Իրական սեփականատերերի ռեգիստր․ ի՞նչ է սպասվում Հայաստանում

25.11.2019 16:14
1530

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Օրինագիծը մի քանի այլ փոփոխությունների հետ սահմանում է ընդերքը շահագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի գրանցման ռեգիստր ստեղծելու կարգը։ Այս համակարգի ներդրման հարցը քննարկումների առիթ է Հայաստանում շուրջ 2 տարի։ Քննադատությունները հիմնականում վերաբերում են օրենքի մի քանի կետերի, դրանց իրացմանն ու անորոշությանը։

Այսպես, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով օրինագծին, նշեց, որ այն իրական սեփականատերերին բացահայտելու ոչ մի հնարավորություն չի տալու:

«Որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետերերը գրանցված են իրենց բաջանաղի, տղայի, խնամու և այլնի անուններով։ Բովանդակությունը չի արտահայտում նպատակը»,- հայտարարեց Բագրատյանը՝ հավելելով, որ այս կերպ պետությունն օրինականացնելու է նախկին իշխանությունների փողերի լվացումը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է իրական սեփականատերերի ռեգիստրի վերաբերյալ հայկական շրջանակների քննադատություններն ու այս ոլորտում միջազգային փորձը։

Ովքե՞ր են իրական սեփականատերերը

Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման համար Հայաստանում ընդունված օրենքով իրական սեփականատեր է համարվում այն ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսի մասնակցություն կամ քվեարկության իրավունք, կամ տիրապետում է տվյալ կազմակերպության բաժնետեր կազմակերպությունների կապիտալի առնվազն 10 տոկոս հանրագումարին։ Ընդ որում, նշվածը վերաբերում է ոչ միայն գրանցված բաժնետերերին, այլև ուղղակի և անուղղակի կերպով տվյալ կազմակերպությունը և դրա կապիտալը տիրապետողներին։

Եվրոպական միության կողմից 2015-ին ընդունված «Փողերի լվացման դեմ» հրաhանգի համաձայն՝ եվրոպական երկրներում գործում է առավել բարձր՝ 25 տոկոսի շեմ։

Հայաստանում ռեգիստրի ներդրման նախապատմությունը․ ինչո՞ւ են ընտրվել հենց հանքերը

2017-ին Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ, ինչից հետո սկսվեց հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը։ ԱՃԹՆ ստանդարտի համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են ստեղծել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրեր։

Մեկ տարի անց Հայաստանն իրական սեփականատերերի ռեգիստր ստեղծելու պարտավորություն ստանձնեց Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների 4-րդ քառամյա պլանի շրջանակում։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2018-ի նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2020-ի դեկտեմբերին։

ԲԿԳ գործողությունների պլանում այս հարցի ներառումը հիմնավորվում է նրանով, որ թեպետ Հայաստանում գործող օրենսդրությամբ պետական պաշտոն զբաղեցնող անձիք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն իրականում առկա է այլ պատկեր։ Թաքնված սեփականատերերը նպաստում են երկրում կոռուպցիայի տարածմանը։

Ընտրվել են հանքարդյունահանող ընկերությունները, քանի որ Հայաստանում առավել խնդրահարույց է այս ոլորտի իրական սեփականատերերի հարցը, այստեղ առկա են կոռուպցիոն առավել մեծ սխեմաներ, և հազվադեպ են դեպքերը, երբ բացահայտվում են այս կազմակերպությունների իրական սեփականատերերը։ 2004-ին պետականից մասնավոր դարձած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մի մասը, օրինակ, կապվում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ։ Այս թեմայով հետաքննություն է կատարել «ՍիվիլՆեթը»։ Ըստ դրա՝ հանքի բաժնետեր կազմակերպություններից մեկի բաժնեմասերը պատկանել են Մինասյանի բիզնեսների կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի ազգականներից մեկին։ Քիչ չեն քննարկումները նաև մյուս հանքերի սեփականատերերի վերաբերյալ։ Այսպիսի ռեգիստրերի ստեղծման նպատակը կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարն է։ Ուստի, ռեգիստրի հանրային լինելը հնարավորություն պիտի տա լրագրողներին և հետաքրքրված անձանց՝ սեփական հետաքննություններ անցկացնելու ու բացահայտելու թաքնված իրական սեփականատերերին։

ԱԺ-ում Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ռեգիստրը, միևնույն է, չի տալու սպասված արդյունքը, քանի որ որպես իրական սեփականատեր կարող են գրանցվել հասարակ քաղաքացիներ, օրինագծի հեղինակ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը պատասխանեց, որ ռեգիստրում գրանցվող անձանց տվյալները պետք է հիմնավորված լինեն։ Հետևաբար՝ ռեգիստրում որպես իրական սեփականատեր ներկայացված անձի տվյալները պետք է գոնե բացահայտ կասկածներ չառաջացնեն։ Սակայն սա նաև չի նշանակում, որ ռեգիստրն ամբողջությամբ բացահայտելու է իրական սեփականատերերին։ 

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, հայտարարեց, որ հետագայում ռեգիստրում հրապարակվելու են բոլոր կազմակերպությունների իրական սեփականատերերի մասին տեղեկություններ՝ անկախ գործունեության ոլորտից։

Մյուս խնդիրը, որին, ըստ քննադատների, բախվելու է նոր օրենքը, ընտրված 10 տոկոսի շեմն է։ Կարծիք կա, որ այն չափազանց բարձր է, և սեփականատերերը կարող են բաժանել ունեցվածքն ավելի փոքր մասերի ու թաքցնել իրենց ինքնությունը։ 

Նվազագույն շեմն ընդհանրապես հանելու օրենսդրական նախագիծ էր ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ 

Հիմնավորումն այն էր, որ նման շեմերի անհրաժեշտության մասին խոսում են նաև միջազգային կառույցները, իսկ մի շարք երկրներում, ի տարբերություն Հայաստանի, գործում է 25 տոկոսանոց շեմ։ Մյուս կողմից, ըստ օրինագծին դեմ արտահայտվողների, 10 տոկոսից ցածր շեմը կարող է այնպիսի տվյալների հրապարակման պատճառ դառնալ, որոնց ուսումնասիրությունը ոչինչ չի տա։

Միջազգային փորձը

Հայաստանում նվազագույն 10 տոկոսի շեմն ընդունելը և անգամ քննարկումները՝ այն ամբողջությամբ հանելու վերաբերյալ, «Թրանսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցչության փորձագետ Ստեփան Օմեն դրական է գնահատում։ Փորձագետը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ թե ուշ Գերմանիան ևս կանցնի նվազագույն շեմի փոփոխման քննարկումների։

2017-ին ստեղծված գերմանական ռեգիստրը փակ է հանրության համար․ ռեգիստրին հասանելիություն ունեն միայն իրավապահ մարմինները և լրագրողները։ Օմենն ասում է, որ ըստ տեղացի լրագրողների՝ ռեգիստրի օգտակարության գործակիցը շատ ցածր է, բայց այժմ Բունդեսթագում քննարկվում են օրենքի նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են ռեգիստրի հանրայնացում,  Open Data ֆորմատի օգտագործում և այլն։ 

Իրական սեփականատերերի ռեգիստրի լավագույն օրինակներից է Մեծ Բրիտանիայում գործող օրենքը (2015)։ Իրական սեփականատերերի՝ աշխարհում առաջին հանրային ռեգիստրը թողարկվել է 2016-ին։ Հանրային հասանելիությունից բացի, բրիտանական ռեգիստրն ունի որոնման լավ մշակված համակարգ, ու հնարավոր է ներբեռնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Թեպետ Բրիտանիայի ռեգիստրն օրինակ է այլ երկրների օրենքների համար, այստեղ ևս դրական գնահատականների կողքին քիչ չեն քննարկումները, որ օրենքը մեծ հնարավորություններ չի տալիս՝ բացահայտելու կազմակերպությունների իրական սեփականատերերին։

Այսպիսով, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծումը և դրա շուրջ քննարկումները հատուկ են նաև այլ երկրներին։ Իսկ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզ է դառնում, որ Հայաստանում ընդունված օրենքը, իրոք, ներառելու է միջազգային լավագույն փորձը, իսկ թե որքանո՞վ այն կծառայի նպատակին՝ պարզ կդառնա միայն կիրարկումից հետո։ 

Անի Ավետիսյան

fip.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37