Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը՝ կարևոր ազդակ. Վարդան Ոսկանյանը պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցերին

06.01.2022 20:47
2897

Հայաստանի և մասնավորապես Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունների առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շարունակում է զբաղեցնել սյունեցիներիս ուշադրությունը:

2021-ի տարեվերջյան զարգացումները, անշուշտ,  որոշ առումով նորություն էին այդ տեսակետից:

Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանին:                                        

–Պարոն Ոսկանյան, նախ՝ շնորհակալություն՝ մեր պարբերականին հերթական անգամ հարցազրույց տալու պատրաստակամության համար:

Ամանորի նախօրեին  հայտարարություն  տարածվեց առ այն, թե Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով:

Իսկապե՞ս ցամաքային սահմանի փակման պատճառը համաճարակային վտանգն էր, թե՞...

–Իրականում՝ այո, իրանցիները փակել են Իրանի ցամաքային սահմաններն անխտիր բոլոր հարեւան պետությունների համար՝ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորում, Թուրքիա, Պակիստան... Բոլոր հարեւան պետություների հետ փակել են ցամաքային սահմանը, քանի որ իրանցիները ցանկանում են կառավարելի պահել համաճարակային իրավիճակն իրենց երկրում: Հետեւաբար՝ սահմանների փակումը քաղաքական ենթատեքստ չուներ:

- «Իրնա» գործակալությունն օրեր առաջ տեղեկատվություն տարածեց Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Դուք դա, ֆեյսբուքյան գրառմամբ, կարևոր ազդակ համարեցիք առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական  Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:

Նման դիրքորոշում հայտնելու համար, հավանաբար, լուրջ հիմքեր ունեիք:

–Այո, իրանցիները Կապանում հյուպատոսության բացմամբ միանգամից մի քանի ազդակ են հղում. առաջինը, բնականաբար, ուղղված է Հայաստանի հանրությանը. դա նշանակում է, որ իրանցիները Սյունիքի հարցում դրսեւորելու են անկոտրում եւ անզիջում դիրքորոշում, խոսքը  հատկապես ադրբեջանաթուրքական վտանգին դեմ հանդիման Հայաստանին մենակ չթողնելու դիրքորոշման մասին է:

Երկրորդ՝ այդ քայլը հստակ ուղերձ էր Բաքվի բռնապետին առ այն, որ Սյունիքի մարզի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ըստ էության, բախվելու է նաեւ իրանական դիվանագիտական ներկայությանը, որովհետեւ, ինչպես գիտեք, Հայաստան-Իրան հարաբերություններում հենց Սյունիքի մարզն է այն կենսական կարեւորության հատվածը, որն ապահովում է  Հայաստանի եւ Իրանի միջեւ ոչ միայն ցամաքային հաղորդակցությունը, այլ նաեւ Իրանին մանեւրելու եւս մի հնարավորություն է տալիս՝ դեպի հյուսիս՝ իր տնտեսական ու քաղաքական ծրագրերն առաջ տանելու ուղղությամբ, քանի որ, փաստորեն, Հայաստանին եւ Սյունիքի մարզին միակ այլընտրանք մնում է ադրբեջանաթուրքական մեկ ընդհանուր աշխարհագրական տարածքը: Այդ երկու պետությունը ձեւական առումով առանձին են, բայց, հաշվի առնելով նրանց շահերի համընկնումը,    իրականության մեջ գործ ունենք միասնական աշխարհաքաղաքական տարածքի հետ, որի միակ այլընտրանքը  Հայաստանի Հանրապետությունն է՝ դեպի հյուսիս իրանական ելքն ապահովելու համար: Կա եւս մի շատ կարեւոր հանգամանք, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում. հայտնի զորավարժություններից հետո Իրանը հետ չի քաշել  զորքերն Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքից: Սա ցուցիչ է, թե Իրանը որքան ուշադիր է իր հյուսիսային սահմանների նկատմամբ, եւ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմաքաղաքական զսպման գործիքակազմեր է կիրառում Ադրբեջանին սանձելու, ինչու չէ՝ նաեւ Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար: Դիվանագիտական գործիքների կիրառման օրինակ է Կապանում հյուպատոսություն բացելու որոշումը:

–Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությունը, որն ինչ-որ չափով պայմանավորված էր Սյունիքի շուրջ զարգացումներով, որին ականատես եղանք աշնանը, կարծեք, հարթվեց:

Արդյո՞ք ճիշտ է մեր դիտարկումը:

–Իրանաադրբեջանական հարաբերություններում առանց բացառության որեւէ խնդիր չի լուծվել, այսինքն՝ խնդիրների ամբողջ համակույտը, որոնք պարբերաբար բերում են այդ երկրների միջեւ լարվածության աճին, այժմ էլ առկա է: Մասնավորապես՝ խոսվում է Ադրբեջանի տարածքում ահաբեկչական կազմավորումների ներկայության եւ դրանց վերաբերյալ իրանական դիրքորոշման  մասին: Խոսքն Ադրբեջանի ներսում հսկայական իսրայելական ազդեցության մասին է, որը չի կարող չանհանգստացնել իրանական կողմին՝ հաշվի առնելով Իրան-Իսրայել լարված հարաբերությունները: Այնուհետեւ՝ Ադրբեջանի ներսում շիա խմբավորումների գոյությունն ու նրանց վրա առկա ճնշումները, որ շարունակվում է: Ադրբեջանը դեռ որեւէ դրական քայլ այս ուղղությամբ չի կատարել: Ավելին Ադրբեջանն այդ խմբավորումները համարում է իրանական հինգերորդ շարասյուն երկրի ներսում:

Թուրքական օրհնությամբ եւ ֆինանսավորմամբ Իրանի ներսում պանթյուրքական խմբավորումների առկայությունը եւս խաթարում է այդ  պետությունների հարաբերությունները. այդ խմբավորումներն Իրանի ներսում խթանում են ներքին անկայունությունը: Թե՛ նշածս խնդիրները, թե՛ բազմաթիվ այլ խնդիրներից որեւէ մեկը չեն լուծվել:

Ուստի՝ իրանցիներն այս փուլում առաջնային համարելով իրենց հարաբերությունների խնդիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, փորձում են իրենց սահմանների երկայնքով ապահովել որոշակի կայունություն, ինչը հնարավորություն կտա Իրանին նաեւ Վիեննայում ընթացող միջուկային համաձայնագրի բանակցություններում ունենալ ավելի ամուր դիրքեր:

Նույնիսկ, չնայած լարվածության որոշակի նվազմանը եւ պաշտոնյաների փոխադարձ այցերին, որեւէ խնդիր Իրան-Ադրբեջան հարաբերություններում չի լուծվել:

–Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում (ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ) տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերահաստատեցին իրենց որոշումն ու պայմանավորվածությունը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու գործարկման վերաբերյալ:

Ընդ որում՝ վարչապետը նշեց, որ այդ երկաթգծի վերաբացմամբ հաղորդակցության նոր ուղի կբացվի Հայաստանի և Իրանի միջև՝ Ջուլֆայով, ինչը դրական ազդեցություն կունենա երկու երկրի տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:

Իսկապե՞ս դա այդքան մեծ նշանակություն ունի Իրան-Հայաստան հաղորդակցության համար:

Մի՞թե մեզ չի բավարարում ներկայումս գործող տրանսպորտային ուղին՝ Սյունիքով:

Արդյո՞ք դա չի նշանակաում, որ սյունիքյան ուղին կկորցնի իր ներկայիս (կամ՝ վերջին 30 տարում ունեցած) նշանակությունը:

Իրանը նույնպե՞ս ոգևորված է երկաթուղային այդ ճանաապարհի վերագործարկմամբ:

–  Նշված երկաթուղային հատվածը, որն իրանական Ջուլֆան միացնելու է Ջուղայի հետ եւ, Երասխի միջոցով, Հայաստանի Հանրապետությանը, Իրանի համար ունի կարեւոր նշանակություն, եթե  հաշվի առնենք մեկ հանգամանք՝ Իրանը կկարողանա կապվել Ռուսաստանի հետ՝ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով: Այո, իրանցիներն այդ երկաթուղու ապաշրջափակումը դիտարկում են որպես դրական հնարավորություն, բայց դրան զուգահեռ առկա են նաեւ ռիսկեր, հատկապես, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Հայաստանն Իրանի հետ պատրաստվում է ցամաքային հաղորդակցության բարձր մակարդակ ապահովել Հյուսիս-Հարավ  մայրուղու՝ Սյունիքով անցնող հատվածի միջոցով: Առկա է որոշակի անհանգստություն առ այն, որ Սյունիքի ցամաքային ուղին, այդ երկաթգծի գործարկումով, կարող է կորցնել իր նշանակությունը հայ-իրանական համագործակցության համատեքստում: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածում, ադրբեջանական բռնազավթման արդյունքում կամ հետեւանքով,  իրանական ծանր բեռներ տեղափոխող բեռնատարները հանդիպում են դժվարությունների: Չնայած նրան, որ Տաթեւ-Կապան ճանապարհը նորոգվել է,  իրանական ծանր բեռներ տեղափոխող բեռնատարների համար այդ ճանապարհը չի համապատասխանում տեխնիկական չափորոշիչներին, որի հետեւանքով նրանք ստիպված են լինում օգտվել Կապան-Գորիս ճանապարհից՝ անցնելով ադրբեջանական չակերտավոր անցակետով:

Մենք պետք է զանազանենք առաջնային եւ երկրորդական խնդիրները. եթե Հայաստանի Հանրապետությունը կարող է ապահովել 200 միլիոն դոլարի ներդրում (մոտավորապես այդքան է գնահատվում Մեղրիի հատվածում երկաթուղու վերականգնումը), ապա այդ ներդրումները պետք է ուղղորդվեն ոչ թե այդ երկաթուղու կառուցմանը, որն ապահովելու է նաեւ Թուրքիա-Ադրբեջան կապը,  այլ  Սյունիքի մարզում Հյուսիս-Հարավի շինարարությանը:

–Արդյո՞ք Իրանի Իսլամական Հանրապետության համար միևնույն կլինի, թե իրավական ի՞նչ ռեժիմով է գործելու Մեղրիով անցնող երկաթուղին:

–Իրանցիները բազմիցս շատ բարձր մակարդակով՝ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով որեւէ՝ այսպես կոչված՝ միջանցք կամ որեւէ կառույց, որը դուրս կլինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից, իրենց համար անընդունելի է: Հայ-իրանական հարաբերություններն Իրանի համար էական նշանակության շահերի գոտի են: Հետեւաբար՝ իրանական կողմը՝ իր ունեցած ամբողջ գործիքակազմով եւ հնարավորություններով, գրեթե մեզ հետ հավասար պայքարում է թուրք-ադրբեջանական այդ լկտի նկրտման դեմ, որը միտված է հասնելու Հայստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքով միջանցք կամ միջանցքներ ստանալուն: Դա պանթյուրքական ծրագրի  կարեւոր բաղադրիչ է՝  100 տարվա վաղեմություն ունեցող, որի ուղղությամբ թուրքական կողմը շարժվում է մեթոդական քայլերով: Բայց կրկնեմ՝ այստեղ բացվել է համագործակցության շատ հետաքրքիր տիրույթ, որը հնարավորություն կտա պանթյուրքական ծրագրի դեմ պայքարել ոչ թե միայնակ, այլեւ Իրանի օգնությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման չակերտավոր միջանցքը ձեռնտու չի լինելու ոչ մի պարագայում նաեւ Ռուսաստանին, նաեւ ռուսական կողմի աջակցությունը կարելի է ակնկալել: Ստեղծվում է հետաքրքիր հարթակ՝ Հայաստան-Իրան-Ռուսաստան ձեւաչափով, որը միտված կլինի ոչ միայն պանթյուրքական  այս ծրագիրը տապալելուն, այլեւ  մեր տարածաշրջանում հակաահաբեկչական  պայքարն առաջ մղելուն: Նման ազդակներ արդեն Ռուսաստանի կողմից նույնպես եղել են. ինչպես հիշում եք՝ Ռուսաստանն ամենաբարձր պաշտոնյաներից մեկի մակարդակով հայտարարել էր 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչների ներկայության մասին:

– Անկախության տարիներին, որքանով տեղյակ ենք, 2-3 ծրագիր առաջ քաշվեց՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար (Ադրբեջանի տարածքը շրջանցող):

Ինչո՞ւ այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին և առհասարակ մոռացվեցին՝ առաջնայնությունը զիջելով Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթգծին:

–Ընդհանրապես Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, ես նաեւ դա պնդել եմ ու գրեթե մեկ տասնամյակ խոսում եմ այդ մասին, որ  Սյունիքի հատվածից, այսինքն՝ Հայաստան-Իրան սահմանից պետք է սկսել, բայց, ցավոք սրտի, որքանով տեղյակ եմ, ժամանակին Հայաստանի Հանրապետության վրա եղել են որոշակի դիվանագիտական ճնշումներ օտար ուժերի կողմից, որպեսզի, հաշվի առնելով Արեւմուտքի եւ Իրանի լարված հարաբերությունները, այդ ծրագիրը Սյունիքի կողմից չսկսվեր: Ամեն դեպքում թույլ է տրվել սխալ: Իսկ Հայասատան-Իրան երկաթուղու ծրագիրը որեւէ պարագայում չպետք է մոռացության մատնվեր. հիմա մենք ականատես ենք, որ այդ ծրագրի մասին ոչ միայն չեն խոսում, այլ այդ ծրագիրը, կարծեք, դուրս է մնացել մեր օրակարգից: Հայաստան-Իրան ուղղակի երկաթուղու ծրագիրը չափազանց կարեւոր կլիներ ոչ միայն տնտեսական, այլեւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու, ինչպես նաեւ ադրբեջանաթուրքական շրջափակումը հաղթահարելու իմաստով: Եթե մենք այդ երկաթուղու ծրագիրը կյանքի կոչեինք, ապա, կարծում եմ, այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կունենայինք շատ ավելի բարվոք իրավիճակ:

Հետեւաբար՝  թե՛ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը պիտի գոնե քաղաքական օրակարգ բերվի, թե՛ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը պիտի լրջագույն ուշադրություն դարձվի:

Երբ 2021-ի աշնանն անցակետ կամ մաքսակետ կարգվեց Գորիս-Կապան ճանապարհին, երբ (դրանից առաջ՝ ամռանը) մի քանի օրով (Կարմրաքարի հատվածում) շրջափակվեց Գորիս-Կապան մայրուղին, մեզանում այլընտրանքային ճանապարհների կառուցումն իսկապես հրամայական դարձավ:

Հենց այդ ժամանակ էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել Հայաստանին՝ այլընտրանքային ճանապարհների կառուցման գործում:

Արդյո՞ք Իրանի պատրաստակամությունը պատշաճ  ըմբռնումի արժանացավ մեզանում և գործնական դրսևորումներ ունեցավ:

–Ես կարծում եմ՝ որ մենք պետք է աշխատեինք երկու ուղղությամբ՝ոչ միայն այլընտրանքային ճանապարհներ կառուցելու, այլեւ Որոտան-Գորիս ճանապարհի հայտնի հատվածն ադրբեջանական բռնազավթումից ազատագրելու, ինչի վերաբերյալ ազդակներ եղել են Իրանից: Բայց, ցավոք սրտի, այդ հնարավորությունը բաց է թողնվել: Հայաստանի ցանկացած իշխանություն, որը մտածում է մեր պետության անվտանգության եւ ապագայի մասին, պետք է այս հարցին անպայմանորեն անդրադառնա՝ նաեւ հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահը հստակորեն հայտարարեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմաններն անորոշ են, հետեւաբար՝ ադրբեջանական ներկայությունը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում եւ Ճակատենի հատվածում, ըստ էության, անօրինական է: Այսինքն՝ այդ տարածքներն ադրբեջանական տարածք չեն: Ադրբեջանի համար լավագույն դեպքում դա կարելի է դիտարկել որպես վիճելի տարածք, իսկ հայկական շահերի տեսանկյունից՝ դա Հայաստանի Հանրապետության տարածք է:

Կապան-Գորիս ճանապարհահատվածի ադրբեջանական անցակետը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլեւ միտված է հայ-իրանական հարաբերությունները խոչընդոտելուն, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության ներքին տեղաշարժերը խաթարելուն:

Ինչ վերաբերում է այլընտրանքային լուծումներում իրանական կողմի ներգրավմանը, ցավոք սրտի, Իրանի պատրաստակամությանը պատշաճ արձագանք չի եղել Հայաստանի կողմից: Ես տեղյակ չեմ, թե ինչ սահմանափակումներ կան, գուցե Հայաստանի վրա կրկին ճնշումներ կան՝ իրանական կողմի ներգրավման առումով, բայց այժմ Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նման ճնշումների առջեւ չպիտի ընկրկի, իսկ իրանական կողմը պետք է ներգրավված լինի նաեւ ճանապարհաշինարարական գործընթացներում:

–Անցած դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետն Արցախի կարգավիճակի առնչությամբ նկատառումներ հայտնեց, որն ինչ-որ չափով ցնցեց  հայ հանրությանը:

Վարչապետի դիրքորոշմանը հակադարձեցին  Արցախի իշխանությունները, ընդ որում՝ առաջին անգամ:

Արդո՞ք այդ ամենին արձագանքեցին Իրանի իշխանությունները:

– Իրանական կողմից արձագանքները շատ թույլ են: Ակնհայտ է, որ Իրանի համար այժմ չափազանց կարեւոր է հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումը: Այդ ամրապնդումը փորձում են իրականացնել՝ որոշակիորեն հաշվի առնելով նաեւ Արցախյան հիմնախնդրի ապագան, որը նախանշվել է Իրանի հոգեւոր առաջնորդի  հայտնի ձեւակերպման մեջ, որը պարունակում էր մի շարք կետեր: Այդ կետերի համաձայն, չնայած շեշտադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգամանքը, բայց միեւնույն ժամանակ հստակորեն եւ առաջին անգամ նման բարձր մակարդակով՝ իրանական կողմն արձանագրում էր արցախահայության անվտանգության խնդիրը: Ուստի եւ Իրանի հետ այս ուղղությամբ աշխատելու պարագայում մենք կարող ենք հենվել հենց հոգեւոր առաջնորդի՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու դիրքորոշման վրա, որն ուղենիշ է հայ-իրանական հարաբերություններում՝ Արցախյան խնդրի շուրջ համատեղ դաշինք ձեւավորելու համար:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի եւ Տիգրանուհի Բադալյանի  

5 հունվարի 2022 թ.

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53