա 3-4 րոպեն մեկ  կրկնում էր այն: Ոչխարը՝ ոչխար, բայց դե շուտով նրանք էլ հարմարվեցին  այդ ձայնին եւ այլեւս ուշադրություն չէին դարձնում: Օպերատորը հրճվում էր: Հայտարարեց, թե քիչ առաջ նկարահանեց  իր կյանքի  ամենահետաքրքիր կադրերը: Չգիտեմ ինչու ֆիլմի ռեժիսորը  չէր բաժանել նրա այդ կարծիքը.  ոչխարների կադրն այդպես էլ տեղ չէր գտել ֆիլմում:   

Վերադառնում ենք հիմնական խմբի մոտ: Այդտեղ միանգամայն այլ մթնոլորտ է: Բոլորն ընկճված ու հոգնած տեսք ունեն: Ռոբերտի հետ նախ մոտեցանք բարձրությունից վախեցող կնոջը: Միայն այդ ժամանակ իմացա, որ ֆիլմի ռեժիսորն է: Ռոբերտը հայտնում է, որ հրաշալի կադրեր են նկարահանել, մոտ 35 րոպեի ժապավեն ունեն, իսկ ես էլ դիմելով խմբի մնացած անդամներին, իմ մեթոդներով եմ փորձում բարձրացնել նրանց տրամադրությունը: Նախ հայտնում եմ, որ գյուղ ոտքով չենք գնալու, ինչպես ասել էի մինչեւ վայրէջքն սկսելը: Մեքենաները  մեզ սպասելու են կիրճի լայնացող մասում, որը մեր գտնվելու վայրից ընդամենը 200 մետր է հեռու: Հենց այնտեղ էլ մեզ սպասում  է նախաճաշի եւ ճաշի առատ սեղան:  Վերջում էլ հարցնում՝ կրակի հոտը չե՞ք զգում: Խոսքերս սպասելիքներս արդարացրին: Նրանցից մեկը սրամտում է՝ կրակի հոտը զգացել ենք, խորովածի հոտը չենք զգում:   

- Խորովածի հոտն էլ կզգաք, հենց որ մեզ նկատեն: 

Առվակի մոտով մի քանի կեռման անցնելուց հետո կիրճը բավականին լայնանում է, արեւն առավել լավ է լուսավորում, երեւում են մեզ սպասող մտերիմներս: Քիչ անց նրանք էլ մեզ են նկատում. այնտեղ փոքր իրարանցում է սկսվում: Եվս մեկ-երկու րոպե, եւ զգում ենք խորովածի անուշ հոտը:   

Գյուղ հասնելուց, հանգստանալուց հետո երեկոյան  նկարահանող խումբը վերադառնում է Գորիս, իսկ ես ու Ռոբերտը մնացինք գիշերելու գյուղում:   

Հետագայում առիթներ եղան, եւ մենք մի քանի անգամ էլ եղանք իմ հայրենի Խանածախում:                                                                   

***

Գորիսում Կոլյա Բաղդագյուլյանին  (Կոլաման) լավ են ճանաչում: Աստված նրան շնորհներ տալուց  ժլատություն չի արել. նա տաղանդավոր բանաստեղծ է, հրաշալի երգում է, լավ էր կատարում հատկապես Շառլի երգերը, ինքն էլ ուներ հաջողված երգեր, իսկ թղթախաղի շատ  ձեւերում հավասարը չուներ: Ծանոթացել էինք Ակսել Բակունցի  տուն-թանգարանում, որի մշտական այցելուներից էր: Ճանաչելով հանդերձ, համաքաղաքացիներից շատերը կարծում էին, թե նա ավելի շատ բացասական  վարք ու բարք ունի, քան հակառակը: Վկայում եմ, որ դա այդպես չէր: Չէր ծխում, ոգելից խմիչքներից կիլոմետրերով հեռու էր, իսկ, այ, լիմոնադ շատ էր սիրում: Մի անգամ նրան առաջարկեցինք  լիմոնադի հետ քիչ գինի խառնել: Չկարողացանք համոզել: Գտնում էր, որ այդ դեպքում  երկու ըմպելիքն էլ կկորցնեն իրենց համն ու հոտը: Երեւի ինքը ճիշտ էր: Համենայն դեպս նա այդպիսին էր երիտասարդության տարիներին:   

Առիթ եղավ, եւ նա էլ ծանոթացավ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Մաեստրոյի խնդրանքով  երգեց. սկզբում՝ Շառլ Ազնավուր, այնուհետեւ կատարեց նաեւ իր երգերից, կարդաց բանաստեղծություններից: Անհամբերությամբ սպասում էինք, թե ինչ կասի  մաեստրոն, սակայն նա իր կարծիքը յուրօրինակ ձեւով արտահայտեց: Որոշ ժամանակ լռելուց հետո անսպասելի  հարցրեց.   

- Կոլյա, կոնսերվատորիայում կսովորե՞ս:   

Մենք մեր ականջներին չէինք հավատում: Կոլյան, ով նույնիսկ չէր անցել  երաժշտական դպրոցի կողքով, իսկ առանց երաժշտական կրթության դա անհնար էր, առաջարկ է ստանում  դառնալ այն ժամանակ Խորհրդային Միության լավագույն կոնսերվատորիաներից մեկի  սան: 

Սովորեց միչեւ երրորդ կուրսի առաջին կիսամյակի վերջը, ու ինչպես անսպասելի ընդունվել էր, այնպես էլ անսպասելի անհետացավ:  Հետո իմացանք, որ մեկնել է Ռուսաստան:  Հետագայում մեր բազմաթիվ  հանդիպումների ժամանակ մաեստրոն  հաճախ էր հարցնում՝ ի՞նչ եղավ Կոլյան: Ամեն անգամ այս հարցը լսելուց ակամայից հիշել եմ Վանո Սիրադեղյանի հրաշալի պատմվածքի  վերնագիրը՝ «Ափսոս էր տղան»:   

Ասում են՝ Աստված մարդուն շնորհներ է տալիս, բայց դրանք տնօրինելու, պահպանելու, զարգացնելու իրավունքը վերապահում է միայն անհատին…                                                                   

***   

Մեր առաջին հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ դասական երաժշտություն չեմ հասկանում: Նայեց ինձ: Այդպիսի բան չկա: Քո ասած այդ երաժշտությունը բոլոր շնչավորներն են զգում, նույնիսկ բույսերը: Եթե հնչելուց ցանկություն չի առաջանում անջատել, լռեցնել այն արձակող սարքը՝ ուրեմն հասկանում ես:                                                                   

***

Մտավորականներից շատերը, երբ խոսք է լինում  մեր երկրամասի՝ Սյունիքի մասին,  ասում են հեռու է… Նման կարծիք ունեցողներից շատերն էլ  Արցախի տեղն իմացել են միայն ազատագրական շարժումից հետո: Ռոբերտ Ամիրխանյանն  այն եզակի մտավորականներից է, որ մեր երկրամասերի հետ կապված է շատ վաղուց եւ կապված է ամուր թելերով: Դեռեւս խորհրդային տարիներից սկսած նրա ամենամյա համերգներն Արցախի եւ Զանգեզուրի մեծ ու փոքր դահլիճներում  սովորական էին: Նա հեղինակել է Սիսիանի, Գորիսի օրհներգերը: Բազմաթիվ մտերիմ ընկերներ ունի Կապանում, Մեղրիում, Գորիսում, Սիսիանում: Իսկ Արցախի եւ արցախցիների հետ մի առանձին սիրով է կապված ու այդ սերը փոխադարձ է, որի վկայագիրը  երեւանյան բնակարանի նրա աշխատասենյակի պատին է՝ արցախյան տատիկ-պապիկի  հայտնի արձանի պատկերով ձեռագործ գորգի  տեսքով եւ՝ «Ռոբերտ Ամիրխանյանին՝ Արցախից, 1983թ.» ընծայագրով: Հավանաբար  այդ երկրամասերում նրա հաճախակի  լինելն  է պատճառը, որ երկրպագուներից շատերը կարծում են, թե մաեստրոն արմատներով  Սյունիքից կամ էլ Արցախից է: Դե ինչ, թող այդպես կարծեն, դա մաեստրոյի համար հաճելի է, իսկ  մեզ համար՝ պատիվ:                                                                       

*** 

Անգլիական մի հեքիաթ կա: Չար արքան հրաման է արձակում՝ իր թագավորությունից  արտաքսել բոլոր սոխակներին եւ թույլ չտալ այլեւս  վերադառնալ: Արքայական հրաման է, ո՞վ  կհամարձակվեր ընդդիմանալ:   

Օր ծերության արքան փոշմանում  է  իր արարքից: Նոր հրաման է արձակում՝ մեկ շաբաթվա  մեջ գտնել, վերադարձնել  թռչուններին:   

Հրամանի հաջորդ օրը թագավորը զարթնում է սոխակի դայլայլից: Զարմանքով հարցնում է երգի արքային՝ ինչպե՞ս  իմացավ հրամանի մասին եւ հետո՝ ինչպե՞ս վարձահատույց լինի  պատճառած տառապանքների համար: Թռչունը պատասխանում է, որ սրտի խոսքը  սրտով են լսում, իսկ իրեն նորից լսելու նրա ցանկությունն արդեն  ինքնին  վարձահատույց  լինել է:   

Մեր ժողովուրդը Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը սրտով է լսում: Մի պահ պատկերացրեք, թե չլիներ նրա երաժշտությունը, չլինեին նրա «Հայի աչքերը», չլինեին  հայրենիքին, սիրուն  նվիրված նրա երգերը… Դա կլիներ նույնը, թե չլիներ  Արարատը, Սեւանը, դա կնշանակեր, որ հայ մարդու հոգեւոր կյանքը կիսատ է: Համենայն դեպս ես  զորու չեմ նման բան պատկերացնել: Համոզված եմ, որ ինձ նմանները հազարներ են:   

Ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ գնահատական տալ անհատի ձեւավորման, կայացման գործում երգ-երաժշտության դերակատարմանը, բայց գիտեմ, որ այն մարդուն դարձնում է ավելի բարի ու սիրող: Յուրաքանչյուր  ոք դա կարող է ստուգել իր վրա:  Իմաստունն ասում է . «Ապրիր երաժշտությամբ, նա երբեք չի լքի եւ ցավ չի պատճառի»:    

Խոսելով Եղիշե Չարենցի պոեզիայի մասին, Վարպետն ասում է. «Հայ բառերով այդպիսի  բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից»: 

Իսկ դուք գիտե՞ք «հայրենասիրության տեսակետից» հայ մարդու  սրտի ու հոգու հետ խոսող առավել հզոր մի այլ երգ, քան «Երազ իմ երկիրն  է»…   

Հ. Մալյանի «Հայրիկ» կինոնկարում հնչում է այն: Մաեստրոն ասում է՝ այդ երգի վրա աշխատել եմ 25 տարի:  Հիմա երգ, երաժշտություն գրելը  հեշտացել, շատ է հեշտացել: Ով ասես գիրք ու երգ է գրում, հրատարակում, հրապարակում: Նորօրյա երգահանները 25 րոպեում  հիթ են ստեղծում, հետո  «Գուշակիր մեղեդին»  հեռուստաշոուի  ընթացքում  չեն կարողանում  գուշակել  իրենց իսկ ստեղծած մեղեդին:   

Վերեւում նշված ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Շերենց հայրիկն ասում է՝ Հայաստանում այդ երգը միայն ես գիտեմ: Մի փոքր ճշտում՝ Հայաստանում այդ երգը, ինչպես նաեւ մաեստրոյի ստեղծած բազում տասնյակ երգեր շատերը գիտեն:                                                                   

 ***   

20-րդ դարի վերջերին Երկիր մոլորակից առանձնահատուկ առաքելությամբ մեկնարկեց մի տիեզերանավ: Մարդը տիեզերքի խորքերում  ապրեղ  հնարավոր եղբայրներին  իր գոյության եւ ինտելեկտուալ  մակարդակի մասին պատմող  ուղերձ էր հղում. ոսկե սկավառակի վրա  «Քամուց քշվածներ» ֆիլմն էր եւ  Բեթհովենի ստեղծագործությունները: Բանական այլ էակի հետ շփվելու համար  մարդն ընտրել էր ամենապարզ ու հասկանալի լեզուն՝ երաժշտության լեզուն: Իզուր չի ասված, որ երաժշտությունը համայն մարդկությանը  ծանոթ մայրենի լեզուն է: Հենց այդ լեզվով է մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը  խոսում ոչ միայն  հայ մարդու, այլ նաեւ տասնյակ այլ ազգերի ունկնդիրների հետ: Նրա երգը, եթե նույնիսկ ցավի մասին էլ է, երբեք ցավ չի պատճառում, այլ ամոքում, բուժում է:   

Խոստացել էի հնարավոր սխալներից ու բացթողումներից խուսափելու համար զերծ մնալ երաժշտության մասին մասնագիտական բնույթի կարծիքներ արտահայտելուց, բայց գայթակղությունը մեծ է, եւ ես փոքր-ինչ տեղի եմ տալիս՝ կանխավ հայցելով  ընթերցողի ներողամտությունը: Երգը երաժշտական ժանրի ամենափոքր  գործն է: Սակայն  կախված հեղինակի արհեստավարժությունից, ունկնդիր-լսարանի ընդունելությունից, երբեմն այն աճում, մեծանում է՝ հասնելով  երաժշտական ամենամոնումենտալ կտավի մակարդակին: Դրանով է պայմանավորվում նաեւ երգի երկարակեցությունը: Որպես շարքային ունկնդիր, ինձ համար այդպիսի երգեր են  «Հայի աչքեր»,  «Երազ իմ երկիր»,  «Այնպես ուզում եմ», «Տաղ  անձնական», «Երկու կռունկ», «Ուր եք, տղաներ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Անանձնություն»: Այս թվարկումն   ընթերցողը  երկար կարող է շարունակել:                                                                         

***

Մի խումբ երկրպագուների խնդրանքով 2005 թվականի օգոստոսին Ռոբերտ Ամիրխանյանը հեղինակային համերգով հանդես եկավ Գորիսում:  Այդ գործը նախաձեռնողներից մեկն էլ ես էի: Երբ խոսք բացեցինք  տոմսերի վաճառքի մասին, կտրականապես հրաժարվեց  այդ հարցը քննարկել՝ պատճառաբանելով, որ մեր հասարակությունը սոցիալական այն վիճակում չէ, որ իրեն ունկնդրելու համար վճարի: Նա պահանջեց, որ մուտքն ազատ լինի, իսկ մենք պնդեցինք մերը: Ի վերջո համաձայնության եկանք, որ համերգը կայանա հրավիրատոմսերով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ հարցով  զբաղվի քաղաքապետարանն իր մշակույթի բաժնի հետ: Համերգին դահլիճում ազատ տեղեր շատ կային: Քաղաքապետարանից ոչ ոք համերգին չէր եկել, իսկ նրա ենթակայության հիմնարկ-ձեռնարկություններից  միայն մի մանկապարտեզի վարիչ էր դահլիճում: Պատճառն այն օրերին իշխանությունների նկատմամբ նրա ընդդիմադիր պահվածքն էր: Եվ չնայած դրան, համերգն անցավ շատ բարձր մակարդակով: Աշխարհի շատ բեմերում հանդես եկած, հանրահայտ  շատ դահլիճների  հանդիսատեսի  ծափերին արժանացած մաեստրոն տարիներ անց էլ հաճույքով էր հիշում գորիսյան համերգը, համերգին հաջորդած իրադարձությունները: Դահլիճում նրա արվեստի իսկական երկրպագուներն ու գնահատողներն էին, ովքեր համերգից հետո էլ մաեստրոյին չթույլատրեցին հեռանալ: Նախ մի մեծ խմբի հետ այցելեց  քաղաքի ժամանակակից արվեստի թանգարան:  Չնայած բավականին ուշ էր, խնդրեցի այցելել նաեւ գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի արվեստանոց:

- Գնանք, եթե այնտեղ ավելի լավ է լինելու:

- Այնտեղ մի հոգու ստեղծած պատկերասրահ է,- ասացի:

Այդ հանդիպումներն անհետեւանք չանցան: Հետագայում մաեստրոյի օգնությամբ Երեւանում կազմակերպվեց  Ժիրայր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը: Մի յուրահատուկ ցուցահանդես էլ կազմակերպվեց կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության շենքում, որտեղ ցուցադրվեց գորիսեցի  երիտասարդների ավելի քան 20 ձեռագործ գորգ:                                                                 

***   

Ուսանող աղջիկներս Երեւանում ապրում էին Ա. Խաչատրյան փողոցի վրա: Տան հարեւանությամբ գտնվում էր մթերային խանութ, որից էլ սովորաբար օգտվում էինք: Մի անգամ Ռոբերտի հետ մտանք այնտեղ: Տիրուհին, որ միաժամանակ նաեւ վաճառողուհի էր, տարիքի մեջ առաջացած մի տիկին, ճանաչեց  մաեստրոյին եւ  դա հաճույքով ցուցադրում էր, մի քանի անգամ նույնիսկ նրան դիմեց անունով:

Մի քանի օր անց ես նորից մտա այդ խանութը, հասկանալի է, արդեն մենակ: Տիկինը լայն ժպիտով, համարյա  վազելով առաջացավ դեպի ինձ, կարծես վաղուց կորցրած հարազատին էր տեսել՝ հենց նոր Ձեր եղբայրն էր այստեղ, սիգարետ գնեց: Իմ եղբա՞յրը, հա ձեր եղբայրը, մաեստրո Ռոբերտը: Ահա թե ինչ, բանից պարզվում է, որ  Ռոբերտ Ամիրխանյանն իմ եղբայրն է: Վաղուց ականջովս էր ընկել, որ մենք արտաքին որոշ նմանություն ունենք, բայց չէի կարծում, որ այդքան: Փորձ էլ չարեցի կասկածի տակ առնել  տիկնոջ ասածը, նրա նման ժպտացի ու դուրս եկա:                                                                     

***     

Պատմում է, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ սովորաբար նիստերից  հետո շենքից դուրս էր գալիս Դեմիրճյան  փողոցի մուտքով: Այնտեղից  մինչեւ  Միության  շենք ավելի մոտ էր: Այդպիսի մի օր նրան է մոտենում մի կին եւ «հացի փող» խնդրում: Մինչ  ինքը գրպանից կհաներ դրամապանակը, կինը, ճանաչելով նրան, մրմնջում է՝ ուրեմն դու չե՞ս գնացել, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու, եւ չսպասելով օգնությանը՝ արագ հեռանում է:

***   

Դուստրս  ընդունվել էր համալսարան  եւ ընկերուհու հետ պետք է ապրեր  վարձակալած երկու սենյականոց բնակարանում: Չգիտեմ՝ ինչպես էր ստացվել, բայց հենց սեպտեմբերի առաջին օրերին Ռոբերտի հետ այցելեցի նրանց: Պարզվեց, որ բնակարանում սեղան, աթոռ չկա: Աղջիկների համար գյուղից արկղերով  մթերք էի տարել: Նրանք այդ արկղերից սեղան պատրաստեցին, ուտելիք, ըմպելիք դրեցին: Հաճույքով վայելեցինք: Այդ ժամանակ ես հնարավորություն չունեի տնտեսական, կենցաղային  որոշ հարցեր լուծելու: Վերադարձա  մեկ շաբաթ անց: Բնակարանի  խոհանոցում  ճամփորդական ծալովի սեղան էր դրված ՝ 4 աթոռով, եւ գործարանային փաթեթավորմամբ  «Արիստոն» մակնիշի էլեկտրական ջրատաքացուցիչ: Ռոբերտ Ամիրխանյանն էր ուղարկել…   

Դրանից հետո էլ, մինչեւ աղջիկներիս ուսման ավարտը,  մոտերքում լինելուց անցնում էր մի բաժակ սուրճ ըմպելու, դուրս գալուց էլ սառնարանի վրա կամ ծաղկամանի տակ  աղջիկներին գրպանի փող էր թողնում, բայց չգիտես ինչու, «մոռանում էր»  այդ մասին նրանց ասել, զանգահարում, հեռախոսով էր տեղյակ պահում:   

Այսպիսին է իմ ճանաչած Ռոբերտ Ամիրխանյանը:                                                                   

***   

Երեւանում լինելիս անպայման  այցելում եմ նրան, հարցնում որպիսությունը: Մի այդպիսի այցելությունից հետո (նա դեռ Միության նախագահն էր), երբ ոտքի էի կանգնել եւ պատրաստվում էի հրաժեշտ տալ՝ զանգահարեցին: Մեկ-երկու  կարճ նախադասություններ փոխանակելուց հետո ձեռքով նշան արեց, որ նստեմ.   

- Այժմ կարեւոր մարդու հետ եմ հանդիպում,- ասաց նա եւ անջատեց հեռախոսը: Հասկացա, որ «կարեւոր» մարդը ես եմ: Նստած տեղից բարձրացավ, տեղափոխվեց, նստեց իմ դիմաց եւ ասաց.   

- 5-6 րոպե հետո մի տիկին է ներս գալու, տեղիցդ չշարժվես, զրույցին էլ հնարավորության դեպքում  կաշխատես մասնակցել: Իսկ մինչեւ նրա գալը հասցրեց  պատմել:  

1993-ի մութ ու ցուրտ ձմռանը Փարիզից զանգահարում է այդ տիկինը, ներկայանում որպես երաժշտագետ, հայտնում իր Երեւան  գալու մասին եւ խնդրում օգնել: Ռոբերտը դիմավորում է նրան, ուղեկցում ոչ թե հյուրանոց, այլ իր տուն, որտեղ տան տիկինը՝ Դինան, հյուրի համար ճոխ սեղան է բացած լինում: Նրան սպասում է նաեւ տաք լոգանքը: 10 օր մնում է մաեստրոյի հյուրընկալ օջախում, մասնագիտական համակողմանի աջակցություն ստանում: Փարիզ վերադառնալու  նախօրերին Ռոբերտը նրա մոտ  նկատում  է ֆրանսիացի ժամանակակից  կոմպոզիտորներից մեկի  հայտնի երգի նոտաները: Խնդրում է նվագելու համար՝ խոստանալով վերադարձնել. ամռանն էլ ինքը պետք է մեկներ Փարիզ: Նրա պատմության այս մասում էլ գրասենյակի դռնից ներս մտավ 50-ին մոտ մի տիկին՝ երկու ձեռքն առաջ մեկնած: Ակնհայտորեն պատրաստվում էր գրկել տանտիրոջը: Հակառակ նրա այդ ցանկության, Ռոբերտը դանդաղ  բարձրացավ տեղից, փորձ չարեց առաջանալ, միայն մեկնեց աջը, իսկ որպեսզի  նրան չառաջարկի նստել՝ ինքն էլ մնաց ոտքի վրա: Կցկտուր պատասխանելով  տիկնոջ հարցերին,  ամփոփեց՝ այս մի քանի օրը խիստ զբաղված եմ լինելու, կարեւոր միջոցառման ենք նախապատրաստվում, եւ հայացքն ուղղեց դեպի ինձ: Ես գլխի շարժումով հաստատեցի նրա ասածը: Տիկնոջը հրաժեշտ տալուց զատ այլ բան չէր մնում անել:   

Այս պատմության ֆրանսիական շարունակությունը հետեւյալն է: Փարիզ հասնելուց եւ  հյուրանոցում տեղավորվելուց հետո մաեստրոն զանգահարում է տիկնոջը: Գալիս է: Բարեւ-բարի լույսին հաջորդող նախադասությունը լինում է՝ նոտաները բերա՞ծ ես: Ռոբերտն ասում է՝ կներես, մոռացել եմ: Տիկնոջ արձագանքը՝- Ափսոս, Սարգիսը (ամուսինը) 6 դոլարով գնած էր: 

Ռոբերտի ադրենալինը բարձրանում է մինչեւ հայտնի նիշը, բերանը չորանում է, մի կերպ արտաբերում է.   

- Ձեր հասցեն գիտեմ: Վաղը եւեթ կգնեմ եւ արագ փոստով կուղարկեմ:     

Բարձր կրթություն ստացած, աշխարհի մշակութային մայրաքաղաքում ապրող այդ կինը դպրոց չէր հաճախել…                                                                 

***   

Ծանր հիվանդությունից արտերկրում  բուժվելուց հետո վերադառնում է տուն: Հաճելիի հետ միշտ էլ  մի քիչ ոչ հաճելին է լինում, թե չէ, ինչպես գյումրեցին կասեր, քաղցրությունեն լեղի կզարկեր: Պարզվում է,  որ այդ ընթացքում՝  ժամանակին իր նախաձեռնությամբ ստեղծված  երաժշտական քոլեջի նորաթուխ տնօրենն իրեն ազատել է աշխատանքից: Պատճառը՝ Ռոբերտ Ամիրխանյանը համապատասխան կրթություն չունի: O tempore, o mores…

***   

Նոյեմբերին կամերային երաժշտության  տանը ես էլ էի վայելում Ռոբերտ Ամիրխանյանի սիրված երգերի  նորաոճ կատարումը  երգչախմբի մասնակցությամբ: Համերգից հետո ունկնդիրը  երկար ժամանակ  չէր ցանկանում  բաժանվել նրանից: Ձեռքի նշանով փոքր-ինչ  իջեցնելով լսարանի  ծափերի ձայնը, ասաց՝ ձեր ծափերը սովորական  ծափեր չեն: Դրանցից ես հսկայական էներգիա եմ ստանում: Հարեւանս, որի հետ հասցրել էի ծանոթանալ համերգից առաջ, ինձ լսելի լինելու համար հավելեց՝ մենք ավելի շատ ենք ստանում: Ինչո՞ւ եք ինձ ասում, մաեստրոյին ասացեք: Եվ կասեմ,- ոգեւորվեց նա եւ ասվածը կրկնեց համարյա գոռալով: Չգիտեմ, նրա ձայնը մաեստրոյին լսելի՞ եղավ, թե՞ չէ, բայց հաստատ լսելի եղավ դահլիճի  հարյուրավոր ունկնդիրներին:   

Ստացվեց այնպես, որ համերգից հետո միայն երկու շաբաթ անց կարողացա նրա հետ  հեռախոսով կապվել: Պատմեցի: Արձագանքն անսպասելի չէր՝ նման երեւույթները չեն կարող միակողմանի լինել: Ես հանդիսատեսից ստացածի միայն մի մասն եմ  կարողանում վերադարձնել:   

Մաեստրոն այս անգամ էլ չդավաճանեց իրեն…                                                           

***   

Նա ինձ ասում է, թե գտել է երկարակեցության գաղտնիքը եւ հումորով ձեւակերպում՝ երկարակեցության գաղտնիքը ծերանալու մեջ է: Ես այլ կերպ եմ մեկնաբանում նրա ասածը. երկարակեցության գաղտնիքը կյանքը  լիարժեք ապրելու մեջ է, այնպես, ինչպես դու ես ապրում:   

Դու ասում ես նաեւ, որ սիրել մեկին, նշանակում է  պատասխանատու լինել նրա համար: Այդպիսիք քեզ համար հազար-հազարներն են: Իսկ գիտե՞ս, որ քեզ համար էլ պատասխանատվություն են կրում  միլիոնավորները, որոնցից շատերը  գուցեեւ քեզ երբեւէ չեն տեսել, այո, չեն տեսել, բայց պատասխանատու են: Դու պարտք ես նրանց, ու այդ պարտքը մարելու համար  պարտավոր ես ապրել երկար ու բեղուն ստեղծագործական կյանքով:                                              

Ռեդիկ Հայրապետյան

ք. Գորիս

 

 

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10