Կապան. փաստաբանը` մեղադրյալի կարգավիճակում

22.12.2014 18:00
2992

Դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Խալափյանի` կաշառք պահանջելու գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Արշավիր Խալափյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, լինելով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիքի մարզի Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է.Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի` գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է 41101714 քրեական գործը: Այնուհետեւ նշված քրգործի նախաքննության ընթացքում` 2014թ. մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին, եւ ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաեւ իր վստահորդներին մոլորության մեջ գցելու եղանակով նախկինում ներկայացված դիմումների ելքերով վերջիններիս կողմից չհետաքրքրվելու պայմանով Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10,000 ԱՄՆ դոլար:

Բացի դրանից, Արշավիր Խալափյանը 07.04.2014թ., նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ, գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18.04.2014թ., որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ եւ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո` 2014թ. մայիսի 1-ին, վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա.Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է՝ հետեւողականություն չցուցաբերելու, նոր դիմումներ չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար խնդիրներ չառաջացնելու համար, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան եւ հիշյալ կառուցների մարզային ներկայացուցիչ, Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլար:

Նոյեմբերի 24-ին կայացած առաջին դատական նիստում Ա.Խալափյանի պաշտպան Համլետ Դավթյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ սույն քրեական գործի շրջանակներում պաշտպանի կողմից բողոքարկվել են քննիչի գործողությունները` կապված Արշավիր Խալափյանին ձերբակալելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 17.11.2014 թվականի որոշմամբ վերացրել է այդ որոշումը` նշելով, որ ստորադաս դատարանի կողմից խախտվել է ՀՀ սահմանադրությունը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները եւ դատական պաշտպանության հիմնարար սկզբունքները: Բացի դրանից, 17.11.2014թ. քննության առնելով 06.10.2014թ. քննիչի որոշումը վերացնելու պահանջով պաշտպանության կողմի բողոքը, դատավորը որոշում էր կայացրել հետեւյալ ձեւակերպմամբ` մերժել բողոքը եւ հաստատել քննիչի որոշումը, որի իրավունքը, համաձայն ՀՀ քրեական դատավարության 41 եւ 290 հոդվածների, դատարանը չուներ: «Այս երկու որոշումների համադրումից, կապված նշված որոշումները կայացնելու հետ, ակնհայտ է, որ Ձեր գործողություններն անաչառ եւ անկողմնակալ չեն, ու Դուք կանխակալ վերաբերմունք ունեք Արշավիր Խալափյանի նկատմամբ», – նշել էր պաշտպանը: Քննության առնելով ինքնաբացարկի մասին միջնորդությունը՝ դատարանը որոշել էր մերժել այն:

Առաջին դատական նիստում ցուցմունք էին տվել գործով վկաներ Սարմեն Սարգսյանն ու Արթուր Գեւորգյանը, «Դարիստ» հյուրանոցի աշխատակիցները:

Իսկ դեկտեմբերի 11-ի նիստում դատարանը լսեց վկաներ Արտուր Մարտիրոսյանին եւ Գագիկ Ղահրամանյանին: Երկու վկան էլ Արշավիր Խալափյանի հետ ժամանակին ջերմ հարաբերություններ են ունեցել: Արտուր Մարտիրոսյանը նշեց, թե Խալափյանը եղել է իր սպաներից, իրեն դիմել էր Աշոտ Կույումջյանի հայրը, որ հորդորի Ա.Խալափյանին չպայքարել ապօրինի շինության դեմ: Վերջինս էլ, իբր, ասել է, թե իր պայքարը ոչ թե Կույումջյանի, այլ քաղաքապետի դեմ է:

Գ.Ղահրամանյանը, ով Ա.Խալափյանի պսակի քավորն է, ցուցմունք տվեց, թե գումար պահանջելու զրույցի տեսագրությամբ սկավառակն Աշոտ Կույումջյանը փոխանցել է իրեն, որ նայի ու ամոթանք տա փաստաբանին, ինչն ինքն արել է: Ա.Խալափյանը դատարանում հայտարարեց, որ իր եւ վկա Ղահրամանյանի միջեւ նման բովանդակությամբ հանդիպում չի եղել:

Նիստին չէին ներկայացել վկաներ Արթուր Գեւորգյանը, Ազատ Կույումջյանը (Աշոտ Կույումջյանի հայրը), ով առողջական խնդիրներ ուներ, եւ մեկ այլ քրեական գործով մեկուսարանում գտնվող Աշոտ Կույումջյանը: Դատական նիստին վկաների ներկայությունն ապահովելու եւ նրանց ցուցմունքները լսելու համար որոշվեց դատական նիստը հետաձգել երկու շաբաթով, այն կկայանա դեկտեմբերի 26-ին:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24