Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ

26.06.2024 12:20
283

Սյունիքի մարզի  մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղում թանգարանները։ Դրանց հավաքածուներում կենտրոնացված է իրեղեն առարկաների այնպիսի մեծ պաշար, որը սկզբնաղբյուրային կարևոր նշանակություն ունի Սյունիքի պատմության ուսումնասիրման, ինչպես և աճող սերնդի հայրենագիտական ու գեղագիտական դաստիարակության գործում։

Թեման ըստ պատշաճի ներկայացնելու համար անհրաժեշտություն առաջացավ նախևառաջ ծանոթանալ ոլորտի ընդհանուր պատկերին (հանրապետության մասշտաբով), իրականացվող պետական քաղաքականությանը, բնագավառի հիմնախնդիրներին ու զարգացման ուղիներին, մարզերում կատարվող աշխատանքներին, ինչի համար զրույցի հրավիրեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին։

- Պարոն Քոչարյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հրատարակվող «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարը նվիրում ենք մարզի թանգարաններին։ Եվ որպեսզի կարողանանք համակողմանի ու հիմնավոր ներկայացնել Սյունիքի թանգարանները, նպատակահարմար գտանք Ձեր օգնությամբ պարզաբանել մի քանի հարց։

Նախ՝ ի՞նչ ասել է թանգարան։

- Ուրախ եմ տեղեկացնել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը՝  «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների  գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, հիմնական հասկացությունները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի  ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության հանձնելու և արտահանման գործընթացները:

Օրենքով սահմանվել է նաև «թանգարան» հասկացությունը, որը համահունչ է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի կողմից թանգարանների նոր սահմանմանը.

«Թանգարան` ոչ առևտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրայնացնում է նյութական պատմամշակութային ժառանգության առարկաներ և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ, հասանելի է հանրությանը և իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական գործունեություն»:

- Թանգարանային գործի համառոտ պատմությունը Հայաստանում՝ նախատիպերից մինչև մեր օրեր։

- Հայկական լեռնաշխարհում թանգարանների նախատիպերը եղել են դեռևս ուրարտական ժամանակաշրջանում՝ հին և հնագույն մեհյաններում, սակայն դրանից առաջ էլ եղել են արվեստի, դպրության, ճարտարապետության կենտրոններ: Հայաստանում ևս եղել են նախաթանգարանային հավաքածուներ: «Կարմիր բլուր» հնավայրից հայտնաբերված նյութերը խոսում են հենց դրա մասին: Հելլենիստական շրջանի հայկական արքունիքներում ևս եղել են բարձրարժեք հավաքածուների գոյություն, հեթանոսական աստվածների կամ արքայական նախնիների պաշտամունքային բարձրարժեք նմուշներ:

Արդեն քրիստոնեության ընդունումից հետո ևս եկեղեցիներին կից ստեղծվել են ավանդատուն-գանձարաններ, գրադարան-մատենադարաններ: Վկայությունների համաձայն միջնադարյան Հայաստանն ունեցել է իր «իսկական թանգարանները», որոնք բաժանվել են երեք կարգի՝ արքունի, իշխանական և եկեղեցական թանգարաններ:

19-րդ դարի կեսերից սկսած հայ մտավորականության շրջանում ակտիվանում են պատմամշակութային  ժառանգության հավաքման, պահպանման և ուսումնասիրման ձգտումները և այդ նպատակով եվրոպական ազդեցությամբ թանգարանների ստեղծման փորձը: Հայաստանում թանգարան հիմնելու առաջին մեզ հայտնի փորձը կապված է Խ. Աբովյանի անվան հետ, ով 1840-ական թվականներին Երևանի գավառական դպրոցին կից հիմնում է «Հայկական հնությունների կաբինետ»:

Թանգարաններ ստեղծելու ուղղությամբ պետական ջանքեր գործադրվեցին Հայաստանի առաջին հանրապետության կարճատև գոյության տարիներին: 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի որոշմամբ ստեղծվում է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարանը՝ ներկայիս Հայաստանի պատմության թանգարանը: Խորհրդային կարգերի ընդունումից հետո առանձին եկեղեցիներին և դպրոցներին կից գործող թանգարանները հիմնականում պետականացվեցին, ստեղծվեցին նոր թանգարաններ: 1930-ական թվականները բեկումնային էին թանգարանների համար, թանգարանային հավաքածուները սկսեցին բաժանվել ըստ մասնագիտացման՝ երկրում ստեղծելով թանգարանների ցանց: Թանգարանային հավաքածուները տարանջատվեցին՝ ստեղծվեցին Կերպարվեստի թանգարանը (ներկայիս՝ Հայաստանի ազգային պատկերասրահը), գրական բաժնի վրա ձևավորվեց Գրական թանգարանը (ներկայիս՝  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը) և այլն:

Խորհրդային առաջին շրջանում ռուսական ազդեցությամբ սկսեց ձևավորվել հուշային թանգարանների ցանցը՝ հատկապես անվանի անձանց նվիրված տուն-թանգարանների ստեղծմամբ: Հետագայում այդ գործընթացն ակտիվ շարունակվեց: Ստեղծվեցին բազմաթիվ տուն-թանգարաններ: 1950-ականներից նորովի շարունակվեց հուշարձանների և պատմական միջավայրի հիմքով թանգարանների ստեղծման գործընթացը: Ստեղծվեցին նոր արգելոց-թանգարաններ: Հետխորհրդային շրջանում ստեղծված ծանր իրադրության պայմաններում թանգարանները կանգնեցին լուրջ մարտահրավերների առջև: 1990-ականների վերջից փորձ արվեց առավել բարձրացնել համայնքների դերը թանգարանների կառավարման գործում, սակայն շատ տեղական, համայնքային թանգարաններ հայտնվեցին նյութական և մասնագիտական առումով դժվարին պայմաններում, որը շարունակվում է մինչ օրս:

2000-ականների առաջին տասնամյակը բեկումնային էր հայաստանյան թանգարանների հետագա զարգացման, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից, որը պայմանավորված էր մի կողմից պետական քաղաքականության, մյուս կողմից քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությամբ, մասնավորապես ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» ստեղծմամբ:

Այսօր մեր թանգարանները կարևոր կրթամշակութային դեր են ստանձնել  հանրային կյանքում, որոնք մի կողմից ապահովում են հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, մյուս կողմից դարձել են սոցիալ-կրթական կենտրոններ՝ ներգրավելով հանրության տարբեր խմբերի և լսարաններ:

Այս համատեքստում՝  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որպես ոլորտի լիազոր մարմին, թանգարանների ոլորտում տարվող մշակութային քաղաքականությունն ուղղված է թանգարանների ենթակառուցվածքների արդիականացմանը և կառավարման նոր մոդելների ներդրմանը, թանգարանների՝ որպես սոցիալ-կրթական, զբոսաշրջային տարածքների վերակազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը, հասարակության բոլոր տարիքային, սոցիալական խմբերի համար հասանելիության ապահովմանը, հայկական մշակույթի միջազգային ներկայացման և համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը:

Նախատեսվում է առաջիկա 5 տարում ստեղծել Գորգի թանգարան-ինստիտուտ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո: Այդ կառույցը գիտական հիմնավոր փաստերի և վերլուծությունների միջոցով կպայքարի հայկական գորգագործական մշակույթի յուրացումների դեմ, միևնույն ժամանակ կապահովի համաշխարհային գորգարվեստում հայկական գորգագործական մշակույթի պատշաճ ներկայացումն ու նրա բացառիկ դերի ամրագրումը:

- Քանի՞ թանգարան ունենք հանրապետությունում, և ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում ըստ գիտական դասակարգման կամ ըստ տիպերի, պրոֆիլների. նկատի ունենք պետական թանգարանները։

- Հանրապետությունում գործում է 133-ից ավելի թանգարան (թիվը շարունակաբար ավելանում է), որից 65-ը՝ պետական: Պետական (այդ թվում՝ մարզպետարանների ենթակայության) թանգարաններն իրենց գործունեության և թանգարանային առարկաների ու հավաքածուի բնույթով պայմանավորված բաժանվում են պատմական, հուշային, բնագիտական թանգարանների, արգելոց-թանգարանների և թանգարան-ինստիտուտի:

- Հանրապետությունում կա՞ առանձին վիճակագրություն մասնավոր կամ գերատեսչական թանգարանների վերաբերյալ, եթե այո, ապա ներկայացրեք, խնդրեմ, դրանց ընդհանուր պատկերը։

- Նախարարությունը, որպես ոլորտի լիազոր մարմին, իրականացնում է թանգարանների, անկախ պատկանելությունից, վիճակագրությունը և ընդհանուր քաղաքականության մշակումն ու իրականացումը:

- Փորձենք ընդհանրացնել թանգարանների ընդհանուր ցանցն ըստ ենթակայության կամ պատկանելության՝ ԿԳՄՍ նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, գերատեսչություններ, մասնավոր հատված...

- Ինչպես նշեցինք՝ հանրապետությունում գործում է 133-ից ավելի թանգարան (թիվը շարունակաբար ավելանում է), որից 65-ը՝ պետական: Դրանցից 54-ը (ներառյալ՝ արգելոց-թանգարանները, մասնաճյուղ-թանգարանները) գործում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, 3-ը՝ այլ նախարարությունների, 8-ը՝ մարզպետարանների ենթակայությամբ: 25 թանգարան գործում է համայնքների ենթակայությամբ, որից 4-ը՝ Երևանի քաղաքապետարանի: 22 թանգարան պատկանում է հասարակական կազմակերպություններին և մասնավոր անձանց, 6-ը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:

Պետական մշակութային և ուսումնական այլ հաստատությունների ներքո գործում է 14 թանգարան:

- Ենթադրում ենք, որ բոլոր այդ թանգարանների գործունեությունն ինչ֊որ կերպ համակարգվում է, նպատակներն  ու խնդիրներն էլ (ըստ էության) նույնն են։

Փորձեք հասկանալի դարձնել թանգարանների կառավարման համակարգը հանրապետությունում։

- ՀՀ պետական թանգարանները կառավարվում են ոլորտի լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

2024-ը շրջադարձային էր թանգարանների կառավարման համակարգի բարեփոխման և զարգացման տեսանկյունից. 2024 թ. փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որով մշակույթի ոլորտում ներդրվում է կառավարման նոր համակարգ:

Հիմնադրամի ստեղծման նպատակներն են՝ օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը:

Կառավարման նոր մոդելով նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարչատնտեսական համակարգում մեկ կենտրոնից վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն, ապահովել թանգարանների հուշանվերային տնտեսության կազմակերպման գործընթացները՝ նպաստելով թանգարանների գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և կրթական գործունեության զարգացմանը, նոր, ժամանակակից ցուցադրությունների կազմակերպմանը, միաժամանակ ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ներդրմանը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է  մարքեթինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:

- Ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը. ի՞նչ նպատակներ ու խնդիրներ են դրված թանգարանների առջև։

- ՀՀ  կառավարության 2023 թ. նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը:

Ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։

Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:

Կարևորվում է նաև թանգարանների շենքային պայմանների բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ցուցադրության մակերեսների ընդլայնումը, հավաքածուների պահոցների բարելավումը, տեխնիկական վերազինումը և արդիականցումը, թեմատիկ նոր թանգարանների ստեղծումը, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանումը և ընդլայնումը:

- Ներկայում պետական մակարդակով ի՞նչ ծրագրեր են իրականացվում հանրապետությունում։

- Թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունն առաջնահերթություն է։

  • Թանգարանային տարածքների արդիականացումը, միջազգային չափանիշներին համապատասխան ցուցադրական միջավայրերի ստեղծումը, գույքային ապահովվածությունը։

Վերջին տարիներին ընթանում են Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնանորգման, օդափոխության նոր համակարգի տեղադրման և հիմնական ցուցադրության արդիականացման գործընթացները: Նշյալ գործընթացները մոտենում են ավարտին: Հայաստանի ազգային պատկերասրահի «Գրիգոր Գրիգորյանի (ՋՈՏՏՈ)» և «Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան» մասնաճյուղերը վերանորգվել են և հանդես եկել նոր ցուցադրությամբ, ընթացքի մեջ են «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վերանորոգման աշխատանքները: Ներկայում ընթանում է Հովհ. Թումանյանի թանգարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Իրականցվում են նախարարության համակարգի թանգարանների ֆոնդային և տեխնիկական գույքի հագեցվածության ապահովում։

  • Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացում, ֆոնդի առավելագույն հանրահռչակում, որի ուղղությամբ խրախուսվում է համագործակցությունն արտերկրի թանգարանների հետ, համատեղ ցուցադրությունների կազմակերպումը։
  • Թանգարանների կառավարման համակարգի արդիականացում արդեն նշեցինք «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծման կարևորություն մասին։ Այս ուղղությամբ մշակվել է նաև թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որը գործարկումը նախատեսվում է այս տարի: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում:
  •  Թանգարանային հավաքածուի էլեկտրոնային շտեմարանի համալրում, որի վերաբերյալ ստորև տրվել է մանրամասն տեղեկատվություն։
  • Թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացում։ 2024 թ Թանգարանների միջազգային օրն անցկացվեց «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որն արտացոլում էր թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները: Այս համատեքստում պետական քաղաքականությունը լիովին համահունչ է Թանգարանների միջազգային խորհրդի սահմանած ուղերձներին, որոնք են կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը: Թանգարանային կրությունը նաև ամրագրվել է օրենքով՝ որպես թանգարանների առաջնահերթ պարտադիր գործառույթ։ Հայաստանի բոլոր թանգարաններն իրականացնում են հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների համար նախատեսված կրթական ծրագրեր յուրաքանչյուր տարի թանգարանների կրթական ծրագրերին մասնակցում է ավելի քան 35 000 այցելու։

Կարևոր է առանձնացնել նաև նախարարության կողմից իրականացվող թանգարանային կրթական ծրագրերը, այդ թվում Դպրոցական բաժանորդային համակարգի և Դասարվեստ կրթամշակութային  ծրագրերը;

  • Մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործում։

Միջազգային համագործակցության շրջանակում առաջնահերթություն են փորձի փոխանակման, վերապատրաստումների ծրագրերը, որոնք նպաստում են հայաստանյան թանգարանների մարդկային ներուժի շարունակական հորացմանը և ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը։

  • Կարևոր է նաև անդրադառնալ պետական մշակութային քաղաքականության համատեքստում անցկացվող Մրցութային դրամաշնորհային ծրագրերին, որոնց շրջանակում ֆինանսական աջակցություն տրվում է մշակութային ժառանգության պահպանությանը և զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Պետք է ընդգծել, որ առաջնահերթություն է տրվում համայնքային թանգարանների կողմից ներկայացված ստեղծարար ծրագրային առաջարկներին՝ միտված մշակութային քաղաքականության ապակենտրոնացմանը և համայնքերում մշակութային կյանքի ակտիվացմանը:

- Համագործակցությունն աշխարհի խոշորագույն կամ ճանաչված թանգարանների հետ, միջազգային ծրագրերում մեր հանրապետության ներգրավվածությունը։

- Վերջին ժամանակաշրջանում ընդլայնվել է  միջթանգարանային համագործակցությունն արտերկրի հեղինակավոր թանգարանների հետ: Նախարարության ենթակայության թանգարաններն ակտիվ համագործակցում են աշխարհի տարբեր թանգարանների հետ: Իրականացվում են համատեղ ցուցադրություններ կամ հայաստանյան թանգարանային նմուշները մաս են կազմում աշխարհի կարևորագույն թանգարանների կողմից կազմակերպված ցուցադրություններում: Օրինակ, 2022 թվականին՝ Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում բացված «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

2023 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ՝ Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:

Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետի 400 տարատեսակ ձեռագործ աշխատանք են ներկայացված

2023 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությանը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 3 բացառիկ նմուշ: Ցուցադրության բացման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ՝ 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում ժամանակավոր տրամադրել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք ա II-I դդ):

2024 թվականի հունվարի 30-ին Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ, 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված "Dans l'appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia..." ցուցադրությունը, որտեղ ներկայացված  էր նաև Երվանդ Քոչարի 1934 թվականին ստեղծած տարածանկարը:

Իհարկե, 2024 թվականի մշակութային կյանքի ամենասպասված իրադարձությունը Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և արձանից պահպանված ձեռքի հատվածի  ցուցադրությունն է Հայաստանի պատմության թանգարանում։ «Մայր աստվածություն Անահիտից՝ Մարիամ» խորագրով ցուցադրության բացումը նախատեսվում է 2024թ սեպտեմբերի 21-ին, իսկ Անահիտ աստվածուհու կիսանդին Երևանում կմնա մոտ կես տարի։

- Տեղափոխվենք Սյունիք. նախ՝ ի՞նչ թանգարաններ ունենք Սյունիքում և ի՞նչ կարգավիճակ ունեն դրանք։

- ՀՀ Սյունիքի մարզում գործող 4 թանգարանը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների մասնաճյուղեր են: Այսպես՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը և Սիսիանի պատկերասրահը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերն են, իսկ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը՝ Հայաստանի պատմության թանագարանի: Սյունիքում գործող մնացած թանգարանները մարզային և համայնքային  ենթակայության են: Սակայն նախարարությունը պարբերաբար ցուցաբերում է անհրաժեշտ մեթոդական աջակցություն: Օրինակ, համայնքային ենթակայությամբ գործող Համո Սահյանի տուն-թանգարանի ցուցադրության ձևավորումն ամբողջությամբ իրականացվել է նախարարության կողմից, նույնը նաև Սերո Խանզադյանի տուն-թանգարանի դեպքում է: Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվող ծրագրերում մշտապես ընդգրկված են Սյունիքի և ՀՀ բոլոր մարզերի թանգարանները, հանրապետության թանգարանների մասնագետները պարբերաբար մասնակցում են նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերում:

- Մեղրիում՝ տասնամյակներ շարունակ, տարբեր մարդկանց և մասնավորապես Նաիրա Հայրապետյանի ջանքերով հավաքվել են տարածաշրջանին առնչվող հնագիտական բազմաթիվ նյութեր։ Բայց այդ ամենը պետական մակարդակով չի գույքագրվել, պետական հովանու ներքո չի առնվել, ըստ պատշաճի չի ներկայացվել հանրությանը։

Ի՞նչ անել, շարունակել այդ անորոշ ու անտարբեր վիճա՞կը, թե՞ պետականորեն կարգի բերել այդ ամենը։

- Համայնքային թանգարանների ստեղծման և զարգացման շրջանակում կարևոր է համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ներգրավված է համայնքային թանգարանների զարգացման և մասնագիտական աջակցության տրամադրման առումով: Նաև կարևոր է օրենքի առկայությունը, որով արդեն կարգավորվում են նոր թանգարանների ստեղծման հարցերը, մասնավոր թանգարանների և պետության համագործակցության մեխանիզմները, և, ի վերջո, մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության համակարգված գործունեության կազմակերպումը։

- Մոտ մեկ տարի առաջ փոխվեց Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի կարգավիճակը, այն դարձվեց Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ։

Նախ՝ ինչո՞ւ, և ի՞նչ է տալիս նոր կարգավիճակը թանգարանին։

- Այո, Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանն արդեն գործում է որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Թանգարանի նոր կարգավիճակը բնավ չի նսեմացնում վերջինիս դերը և նշանակությունը, այլև նոր հնարավորություններ է ընձեռում թանգարանին: Այս փոփոխությունը նույնպես իրականացվել է ոլորտում առավել արդյունավետ կառավարման համակարգի ներդրման, մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ բաշխման քաղաքականության շրջանակում: Վերջին տարիներին թանգարանը դժվարանում է իրականացնել իր գործունեությունը, ունի բազմաթիվ խնդիրներ՝ գույքային, կապիտալ վերանորոգման, շենքի ամրակայման, նոր ցուցադրության կազմակերպման և այլն: Հայաստանի պատմության թանգարանի կառավարման ներքո խնդիր է դրվել որակական փոփոխություններ կատարել թանգարանում՝ թե՛ ժառանգության պահպանության պատշաճ պայմանների ապահովման, թե՛ նոր ծառայությունների ներդրման և այցելուների համար նոր ծրագրերի իրականացման տեսանկյունից:

- Գորիսի երկրագիտական թանգարանը խորհրդային տարիներին Հայաստանում կազմակերպված առաջին թանգարաններից էր՝ այն ժամանակ՝ 1949-ին, նախկին գավառի ընդգրկումով, գավառագիտական նշանակությամբ։ Հետագայում, երբ երկրագիտական կամ պատմության թանգարաններ կազմակերպվեցին Կապանում և Սիսիանում, Գորիսի գավառագիտական թանգարանը կորցրեց իր երբեմնի նշանակությունը, բայց ցուցանմուշներով մնաց ամենահարուստը Սյունիքում։ Եվ, այդքանով հանդերձ, թանգարանը չունի ո՚չ նորմալ շենքային պայմաններ, ո՚չ ինքնուրույն կարգավիճակ։ Վերջին տարիներին այն դարձել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի առանձին բաժին։

Չե՞ք կարծում, որ այդ թանգարանի վիճակը քննարկման կարիք ունի։

- ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության դրույթներից է թանգարանների տեխնիկական և շենքային պայմանների բարելավմանն ուղղված նպատակային ֆինանսավորում՝ ներառյալ ֆոնդային և ցուցադրական տարածքների: Թանգարանը գործում է համայնքային ենթակայությամբ, սակայն մշտապես ընդգրկվում է նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերում:

- Գրականության և արվեստի նշանավոր գործիչների տուն֊թանգարանները...

Դրանք էլ, ըստ էության, տարբեր կարգավիճակ ունեն. Ակսել Բակունցի տուն֊թանգարանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է, Սերո Խանզադյանի տուն֊թանգարանը (Գորիսում) և Համո Սահյանի տուն֊թանգարանը (Լորում) համայնքային ենթակայության են, Զախար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն֊թանգարանը (Սիսիանում) Ազգային պատկերասրահի մասնաճյուղ է...

Նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում տուն֊թանգարան հասկացությանը։ Եվ հետո՝ արդյո՞ք ողջամիտ չէր լինի բոլորի համար միասնական կարգավիճակի սահմանումը, ֆինանսական նույն հնարավորությունների տրամադրումը, մի խոսքով՝ միասնական մոտեցման և միասնական քաղաքականության սահմանումը։

- «Թանգարանների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է նաև հուշային թանգարան հասկացությունը: Հուշային են այն թանգարանները, որոնք ներառում են մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ և հավաքածուներ։ Նախարարությունը  թանգարանների ոլորտում որդեգրել  է մեկ միասնական քաղաքականություն՝ անկախ թանգարանի բնյութից, հավաքածուի մեծությունից և պատկանելությունից։ Այս տեսանկյունից հուշային թանգարաններն իրենց կարևոր դերը և նշանակությունն ունեն հայաստանյան մշակութային ներկապնակում, նաև հաշվի առնելով՝ որ հուշային թանգարանները բացառիկ առաքելություն ունեն պահպանելու և սերունդներին փոխանցեու հայ երախտավորների ժառանգությունը։

- Սյունիքյան պատկերասրահների կամ այսպես կոչված գեղարվեստական թանգարանների մասին...

Սկսենք Սիսիանից. այնտեղ 1970-ականներից գործում է Ազգային պատկերասրահի մասնաճյուղը։ 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հերթական ագրեսիան ձեռնարկեց Սյունիքի դեմ, երբ թշնամին առաջխաղացում ունեցավ Մեծ Իշխանասարի , ասել է՝ Սիսիանի ուղղությամբ, Սիսիանի պատկերասրահի ցուցանմուշները տեղափոխեցին Երևան՝ Ազգային պատկերասրահ։

Հարց՝ ե՞րբ կավարտվեն այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքները, ե՞րբ ցուցանմուշները կվերադարձվեն Սիսիան։ Ի դեպ, ցուցանմուշները վերադարձնելու գործի ձգձգումը տարբեր ասեկոսեների տեղիք է տալիս։

- Ինչպես նշեցինք ներկայում ընթանում են Սիսիանի պատկերասրահի վերանորոգման աշխատանքները: Աշխատանքների ավարտից հետո ցուցանմուշները, անշուշտ, կվերադառնան Սիսիան և պատկերասրահը հանդես կգա նոր, թարմացված ցուցադրությամբ:

- Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի մասին... Մեկ տարի առաջ այն հանձնվեց Կապան համայնքին, իսկ հետո միավորվեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանին։

Չե՞ք կարծում, որ նման միացումը արհեստական է ու ոչ գիտական, և մոտ 500 ցուցանմուշ ունեցող արվեստի թանգարանը չի կարող հեռանկար ունենալ հայրենագիտական թանգարանի կազմում։

- Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը երկար տարիներ եղել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղը: ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշմամբ թանգարանն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, սակայն ֆոնդի տնօրինումը շարունակել է իրականացնել նախարարությունը: 2020 թվականին թանգարանի ֆոնդը վերջնականապես հանձնվել է Երևանի քաղաքապետարանի տնօրինմանը: Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը բազմիցս հանդես է եկել որպես առանձին թանգարան գործելու նախաձեռնությամբ և 2020 թվականին առանձնացել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանից՝ դառնալով համայնքային ենթակայության: Ժամանակակից թանգարանագիտական պրակտիկաները չեն բացառում տարբեր բնույթի հավաքածուների ներկայացումը մեկ միասնական միջավայրում, ընդհակառակը, միջգիտակարգային նման մոտեցումները զարգացման լայն հեռանկարներ են ստեղծում այդ հավաքածուների՝ սոցիալ-մշակութային և պատմական զարգացման համատեքստում ներկայացման համար։

- Հետաքրքիր է՝ ցուցանմուշների, հնագիտական իրերի գնման ի՞նչ համակարգ գոյություն ունի հանրապետությունում։

- «Թանգարանների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասի և ՀՀ առանձին արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի պահպանության, համալրման և օգտագործման կարգի մշակումը: Սակայն մինչ այդ՝ 2023 թվականին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայության թանգարանների հավաքածուների համալրման նպատակով մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների ձեռքբերման աշխատակարգը, որի հիման վրա 2023 թվականի նախարարության ենթակայության թանգարանները համալրվեցին նոր թանգարանային ցուցանմուշներով: Պետք է ընդգծել, որ 2009 թվականից պետության կողմից թանգարանային առարկաների ձեռքբերման համար գումարներ չէին հատկացվել: 2023 թվականից վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու պետական ծրագիրը, որը չէր գործում ավելի քան 13 տարի։ 6 թանգարան համալրվել են 15 մշակութային նոր արժեքներով: Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը: Սա շարունակական քաղաքականություն է, այս տարվա բյուջեում նունպես դրված է և առաջիկայում կլինեն նոր ձեռքբերումներ։

- Անդրադառնանք մասնավոր հավաքածուներին... Դրամագիտության ոլորտում, օրինակ, Սյունիքում ունենք առնվազն երկու խոշոր հավաքածու՝ գիտական առումով չափազանց հարուստ և ուշագրավ։

Չե՞ք կարծում, որ այդ կարգի մասնավոր հավաքածուները նույնպես պետք է վերցնել պետական հովանու ներքո կամ կազմակերպել դրանց գնումն ու պետական թանգարաններին հանձնելը։

- Մասնավոր հավաքածուների դեպքում հավաքածուի սեփականատերը պետք է կամավոր իր հավաքածուն հաշվառի: «Թանգարանների մասին» ՀՀ օրենքով մասնավոր թանգարանը կամ թանգարանի կարգավիճակ ստանալու ցանկություն ունեցող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձիք, անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից, կարող է հավատարմագրվել։ Միաժամանակ ՀՀ կառավարության 2014 թվականի N 1058-Ն որոշմամբ ևս մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում կամավորության սկզբունքով կարող է ընդգրկվել նաև պետական սեփականություն չհանդիսացող արժեքների վերաբերյալ տեղեկույթը` համաձայն սեփականատերերի հայտերի:

- Ցուցանմուշների և հնագիտական իրերի հավաքական ցանկ (կատալոգ) կազմելու և դրանք թվայնացված տեսքով հանրությանը հասանելի դարձնելու խնդիր կա՞ մեզանում, թե՞ ոչ։

- ՀՀ կառավարության 2014 թվականի N 1058-Ն որոշմամբ հաստատվել է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանին ստեղծման կարգը և շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը: Շտեմարանում ընդգրկվում են՝ պետական սեփականություն հանդիսացող արժեքների վերաբերյալ տեղեկույթը, համայնքային սեփականություն հանդիսացող արժեքների վերաբերյալ տեղեկույթը: Շտեմարանում կամավորության սկզբունքով կարող է ընդգրկվել նաև պետական սեփականություն չհանդիսացող արժեքների վերաբերյալ տեղեկույթը` համաձայն սեփականատերերի հայտերի:

- Եվ, իհարկե, ի՞նչ օրենքներով են համակարգվում ոլորտի գործունեությունը, կառավարումը։

- «Թանգարանների մասին» ՀՀ օրենք,

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք,

«Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սե­փականության իրավունքի փոխանցման արգելմանն և կանխմանն ուղղված միջոցառումների մասին» կոնվենցիա,

ԻԿՕՄ-ի վարքագծի կանոններ  թանգարանների համար։

- Հարց, որ չենք կարող շրջանցել...

Քանի՞ թանգարան թողեցինք Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունից հետո (եթե կարելի է՝ անվանումներով)։

- Լեռնային Ղարաբաղում գործում էին 20 պետական և մի շարք մասնավոր թանգարաններ՝ 20855 միավոր թանգարանային ֆոնդով՝

  • Շուշիի պատմության թանգարան,
  • Շուշիի գորգի թանգարան,
  • Շուշիի կերպարվեստի թանգարան,
  • Շուշի բերդաքաղաքի պատմության թանգարան,
  • Դուշման Վարդանի թանգարան,
  • Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանական թանգարան,
  • Շուշիի հայկական դրամների թանգարան,
  • Տողի մելիքական ապարանք արգելոց-թանգարան,
  • Ստեփանակերտի կերպարվեստի թանգարան,
  • Մարտունու պատմաերկրագիտական թանգարան,
  • Արցախի պատմաերկրագիտական թանգարան,
  • Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան,
  • Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան,
  • Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան,
  • Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարան,
  • Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարան,
  • Քաշաթաղի պատմաերկրագիտական թանգարան,
  • Տիգրանակերտի պատմահնագիտական արգելոց-թանգարան,
  • Հադրութի Ա. Մկրտչյանի անվան ազգային-ազատագրական պայքարի թանգարան,
  • Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան թանգարան։

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15