Կա՞ երաշխիք, որ Կապանի սպանդանոցում կրկին չի մորթվի բրուցելյոզով հիվանդ անասուն

26.03.2015 11:37
2613

Ս.թ. մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի 18 բնակիչ տեղափոխվեց տեղի հիվանդանոց (մեկը` Երեւան)` բրուցելյոզ հիվանդության կասկածանքով, ինչն ավելի ուշ հաստատվեց:

Մարտի 23-ի դրությամբ հիվանդներից 12-ի վիճակը բավարար էր. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից եւ շարունակում են բուժում ստանալ տնային պայմաններում: Մյուսները բուժվում են Կապանի հիվանդանոցում` ստացիոնար պայմաններում:

Հիվանդները, ինչպես հավաստեց «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանը, բժիշկների համակ ուշադրության կենտրոնում են, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները նրանց մոտ բրուցելյոզի խրոնիկականությունը բացառելու համար:

Իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի հավաստմամբ` ներկայումս սպանդանոցի մորթման արտադրամասի մյուս աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները եւս (մորթման արտադրամասն ունի 47 աշխատակից) պատշաճ հետազոտման են ենթարկվում` բրուցելյոզի տարածվածության աստիճանը ճշտելու համար. այդ գործն իրականացնում է «ՀՀ ԱՆ տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Առայժմ հայտնաբերվել է, ինչպես նշվեց, 19 վարակակիր` 27 ստուգված անձանցից: Տեսչությունը փորձում է ճշտել այն մարդկանց ցանկը, ում հետ շփվել են մորթման արտադրամասի աշխատակիցները: Ճշտվում է նաեւ, թե արտադրամասի աշխատակիցներից ովքեր են սպանդանոցի մսեղիքից տուն տարել եւ օգտագործել: Կենտրոնի պետը միաժամանակ տեղեկացրեց, որ արտակարգ պատահարի առիթով դեռեւս վարչական վարույթ չի հարուցվել, քանի որ 2014թ. դեկտեմբերի 1-ից սպանդանոցը չի գործում: Վարույթը կսկսվի սպանդանոցի աշխատանքները վերսկսվելուց անմիջապես հետո:

Արդեն իսկ ճշտված է, որ բրուցելյոզի օջախը Կապանի սպանդանոցի մորթման արտադրամասն է: Եվ իբր հիվանդությունը բռնկվել է մանր եղջերավոր անասունների (ոչխարների) մորթման պրոցեսում: Ընդ որում` մորթման արտադրամասում 2014թ. նոյեմբերի երկրորդ կեսից մորթ չի կատարվում, ինչը նշանակում է, որ հիվանդությունը մի քանի ամիս ինկուբացիոն շրջան է ապրել:

Տեղի ունեցած արտակարգ պատահարը, սակայն, բազմաթիվ հարցերի տեղիք է տվել, որոնցից մի քանիսը` ստորեւ:

Պատահարի առիթով, զարմանալիորեն, Հայաստանի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները սկզբնապես լռեցին, թեեւ իսկական իրարանցում պիտի լիներ` պատճառների հայտնաբերման, հետեւանքների հաղթահարման համար: Ինչպես արդեն նշվել է մի քանի լրատվամիջոցի կողմից, տպավորություն է ստեղծվում, թե պատկան մարմինները ցանկանում էին դեպքը կոծկել: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ, ով իրավիճակին ծանոթանալու համար եղել է Կապանում, հայտարարել է. «Մարտի սկզբից նախարարությունը տեղյակ է եղել, որ հիվանդների թիվն ավելանում է, ու, չգիտես ինչու, մինչ մեր կողմից հայտարարություն տարածելը, պատկան մարմինները բացարձակապես լռություն են պահպանել»:

Խիստ տարօրինակ մի իրողություն. սպանդանոցի հետ գործ ունեցող անձանցից իմացանք, որ, իրոք, անասունների բոլոր խմբաքանակները մուտք են արվել սպանդանոց ուղեկցող փաստաթղթերով, այդ թվում` N1 ձեւով` հաստատված տվյալ համայնքի անասնաբույժի կողմից: Ըստ ուղեկցող փաստաթղթերի` մուտք արված անասունները հիվանդ չեն եղել: Իրականում, մինչդեռ, անասունների առնվազն մի մասը բրուցելյոզի ախտակիր է եղել: Իրազեկ մարդիկ չեն բացառում նաեւ, որ բժշկի միեւնույն փաստաթղթով անասունների միանգամայն այլ խմբաքանակ կարող էր մուտք արված լինել սպանդանոց:

Նման անորոշության մեջ չէինք հայտնվի, եթե կենդանիները համարակալված լինեին (ի դեպ, կառավարությունն այդ հարցի վերաբերյալ որոշում ունի` առայժմ թղթի վրա մնացած):

Գոնե իմացա՞նք, թե որ մարզի եւ որ համայնքի ոչխարներն էին վարակակիր: Իհարկե, չիմացանք եւ չենք կարող իմանալ: Այդ սպանդանոցը մեկ տարում 25 հազար ոչխար է ընդունել, ընդ որում` 14 հազարը` այլ մարզերից, մնացյալը` Սյունիքից ու ԼՂՀ-ից: Եվ ոչխարներն ընդունվել են, ինչպես նշվեց, համարներ չունենալով:

Բավականին հիմնավոր են տարակույսներն անասունների վակցինացման եւ անասունների ստուգման հարցում: Ինքներդ դատեք` մեզանում գոյություն չունի կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման պրակտիկա, չի վերահսկվում անասունների տեղաշարժը… Այնպես որ զարմանալի չէ, որ տեղի ունեցածի համար Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանն ու Կամո Սարգսյանը («Անասանաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնի ղեկավար), նախեւառաջ, միմյանց են մեղադրում:

Որեւէ մեկը կարո՞ղ է հաստատել, որ սպանդանոցի մորթման արտադրամասում իսկապես 47 հոգի է աշխատել, եւ չգրանցված աշխատողներ չեն եղել:

Որեւէ մեկը կարո՞ղ է հավաստել, որ Պարսկաստան արտահանված մսեղիքը վարակված չի եղել բրուցելյոզով:

Հարցերի այս շարքը կարելի է շարունակել, բայց բավարարվենք ասվածով եւ ակնկալենք, որ դրանց պատասխանը երբեւէ ջրի երես կհանվի:

Առայժմ, մինչդեռ, կարող ենք փաստել մի քանի իրողություն:

Կապանի սպանդանոցը կառավարվում է սիրողական մակարդակով: Տնօրեն Սամվել Ավետիսյանը, ով չունի գյուղատնտեսական կրթություն դժվար թե հիմնավոր պատկերացում ունենա անասնաբուծությանն ու անասանաբուժությանն առնչվող նրբագույն հարցերում: Ավելին` սպանդանոցի համասեփականատեր Վահե Հակոբյանն իրեն բնորոշ անլուրջ վերաբերմունք ունի այդ գործի հանդեպ եւս:

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարզում գործում է ձեւականորեն: Տեսեք` նախասպանդային քննություն է կատարվում (իբր), բայց այդ զննությունը պատասխան չի տալիս` տվյալ անասունը հիվա՞նդ է բրուցելյոզով, թե՞ ոչ:

Նույն տարակույսը կարելի է հայտնել հետսպանդային զննության վերաբերյալ: Այդ աշխատանքն իրականացնող «Վետ-Լին ֆարմ» ՍՊԸ-ն (Արթուր Խաչատրյանի ընկերությունն է), փորձաքննելով մսեղիքը, դարձյալ չի պատասխանում գլխավոր հարցին` մսեղիքում կա՞ն բրուցելյոզի ախտանիշներ, թե՞ ոչ: Եվ ուրեմն չի բացառվում, որ «Հալալ» ապրանքանիշով, մոլլայի ղուրանաշունչ խոսքերով օրհնված միսը Պարսկաստանի սպառողների շրջանում բրուցելյոզի բռնկման տեղիք տա` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ստեղծված իրավիճակում լրջագույնս մտահոգվելու խնդիր ունի ՀՀ գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ հատկապես ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնը: Ըստ էության ոչ ոք չի կարող բացառել, որ մի օր էլ հիվանդ մսեղիքը (համայնքի անասնաբույժի կեղծ տեղեկանքով) հայտնվի շուկայում (եթե, իհարկե, մինչեւ հիմա չի հայտնվել):

Չենք կարող հարց չուղղել Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանին` ինչո՞ւ մեր մարզում չի իրականացվում անասունների համարակալում, եթե այդ մասին կա կառավարության որոշում:

Պատահարը եւս մեկ անգամ վկայում է, որ անասունների մթերման գործը Սյունիքի մարզի առջեւ ծառացած հիմնախնդիրներից է:

Իսկ վերջում հիշեցնենք, որ Կապանի սպանդանոցը` «Գյուղարտ» անունը կրող ՍՊ ընկերությունը, որ գործարկվել է 2013թ. հուլիսի 20-ին` շարիաթի օրենքներով եւ Պարսկաստանից հրավիրված մոլլայի օրհնանքով, ունի երկու սեփականատեր. ընկերության 50 տոկոսի բաժնետերը «Լա-Մաքս գրուպ» ՍՊԸ-ն է (Վահե Հակոբյանի սեփականությունն է), մյուս հիսուն տոկոսի բաժնետերը «Շահր ինվեստ» պարսկական ընկերությունն է: Ի դեպ, «Լա-Մաքս գրուպը» Կապանում նաեւ խոշոր եղջերավոր անասունների մորթ է իրականացնում` տարեկան մոտ 250 գլուխ` սեփական արտադրամասում երշիկեղեն պատրաստելու համար: Հուսանք, որ բրուցելյոզը մուտք չի գործի մսեղենի մշակման այդ ոլորտը եւս:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

02.12.2024 14:34