Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողություններն ԱՄՆ-ի դեմ, սակայն դեռևս չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհից. Արաղչի

28.09.2026 11:29
261

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների դեմ, սակայն դեռևս չի հրաժարվել դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունից։

Այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկը հրապարակայնորեն մերժելուն։

«Մենք լիովին պատրաստ ենք պատերազմի վերսկսմանը և կրկնում եմ՝ պատրաստ ենք դիմակայել ցանկացած նոր ագրեսիայի, նույնիսկ եթե այն վերածվի աղետալի պատերազմի»,- NBC News-ի «Meet the Press» հաղորդման եթերում սեպտեմբերի 27-ին ասել է Արաղչին՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Թրամփը կարող է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի ռմբակոծությունը։

«Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք դիվանագիտությանը։ Ընտրությունը նախագահ Թրամփինն է»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

Անցած շաբաթ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել էր գործարք, որի շրջանակում նախատեսվում էր յոթ օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը և վերականգնել նավերի բնականոն երթևեկությունը։ Առաջարկը ԱՄՆ-ին փոխանցվել էր Կատարի միջնորդությամբ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Սեպտեմբերի 26-ին, սակայն, Թրամփը հայտարարել էր, որ մերժել է այդ առաջարկը։

«Ես մերժեցի նրանց գործարքը։ Նրանք ցանկանում են պայմանավորվածություն ձեռք բերել, որի համաձայն՝ անմիջապես կբացեն նեղուցը, որովհետև շատ ծանր վիճակում են»,- լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը։

Արաղչին հայտարարել է, որ չնայած Թրամփի հրապարակային հայտարարությանը՝ առաջարկի մերժման մասին պաշտոնական տեղեկությունն Իրանը միջնորդների միջոցով դեռևս չի ստացել։

Նա կրկին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաձայնագրի շրջանակում բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել հակամարտությունը։ Դրա դիմաց, նրա խոսքով, Թեհրանը պահանջում է ազատ արձակել սառեցված իր միջոցներն ու ակտիվները և հնարավորություն ստանալ վաճառելու իր նավթը։

Արաղչին նշել է, որ այդ պայմանները նոր չեն, և ԱՄՆ-ն նախկինում արդեն պարտավորվել է կատարել դրանք։ Նա հղում է արել երկու երկրների միջև հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսում էր ժամանակավոր հրադադարի հաստատում։ Սակայն այս համաձայնությունը փլուզվել էր մի քանի օր անց՝ կողմերի միջև նոր հարվածների փոխանակումից հետո։

«Եթե մեզ հարցնեք, որևէ պատճառ չկա, թե ինչու պետք է վերադառնանք դիվանագիտությանը։ Բայց ես շարունակում եմ փորձել դիվանագիտական ճանապարհը, քանի որ կարծում եմ՝ չպետք է բաց թողնենք խաղաղության որևէ հնարավորություն»,- ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ իրանական կողմին չի հետաքրքրում ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները։ «Մեզ հետաքրքրում են մեր ազգային շահերը»,- հավելել է նա։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01