Մեղրի քաղաքի Փոքր թաղ թաղամասի 19 տուն 2005թ․-ից ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և համարվում է հանրապետական նշանակության հուշարձան։ Թաղամասի տների կառուցումը թվագրվում է 1866թ․-ից մինչև 19-րդ դարի վերջ։ 2015թ.-ին կառավարությունը տուրիզմի հյուսիս-հարավ երթուղին հզորացնելու նպատակով Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի քաղաքների պատմական թաղամասերի վերականգնումը ներառեց Հայաստանի տուրիզմի զարգացման ծրագրում։
Մեղրի քաղաքի պատմական միջավայրի պահպանությունը կարևորվել էր, քանի որ քաղաքի միջով է անցնում Իրան-Հայաստան գլխավոր մայրուղին։ Այն դիտարկվել է քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունները միմյանց կապող օղակ։ Նպատակն էր՝ Փոքր թաղը դարձնել զբոսաշրջային հանգույց և միջազգային մշակութային, ազգագրական, ագրո և էթնոհյուրընկալության կենտրոն։ «Փոքր թաղի՝ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի էթնոգրաֆիկ տներն ունեն յուրօրինակ քաղաքաշինական նախագիծ և ճարտարապետական ու գեղագիտական հմայք: Այդուամենայնիվ, դրանք հիմա վտանգված են»,– նշվում է կառավարության և Համաշխարհային բանկի (ՀԲ) հաստատած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) վարկային ծրագրում։
ՏՏԵԶ վարկային ծրագրի բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, ծրագրերը հաստատում է Ծրագրի կառավարման կոմիտեն, իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։
Տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) 2024թ․ դեկտեմբերին ավարտեց «Մեղրի քաղաքի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ենթածրագիրը։ Հիմնադրամից հայտնեցին, որ ծրագրով Փոքր թաղում բնակվողների սեփական տների հետ կապված աշխատանք չեն իրականացրել։ Հիմնադրամը վերակառուցել է Փոքր թաղի տեղեկատվական կենտրոնը, վերակառուցվել են Մեժլումյան և Վազանց փողոցները։
Փոքր թաղի էթնոգրաֆիկ տների վտանգվածության մասին գրվել էր դեռևս 2015թ․-ին, այդ պատճառով ծրագրվել էր Մեղրի քաղաքի Փոքր թաղի բնակիչների հուշարձան համարվող պատմական բնակելի տների ամրակայման և ճարտարապետական տեսքի վերականգնման աշխատանքներ իրականացնել։ 2018թ․-ի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով լուծարվեց ծրագրի կառավարման կոմիտեն, և նոր կազմ հաստատվեց։ Նորընտիր կոմիտեն գրեթե հիմնովին վերանայեց ԱԺ-ի հաստատած վարկային ծրագրի բովանդակությունը: Տուրիզմի որոշ ուղղություններ ծրագրից հանվեցին, չեղյալ համարվեցին բազմաթիվ նախագծեր, բայց Մեղրիի ենթածրագիրը պահպանվեց։
Համենայնդեպս, 2023թ․-ի մայիսին, երբ այս թեմայով հերթական հոդվածն էինք պատրաստում, այն չեղարկելու մասին խոսք չկար։ ՏՏԵԶ վարկային ծրագրի կառավարման կոմիտեի համակարգողը հայտնել էր, որ ենթածրագրի նախագծման աշխատանքներն են կատարվում։ «Մեղրիի Փոքր թաղում նախատեսվում է տների վերականգնում, երկու փողոցների բարեկարգում, կոյուղագծի կառուցում, գիշերային լուսավորություն և այլն»,– հայտնել էր նա:
2024թ․-ի կեսերին, երբ Փոքր թաղում դեռ վերակառուցման աշխատանքներ էին ընթանում, բնակիչներին առաջարկվել էր հուշարձանների պահպանական պարտավորագիր ստորագրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ։ Բնակիչներն անակնկալի էին եկել՝ տեղեկանալով, որ իրենց տները հանրապետական հուշարձան են համարվում։
Մեղրի համայնքից 36 ընտանիքներ հանրապետության վարչապետին և բարձրաստիճան այլ անձանց ուղղված բողոք-նամակով հայտնեցին, որ հուշարձանների ցանկում ընդգրկված տները կառուցվել են 1900-1970-ական թվականներին։ «Բնական է, որ դրանք չեն ունեցել կոմունալ կենցաղային հարմարություններ, ժամանակի հետ հիմնանորոգման կարիք են ունեցել: Ուստի, մինչև 2005թ․-ը և նաև դրանից հետո` մինչև 2024թ.-ը, բնակիչները կատարել են շինարարական աշխատանքներ, բարելավել են կոմունալ- կենցաղային պայմանները, ամրացումներ են արել, փոխել են տանիքները, ինչն էլ բերել է շենքերի արտաքին տեսքի փոփոխությունների»,– հայտնել են նրանք նամակով:
Բնակիչները պահանջեցին փորձագիտական հանձնաժողով ստեղծել և տրված եզրակացության հիման վրա վերանայել քաղաքացիների սեփականություն հանդիսացող և Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշումով հաստատված հուշարձան-տների ցանկը:
Սեփականատերերի գրավոր բողոքին ի պատասխան՝ պաշտոնյաները երկրորդ անգամ առաջարկեցին հուշարձանների պահպանական պարտավորագիր ստորագրել։ Կրկին մերժում ստանալով՝ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժինը ծանուցագրեր ուղարկեց բնակիչներին, որ չստորագրելու դեպքում վարչական տույժի կենթարկվեն։
ԿԳՄՍՆ-ն և Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում են, որ Փոքր թաղի հուշարձան-տների 19 սեփականատերերից 13-ն արդեն ստորագրել է պարտավորագիրը։ Տներից երեքը քանդված են, մեկը համայնքային սեփականություն է, մյուսի սեփականատերն էլ կտրականապես հրաժարվում է պարտավորագիր ստորագրելուց։
Բնակիչները մեզ հետ զրույցում խոստովանեցին, որ պարտավորագիրը ստորագրել են վարչական տույժի սպառնալիքի տակ, բայց պաշտոնյաներին ուղղված նրանց հարցերը պատասխան պետք է ունենան։
ՏՏԵԶ ծրագրի կառավարման կոմիտեի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարությունը հուշարձան-տների սեփականատերերին պարտավորեցնում է՝
«Այսինքն՝ մեր բնակելի տունը կարող է դառնալ այլ նշանակության շինությո՞ւն, ու պարզ չէ, թե այս դեպքում սեփականատերն ինչ իրավունքներ ունի, ինչ պետք է անի, եթե բնակվում է այդտեղ: Նշված չէ, թե ով, ինչ միջոցներով և ինչ ժամկետներում է լուծելու խնդիրը, չեն սահմանվում բնակչի իրավունքները և հետագա քայլերը, որպեսզի հանկարծ ընտանիքը չմնա փլատակների տակ: Եթե մենք հնարավորություն չունենք «սահմանված ժամկետում» կատարել այդ աշխատանքները, մեզ ի՞նչ է սպասվում։ «Լիազորված պետական մարմինը» չունի՞ որևէ ձևով օգնություն տրամադրելու պարտականություն»,– հարցնում են նրանք։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը 54 տների համար է պարտավորագիր կնքելու առաջարկ ներկայացրել։ Դրանք Մեղրի քաղաքում և Մեղրի համայնքի տարբեր բնակավայրերում են և ընդգրկված են պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Սակայն, տների մեծ մասը վաղուց գոյություն չունի, սեփականատերերն արտագաղթել են, դրանց պահպանությունը ոչ ոք չի ստանձնել և տարիների ընթացքում քանդվել են։ «Տներ կան, որոնք հիմնահատակ քանդված են, կան, որ կիսաքանդ են՝ երկու պատն է մնացել, տների մեծ մասը ձևափոխված է»,– ասաց համայնքի ղեկավարը։
Խաչատուր Անդրեասյանի խոսքով, 54 հուշարձան-տներից 24-ի սեփականատերերը ԿԳՄՍՆ–ի հետ համագործակցելու պարտավորագիր են ստորագրել, 30-ը՝ դեռ ոչ։
ԿԳՄՍ նախարարին ուղղված մեր հարցմանը, թե Մեղրիի Փոքր թաղի հուշարձան-տները ամրակայելու, վերականգնելու, բարեկարգելու, նորոգելու անհրաժեշտության դեպքում ո՞ւմ հաշվին պետք է կատարվեն աշխատանքները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հղում է կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36-րդ հոդվածին։ Օրենքի ա) կետի համաձայն՝ «հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը», դ) կետի համաձայն՝ «կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ» և այլն։
Այսինքն, բնակիչները հանրապետական հուշարձան համարվող իրենց տների ամրակայումն ու պահպանումը պարտավոր են իրականացնել իրենց միջոցներով, դրա համար պետք է նախագիծ պատվիրեն, այն պետք է հաստատի ԿԳՄՍՆ-ն, և համոզվելով, որ նախագիծը տների ճարտարապետական տեսքը չի խաթարելու, թույլ տա աշխատանքներ իրականացնել։
ԿԳՄՍՆ-ն նույն պահանջը ներկայացրել է Գորիս քաղաքի պատմական թաղամասի բնակիչներին, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը վարկային ծրագրի միջոցներով 35 տուն բարեկարգեց՝ փոխվել են դարպասները, պատուհանները, պատշգամբները, տանիքները, բարեկարգվել է Գորիսի հին թաղամասի ճանապարհը։
ՏՏԵԶ վարկային ծրագրի միջոցներով վերակառուցված տների սեփականատերերի հետ պահպանության պարտավորագիր ստորագրելը միանգամայն բնական և անհրաժեշտ գործողություն է, որ պետք է իրականացնի Կառավարությունը։ Նախ՝ որովհետև դրանք պատմամշակութային հուշարձան են, երկրորդ՝ որովհետև մեծ ներդրումներ են արվել դրանց ամրակայման ու ճարտարապետական տեսքը վերականգնելու համար։ Հատկապես, երբ Գորիսում աշխատանքները դեռևս չավարտած՝ հայտնաբերել էին, որ սեփականատերերից մեկը վաճառել է նոր տեղադրված փայտե դարպասը։
Սակայն, անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է նախարարությունն այդ խիստ պատասխանատու, մեծ ներդրումներ և մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքը հարկադրում անել Մեղրիի բնակիչներին։ Սեփականատերերն ինչպե՞ս կարող են հանձն առնել մի պարտավորություն, որից շատ տեղերում հրաժարվեց ՏՏԵԶ վարկային ծրագրի կառավարման կոմիտեն։ Ինչպես, օրինակ, պատմամշակութային հուշարձանների բարեկարգումն էր, քանի որ այդ աշխատանքները ֆինանսականից բացի, նաև ինտելեկտուալ ներդրում էին պահանջում։
Ի՞նչ էր նախատեսված «Ժառանգության հանգույցի վերածնունդ Մեղրիում» ենթածրագրով
2015թ․-ի նոյեմբերի 12-ին ՀԲ-ի հետ կնքած 55 մլն դոլարի վարկային ծրագրում գումար էր հատկացվել «Ժառանգության հանգույցի վերածնունդ Մեղրիում» ենթածրագրի իրականացման համար։ Ծրագիրը գնահատվել էր 4 մլն 200 հազար դոլար, որից 3 մլն 500 հազար դոլարը ՀԲ-ի վարկն էր, մնացածը՝ Կառավարության ներդրումը։
Փոքր թաղի բնակիչների պատմամշակութային հուշարձան համարվող տների ամրակայման և ճարտարապետական տեսքի վերականգնման համար նախատեսվել էր 1 մլն 800 հազար դոլար։ Մեղրիի Փոքր թաղում ենթակառուցվածքներ (ճանապարհներ, մայթեր, փողոցների լուսավորում, ջրամատակարարում, դրենաժ, ավտոկայանատեղի և այլն) ստեղծելու համար հատկացվել էր 2 մլն 400 հազար դոլար։
ՀՏԶ հիմնադրամից «Հետք»-ին հայտնեցին, որ Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 426 875 583 դրամ։ Դոլարի փոխարժեքով՝ 1 մլն 103 հազար 884 դոլար։ Այսինքն, Մեղրիի ենթածրագրով գումարի չափը նվազեցվել է 3 անգամ, և հուշարձան համարվող այդ թաղամասն ամբողջությամբ չի վերակառուցվել։ Ծրագրից կրճատվել է ոչ միայն հին տները վերականգնելու համար նախատեսված 1 մլն 800 հազար դոլարը, այլև՝ քաղաքային ենթակառուցվածքներ ստեղծելու համար նախատեսված 2 մլն 400 հազար դոլարից թողել են 1 մլն 103 հազար 884 դոլար։
Հիմնադրամը հայտնում է, որ ենթածրագրով նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարվել է Մեղրիի Փոքր թաղ պատմամշակութային մասում: Իրականացվել է Փոքր թաղի Մեժլումյան և Վազանց փողոցների և դրանց ճյուղավորումների ասֆալտբետոնե և քարով սալարկված հատվածների վերականգնում, նշված փողոցների կոյուղու ցանցի հատվածային հիմնանորոգում, փողոցների հենապատերի ամրացում և նոր հենապատի կառուցում, փողոցների արտաքին լուսավորության համակարգի տեղադրում, Մեժլումյան փողոցում ավտոկայանատեղի հիմնում, փողոցի Չինարի ծառի հարակից հրապարակին կից (շատրվանի մոտ) հանգստի գոտու ստեղծում, նույն փողոցում գտնվող երկհարկանի շենքի վերակառուցում, որը կծառայի որպես տեղեկատվական կենտրոն։
2015թ․ նոյեմբերի 12-ին ՀԲ-ի հետ վարկային պայմանագիրը հաստատվել էր 1 դոլարի փոխարժեքը 475 դրամ հաշվարկով։ Ընդհանուր՝ 64 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀԲ-ի հաստատելուց մեկ տարի հետո՝ 2016թ. դեկտեմբերի 16-ին: Աշխատանքները սկսվելու էին 2016թ. մայիսի 9-ին եւ ավարտվեին 2021թ. ապրիլի 30-ին, սակայն 2018թ. մարտ ամսվա դրությամբ գրեթե ոչինչ չէր արվել: Ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է երկու անգամ, վերջին տարիներին դոլարի փոխարժեքը զգալի նվազել է և, բնականաբար, աշխատանքների ծավալը պետք է նվազեցվեր։
Բացի այդ, «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» 55 մլն դոլար վարկից Կառավարությունը ծախսել է այլ նպատակներով, ծրագրի իրականացման համար թողնվել է 42.8 մլն դոլար։ Ինչպես հայտնել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, կառավարությունն այդ վարկային ծրագրի բյուջեից 9 մլն դոլար հատկացրեց Երևան քաղաքի ավտոբուսային պարկին, ևս 3․2 մլն դոլար՝ «Կովիդ-19»-ի միջոցառումներին։
Փոքր թաղի լուսանկարները` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի
Ծրագրի կառավարման կոմիտեն Մեղրիի Փոքր թաղի պատմամշակութային հուշարձան համարվող տների ամրակայումը և ճարտարապետական տեսքի վերականգնումը ծրագրից դուրս թողնելուց հետո իրեն հարց չի՞ տվել՝ Փոքր թաղի էթնոգրաֆիկ տների երկարակեցությունը չապահովելու դեպքում իմաստ ունի՞ այդ թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծել։ Տուրիզմի հյուսիս-հարավ երթուղու զբոսաշրջային հանգույցը Մեղրիում Փոքր թաղի պատմամշակութային հուշարձան–տներն են, եթե դրանք չլինեին, այդ թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծելու համար ներդրումներ կանեի՞ն։ Ինչպե՞ս ձեւավորվեց այդ համոզմունքը, որ բնակիչներն էլ կարող են շինությունները վերականգնել՝ պահպանելով կառուցման ժամանակաշրջանի ճարտարապետական ոճը։
https://hetq.am/hy/article/172370