Իրանի նախագահի երեւանյան անակնկալը. Հայաստանը պատրաստվե՞լ էր

01.10.2019 21:42
1452

Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովին Իրանի նախագահի մասնակցությունն աչքի ընկավ ոչ միայն հայ-իրանական բարձր մակարդակի երկկողմ հանդիպումով, ոչ միայն Վեհաժողովին Իրանի նախագահի աննախադեպ եւ խոսուն մասնակցությամբ, այլ դրանում ունեցած ելույթի շրջանակում ԱՄՆ քաղաքականության կոշտ քննադատության որոշակի չափաբաժնով:

Այդ դրվագն, ի դեպ, հիշեցրեց 2009 թվականին Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այցը Հայաստան, երբ այցի արդյունքով Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Վրաստանի նախագահը Երեւանը փաստորեն օգտագործեց Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատության համար՝ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Իսկ դրվագը բավականին նուրբ էր, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության հանգամանքը:

Համանման նուրբ իրավիճակ ստեղծեց փաստորեն Իրանի նախագահի ելույթը, որը Երեւանը օգտագործեց ԱՄՆ քաղաքականության կոշտ քննադատության համար: Իհարկե, հայ-ամերիկյան հարաբերության հանգամանքը նույնական չէ հայ-ռուսականին, սակայն դրանից ամենեւին չի նվազում Երեւան-Վաշինգտոն հարաբերության կարեւորությունն ու տնտեսական եւ ռազմա-քաղաքական նշանակալիությունը:

Անկասկած է, որ ցանկության դեպքում Իրանի նախագահը կարող էր իր ելույթում շրջանցել այդ թեման կամ դրան հատկացնել շատ քիչ մաս: Արդյո՞ք Իրանի նախագահին Հայաստան հրավիրած Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ էր այդ իրողությունը: Ընդհանուր առմամբ թերեւս չի կարող անսպասելի լինել Իրանի նախագահի ելույթում հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը, նկատի ունենալով երկու երկրների հարաբերության ներկայիս փուլը: Միաժամանակ, պետք չէ բացառել, որ այդ հռետորաբանությամբ Հասան Ռոհանին մեծ հաշվով փորձության էր ենթարկում Հայաստանի նոր իշխանության քաղաքական կենսունակությունը կամ կարողունակությունը:

Մյուս կողմից, իրավիճակը բավականին խրթին է այն առումով, որ Երեւանը Վաշինգտոնի հետ երկխոսության օրակարգում է ներառում նաեւ հարցը, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն կոշտ քաղաքականությունը ըմբռնումով վերաբերի հայ-իրանական հարաբերությանը: Եվ կարծես թե այդ իմաստով Երեւանը կարողանում է ապահովել այդ ըմբռնումը, ինչն իհարկե պայմանավորված է նաեւ ԱՄՆ ռեգիոնալ ռազմա-քաղաքական ավելի լայն ու բազմաշերտ հայացքով, որում Հայաստանն ունի առանձնահատուկ դիտարկում:

Բայց, բոլոր դեպքերում, Վաշինգտոնի հետ այդ երկխոսության պայմաններում կարծես թե անհարմար իրավիճակ է ստացվում, երբ Երեւանից հնչում է Վաշինգտոնի հասցեին Իրանի նախագահի կոշտ քննադատությունը:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցից առաջ: Այդ այցի ընթացքում պաշտոնական օրակարգում չկար հանդիպում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն մեծ հավանականությամբ եղել են ոչ պաշտոնական, այսպես ասած ոչ ֆորմալ շփումներ եւ հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը դրանց ընթացքում փորձել է ապահովել Երեւանում Իրանի նախագահի հնարավոր հռետորաբանության նկատմամբ որոշակի իմունիտետ՝ ԱՄՆ ընկալումների իմաստով:

ԵՏՄ Վեհաժողովից առաջ առանձնազրույց ունենալով Իրանի նախագահի հետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-իրանական հարաբերությունը պետք է հնարավորինս զերծ մնա աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երեւանի համար հույժ կարեւոր է սերտ գործակցությունը թե Իրանի, թե ԱՄՆ հետ: Միաժամանակ, չնայած առերեւույթ իրողություններին, հայ-իրանական գործակցության համատեքստում մեղմ ասած ոչ պակաս խնդիր չէ նաեւ Ռուսաստանի վերաբերմունքը, նկատի ունենալով թե այն, որ Իրանն ու Ռուսաստանն այդուհանդերձ ռեգիոնալ քաղաքականության մրցակիցներ են, թե այն, որ Իրանի հետ սերտ գործակցությունը Հայաստանի համար հնարավորություն է նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, հատկապես էներգետիկ ոլորտում:

Անկասկած է, որ այստեղ Երեւանն իսկապես բարդ աշխարհաքաղաքական «սալի» վրա է, եւ չկա այլ ելք, քան իսկապես գտնել Վաշինգտոն, Թեհրան, Մոսկվա բազմաշերտ շահերի առավելագույն բալանսավորման հնարավորությունը: Ի վերջո, այդ վիճակում միայն Հայաստանը չէ, եւ ավելին՝ գուցե նույնիսկ Հայաստանն այդ իմաստով ամենեւին ամենավատ կամ բարդ վիճակում չէ՝ խորքային իմաստով:

Առանցքայինն այդ բարդ շահերի բալանսավորման առումով Հայաստանի իշխանության համար, իհարկե, լեգիտիմության ներքին բալանսը չկորցնելն է:

lragir.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21