Ինչո՞վ բացատրել Անդրանիկի վարմունքը, երբ չորս կողմը կրակ էր եւ արյուն, իսկ նա Դսեղից դուրս չեկավ

22.05.2018 11:15
1883

Թեեւ Ղարաքիլիսայի կռիվները վերջացել էին հայկական ուժերի պարտությամբ, բայց հայերը արել էին անկարելին` թշնամուն կանգնեցնելու համար։ Եվ թուրք զավթիչները ապշահար էին` ի տես հայ մարդկանց խիզախության եւ անձնազոհության, արիական խոյանքների ու անզուգական հերոսագործության։ 

Ղարաքիլիսայի ճակատամարտի ղեկավարներից ու հերոսներից Գարեգին Նժդեհը «օրհասական» եւ «սրտի գործ» է համարել այդ դյուցազնամարտը։ Մեկ այլ առիթով նա ասել է, որ հայ զինվորը բնածին օժտված է քաջությամբ, նրան մնում է երկաթյա կարգապահություն, գերազանց կազմակերպվածություն, եւ հաղթանակը մերը կլինի։

Զուր չէ, որ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան ազնվություն ուներ բարձրաձայն ասելու. «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել լավագույն զինվորներն աշխարհում»։

Հայկական զորքերը ետ քաշվելով, ընդհանուր հրամանատար Թ. Նազարբեկյանի հետ մայիսի 29-ին հասան Դիլիջան։

Իսկ Անդրանիկը իր Զորամասով շարունակում էր մնալ Դսեղում։ Նա չմասնակցեց չորս կողմ ծավալված կռիվներին։ Թե ինչու չմասնակցեց, մինչեւ այժմ այդ հարցին համոզիչ պատասխան չի տրվել։ Եղածը միայն տարակուսանք է հարուցում։ Ինչո՞վ բացատրել Անդրանիկի վարմունքը, երբ չորս կողմը կրակ էր ու արյուն, իսկ նա Դսեղից դուրս չեկավ, չմասնակցեց կռվին։ Շատերն այն կարծիքն են հայտնել, որ եթե նրա Զորամասը կռվի մեջ մտներ, ապա շատ բան կփոխվեր հօգուտ հայերի եւ գուցե թուրքերը գլխովին ջախջախվեին Լոռվա ձորերում։

Ղարաքիլիսայի կռվին Անդրանիկի չմասնակցելը հայ պատմագրության մեջ տեղիք է տվել տարբեր մեկնաբանությունների։ Մի շարք ուսումնասիրություններում եւ հուշագրություններում փորձ է արվում արդարացնել նրա վարմունքը։ Այդպես է վարվել նաեւ Հովհաննես Թումանյանը` ժամանակին գրած «Անդրանիկը եւ Ղարաքիլիսան» վերնագրով բացատրագրի մեջ։ «Այո, նշել է նա, միանգամայն ճշմարիտ են ասում, որ եթե Անդրանիկը Լոռու կողմից, Դվալից օգնության հասներ, պատերազմը, անկասկած, ուրիշ ելք կունենար։ Սակայն բոլոր խոսողները մի բան չգիտեն, որ հենց էդպես էլ ծրագրված էր եւ կատարվելու վրա էր, երբ զինվորական բարձր հրամանատարությունից հրահանգ եղավ Անդրանիկին` մնալ Դսեղ եւ պաշտպանել երկաթուղու գիծը։ Դսեղից տված տեղեկության հետեւանքով մինչեւ էս հրամանը փոխ-վեց` արդեն երրորդ օրն էր եւ գրեթե միաժամանակ եկավ Ղարաքիլիսայի անկման բոթը»:

Անդրանիկի` այդ օրերի անըմբռնելի կեցվածքը բացասաբար է գնահատվել զգալի թվով աշխատությունների մեջ եւ ականատեսների հուշերում։ Դա մասնավորապես վերաբերվում է Հ.Յ. Դաշնակցության պատմագրությանը։ Ըստ որում, առաջ են քաշված ամենազանազան խռովիչ ենթադրություններ։ Ոմանք նույնիսկ հակված են եղել կարծելու, թե, չմասնակցելով Ղարաքիլիսայի ճակատամարտին, Անդրանիկը դրանով իսկ ցանկացել է վրեժ լուծել հայկական կորպուսի հրամանատարությունից, որը էրզրումի պաշտպանության օրերին, չնայած իր բազում խնդրանքներին ու պահանջներին, ինչպես պետք է աջակից չի եղել եւ դրանով իսկ նպաստել է իր պարտությանը։ Հետազոտողներից ոմանք էլ ընդհանրապես խուսափում են շոշափել այդ հարցը, մի բան, որ չի կարելի ընդունելի համարել, քանի որ այդպես վարվելով, խնդիրը չի դադարում վիճահարույց լինելուց։

Սույն գրքի հեղինակը, չբաժանելով ծայրահեղ կարծիքները, համամիտ է, սակայն, այն տեսակետին, որ բավարար հիմքեր չկան արդարացնելու Անդրանիկի տարօրինակ վարմունքը, երբ չորս կողմը կրակ ու արյուն էր, իսկ նրա Զորամասը քաշվել ու մնացել էր Դսեղում։ Ղարաքիլիսայի անկման լուրն առնելով եւ վերլուծելով իրավիճակը, Անդրանիկը զորքին հրամայեց թողնել Դսեղը եւ նահանջել Դիլիջանի ուղղությամբ։

Որքան էլ պատճառաբանված լիներ Հայաստանից Անդրանիկի հեռանալու փաստը, դժվար է այն ըմբռնել:                                                                             

                                                                   ***

… Անդրանիկը 1919 թվականի մայիսի 7֊ին Բաթումից նավով ճանապարհ ընկավ դեպի Եվրոպա։

Նույն օրը՝ մայիսի 7-ին, Կովկասում ֆրանսիական զինվորական միսիայի պետ Փ.Շարտինիեն Թիֆլիսից հետեւյալն է հաղորդում Փարիզ։

«Հայկական հրացանակիրների հատուկ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր 0.Անդրանիկը գնալու է Կ.Պոլիս եւ Փարիզ։

Գեներալ Անդրանիկը, Կովկասի բոլոր ճակատներում պատերազմելուց հետո, իր ջոկատով Ղարաբաղում ետ է մղել թուրքերին մինչեւ զինադադարի կնքումը եւ մինչեւ վերջ հավատարիմ է մնացել համաձայնականների գործին։Խնդրում եմ ֆրանսիական զինվորական իշխանություններին եւ դաշնակիցներին` նրան ցույց տալ օժանդակություն ու պաշտպանություն»։

Տխրադեմ Զորավարն ընդմիշտ հեռացավ հայրենի աշխարհից։ Հսկա նավի վրա ձեռքերը խաչաձեւած կրծքին, նա երկար, երկար նայում էր դեպի արեւելք, դեպի Հայաստան…

Որքան էլ պատճառաբանված լիներ Հայաստանից Անդրանիկի հեռանալու փաստը, դժվար է այն ըմբռնել։

Ումի՞ց էր նեղացած Զորավարը։ Կառավարությունի՞ց։ Բայց կառավարությունը ի դեմս նրա թշնամի չէր տեսնում, այլ ցանկանում էր համագործակցել, ցանկանում էր, որ Անդրանիկն իր զինուժով ձուլվի պետական կառույցի մեջ, դառնա կառավարելի։ Այդ օրերին դա էր պահանջում պետության շահը։

Այո՛, Անդրանիկի հեռանալը Հայաստանից, այն էլ ժողովրդի համար այդ ծանր, ճակատագրական օրերին, ցանկալի չէր բնավ։ Տասնամյակներ շարունակ նա եղել էր ժողովրդի հոգսերի ու ցավերի հետ, այժմ էլ պիտի մնար բազում թշնամիներով շրջապատված ու վտանգված, բայց վերածննդի հույսերով լի Հայաստանում։

Անդրանիկի այդ քայլը ժամանակին քննադատվել է ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարական շրջաններին մոտ կանգնած մամուլի օրգաններում, այնպես էլ արտասահմանի որոշ հայկական, հատկապես Հ.Յ.Դաշնակցությանը պատկանող պարբերականներում։ Ավելին, 20-ական թվականների բոլշեւիկյան առանձին հրատարակություններում նույնպես Անդրանիկի արտասահման մեկնելը համարվել է սխալ։

Այսպես, բոլշեւիկյան գործիչներից պատմաբան Ռ.Խուդադովը 1923 թվականին «Նովի Վոստոկ» պատմագիտական հանդեսում լույս ընծայած «Խորհրդային Ադրբեջան» վերտառությամբ հոդվածում գրել է.

«Հենց անգլիական հրամանատարության պնդմամբ Անդրանիկը ցրեց իր ջոկատները եւ, թողնելով Զանգեզուրը, որտեղ նա կարողացել էր ամենակրիտիկական պահին հաղթականորեն դիմակայել Արեւելյան Կովկասի թուրքական օկուպացիային, հեռացավ արտասահման։ Անդրանիկի բացակայությունը շատ ազդեց Հայաստանի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետագա պայքարի վրա։ Կարելի է վստահորեն ասել, որ եթե նա իր ուժերով մնար Զանգեզուրում կամ Հայաստանի մի ուրիշ վայրում, հազիվ թե Շուշիի գավառի լեռնային մասն անցներ Ադրբեջանին, իսկ Շուշին ենթարկվեր հիմնահատակ կործանման…»։

Այն մարդը, որ շուրջ քառորդ դար եղել էր թուրքահայ ժողովրդի ազատագրական պայքարի աննկուն առաջնորդն ու ոգին, որն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում միայն մի նպատակ, մի իղձ էր ունեցել` Հայաստանը տեսնել ազատ ու ինքնիշխան, այժմ, երբ թվում էր, թե սկիզբ է դրվում այդ երազանքի իրականացման, գնում էր, հեռու` տարագրություն…

ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25