Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրության քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, մինչդեռ, դատելով գործընթացներից, կարելի է ասել՝ քարոզարշավը սկսված է…
Հետեւելով այդ ամենին, արդեն իսկ կարող ենք արձանագրել, թե ինչ ուղղությամբ է ընթանում եւ ընթանալու պաշտոնական քարոզարշավը Գորիսի ավագանու ընտրության շեմին՝ սկսած սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Այդ խնդրի շուրջ է զրույցը Կարեն Լազարյանի հետ, ով գլխավորում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակը Գորիսի ավագանու ընտրությունում:
-Պարոն Լազարյան, սեպտեմբերի 17-ին գրանցվեցին այն կուսակցություններն ու դաշինքը, որ Գորիսում հոկտեմբերի 17-ին կմասնակցեն ընտրությանը:
Թեեւ սեպտեմբերի 22-ին է մեկնարկելու քարոզարշավը, բայց Գորիսն արդեն ներքաշված է քարոզի մեջ:
Ձեր վերաբերմունքը…
-Ճիշտ դիտարկում եք արել, իրոք որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերն արդեն իսկ ստույգ նշաներ են ցույց տալիս, թե ինչ հունով են տանելու քարոզարշավը եւ ինչ գլխավոր շեշտադրումներով:
Առաջին երեւույթը, որ նկատվում է, ինչը եւ փորձում են հասցնել մարդկանց ու ամրապնդել նրանց գիտակցության մեջ՝ մի մեծ կեղծարարություն է՝ իբր նախընտրական մրցակցությունն ընթանալու է երկու ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Ա. Առուշանյան» դաշինքի միջեւ:
Կրկնում եմ՝ դա մոգոնված քարոզ է, գորիսյան տրամադրությունները ծուռ հայելու մեջ ներկայացնելու վարժանք:
Իրականում նախընտրական մրցակցությունն ընթանում է երեք քաղաքական ուժի միջեւ: Ընդ որում՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն այնպիսի ծրագրով է հանդես գալիս, ինչպիսին Գորիսը չի տեսել նախորդ երեսուն տարվա որեւէ ընտրության ժամանակ:
Այնպես որ՝ Գորիսի հանրությունը բաղկացած չէ սոսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից եւ Վահե Հակոբյանի կողմնակիցներից:
Գորիսի հանրությունը բավականին բազմաբեւեռ է…
Եվ, այդուհանդերձ, կա մի ոլորտ, որտեղ մրցակցությունն իսկապես ընթանում է երկու ուժի միջեւ. դա համայնքային իշխանության եւ տարածքային իշխանության վարչական ռեսուրսների միջեւ մենամարտն է:
Այցելեք համայնքի որեւէ բնակավայր եւ կտեսնեք՝ դրանցից յուրաքանչյուրն արդեն մի քանի հոգու վարչական ղեկավարի պաշտոն է խոստացել, մի քանի հոգու՝ մանկապարտեզի վարիչի պաշտոն, մի քանի հոգու՝ դպրոցի տնօրենի պաշտոն, մի քանի հոգու (գյուղերում) վարելահող են խոստացել՝ ուրիշներից խլելու հաշվին:
Այնպես որ՝ մրցակցություն է ընթանում համայնքի վարչական ռեսուրսի եւ տարածքային իշխանության (գործադիր իշխանության տեղական կառույցների աշխատակիցների ներգրավմամբ) վարչական ռեսուրսի միջեւ, որը Գորիսի իրական հոգսերի հետ ոչ մի կապ չունի:
Իսկ մենք հայտարարում ենք՝ ապագա ավագանու գործունեության առաջին իսկ օրվանից սկսած՝ լուրջ պատնեշ ենք դնելու բոլոր այն ձեռնարկումների դեմ, որով փորձելու են գյուղի վարչական ղեկավար, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավար նշանակել նրանց, ովքեր նման «պատվի» են արժանացել միայն այն բանի համար, որ ընտրության ժամանակ այս կամ այն թիմին նվիրական ծառայություն են մատուցել:
Մյուս կողմից՝ օրենքի սահմաներում թիրախավորվելու են այն վարչական աշխատողները, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, եւ ունեցած լծակները ծառայեցրել այս կամ այն ուժին:
-Մենք հետեւում ենք հնչող ելույթներին, սոցցանցային «ստատուսներին», եւ առաջին հայացքից տպավորորություն է առաջանում, թե ոմանց համար հոկտեմբերի 17-ին Գորիսում ոչ թե ավագանու, այլ Ազգային ժողովի ընտրություն է լինելու:
Նույն խոսույթին ենք ականատես, ինչ լսել ենք Ազգային ժողովի ընտրությունից առաջ:
Դուք ունե՞ք այդ ամենի բացատրությունը:
-Շատ պարզ իրավիճակ է: Որպեսզի խուսափեն Գորիս համայնքի առջեւ ծառացած չափազանց բարդ խնդիրների վերաբերյալ պատկերացումներ, ծրագրեր, առաջարկություններ ներկայացնելուց, որպեսզի խուսափեն պատասխանից, թե ինչո՞ւ Գորիսը հայտնվեց այսպիսի վիճակում (բոլոր առումներով), որպեսզի մարդկանց շեղեն գորիսյան հիմնախնդիրներից, այդ ուժերը բռնել են ծեծված ու համայնքային խնդիրներին չառնչվող թեմաների շուրջ բանավիճելու ուղին: Մի մասը դիրքավորվում է Նիկոլ Փաշինյանի անվան ներքո, մյուս մասը՝ հականիկոլյան դրոշի ներքո:
Իսկ մենք ասում ենք՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը եւ համապետական ընտրությունները տարբեր գործընթացներ են՝ ոչ միայն ձեւով, այլ բովանդակությամբ, նպատակով:
Մենք նաեւ ասում ենք՝ ավագանու առաջիկա ընտրությունն առիթ է, որպեսզի նորովի գույքագրենք գորիսյան կարիքները՝ ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակին համահունչ, եւ ողջամիտ ուղի մշակենք ծնկաչոք վիճակից դուրս գալու համար:
Մյուս խնդիրները՝ համապետական բնույթի, ազգային մասշտաբի, թող քննարկվեն Ազգային ժողովում, երկրի համապատասխան մյուս ատյաններում:
-Ուզում ենք անկեղծ լինել մինչեւ վերջ. հատկապես սոցցանցային տիրույթում որոշ մարդիկ փորձում են պատրանք ստեղծել, թե իբր հոկտեմբերի 17-ին ոչ թե ավագանու ընտրություն է լինելու մեզանում, այլ յուրօրինակ հանրաքվե Առուշ Առոււշանյանի ազատության հարցով:
Ձեր դիրքորոշումը:
-Ինքս էլ հակված եմ անկեղծ լինելու մինչեւ վերջ…
Ես Գորիս համայնքի գործող ավագանու անդամ եմ եւ, բնականաբար, գործընկերություն է եղել մեր միջեւ:
Ավելին՝ որոշակի հարգանք ունեմ Առուշանյան գերդաստանի հանդեպ, այդ գերդաստանից ընկերներ ունեմ, եւ մենք (անկախ քվեարկության արդյունքից) մնալու ենք ընկեր անձնական հարաբերությունների տիրույթում:
Այդքանով հանդերձ՝ ամբողջ ընտրապայքարի հիմքում դնել Առուշ Առուշանյանի ազատության-անազատության խնդիրը՝ պարզունակ խաբկանք է եւ Առուշին ոչ օգուտ բերող ճանապարհ:
Նախընտրական Գորիսում կա մի քաղաքական ուժ, որ կարող է բաց ճակատով համայնքի հավաքական կամքն արտահայտել Առուշի եւ անազատության մեջ գտնվող մյուս տղաների վերաբերյալ:
Միայն այդ ուժը կարող է ճշմարիտ եւ արժանահավատ հիմնավորումներով, տեղական իշխանության լիազորությունների շրջանակում, առանց աղմկարարության եւ հայհոյանքի նպաստ բերել արդարադատությանը:
Այդ ուժը «Հայ Ազգային Կոնգրես»-ի գորիսյան թիմն է:
Առուշ Առուշանյանը հիմա էլ Գորիսի ընտրյալ համայնքապետն է, ու նրա լիազորությունները կշարունակվեն եւս մեկ տարի, եթե իրավական խոչընդոտներ չառաջանան:
Նորընտիր ավագանին համայնքի ղեկավարի ընտրության հարց առայժմ չի քննարկելու, որովհետեւ ունի ընտրված ղեկավար, ով դեռեւս հրաժարական չի տվել:
Եվ ուրեմն՝ եկեք ուժ գտնեք մեր մեջ ու առերեսվենք իրականությանը՝ «Ա. Առուշանյան» դաշինքի գորիսյան հաղթանակը բացառապես ձեռնտու է այն պարոնին, ով սյունեցի տղաներին բանտ ուղարկելու գնով հայտնվեց Ազգային ժողովում:
Այդ պարոնն արդեն իսկ դուրս է մղվել Մեղրուց, Սիսիանից, Կապանից եւ նույնիսկ Քաջարանից ու հիմա փորձում է Գորիսը դարձնել փրկօղակ իր համար:
Իսկ մենք ասում ենք՝ Գորիսի համայնքապետարանը պետք է լինի գորիսեցիներինը:
Ասում ենք՝ գալիս ենք ծառայելու Գորիսին, եւ ոչ թե Գորիսը ծառայեցնելու մեզ:
-Արդեն անդրադարձներ ունեցանք սոցցանցային կամ քոմենթային կռիվներին: Ըստ երեւույթին դա էլ որոշակի գործոն է մերօրյա Գորիսում:
-Համաձայն եմ Ձեզ հետ, տվյալ գործոնը քարոզարշավի վրա արդեն որոշակի ազդեցություն է ունենում եւ ունենալու է:
Այդ առումով մի հարցի եմ ուզում անդրադառնալ:
Հատկապես ավագ տարիքի գորիսեցիները հիշում են 1997 թվականը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ արշավ սկսվեց՝ հիմքում դնելով զրպարտությունը, ակնհայտ փաստերի աղավաղումը: Եվ այդ արշավը շարունակվեց մոտ երկու տասնամյակ:
Ի՞նչն էր պատճառ դարձել այդ ամենին:
Առաջին նախագահը մեր ազգային բարդագույն խնդրի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ողջամիտ եւ իրատեսական ճանապարհ էր առաջարկել, ինչը որոշ ուժերի քիմքին հաճո չէր՝ տարբեր եւ շինծու հիմնավորումներով:
Ժամանակը, մինչդեռ, ցույց տվեց, թե որքան խոհեմ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը: Այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում այսօր կունենայինք հստակեցված կարագավիճակով հայոց Արցախ, կունենայինք հուսալիորեն պաշտպանված Սյունիք եւ Արցախ, չէինք ունենա մեր լավագույն տղաների արյամբ շաղախված ու նվաստացուցիչ պատերազմ…
Պատմական այդ իրողությունները մի կողմ թողած, այսօր՝ 2021 –ին, մեր որոշ մրցակիցներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած քաղաքական ուժի մասին փորձում են խոսել 1997-ին հորինված եւ հետագայում մերժված պիտակներով, ինչը վկայում է դրանց պատվիրատուների եւ հեղինակների պահածոյացված վիճակի եւ անհայրենիք լինելու մասին:
Հետեւյալը պետք է ասեմ՝ մեր թիմը գորիսյան ընտրությանը մասնակցում է համերաշխության կարգախոսով, Գորիսում ջախջախված հանրային համերաշխությունը վերականգնելու վճռականությամբ: Ուստի եւ չենք պատրաստվում ներքաշվել մեզ համար խորթ՝ քոմենթային կռվի դաշտ:
Ավելին՝ մեր ես-ն ենք խոնարհեցնում մենք-ին, Գորիսի ընդհանրական շահին:
Պատրաստ ենք գործընկերության բոլոր ուժերի հետ, ում համար գլխավոր նպատակ է Գորիսին ծառայելը:
Եվ, ի վերջո, ծանրագույն խնդիրների տակ կքած Գորիսում մենք չենք ուզում ավելացնել միջկուսակցական կռվի ասպարեզը:
Մյուս կողմից՝ մեզ անուն առ անուն հայտնի են քոմենթային հայհոյանքների հեղինակները:
Անկեղծորեն հորդորում ենք մեր մրցակիցներին՝ կանգ առեք, եւ մի գնացեք այդ ճանապարհով…
-Պարոն Լազարյան, չեմ կարող չնշել՝ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, մեր անկախության տոնն է:
-Իսկապես, երեսուն տարի առաջ հայոց աշխարհի վրա ճառագեց անկախ պետականության աստղը, ինչի համար շնորհավորանքս եմ հղում բոլոր գորիսեցիներին:
Դարերի դադարից հետո մեր անկախ պետականությունը վերականգնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի առաջնորդությամբ:
Ցավոք, անկախության հոբելյանն այս անգամ պատշաճ նշելու տրամադրություն չունի մեր ժողովուրդը, քանզի վտանգված է անկախությունը:
Ուստի եւ, շնորհավորանքից զատ, հնչեցնում եմ Եղիշե Չարենցի պատվիրանը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Հարցազրույցը՝
Վահրամ Օրբելյանի