Կապկազ թամաշա

03.06.2014 14:34
3017

Հետգրություն

Բանասիրական գիտությունների թեկնածուն, ով Գորիսի պետական համալսարանում հայոց լեզվի դասախոս է եւ դոցենտ, մեկ էջում թույլ է տվել 33 ուղղագրական ու կետադրական սխալ, գրառել անհասկանալի բառեր ու բառակապակցություններ, արտահայտել անվերծանելի մտքեր, բայց դա չի խանգարել, որ նա առանց կարմրելու ընդունի մտավորականի, գրագետի, բարեպաշտի ու բարոյախոսի կեցվածք եւ խրատներ տա «Սյունյաց երկրին»:

Մայիսի 27-ին «Սյունյաց երկրի» էլեկտրոնային կայքում զետեղվել է մեր հեղինակած մի հոդված` «Գորիս. ե՛ւ եղավ որոտ, ե՛ւ ձայներ, ե՛ւ փայլատակում, ե՛ւ երկրաշարժ» վերտառությամբ: Հոդվածը մի քանի դիտարկումների ամբողջություն է` նախընտրական Գորիսի վերաբերյալ: Հոդվածի մի պարբերությունն էլ ուղղակի անդրադարձ է Գորիսի պետական համալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանի` նախընտրական օրերին արտահայտած որոշ մտքերի: Պարբերությունն ավարտվում է այսպիսի նախադասությամբ. «Բոլոր դեպքերում նա պետք է խոնարհված մնար գորիսեցու առջեւ, ով մոտ 20 տարի ծով համբերությամբ հանդուրժել է իրեն եւ երբեք Գորիսի պետական համալսարանը չի կոչել տգիտության դարբնոց»:

Հոդվածը, խոստովանենք, մեծ արձագանք է գտել: Այդ առիթով երեք անգամ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ մեր ու Յուրի Սաֆարյանի միջեւ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել նրա պատասխան խոսքը տպագրել «Սյունյաց երկրի» էջերում` հանդիպելուց եւ իրավիճակը դեմ առ դեմ քննարկելուց հետո:

Որոշ ընթերցողներ, սակայն, ավելի շատ են հուզվել մեր դիտարկումներից, քան ինքը` համալսարանի տնօրենը: Նրանցից մեկը Գորիսի պետհամալսարանի հայոց լեզվի դասախոս Մհեր Քումունցն է, ով մեր հոդվածի կապակցությամբ ֆեյսբուքահայության համար ինչ-որ հայտարարություն է մոգոնել ու տարածել:

Առաջին հայացքից դա նորմալ երեւույթ է, բայց հեղինակը պատասխան խոսքի մեջ բարեկիրթ եւ բարեզուսպ չի գտնվել (մանավանդ որ մեր խոսքն իրեն չէր ուղղված) եւ ոչ էլ փութաջան` լսելու մեջ: Անգամ մոռացել է Սուրբ գրքի հանրահայտ պատվիրանները եւ իրեն դատավոր կարգել ու (առանց գործեր քննելու, որ իր ուժերից վեր է) մեղադրանքներ ներկայացրել ե՛ւ տողերիս հեղինակին, ե՛ւ «Սյունյաց երկրին»: Մինչդեռ իմաստունն ասում է. «Փառքն ու անարգանքը խօսքի մէջ է, եւ մարդու կործանումն` իր լեզուի վրա», իսկ ինքը, փաստորեն, ձեռքը հետ է քաշել իր լեզվի վրայից…

Եվ ահա ստիպված ենք անդրադառնալ այդ հրապարակմանը:

Նախ` մի անհրաժեշտ ճշտում: Մհեր Քումունցն ինձ անվանում է կոլեգա, ասել է թե` ընկերակից, գործակից, միեւնույն կոչում, համանուն աշխատանք ունեցող: Ասում է նաեւ. «Չեմ ցանկանում հանդես գալ որպես լրագրող-խմբագիր, այլ….»:

Այդ կապակցությամբ` հետեւյալը. Մհեր Քումունցի հետ մենք կոլեգաներ չենք եղել ու չենք, նման անուն-ազգանունով լրագրող կամ խմբագիր չենք ճանաչում:

Նրան ճանաչում ենք որպես Գորիսի պետական համալսարանի դասախոս` դրանից բխող բոլոր բնութագրականներով:

Այնուհետեւ մի քանի անգամ ընթերցել ենք նշված հոդվածը եւ հանգել ստույգ եզրակացության. հեղինակը մեր հրապարակման մեջ տեղ գտած որեւէ դիտարկում կամ ընդհանրացում չի հերքել կամ կասկածի տակ առել, ինչի համար արժեր նույնիսկ շնորհակալություն հայտնել նրան: Անգամ «քոմենտի» հեղինակները, ովքեր մոբիլիզացվել էին այդ առիթով, իրենց կիսագրագետ խզբզանքներում չեն հերքել կամ կասկածի տակ առել մեր եզրահանգումները:

Մհեր Քումունցն ըստ էության փորձել է իրենից համարձակ եւ խիզախ մարդու պատրանք հյուսել եւ հաճոյանալ տնօրենին` մի քանի դասաժամ ավելի փախցնելու եւ ձեռք բերած արտոնությունների անձեռնմխելիությունն ապահովելու ակնկալիքով:

Մի քանի դասաժամ ավելի ունենալու, ունեցած արտոնությունների անձեռնմխելիությունն ապահովելու ակնկալիքը միգուցեեւ իրականություն դառնա: Բայց համարձակ եւ խիզախ մարդու տեսիլքի ստեղծման ճանապարհին պարոնն իր ուժերն ակնհայտորեն գերագնահատել է:

Համարձակ եւ խիզախ մարդու ծիրանիով հանդես եկողն առնվազն ֆեյսբուքյան իր տիրույթը չէր փակի «ոչ բարեկամների» համար եւ պատրաստ կլիներ լսելու ամենատարբեր «քոմենտներն» անգամ: Ինքը մինչդեռ գրել է ու դռները փակել (այդ արգելանքը վերացվեց հունիսի 2-ի երեկոյան, երբ «Սյունյաց երկրի» կայքում արդեն հրապարակվել էր նրա հայտարարության` մեր սրբագրած տարբերակը):

Այդ հանգամանքները, սակայն, այնքան էլ կարեւոր չեն: Կա մեկ այլ իրողություն, որ, իսկապես, հույժ կարեւոր է եւ մտածելու տեղիք տվող: Հոդվածը կարդալիս բախվեցինք մի իրողության, որը հայերենով կարելի է բնութագրել միայն ու միայն այսպես` անգրագիտության անզուգական կամ դարակազմիկ հուշարձան:

Պարզվեց, որ բանասիրական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի դասախոս Մհեր Քումունցը մեկ A4 չափսի թղթի վրա գրված հոդվածում 33 ուղղագրական ու կետադրական սխալ է թույլ տվել (ոճական ու ծրագրային սխալները` մի կողմ):

Հիմա ժամանակ եւ հնարավորություն չունենք թերթի էջերում սեմինար անցկացնելու դասախոսի համար: Բայց հանրակրթական դպրոցի 4-րդ եւ 5-րդ դասարանների ծրագրերից մի քանի հանրահայտ ճշմարտություններ ու կանոններ (նրա հոդվածից բխող) կուզենայինք հիշեցնել նրան:

Այսպես, բանասիրական գիտությունների հարգելի՛ թեկնածու, հայերենում նախադասությունը սկսվում է մեծատառով, ավարտվում` վերջակետով կամ կախման կետերով, որ երեք կետ է` …, կամ բազմակետով, որ չորս կետ է` ….:

Հայերենում հենց այնպես չի կարելի բազմաթիվ կետեր իրար հետեւից շարել: Հայերենում գոյություն ունեն` մեկ կետ, որ միջակետն է, երեք կետ, որ կախման կետն է, եւ չորս կետ, որ բազմակետն է:

Հայերենում հենց այնպես բառերը գծիկով իրար կապել չի կարելի: Գծիկով իրար հետ կապվում են հոմանիշ, հականիշ բառերը, կրկնավոր բարդությունները, որոշ հատուկ անուններ, որոշ դերանուններ….

Հայերենում շեշտն ունի հստակ ձեւ (՛): Շեշտն այլ ձեւ չի կարող ունենալ, եթե անգամ հեղինակն անսթափ վիճակում է գրիչ վերցրել:

Հայերենում փակագիծը փակող նշանը` ), առանձին չեն օգտագործում, առավել եւս նման տասներեք նշան իրար կողքի չեն շարում` ))))))))))))):

Հայերենում մեծատառով գրելու կանոնները նույնպես հստակ են: Որեւէ կանոնով հիմնավորված չէ բառը նախադասության մեջ միայն մեծատառերով գրելը (նման ազատություն, թերեւս, մեր խոսքի մեծերն են իրենց թույլ տվել), իսկ բառը շեշտելու, ընդգծելու համար, մանավանդ համակարգչային շարվածքի դեպքում, բազմաթիվ ձեւեր գոյություն ունեն:

Բավարարվենք ասվածով եւ արձանագրենք` եթե հայոց լեզվի համալսարանական դասախոսը տիրապետեր տարրական դասարաններում ուսուցանվող այդ գիտելիքներին, ապա, վստահ ենք, նրա հոդվածն ամբողջությամբ հասկանալի կլիներ: Մինչդեռ քննարկվող հոդվածը հասկանալու համար այլ խոչընդոտների եւս բախվեցինք:

Հայոց լեզվի մեր դասախոսն այդպես էլ չի հասկացել, որ մի քանի բառեր հենց այնպես իրար կողքի շարելով` նախադասություն չի կազմվում: Շատ ափսոս, որ հոդվածում գործածված բառերի շարքերից (իբր նախադասություն ներկայացվող) ոչ միայն մենք, այլեւ բազմաթիվ մասնագետներ ոչինչ չհասկացան: Պետական համալսարանի հայոց լեզվի դասախոսը, բանասիրական գիտությունների թեկնածուն այնպիսի բառեր, բառակապակցություններ ու նախադասություններ է գործածել, որ ակամա ինքներս մեզ հարց ենք տալիս` արդյո՞ք այս պարոնը հայոց լեզվի մասնագետ է:

Ահա նման բառերի, բառակապակցությունների եւ նախադասությունների մի քանի օրինակ. «….Ամեն ինչ չէ, որ պիտի մեր` ժողովրդիս հաշվին արվի», «Քար չեն գցի այն աղբյուրին….», «….Այլ բան է, երբ մենք մեր ստեղծածից հրաժարվում ենք, բայց այն արդեն «դրսներումը» թագավոր է հռչակվել եւ .…», «Կարեւոր է գովերգել համաժողովրդական ցանկությունն ու կամքը ու այպանել այն, ինչ սպանում է մարդուն….», «…Որից «հնագույնը բոլոր հների մեջ» վաստակով ջուր են խմում», «դրսներումը» եւ այլն:

Պետական համալսարանի բանասիրության դասախոսը, պարզվում է, այնքան էլ տեղյակ չէ հայ ժողովրդական բանահյուսության եւ գեղարվեստական գրականության աչքի ընկած հերոսներից մեկի` Քաջ Նազարի կերպարի մասին, բայց իր հոդվածում անդրադառնում է նրան` պատրաստակամություն հայտնելով շտկել, ուղղել Հովհաննես Թումանյանի այդ ստեղծագործության բացթողումները` համոզված լինելով, որ ինքն այդ հնարավորությունն ունի:

Ի գիտություն բանասիրության դասախոսի` նման կերպարներ կան աշխարհի այլ ժողովուրդների բանահյուսություններում եւս: Քաջ Նազարի կերպարին հայ գրականության մեջ անդրադարձել են շատերը` Գ.Սրվանձտյանից մինչեւ Ժ.Ավետիսյան: Դ.Դեմիրճյանի կատակերգությունն է, որ ամենահաջողվածն ու ընդունվածն է գրական աշխարհում: Իսկ թե ինչու է պետհամալսարանի դասախոսի կարծիքով «Քաջ Նազար»-ի հեղինակը (ստեղծագործողը) Հովհաննես Թումանյանը, այդպես էլ չհասկացանք:

Բայց, ի գիտություն դասախոսի, քաջնազարականությունը` որպես երեւույթ, առավել ակնհայտ դրսեւորումներով շարունակում է գոյատեւել մեր առօրեական կյանքում նույնպես: Քաջնազարականության բնորոշ գծերից են բախտախնդրությունը, միջավայրի արատները հանդուրժելը, ուրիշներից (ամենատարբեր ձեւով) դրամ շորթելը, խելոք ձեւանալը, իր գիտելիքներին ոչ համապատասխան գործով զբաղվելը, փարիսեցիությունը… Եթե, ասենք, Գորիսի պետհամալսարանում դասաժամ է տրվում համապատասխան գիտելիքներ չունեցող մեկին, ապա դա քաջնազարականության ցայտուն օրինակ է: Եթե մեկը ստուգարքի, ընթացիկ քննության, պետական քննության համար ուսանողից շորթում է դրամ կամ մի քանի շիշ «յաթրջի» վերցնում կամ հանդուրժում այդ երեւույթը, ապա դա եւս քաջնազարականության դասական օրինակ է: Եթե որեւէ դասախոս անընդհատ փախչում է դասերից, իսկ տվյալ ֆակուլտետի դեկանն ասում է. «Ես ոչինչ անել չեմ կարող, քանի որ նա վերեւների հետ կոալիցիայի մեջ է», ապա դա քաջնազարականություն է մի քանի առումով: Եթե մեկն աշխատում է բացառապես փողային հարաբերությունների ու ընչաքաղցությամբ հիվանդ միջավայրում, փառաբանում այդ միջավայրը եւ, այնուամենայնիվ, խոսում հայոց պետականության կայացման, ազատության, արժանապատվության մասին, ապա դա ոչ միայն քաջնազարականություն է, այլեւ սրբապիղծ քաջնազարականություն:

Եվ նման միջավայրում տարիներ շարունակ աշխատած ու վերջնականապես ձեւավորված դասախոսի համար, ինչպես երեւում է հոդվածից, փողը դարձել է գերնպատակ, աշխարհի մասին դատողություններ անելու միակ պատուհանը: Ավելին, նա ուրիշների գործելակերպի միակ մղիչ ուժը նույնպես համարում է փողը: Եթե, օրինակ, «Սյունյաց երկիրը» երկու-երեք նախադասություն է գրել Յուրի Սաֆարյանի նախընտրական օրերի մերժելի պահվածքի ու արտահայտությունների մասին, ապա ուրեմն փող են տվել խմբագրին: Եվ ինքն այդպես մտածելու բոլոր հիմքերն ունի. ինչպե՞ս կարող են մեր օրերում թերթում անվճար կարծիք հայտնել, երբ իրենց մոտ ամեն ինչ (շեշտում եմ` ամեն ինչ) իր հստակ սակագինն ունի, ընդ որում` տարեցտարի աճող սակագին: Ահա ինչու է դասախոսն ընթերցողին հիշեցնում. «Իմ անձնական շահը ներ չեմ դրել այս գրելու համար», ասել է թե` չկասկածեք, փողով չէ, որ գրել եմ այս հոդվածը:

Իսկ եթե թերթի խմբագիրը համարձակվել է ակնարկել, որ գորիսեցին կարող է եւ Գորիսի պետական համալսարանն անվանել տգիտության դարբնոց, ապա այդ թերթն «ընտանեկան» է: Եվ հեղինակը խորհուրդ է տալիս Սամվել Ալեքսանյանին ու ցանկություն հայտնում, որ «Սյունյաց երկիրը» չլինի «տան բացերը լրացնող» թերթ: …Ու այս խորհուրդը (մեղա՜ Աստված) մեզ մեկնում է մի անձնավորություն, ով տեւական ժամանակ հայրենի քաղաքում ապրել է տնփեսայի` Գորիսի բազմադարյան պատմության համար գրեթե բացառիկ ու անսովոր կարգավիճակով, ով, բնականաբար, չի կարող երբեւէ հասկանալ տուն, արժանապատիվ օջախ բառերի իրական կշռույթը…

Մհեր Քումունցի հոդվածը` սկզբից մինչեւ վերջ, կարծեք, յուրօրինակ մի հայելի է, որում առավել քան պարզորոշ երեւակվում են նրա ներաշխարհը, հոգեվիճակն ու աշխարհայեցողությունը: Հոդվածի առաջին իսկ նախադասությունից ի չիք է դառնում սեփական դեմքը դիմակով թաքցնելու նրա ակնհայտ տվայտանքն ու հոսհոսությունը: Եվ առաջին իսկ նախադասություններից բախվում ենք մեր հերոսի իրական կերպարին:

Նախ` երդում է տալիս ընթերցողին. «Իմ անձնական շահը ներ չեմ դրել այս գրելու համար»: Անշուշտ, նման երդման անհրաժեշտություն չկար: Բայց ինքը, այդուհանդերձ, երդում է տալիս` լավ հասկանալով` որեւէ մեկը մոլորակում չի կարող հավատալ, որ Գորիսի պետական համալսարանի դասախոսի այդ տեսակը կարող է ինչ-որ բան անել` առանց շահ հետապնդելու:

Եվ գիտակցելով, որ մարդիկ, այնուամենայնիվ, իր խոսքի անկեղծությանը չեն հավատա, հայտնի մեղմացուցիչ հանգամանքն է հիշեցնում` Գորիսի պետական համալսարանում քննությունների ու ստուգարքների օրերին ամեն մի ուսանողի առիթով հրամցվող. «….Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում»: Դասախոսի այդ արտահայտությունը միգուցեեւ մեղմացուցիչ հանգամանք համարեինք` նկատի ունենալով նրա աղավաղված վիճակը, եւ սովորական ժեստ` իր խոսքին հավատ ընծայելու համար… Բայց ուրիշի երեխաներին մտավոր հաշմանդամ դարձնելու հաշվին սեփական «էրեխեքի» հոգսերը հոգալն ու բացեիբաց այդ մասին խոսելն առնվազն ցինիզմ է: Եվ ուրեմն պատահական չէ Գորիսում թեւածող խոսակցությունն առ այն, որ պետհամալսարանի ուսանողը հաճախ պարտադրված է լինում իմանալ, թե որ դասախոսի որ երեխան ինչ նախասիրություններ ունի սննդամթերքի օգտագործման ոլորտում` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Հոդվածում փարիսեցիությունը դրսեւորվում է աննախադեպ կատարելությամբ: Հոդվածագիրը, մտավորականի, գրագետի, բարեպաշտի ու բարոյախոսի ծակ հովանոցը գլխավերեւում բռնած, պետության կայացման համար տառապյալի կեցվածք է ընդունում` մոռանալով, որ պետության կայացմանը մեծապես կնպաստեինք, եթե կարողանայինք, օրինակ, ընչաքաղցությունը վերացնել բուհից, եթե կարողանայինք կիսագրագետ դասախոսներին դուրս վռնդել բուհից:

Հոդվածագիրն արձանագրում է. «Գորիսի պետական համալսարանում աշխատում է մտավորականության այն մասը, որի շնորհիվ Սյունիքի մարզը գիտության կենտրոնի համարում ունի»: Իմիջիայլոց, վատ երազանք չէ, եւ, առհասարակ, երազելը վատ բան չէ: Բայց… Այդ երազանքի համար անհրաժեշտ կլինի, որ Գորիսի պետհամալսարանի հայոց լեզվի դասախոսն առնվազն տիրապետի գիտելիքների այն պաշարին, որ սովորաբար տրվում է հանրակրթական դպրոցի ցածր դասարաններում:

Հոդվածագիրը, սակայն, առավել տհաճությամբ է ընդունել մեր հրապարակման եզրափակիչ դրույթը. «Գորիսի նորընտիր քաղաքապետը, կարծում ենք, պետք է հանգամանորեն վերլուծի նախընտրական ամբողջ անցուդարձը, ուսումնասիրի հանրային տրամադրությունները եւ դրանից բխող ու հանրային համերաշխությանը միտված քայլեր ձեռնարկի: Շատ վիրավորական կլինի, եթե նորընտիր քաղաքապետը քինախնդրությամբ վերաբերվի իր մրցակիցներին ու ընդդիմախոսներին, ինչն ընդունված գործելակերպ է մեր օրերում եւ հատկապես Սյունիքի մարզում: Առավել ամոթ կլինի, որ յուրաքանչյուրս (անգամ քաղաքապետի մյուս թեկնածուները) մեր կարելիությունների չափով չաջակցենք նորընտիր քաղաքապետին` ի շահ Գորիսի»: Եվ կարծում է, որ դա ցուցում-հիշեցման արդյունք է, որ դա անհաջող ընտրված «ոսկե միջին» է:

Ի դեպ, կրկին ստորագրում ենք մեր հրապարակման եզրափակիչ դրույթի տակ: Հայտարարում ենք նաեւ` որեւէ «լժե-դասախոսի» շինծու բարոյախոսությանը կընդդիմանանք հնարավոր բոլոր միջոցներով, քանզի Գորիսի ներկա կացության, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ մեր տեսակետն ունենք:

Ուզում ենք մեր խոսքի այս հանգրվանում էլ ժամանակավորապես դադար տալ Մհեր Քումունցի հայտարարության քննարկմանը` մի քանի հարց պարզելու եւ քննարկումը վերսկսելու միտումով:

Հարցերն ուղղում ենք Գորիսի պետական համալսարանի տնօրեն Յուրի Սաֆարյանին:

Նախ` ո՞վ է լեզվական նման սահմանափակ գիտելիքներով անձնավորությանը դասաժամեր տվել պետական համալսարան կոչվող կրթօջախում, ինչպե՞ս է նա հայտնվել հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտի պատվանդանին:

Ո՞ր հանձնաժողովն ու ե՞րբ է այդ անձնավորությանն ատեստավորել եւ բուհում հայոց լեզու դասավանդելու իրավունք տվել:

Գորիսի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ խնդրել են «Սյունյաց երկրի» խմբագրությանը հրապարակել Մհեր Քումունցի թեկնածուական ատենախոսությունը եւ թերթի էջերում կազմակերպել այդ ատենախոսության քննարկում` պարզելու, թե ինչ գրվածքի համար է նրան տրվել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Հետեւաբար` Դուք կարո՞ղ եք մեզ տրամադրել այդ ատենախոսությունը:

Եվ, իհարկե, ամենագլխավորը` ո՞վ է լիազորել Մհեր Քումունցին (եւ արդյո՞ք լիազորել է) հանդես գալ Գորիսի պետական համալսարանի անունից: Եթե իսկապես նա է լիազորված խոսել Գորիսի պետական համալսարանի անունից, ապա չենք կարող չբարձրաձայնել` Գորիսի պետական համալսարանն իրոք լիակատար ձախողանք է ապրում:

Եթե իսկապես նա է լիազորված խոսել Գորիսի պետական համալսարանի անունից, ապա կուզենայինք հանրությանը հետաքրքրող մի քանի հրատապ հարց ճշտել լիազորի օգնությամբ` կապված տարեվերջյան պետական քննությունների ու Գորիսում առաջիկա օրերին կայանալիք ու Գորիսի պետհամալսարանից որոշակիորեն ուղղորդվող ընդունելության միասնական քննությունների հետ:

Այնպես որ, պարո՛ն Սաֆարյան, այդ հարցում նույնպես խնդրում ենք Ձեր օգնությունը, թեեւ Դուք նախավերջին հեռախոսազրույցում հավատ չներշնչող խոսքով հավաստիացրիք մեզ. «Հոդվածն իմ պատվերով չի գրվել, եթե իմ պատվերով գրված լիներ, կամ մատս խառը լիներ, ապա այդքան անգրագետ, սխալներով եւ հիմարություններով լեցուն չէր լինի»:

…Սույն հրապարակման վրա աշխատելիս քանիցս վերհիշեցինք Եղիշե Չարենցի հայտնի գործը` «Կապկազ թամաշան», որի մի քառատողի ուժով մեր փոքր հայրենիքի բարքերը ժամանակին ցուցանվել է Կովկասով մեկ` հիմքում դնելով ցիցերոնյան հայտնի բացականչությունը: Եվ որոշեցինք իբրեւ վերնագիր օգտագործել հենց այդ ստեղծագործության անվանումը` մտածելով, որ վերը շարադրվածը նույնպես թամաշայի ու խորը մտահոգության արժանի է…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25