Քիք բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի մարզիկների համար լարված պարապմունքներն ու պատասխանատու մրցումները հաջորդում են միմյանց: Իսկ արդյունքները երկար սպասել չեն տալիս: Հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում անցկացվեց WAKO վարկածով քիք բոքսինգի միջազգային փառատոն, որին բացի Հայաստանից մասնակցում էին Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների մարզիկներ:
Ներկայացուցչական այդ մրցմանը մասնակցում էին «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները` ՀՀ վաստակավոր մարզիչ, ակումբի գլխավոր մարզիչ Արա Սարգսյանի և Հայաստանի քիք բոքսինգի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, մարզիչ Վիկտոր Խաչատրյանի գլխավորությամբ: Այս անգամ էլ կապանցի մարզիկները արդարացրեցին մարզիչների սպասելիքները: Մրցավայր մեկնած 12 մարզիկներից ինը կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին, երկու հոգի արժանացան արծաթե մեդալի:
Այս մրցմանը ևս իրեն լավագույն կողմերով դրսևորեց մինչև 54 կգ քաշային, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սերժ Պապյանը, ով երեք մենամարտերն ավարտեց հաղթանակով, ընդ որում եզրափակչում մրցակցին հաղթեց նոկաուտով:
Ակումբի քիք բռնցքամարտիկներին դեկտեմբերի 15-ին լուրջ փորձություն է սպասվում: Այս փառատոնում հաղթած ինը մարզիկները մասնակցելու են Խորվաթիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որին լրջորեն են նախապատրաստվում:
Ինչպես միշտ, ակումբի կողքին ֆինանսական աջակցությամբ միշտ կանգնած է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ում ակումբի մարզիչները , սաները, նրանց ծնողները հայտնում են խորին երիախտագիտություն:
Վահրամ Օրբելյան