Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին այցելել է «Սյունյաց երկրի» խմբագրություն

15.01.2026 17:29
737

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին այսօր այցելել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն։

Պարոն Աբեդինը նախ շնորհավորել է պարբերականի խմբագրակազմին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան անցած տոների կապակցությամբ ու մաղթել ստեղծագործական հաջողություններ։

Գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Սյունիքի մարզային թերթի դերը հայ–իրանական հարաբերությունների լուսաբանման, երկու ժողովրդի բազմադարյա բարեկամության ամրապնդման գործում։

Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է տեղեկություններ՝ 2025 թ․ դեկտեմբերի 28-ից Իրանում անցկացվող բողոքի ակցիաների և դրանց հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ տեղի ունեցող իրադարձությունները որակելով ահաբեկչական գործողություններ՝ Արևմտյան երկրների ու նրանց տարածաշրջանային գործընկերների կողմից հրահրված։

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, երբ տապալվեց երկիրն աղետալի վիճակի հասցրած և երկրի ինքնիշխանությունը զրոյացրած Իրանի թագավորական կարգը, քանիցս փորձ է արվել կասեցնելու Իրանի հազարավոր զավակների արյամբ ձեռք բերված հաղթանակը, որի վերջին դրսևորումը եղավ 2025 թ․ հունվարի 12-ից 25-ը տեղի ունեցած իսրայելական ագրեսիան, ինչն էլ դադարեցվեց ԱՄՆ–ի խնդրանքով։

Այդ բոլորով հանդերձ և չնայած տարիներ տևող սանկցիաներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ անցած ժամանակահատվածում, արձանագրվել և արձանագրվում են նկատելի հաջողություններ հատկապես գիտատեխնիկական առաջադիմության ոլորտում, երկրի անվտանգային համակարգի արդիականացման բնագավառում, որը հնարավորություն կտա ըստ արժանվույն պատասխանել ցանկացած ագրեսորի ոտնձգության։

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին երիցս, որ Իրանի ժողովուրդը համախմբված է երկրի առաջնորդի շուրջ, և հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը (ինչպես 2025–ի ամռանը) դատապարտվել են ձախողման։

Այդ ամենը չի նշանակում սակայն, որ երկրի ներսում չկան լուծման կարոտ խնդիրներ։ Դրանք իշխանությունների ուշադրության կենտրոնում են և  ժամանակի ընթացքում կգտնեն իրենց ողջամիտ լուծումը։

ԻԻՀ գլխավոր հյուպատոսը չափազանց կարևոր համարեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։

Վերհիշվեց, մասնավորապես, Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիբղոլամի՝ երկու օր առաջ հնչեցրած խոսքերը. «ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն» և «Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին...»։

Տարօրինակ համարվեց հայկական կողմի պահվածքը՝ Երևանում՝ ԻԻՀ դեսպանատան դիմաց օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու հարցում։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Մորթեզա Աբեդինին՝ մտքերի անկեղծ փոխանակության, Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ շատ թե քիչ հանգամանալից տեղեկություններ հաղորդելու համար։

Նշվեց գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի նվիրական գործունեությունը՝ վերջին երեք տարում հայ–իրանական հարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու գործում։

Հենց նրա նախաձեռնությամբ են Սյունիքի բոլոր համայնքներում կազմակերպվել մշակութային տարբեր միջոցառումներ, որոնք ավելի ճանաչելի են դարձրել Իրանն ու նրա հազարամյա մշակույթը։

Բարձր գնահատվեց Իրանի դերը Հյուսիս–հարավ մայրուղու Ագարակ–Քաջարան հատվածի կառուցման, ինչպես և սյունիքանպաստ մի շարք այլ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

Խմբագիրը նաև անկեղծ մտահոգություն հայտնեց բարեկամ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, դատապարտեց Արևմուտքի անթաքույց և շարունակական միջամտություններն Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին ու չդադարող սպառնալիքներն այդ պետության հանդեպ, որը միջազգային իրավակարգի ու փլուզված աշխարհակարգի մասին հերթական տխուր և վտանգավոր վկայությունն է։

Սամվել Ալեքսանյանը վերստին կարևորեց Իրանում կայունության վերականգնումը, որը տարածաշրջանում հաստատուն խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքներից է։

Ադրբեջանի նախագահի վերջին երկու ելույթը (և ոչ միայն) վկայություն են այն բանի, որ այդ երկիրն այդպես էլ չի հրաժարվում Հայաստանի հանդեպ թշնամական հռետորաբանությունից և ծավալապաշտական նկրտումներից. որքան էլ մենք խաղաղության մասին երազանքներ ենք հյուսում և դրանք իբրև իրականություն ներկայացնելու վարժանքներ անում։

Տվյալ հանգամանքն իր հերթին կարևորում է Իրանի դերը տարածաշրջանում հաստատված ստատուս–քվոն պահպանելու գործում, իսկ դրա համար անհրաժեշտ է հարևան Իրանի ներքին կայունությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ հայ–ամերիկյան վերջին հայտարարությանը։

Երկուստեք նշվեց, որ փաստաթուղթը մի շարք անպատասխան հարցերի տեղիք է տվել։

Ցանկալի համարվեց համապատասխան մասնագետների ընդգրկմամբ «Կլոր սեղանի» կազմակերպումը՝ մտահոգող հարցերը բարձրաձայնելու, քննարկելու և Հայաստանի, Իրանի ու ՌԴ համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով։

Պարոն Աբեդինը հանդիպումն ավարտեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի խոսքով. «Եթե մենք սպանենք կամ մեզ սպանեն՝ միևնույն է հաղթանակը՝ մերն է լինելու»։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08