Ռոբերտ Ղուկասյան․ «Ինձ ուրախացնում է փաստը, որ Սյունիքում մարդիկ ավելի շուտ են դուրս գալիս հոգեբանական ծանր վիճակից, քան կարելի էր ենթադրել, դա շատ մեծ ազդակ է»

10.08.2021 12:25
4885

Օգոստոսի 9-ին Տաթեւ-Կապան հիմնանորոգվող ճանապարհի Շրվենանց-Աղվանի   տեղամասում հանդիպեցինք ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանին եւ մեզ հետաքրքրող մի քանի հարց ուղղեցինք նրան։

– Պարոն Ղուկասյան, նախ անկեղծորեն նշենք՝ ոչ միանշանակ կարծիք կա Սյունիքի հարցերով միջգերատեսչական  աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության եւ գործունեության նպատակահարմարության մասին։ Ձեր դիրքորոշումը:

– Միանշանակ՝ եղել է ու կա նման անհրաժեշտություն, այդ գերատեսչական խումբը դեռ երկար կյանք է ունենալու, որովհետեւ տեսանելի է գործունեության արդյունավետությունը՝ նկատի ունենալով, որ խումբը ներառում է տասից ավելի ոլորտ, որոնցում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Ասեմ, որ հրատապ խնդիրներից մի քանիսն արդեն լուծված են, մշակված է հիմնահարցերի առաջնահերթության ցանկ, նաեւ այդ խնդիրները լուծելու մեթոդաբանություն։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե աշխատանքային խմբի գործունեության հետ կապված որեւէ տարակույս կարող է լինել։ Կատարվածի մի մասը չի լուսաբանվել, քանի որ հրապարակման ենթակա չէ։ Իսկ ավելի անկեղծ՝ ես իրավասու չեմ որոշելու, թե որ աշխատանքն է ենթակա լուսաբանման, որը՝ ոչ։ Մնացած բոլոր դեպքերում, համոզված եմ, մարդիկ գիտեն մեր կատարած աշխատանքների եւ ծրագրերի մասին։

– Պարբերաբար Ձեզ հանդիպում ենք մարզի տարբեր բնակավայրերում. մի անգամ Խոզնավարում եւ Խնածախում, մեկ ուրիշ անգամ՝ Կապանում, Գորիսում եւ այլն: Շրջագայելը, տեղերում լինելը, կարծեք, Ձեր աշխատաոճի կարեւոր բաղադրիչն է...

– Աշխատաոճս այդպես է․ եթե չեմ սխալվում, ավտոմեքենայով 60 հազար կիլոմետր վազք ենք արդեն կատարել Սյունիքի մարզով մեկ։ Հունվարից սկսած եղել ենք տասնյակ բնակավայրերում, իսկ Դուք ավելի լավ գիտեք, թե Սյունիքն աշխարհագրական ինչ բարդ ռելիեֆ ունի։ Կոնկրետ այս պահին դիտարկում ենք Տաթեւ-Կապան կառուցվող ավտոճանապարհը, ինչն անմիջականորեն կապված է մարզի տնտեսական զարգացման հեռանկարի հետ։ Դրանով պայմանավորված՝ միաժամանակ ուսումնասիրում ենք զբոսաշրջության զարգացման ներուժը՝ նկատի ունենալով նաեւ հանգամանքը, որ Տանձավերում, Նորաշենիկում կա հնագիտական նշանակալի ռեսուրս, ինչը, անկասկած, պետք է  օգտագործել։ Փորձում ենք Տաթեւից Կապան, ապա՝ Ճակատեն ու դեպի Խուստուփի փեշերն ընկած ուղին վերակենդանացնել։ Մեկնարկը հուսադրող է․․․

– Իսկապես, մարզում, զբոսաշրջության ակտիվացում է նկատվում, համավարակի հետ կապված սառույցը, կարծեք, կոտրվում է․․․

–Գորիսում, օրինակ, զբոսաշրջության որոշակի շարժ է նկատվում, բայց մեզ համար կարեւոր է նաեւ, որ զբոսաշրջությունը հասնի Կապան։ Սա իրականում մեծ խնդիր է, եւ այն պիտի հաղթահարենք շատ արագ։ Երկու կարծիք լինել չի կարող՝ զբոսաշրջության թափանցումը Կապան կազդի տարածաշրջանի պատկերի վրա։ Սա պիտի դիտարկվի որպես առաջնահերթություն։ Հետեւաբար՝ այս պահին դիտարկում ենք բազմաթիվ ծրագրեր, ձգտում եզրակացությունների հանգել։ Օրինակ, վերջերս ենք այցելել Կապանի երկրագիտական թանգարան. մի հարմարավետ կառույց է՝ հնագիտական բազմազան նյութերով, բայց մոտեցումը եւ մատուցումը դեռեւս պատշաճ մակարդակ չունեն։ Հիմա մասնագետների այց ենք կազմակերպում թանգարան, որ այն դարձնենք ժամանակակից, որ հաճելի վայր լինի ոչ միայն կապանցիների, այլ մարզկենտրոնի հյուրերի համար։ Վստահ եմ՝ շատ շուտով տեսանելի կլինեն մեր այդ ձգտման պտուղները։

Այլ ոլորտներ էլ են մեր տեսադաշտում... Ասենք՝ արկածային զբոսաշրջություն՝ գյուղական տուրիզմի հետ կապված, նկատի ունենալով Եվրամիության՝ Հայաստանին հատկացրած գումարը։ Լուրջ ներդրումներ կիրականացվեն այդ ոլորտում...

–Հիմա գտնվում ենք Տաթեւ-Կապան ճանապարհին, եւ Դուք կարեւորեցիք դրա զբոսաշրջային նշանակությունը, բայց այս ճանապարհն ունի երկակի ընկալում, մի կողմից ուրախանում ենք, որ կառուցվում է ժամանակակից ճանապարհ, ինչը  նոր հնարավորություններ կտա ենթաշրջանին, մյուս կողմից՝ տեսակետ կա, թե այս ճանապարհը կառուցելով՝ Կապան–Գորիս մայրուղին անուշադրության կմատնվի։

– Կապան-Տաթեւ ճանապարհի կառուցումը, եթե չեմ սխալվում, մինչեւ 44-օրյա պատերազմն էլ օրակարգում էր։ Դրան հավելած՝ կարծում եմ, որ այլընտրանքը չի խանգարի, եթե չասենք՝ անհրաժեշտություն է։ Չէի ցանկանա երկու ճանապարհն իրարով պայմանավորել։ Պատերազմը լիներ, թե՝ ոչ, այս ճանապարհը նախատեսված էր եւ կառուցվելու էր։

– Քանի որ խոսքը մարզի ճանապարհների մասին է, ապա... Մ-2-ից դեպի Նորավան կառուցվում է ճանապարհ, եւ դա միանում է Սիսիանից Ձորեր գնացող խճուղուն, մի ուրիշ ճանապարհ էլ կառուցվում է Ցղունի-Դաստակերտ հատվածում։ Կան խոսակցություններ՝ իբր այդ ճանապարհները, ի վերջո, Տաթեւով կամ Դաստակերտով դուրս են գալու Կապանի տարածք։ Արդյո՞ք նման ծրագրեր կան։

–Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, չեմ կարող այդ առնչությամբ որեւէ բան ասել։

– Եվ սյունեցիներիս հուզող հարցերի հարցը՝ սահմաններում տիրող իրավիճակի Ձեր գնահատականը։

– Սահմանին տիրող իրավիճակի մասին մտահոգ եմ այնպես, ինչպես սյունեցիների մեծամասնությունը, որովհետեւ յոթ ամիս է այստեղ եմ եւ հասկանում, տեսնում, զգում եմ այն ամենը, ինչ զգում են սյունեցիները։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինձ ուրախացնում է փաստը, որ մարդիկ ավելի շուտ են դուրս գալիս հոգեբանական ծանր վիճակից, քան կարելի էր ենթադրել, դա շատ մեծ ազդակ է։ Ամեն դեպքում սյունեցին մնաց սյունեցի, վստահ եմ, որ պիտի լավ լինի․․․

– Միջգերատեսչական հանձնաժողովի յոթ ամսվա գործունեության ընթացքում հանձնաժողովի միջամտությամբ, օգնությամբ կամ առաջարկությամբ ուշագրավ ի՞նչ հարցեր լուծեցիք, որ կարեւորում եք եւ նշանակալից է Սյունիքի համար։

–Ամենամեծը երեւի գյուղատնտեսական բլոկն է՝ սահմանամերձ բնակավայրերում մոտոբլոկ-կուլտիվատորների եւ խոտհնձիչների հատկացումը, որ շուտով կավարտվի։ Հիմա աշխատանքային խումբը գտնվում է Խնածախ եւ Կորնիձոր գյուղերում։ Ծրագիրն ունի շարունակականություն...

Ուսումնասիրվում են բոլոր բնակավայրերի խմելու եւ ոռոգման ջրագծերը, որպեսզի հիմնովին լուծվեն ջրամատակարարման հետ կապված խնդիրները։

Մեր տեսադաշտում է գյուղմթերքի իրացման խնդիրը։

 Գյուղացու կենսամակարդակը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունենք, մի շարք գյուղեր 100 տոկոսով կապահովենք արեւային ջրատաքացուցիչներով։

Հիմնական շեշտը դրված է փոքր գյուղերի զարգացման վրա, նրանք մեր լեռնաշխարհի լինելիության արմատներն են, եթե արմատներին ջուր չհասնի, ծառը կչորանա...

Առաջիկա տասն օրում ավելի շատ կլսեք մեր ծրագրերի իրականացման արդյունքների մասին։

– Ի դեպ, դրական արձագանք է ունեցել Խնածախի ջրամատակարարման վերաբերյալ ընդունված որոշումը. այդ  խնդիրը տասնամյակներ շարունակ մտահոգում էր բնակիչներին։

– ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ չորս տոկոսի չափով նաեւ համայնքի համաֆինանսավորմամբ՝ Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գյուղը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաեւ անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր: Ընդհանուր ներդրումը կազմում է 84 մլն 960 հազար դրամ: Աշխատանքի ավարտը նախատեսվում է 2022-ի փետրվարին:

–Մի հարցի մասին եւս․ խոսքը Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղի դպրոցական նոր շենքի մասին է։ 2020-ի նոյեմբերին սկսվել է շինարարությունը, բայց  երկու ամիս է՝ շինարարությունը կանգնեցված-սառեցված է: Օրեր առաջ փորձեցինք շինարարին գտնել եւ իրավիճակը պարզել, բայց չկարողացանք։ Մարզպետարանից էլ ասացին՝ կապ չունեն այդ կառույցի հետ, քանի որ Քաղաքաշինության կոմիտեն է պատվիրատուն, մինչդեռ՝ շենքի շահագործման ժամկետն այս տարվա դեկտեմբերն է, իսկ առայժմ պատրաստ են միայն հիմքերը։

– Հետաքրքիր զուգադիպություն է. հիմա մեր աշխատանքային խումբը Տաթեւ համայնքում է։ Ընդ որում՝ խումբը երկու թիմի է բաժանված, մի մասն իրականացնում է ծրագրերը, մյուս թիմն այցելում է գյուղեր, ես ներառված եմ երկրորդ խմբում։ Այցելել ենք Շինուհայր եւ Խոտ, հաջորդը նախատեսում ենք լինել Հարժիսում։ Գիտեի, որ այնտեղ դպրոց է կառուցվում, բայց Ձեր մատնանշած խնդրին տեղյակ չեմ։ Շատ շնորհակալ եմ ուշադրություն հրավիրելու համար, առաջիկա օրերին կլինեմ գյուղում եւ կփորձեմ պարզություն մտցնել իրավիճակում։ Ճշմարիտն ասած՝ տեղյակ եմ նաեւ Հարժիսի մեկ այլ խնդրին. գյուղը տասնամյակներ շարունակ ճանապարհի խնդիր ունի։ Այդ հարցը կքննարկենք մեր աշխատանքային խմբի հաջորդ նիստում։

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53