Կա եւ հետմահու կյանք

11.12.2015 15:57
2589

Սուրեն Այվազյան արձակագիրն ու մարդը 2015 թվականին դարձավ 100 տարեկան եւ տարիների հեռվից նայեց աշխարհին: Այն աշխարհին, որի ծնունդն է ինքը եւ որը կյանքից առավել էր սիրում: Այդ աշխարհը Հայաստանն է, Հայաստանում՝ Զանգեզուրը, Զանգեզուրում՝ Գորիսը, Գորիսում՝ Խնձորեսկը…

Մեծատաղանդ Սուրեն Այվազյանը Զանգեզուր աշխարհի մեծություններից է: Հարուստ ու հին պատմություն ունեցող Խնձորեսկը նրան  ծնել եւ տվել է այն հողը, որի շնորհիվ Այվազյանը ծլարձակել, սաղարթախիտ ծառ է դարձել:

Հայաստանը… Դեռեւս Սուրեն Այվազյան գրողն ու մարդու բացառիկ տեսակն ըստ արժանվույն գնահատված չէ Հայաստանի մասշտաբով: Գնահատված չեն նրա ստեղծագործությունները, որոնք մանրանկարչի աշխատանք են հիշեցնում: Նրա ստեղծագործություններում հանդես եկող կերպարները, նրանց բնավորություններն այնպես մանրակրկիտ եւ տեսանելի են պատկերված, որ ասես ասեղնագործություն լինեն՝ գունագեղ, ակնահաճո եւ տպավորիչ:

Մինչ Այվազյանը հանրապետական մակարդակով հայ մեծանուն գրողների շարքը կդասվի եւ հայ գրականության մեջ կզբաղեցնի իր արժանի տեղը (հուսամ, որ դա կլինի), Զանգեզուր-Սյունիք- Խնձորեսկն իր տաղանդավոր զավակի կողքին է: Խնձորեսկը երբեք անտարբեր չի եղել իր ծնած եւ ոչ մի արվեստագետի, գրողի, բանաստեղծի նկատմամբ: Խնձորեսկի դպրոցն էլ՝ ի դեմ կրթօջախի տնօրեն Վալենտինա Բալայանի, առանձնահատուկ ջերմությամբ է լցված խնձորեսկցի արժանավոր մարդկանց հանդեպ: Սուրեն Այվազյանն այդ արժանավորներից է…

Խնձորեսկի Գ.Սեւունցի անվան միջնակարգ դպրոցում 2015 թվականը հայտարարվեց այվազյանական: Դպրոցում կազմակերպվեցին այվազյանական ընթերցումներ, դաս-միջոցառումներ, բաց դասեր՝ անմիջապես Սուրեն  Այվազյանի շիրմաքարի մոտ: Պատրաստվեցին վահանակներ, պաստառներ:

Նաեւ անց է կացվել «Մեր Այվազյանը» վերնագրով շարադրությունների  մրցույթ: Ամփոփվել են արդյունքները, եւ լավագույնն են ճանաչվել 9-րդ դասարանի աշակերտ Վարազդատ Բաղդագյուլյանի, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Շահնազարյանի եւ դպրոցի նախկին սան Աստղիկ Բաբալարյանի շարադրությունները, որի համար հեղինակները տնօրենի կողմից արժանացել են մրցանակի՝ խրախուսվելով Սյունիքի գրողների միության նախագահ Արկադի Ծատուրյանի «Մեր Այվազյանը» գրքով:

Այդ ամենի հանրագումարը եղավ  դպրոցի կյանքում արդեն ավանդույթ դարձած ամենամյա հերթական արիության դասը՝ «Կա եւ հետմահու կյանք» խորագրով, որը նվիրված էր Խնձորեսկի երախտավոր, արձակագիր Սուրեն Այվազյանին:

Նոյեմբերի 2-ին Խնձորեսկի միջնակարգ դպրոցն իր տաքուկ գիրկն էր բացել Սուրեն Այվազյանի եւ նրա երկրպագուների համար: Մի՞թե խնձորեսկցին կարող է չգնահատել իր զավակին, իր այն զավակին, որի «ապրելը չապրել է  եղել, ով չարության միջից ծնված բարությունն է», եւ ում պահանջը մարդկանցից միայն այն էր, որ թողնեն՝ ինքը միշտ բարի մնա…

Միջոցառումն աշակերտները սկսեցին հայրենիքից. «Երեւի մարդ մի ամբողջ կյանք պիտի ապրի, որ հասկանա, թե ինչ է հայրենիքը… Ինչպիսի հզոր զգացմունք էլ ունենա մարդը, միեւնույն է, ամենամաքուր ու ամենաանկեղծ զգացումն ունենում է իր ծննդավայրում»: Իրո՛ք, Այվազյանի ստեղծագործությունները հասկանալու համար պետք է ճանաչել նրա հայրենիքը՝ Խնձորեսկը: Աշակերտներն անդրադարձան Այվազյանի այն ստեղծագործություններին, որոնցում Խնձորեսկի (հատկապես Հին Խնձորեսկի) ամեն մի անկյուն, ամեն քար ու թուփ առանձնանում են Այվազյանի գրչի տակ: Հին Խնձորեսկը միշտ էլ Այվազյանի կենարար աղբյուրն է եղել: «Խնձորեսկի քերծերն են նրան սովորեցրել այդքան բարձր ու կարծր լինել: Խնձորեսկի ձորերն են նրան սովորեցրել այդքան խոր ու խորունկ լինել: Խնձորեսկի սարերն են  նրան սովորեցրել այդքան վեհ ու հպարտ լինել: …Եթե չլինեին զանգեզուրցու իմաստուն միտքն ու արթուն ոգին, նա այդքան անկեղծ ու ճշմարիտ չէր լինի… »:

Հանդիսատեսն ականատես եղավ Այվազյանի կյանքի տարբեր դրվագների՝ ծննդից մինչեւ մահ, այվազյանասեր աշակերտների խաղը, բեմականացման մեջ նրանց դերի մեջ մտնելն ավելի իրական եւ կենդանի դարձրեց պատկերը: Ասուրի ծնունդը ծնողների համար, իր խոսքով ասած, «դժբախտություն» է եղել: Հայրը շուտ է մեռել եւ «կիսած տառապանքի իր բաժինն էլ է թողել» մորը: Ուրիշների համար կալ կալսող, ուրիշների համար գորգ գործող, հաց թխող ու լվացք անող մայր Բոխչան անսահման գուրգուրանքի ու սիրո մեջ մեծացրեց իր Ասուրին եւ նրա մեջ դաստիարակեց սեր հայրենի եզերքի, բնության, մարդո՛ւ հանդեպ. «Պետք է սիրել մարդկանց, որդիս, բարին ջրի պես բան է. կարող է քարը փափկացնել, դու բարի եղիր»:

Որբի թշվառ ճակատագրով մեծանում է ապագա արձակագիրը, խնձորեսկցի տավարած Բախշու եւ արեգունաշենցի Բոխչու որդին դառնում է ուսուցիչ, հետո դառնում համալսարանական… Վիրավորվում է Հայրենական մեծ պատերազմում…

Ասուրի դերը ստանձնած աշակերտի բերանով հանդիսատեսը լսեց Խարկովի հոսպիտալում հայտնված վիրավոր Այվազյանի նամակը՝ ուղղված իր համար ամենասուրբ էակին. «Մա՛յր, Աստված լսեց քո ձայնը եւ ինձ կենդանի թողեց, որ դու էլ ապրես ինձ համար: …Հիշում եմ քեզ, մա՛յր, հիշում եմ մեր գյուղը, եւ քթիցս ծուխ է դուրս գալիս… Շուտով կգամ, մա՛յր, քեզ ու իմ ամպոտ հրաշքները տեսնելու, կգամ ընդմիշտ ձուլվելու իմ մանկության ձորերին, կգամ մեր քարափի քարերը համբուրելու, սրտիս մեջ ամբարված կարոտներիս հետ զրուցելու… »:

Եվ եկավ…100 տարի անց եկավ եւ ձուլվեց իր մանկության ձորերին, զրուցեց իր սրտի մեջ ամբարված կարոտների հետ եւ իր կարոտները պատմեց բոլորիս… Միջոցառման սկզբից մինչեւ վերջ կարմիր թելի պես անցավ կարոտը, տառապանք - կարոտը… Իշխեց բոլորի սրտերին եւ արցունքներ քամեց շատերի աչքերից…

Այվազյանի ծննդյան 100-ամյակին նրա «հյուրն» էին գույների վարպետ Հենրիկ Սիրավյանը, խոսքի արքա Ակսել Բակունցը, հայ երգի թագուհի Տաթեւիկ Սազանդարյանը, Սաթյան եղբայրները, Համո Սահյանը,Գարեգին Սեւունցը, Գուսան Աշոտը, Սերո Խանզադյանը …Նրանք հավաքվել էին Սյունյաց աշխարհի այդ գողտրիկ անկյունում՝ Խորաձորում, որպեսզի ոչ միայն տոնեն Այվազյանի ծնունդը, այլ նաեւ իրար հետ կիսեն իրենց մտքերն ու կարոտները, զրուցեն , արտասանեն, երգեն…

Միջոցառման ընթացքում հանդիսատեսը վայելեց նաեւ խնձորեսկցի Վաչե Մանվելյանի ախորժելի երգերը:

Ս.Այվազյանը թողեց հանդիսատեսին եւ գնաց «շուտ հեռացողի դանդաղ քայլերով»՝ մեկ անգամ եւս հիշեցնելով «լինել ավելի բարի եւ ամեն օր մի կտոր բարություն նվիրել աշխարհին» եւ հղեց իր պատգամը.

- Միշտ բարի մնաք, բարի մարդիկ:

Արիության դասին ելույթ ունեցան բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանը:

Դասն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

ԱՐՄԵՆՈւԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Խնձորեսկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34