Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սուրբ Մովսես Տաթեւացու (Խոտանանցու) շիրմին, եթե Երեւանի Կոնդ թաղամասն իրացվում եւ հիմնովին վերակառուցվում է

18.03.2024 12:03
458

Սյունիքը պատմական ժամանակներ է ապրում... Գրեթե ամեն օր աշխարհի ուժային կենտրոններից մեր մասին ցավալի հայտարարություններ ենք լսում: Գրեթե ամեն օր մեզ սպառնում են պատերազմով՝ ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից: Բայց եւ Սյունիքում (այդ իրավիճակում) անդեմության ու անհոգության հանդեսը շարունակելուն միտված ջանքերը, կարծեք, այլեւս սպասված արդյունքը չեն տալիս: Ավելին, հիմա բավականին շատ ենք լսում վճռական ձայներ՝ եթե թուրքը համարձակվի նոր գրոհ ձեռնարկել Սյունիքի դեմ, մենք կկանգնենք հայոց բանակի կողքին եւ մեր կյանքի գնով անգամ կպաշտպանենք մեր բնօրրանը: Չեն մոռանում նաեւ՝ թուրքը նույնն է՝ վախվորված, հայ զինյալից ահաբեկված...

Այս իրավիճակում անլուրջ է (առաջին հայացքից) խոսել Սյունիքին առնչվող այլ հարցերի մասին: Սակայն իրական Սյունիքն իր մեջ ուժ է գտնում հետեւելու հանրապետությունում, նաեւ դրսում տեղի ունեցող ու մեզ առնչվող իրադարձություններին:

Եվ այսպես՝ մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը Կոնդ թաղամասն իրացնում է, ասել է՝ վերափոխման եւ կառուցապատման լայնածավալ աշխատանքներ են մեկնարկում այնտեղ...

Բանն այն է, որ այդ թաղամասում (սեփական բնակարաններից մեկում) է գտնվում Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս, տիեզերահռչակ ու բազմապատիկ լուսավորիչ հայոց, Սուրբ Էջմիածնի վերստին նորոգող, Հայ առաքելական եկեղեցու վերջին սուրբ Մովսես Տաթեւացու (Խոտանանցու) շիրիմը:

Մի կողմ թողնենք իրողությունը, որ Հայոց մեծահամբավ այդ վարդապետի շիրիմը միլիոնավոր հավատավոր հայերի համար գտնվել ու գտնվում է անհայտության մեջ:

Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ ծայրաստիճան անտարբեր վերաբերմունք է ցուցաբերվել նրա հիշատակի հանդեպ:

Հիմա մեզ առավել կարեւոր հարց է հետաքրքրում՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Մովսես Տաթեւացու (Խոտանանցու) շիրմին:

Որպեսզի կարողանանք հանրապետության պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել հույժ կարեւոր այս հարցի վրա, փորձենք ներկայացնել խնդրո առարկայի համառոտ պատմությունը:

Մովսես Տաթեւացին մահկանացուն կնքեց 1632 թ. մայիսի 14-ին եւ թաղվեց Երեւանի հնագույն գերեզմաններից մեկում՝ Կոզերնի գերեզմանատանը՝ 10-11-րդ դարերի Հայոց մեծ վարդապետ Հովհաննես Կոզեռնի եւ Մելիքսեթ Վժանեցի վարդապետի մեջտեղում: Հետագայում այդտեղ՝ նրանց գերեզմանի վրա, շինվեց մի վայելուչ մատուռ՝ կոչվելով «Կոզեռնի մատուռ», որն էլ հիմնանորոգվեց 1829 թվականին:

Այդ մատուռը ժամանակին համարվել է նշանավոր սրբավայր Երևանում, այդտեղ ննջող սրբերի հիշատակին հաճախ Սուրբ պատարագ է մատուցվել:

Սակայն 1934 թվականին, Երեւան քաղաքի ընդարձակման նկատառումներով, որոշում է կայացվել տեղափոխել Կոզեռնի ամբողջ գերեզմանատունը: Նրա մի հատվածում նույնիսկ (հետագայում) կառուցվեց ներկայիս ԱԺ շենքը:

Աստծո ողորմությամբ, մինչդեռ, մատուռը կանգուն մնաց, թեեւ արտաքինից չի երեւում:

1955 թ. մատուռը դարձրեցին բնակելի տուն՝ ենթարկելով որոշակի վերափոխումների:

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ բնակության համար հարմարեցված մատուռի այլեւս բետոնապատ հատակի ներքո են Մովսես Տաթեւացու, Հովհաննես Կոզեռնի եւ Մելիքսեթ Վժանեցու սրբասուն նշխարները:

2015 թվականին մեր թերթի ստեղծագործական խումբն այցելեց այդ թաղամաս, երկար որոնումներից հետ գտանք այն տունը, որի հյուրասենյակի պատից կիսով չափ դուրս եկած է Մովսես Տաթեւացու շիրմաքարը:

Տարբեր ստորագրություններով նամակներ հղեցինք ե՛ւ ՀՀ նախագահին, ե՛ւ Ամենայն հայոց կաթողիկոսին. փորձեցինք հանգուցալուծում տալ Մովսես Տաթեւացու եւ մյուս վարդապետների շիրիմներ շուրջ ստեղծված ամոթալի վիճակին:

Առաջարկեցինք նաեւ խնդրի լուծման տարբերակներ՝ ա) նվիրական այդ վայրը բարեկարգել, վայելուչ տեսքի բերել, ինչի համար անհրաժեշտ կլինի նախեւառաջ հոգալ այն մարդկանց բնակարանային պայմանների մասին, ովքեր ճակատագրի կամոք բնակվում են Կոզեռնի մատուռի մեջ՝ բնակարանի վերածված, բ) Մովսես Տաթեւացու եւ մյուսների նշխարները վերաթաղել Սուրբ Էջմիածնում կամ Տաթեւի վանքում, գ) Մովսես Տաթեւացու նշխարները վերաթաղել նրա բնօրրան Կապանում, ասենք՝ Վահանի վանքում կամ ծննդավայր Վերին Խոտանանում:

Այդ առաջարկություններից եւ ոչ մեկը դրական արձագանքի չարժանացավ:

Դրանից հետո էլ Հայոց վարդապետի, Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից մեկի շիրիմը շարունակեց մնալ անհայտության մեջ:

Մովսես Տաթեւացու մեծությունն այն է նաեւ (վերը նշվածից բացի), որ կարողացավ պատմության դժվարագույն այդ շրջանում (հայոց պետականության բացակայության պայմաններում) ստույգ երաշխիքներ ստեղծել հայ ժողովրդի շատ թե քիչ անվտանգ լինելիության համար, կարողացավ թուրքական գերությունից ազատել մոտ հինգ հազար հայորդու՝ այդ նպատակի համար չխնայելով Հայ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես Հայաստան աշխարհի գանձերը:

Իսկ ներկայումս, երբ Կոնդում կառուցապատումներ են մեկնարկում, Մովսես Խոտանանցու շիրիմը կարող է նոր փորձությունների ենթարկվել եւ ընդհանրապես անհետանալ, ինչը մտահոգում է սյունեցիներիս:

Խնդրո առարկայի վրա ենք նախեւառաջ հրավիրում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ Երեւանի ավագանու ուշադրությունը:

Խնդրո առարկայի վրա ենք հրավիրում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրությունը:

Խնդրի լուծման տարբերակները նույնն են, ինչին արդեն անդրադարձանք: Ավելացնենք միայն, որ Մովսես Տաթեւացու պատվական նշխարները կարելի է նաեւ վերահուղարկավորել Սուրբ Առաքյալ  Անանիայի վանքում, որտեղ հիմա Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցին է, որտեղ էլ մահկանացուն է կնքել Հայոց մեծ Մովսեսը:

Հակառակ դեպքում մենք գործած կլինենք հերթական աններելի մեղքը:

Ի դեպ, Սյունիքի իշխանություններն էլ կարող են դիրքորոշում հայտնել տվյալ հարցի վերաբերյալ կամ նախաձեռնություն հանդես բերել՝ խնդրի լուծմանը միտված, եթե (իհարկե) նրանց հետաքրքրում են Սյունիքի ու սյունեցիների մտահոգությունները:

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25