Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու

31.08.2016 10:54
2052

Խոսք Գորիս համայնքի ընտրողներին

Սիրելի հայրենակիցներ

Ես նույնպես առաջադրել եմ թեկնածությունս Գորիս նորաստեղծ համայնքի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում:

Եվ պարտքս եմ համարում ներկայանալ ձեզ ու որոշ հարցերի վերաբերյալ հայտնել դիրքորոշումս կամ պատկերացումներս:

Ճիշտ է, մեկ անգամ արդեն եղել եմ Գորիս քաղաքի ավագանու անդամ (2008-2012թթ.), 2009 թվականից էլ գլխավորում եմ Գորիսի պետական քոլեջը, ու իմ մասին կարծիք կազմելու, դատողություններ անելու որոշակի հիմքեր շատերդ ունեք, քանզի բոլոր այդ գործերում ձեր աչքի առաջ եմ եղել ու կամ: Բայց վերստին ներկայանալու խնդիր կա, քանի որ խոսքը նոր ձեւավորվող համայնքի մասին է, այդ համայնքի ինքնակառավարման մարմնի՝ ավագանու մասին:

Իհարկե, ամբողջ հանրապետությունում ավագանու ինստիտուտը դեռ հեռու է լիարժեք կայացած լինելուց, եւ որեւէ համայնքի ավագանի դժվար թե կարողանա լիովին արդարացնել ընտրողի սպասելիքները: Բայց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, նաեւ ՀՀ նորացված սահմանադրությունը հնարավորություն են տալիս ավագանուն՝ իրական, գործնական ազդեցություն ունենալ համայնքային կյանքի, համայնքի ղեկավարի իրականացրած քաղաքականության վրա: Դրանում համոզվելու համար կարելի է ծանոթանալ թեկուզ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 2-րդ գլխին, որտեղ ամրագրված են ավագանու իրավունքներն ու պարտականությունները, ինչին սույն դիմումի մեջ մանրամասն անդրադարձ կատարելը ոչ տեղին եմ համարում:

Արդեն ասացի, որ գործ ունենք միանգամայն նոր վարչական միավորի՝ նոր համայնքի հետ:

Ինձ թույլ եմ տալիս փաստել, որ հարկ եղած չափով ճանաչում եմ ոչ միայն Գորիս քաղաքը, այլեւ համայնքի մեջ մտնող բոլոր գյուղերը՝ Ակները, Վերիշենը, Խնձորեսկը, Ներքին Խնձորեսկը, Հարթաշենը, Քարահունջը, Որոտանը, Բարձրավանը, Շուռնուխը (Աղբուլաղն ու Վանանդը, բնակեցված չլինելու պատճառով, խոսակցության առանձին թեմա են):

Քաջատեղյակ եմ համայնքի մեջ մտնող բնակավայրերից յուրաքանչյուրի հիմնախնդիրներին, մարդկանց մտահոգություններին, զարգացման՝ մինչեւ այժմ ընդունված (եղած) ծրագրերին, վերջին տարիներին այդ բնակավայրերում կատարված աշխատանքներին: Ասել է թե՝ միջավայրն ինձ համար հարազատ է ու ծանոթ, անելիքներիս դաշտը՝ տեսանելի:

Այնուհետեւ՝ համաձայն եմ համայնքների խոշորացման ներկա ռազմավարությանը: Ավելին՝ ողջամիտ կլիներ, եթե Գորիսի երբեմնի վարչական շրջանի մեջ մտնող բոլոր բնակավայրերը միավորվեին մեկ եւ ոչ երեք համայնքի մեջ՝ Գորիս, Տաթեւ, Տեղ:

Դրա հետ մեկտեղ, վստահ եմ, որ համայնքների միավորման արդյունքում ստեղծված նոր՝ Գորիս համայնքում ամեն մի գյուղ, ինչպես եւ Գորիս քաղաքը, բազում ընդհանուր խնդիրներ, շահեր ու հետաքրքրություններ ունենալով հանդերձ, պետք է գնան զարգացման իրենց՝ սեփական ճանապարհով, դարերով ձեւավորված դեմքն ու նկարագիրը, ավանդույթները պահպանելու ուղիով:

Խորապես համոզված եմ՝ որքան էլ ժամանակներն ու առաջնահերթությունները փոխվեն, միեւնույն է, Հայաստանի Հանրապետության վաղվա օրը պայմանավորված է կենսունակ գյուղերով: Այնպես որ՝ նորաստեղծ համայնքում պետք է աջակցենք մեր գյուղերի զարգացմանը, որ այնտեղ բնակվելն ու արարելը լինի ոչ պակաս գրավիչ:

Այլ է Գորիս քաղաքը: Այն ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության հոգեւոր-մշակութային խոշոր կենտրոններից է եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի բազմադարյան պատմության խտացված արտահայտությունը, հայոց մեծերից շատերի բնօրրանը: Եվ Գորիս քաղաքի առջեւ ծառացած բազում հիմնախնդիրները, լուծման կարոտ հարցերը պետք է լինեն ավագանու ուշադրության կենտրոնում: Իսկ խնդիրները Գորիս քաղաքում իրոք որ շատ են:

Վերջին շրջանում, կարծես, մի քիչ շատ ենք տարվել զբոսաշրջության մասին խոսակցություններով՝ այդ ոլորտում փնտրելով տարբեր հարցերի լուծման բանալին: Իհարկե, զբոսաշրջությունը լավագույն ուղին է մեր պատմամշակութային արժեքները, դիտարժան վայրերն աշխարհին ներկայացնելու համար, եւ պետք է նպաստել դրա (ենթակառուցվածքներով հանդերձ) զարգացմանը: Բայց դրանով չենք կարող հասնել քաղաքի գլխավոր խնդրի՝ զբաղվածության խնդրի շատ թե քիչ կարգավորմանը:

Ողջամիտ եւ իրատեսական ուղին, կարծում եմ, փոքր ու միջին ձեռներեցության զարգացումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը, որը Գորիս քաղաքում կհանգեցնի զբաղվածության խնդրի եթե ոչ ամբողջական լուծման, ապա գոնե իրավիճակի մեղմացման:

Ես կրթության ոլորտի մարդ եմ եւ գիտեմ, թե մեր համայնքում ինչպիսի խնդիրներ ու հոգսեր կան կրթության, մշակույթի բնագավառներում, երիտասարդության հետ տարվող աշխատանքում, հոգեւոր կյանքում, սպորտային ու մարզական ոլորտում: Եղել ու մնում եմ այն տեսակետի ջատագովը, որ հենց այդ ճակատում է որոշվում (որոշվելու) հայ ժողովրդի ճակատագիրը, հենց այդ ոլորտներով է անցնում մեր ազգային լինելիության ճանապարհը:

Հանրային համերաշխությունը, հանդուրժողականությունը, միմյանց հանդեպ հարգանքն ու պատկառանքը, գորիսյան շահերի շուրջ համախմբվածությունն ու միասնությունը մեր ընթացքի գլխավոր բաղադրիչներից են: Իսկ համայնքի ավագանին պետք է լինի դրա երաշխավորը:

Մերժում եմ տեղայնամոլությունը, նոր համայնքի բնակիչներին ըստ բնակավայրերի դասելու որոշ մարդկանց մարմաջը՝ գորիսեցի, խնձորեսկցի, վերիշենցի, քարահունջցի, հարթաշենցի… Մեր համայնքը փոքր է, եւ այնքա՜ն քիչ ենք ու այնքա՜ն թելերով ենք միմյանց կապված, որ տրոհվելու, տարանջատվելու, բաժան-բաժան լինելու ցանկացած մոլուցք եւ դրսեւորում դատապարտելի պիտի լինեն: Բոլորս մենք ենք, եւ միասին լինելու, ընդհանրական շահերով ապրելու, միմյանց հավատալու եւ նեցուկ լինելու ավելի շատ հիմքեր ունենք:

Ո՞վ է ասել, որ ավագանու՝ Գորիս քաղաքից ընտրված անդամը չի կարող արժանապատվորեն ներկայացնել համայնքի գյուղերի շահերը: Եվ հակառակը՝ մի՞թե ավագանու՝ գյուղերից ընտրված անդամը չի կարող ըստ պատշաճի արտահայտել Գորիս քաղաքի շահերը:

Սեպտեմբերի 18-ին ոչ թե ըստ գյուղերի, ըստ գերդաստանների կամ ըստ ազգուտակի համախմբվելու պահն է, այլ ավագանու անդամի թեկնածուների արժանիքները, ծրագրերը, կարողությունները նժարելու, համադրելու եւ, ի վերջո, համայնքի շահերին համահունչ դիրքորոշում որդեգրելու ու դրանով իսկ առաջնորդվելու օր է:

Ենթադրում եմ, որ համայնքի նորընտիր ղեկավարն ու նորընտիր ավագանին կաշխատեն սերտ համագործացությամբ, ձեռք ձեռքի տված, ինչը պահանջում է համայնքի շահը: Կարծիքների, դիրքորոշումների բազմազանությունը, առկա խնդիրների վերաբերյալ ստեղծագործական մոտեցումը, այլընտրանքային դատողություններն ու ծրագրերը միայն զորություն կբերեն ե՛ւ ավագանուն, ե՛ւ համայնքի ղեկավարին:

Համայնքապետն ու իր աշխատակազմը, ավագանին եւ ընդհանրապես համայնքապետարանը պարտավոր են հուսալի եւ անկեղծ գործընկեր լինել համայնքի ամեն մի բնակչի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքացիական դիրքորոշումից: Մի խոսքով՝ համայնքապետարանը համայնքի յուրաքանչյուր բնակչի գործընկերն ու հույսի դուռն է: Նախեւառաջ համայնքապետարանում յուրաքանչյուր ոք պետք է լսելի լինի, եթե նույնիսկ հնարավոր չլինի բարձրացված հարցերի լուծումը:

Հասկանում եմ՝ միայն այսպես խոսելով չէ: Համայնքի ավագանու անդամը պարբերաբար պետք է լինի գյուղերում, քաղաքի թաղամասերում եւ կոլեկտիվներում, որպեսզի կարողանա ժամանակին համընթաց քայլել, որպեսզի կարողանա մարդկանց իրական հոգսերի կրողը լինել, այլապես նա չի կարող ո՛չ ավագանու նիստում, ո՛չ առօրյա գործերում համայնքի բնակիչների մտածումներին համահունչ վարք դրսեւորել:

Համայնքի ավագանու գործունեությունը, սկզբունքայնությունը մեծ չափով կախված է հենց համայնքի ընտրողներից, բնակիչներից: Համայնքի ընտրողներն ավելի շատ կարող են մասնակցել ավագանու նիստերին, համայնքի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը: Մինչեւ հիմա այդ առումով, որքանով տեղյակ եմ, անտարբերության սառույց կա: Բայց ժամանակն է, որ ընտրողը՝ իր սթափեցնող ներկայությամբ, գոնե երբեմն-երբեմն հետաքրքրվի ավագանու գործունեությամբ, մասնակցի ավագանու նիստերին, մանավանդ որ թափանցիկ գործելակերպն ավագանու աշխատաոճի հիմնարար դրույթներից մեկը պետք է լինի:

Համայնքի կենտրոնավայրը, բնականաբար եւ արդարացիորեն, Գորիս քաղաքն է: Համայնքի գյուղերի բնակիչները, մինչդեռ, պետք է կարողանան իրենց առօրյա հարցերը՝ տեղական իշխանության հետ կապված, առավելապես լուծեն տեղում եւ ոչ թե Գորիս գնալ-գալով: Հակառակ պարագայում դժվար կլինի գյուղերի բնակիչների համար: Իսկ դա նշանակում է, որ ավագանին, իր լիազորությունների սահմաններում համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը հաստատելիս, նկատի պետք է առնի այդ հանգամանքը եւս:

Ավագանին իր գործունեության մեջ երբեք չի կարող մոռանալ այն իրողությունը, որ Գորիս քաղաքն ու մերձակա գյուղերն ամենաակտիվ մասնակցությունն ունեցան Արցախյան պատերազմին: Գորիսեցու հերոսական պոռթկումին մասնակից եւ ականատես եղանք այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին նույնպես:

Տագնապալից մեր ժամանակներում ավագանին՝ իր լիազորությունների սահմաններում, պետք է լինի հայոց ազգային բանակի՝ տարածաշրջանում տեղաբաշխված ստորաբաժանումների, զինծառայողների, պատերազմի վետերանների, նահատակ զինվորների հարազատների ու մերձավորների կողքին:

Սիրելի հայրենակիցներ

Ես, փաստորեն, իմ ծառայությունն եմ առաջարկում ձեզ՝ համոզված լինելով, որ ասելիք ու անելիք ունեմ, որ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ կատարել համայնքի ավագանու անդամի պարտականությունները, որ կարող եմ բարձր պահել մեր փոքր հայրենիքի՝ Գորիսի, Ակների, Վերիշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Հարթաշենի, Քարահունջի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի անունը, եւ լինել նրա նվիրյալն ու անկեղծ մշակը:

Դրա համար յուրաքանչյուրիդ վստահության քվեն եմ հայցում:

Դրա համար հարկավոր է, որ սեպտեմբերի 18-ին քվեարկեք իմ օգտին:

Բարի ընտրություն բոլորիս:

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ
31 օգոստոսի 2016թ.

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10