Կեղծ արժեքներն իմ քաղաքում հարգի չեն

08.05.2014 13:55
2344

Ավանդական, խստաշունչ սովորույթների մի ազնվասիրտ քաղաք է Գորիսը, որում ապրելն ու որի հետ մերվելը նույնքան դժվար է, որքան նրա մասին գրելը: Սովորություններն ու բարքերն այստեղ ձեւավորվել են հիմնականում տեղաբնակ լեռնեցիների հազարամյա հարաբերությունների արդյունքում. չարի եւ բարու, խղճի ու պատվի, մարդկայինի եւ անմարդկայինի մասին ունեցած լեռնականի անաղարտ պատկերացումների, նրա հոգեբանության բուռն, անթաքույց դրսեւորումների հենքի վրա: Ճիշտ ու սխալին, լավ ու վատին արձագանքելու նույն հախուռն անմիջականությունն է պատճառը, որ գորիսեցու հուզական խառնվածքի իրարամերժ ծայրահեղ դրսեւորումները պահի տակ երբեմն այնպիսի արագացված հաճախականությամբ են իրար հաջորդում, որ կողքից նայողին առաջին հայացքից խելահեղ կարող են թվալ:

Եթե անծանոթը միառժամանակ ապրի Գորիսում, ապա նույն խելահեղության տպավորությունն այս անգամ պիտի բնաշխարհից ստանա, որտեղ տապ արտաշնչող ցից-ցից ժայռերի ծոցում թաքնված զովաշունչ, եդեմական այգիներ կան, որտեղ երբեմն սարի մի փեշն անապատ է հիշեցնում, իսկ մյուս փեշին ծփում են զովասյուք մարգագետիններ, որտեղ փարթամ անտառներն անդնդախոր ձորերից վիհերով մագլցելով` հասնում են մինչեւ լեռան կատարը, իսկ կողքի լանջն այնպիսի անեծքով է թրատված, որ բուսականության ծածկից էլ զուրկ է… Բայց անծանոթն այս ամենը հնարավոր է, ամսից էլ երկար հյուրընկալվելով Գորիսում, ձգձգվող մառախուղների պատճառով չտեսնի: Հնարավոր է նաեւ, որ մեկ օրվա ընթացքում տարվա բոլոր եղանակների ականատեսը լինի: Ի՜նչ իմանաս…

Քաղաքակիրթ աշխարհի հետ հազար ու մի թելերով կապված, քսանմեկերորդ դար ոտք դրած Գորիսում այսօր էլ նույն «ահռելի ձանձրույթն է քաղցր ծորում»` ինչպես Բակունցի «Կյորես»-ում, իսկ ցանկացած բնակիչ իր անհատականության դրոշմն ունեցող անշփոթելի կերպար է` ինչպես Խանզադյանի «Մատյան եղելությանց» Գորիսում…

Արդարեւ, զարմանալի՜ քաղաք է…

Քսաներեք հազարին մոտ բնակչություն ունեցող Գորիսում այսօր էլ եթե մի քիչ փորփրում են` հարյուր տարուց էլ ավելի կտրվածքով ցանկացած բնակչի մինչեւ յոթը պորտը կարողանում են ջրի երես հանել: Եվ վա՛յ նրան է եղել, ում նախնիները ժամանակին չար գործերի հեղինակ են դարձել` ապրելով «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ լինի» նշանաբանով… Նման կենցաղակերպ որդեգրած անպատկառ մարդու չլինելուց հետո էլ վիրավորանքի, քամահրանքի, անվստահության դրսեւորումներով գորիսեցիներն այդ ջրհեղեղը «հաստատ բերում են» նրա սերունդների գլխին, երբեմն նույնիսկ իրենց սովորական շնչառության անտարբերությամբ պարտադրելով, որ վերջիններս հասարակությունից իրենց մեկուսացված զգան… Ճիշտ է ասված, որ այստեղ «չարի սերմը բույն չի դնում` անարմատ է»:

Անսեթեւեթ, հեգնահայաց, կոշտ բնույթի քաղաք է Գորիսն իր բոլոր դրսեւորումներում:

Սակայն, քննախույզ զսպվածությամբ եւ ինքնամփոփ չորությամբ շպարված, արժանապատվություն աղաղակող իր կեցվածքով, գորիսեցին, ասես, կանխավ փորձ է անում թեթեւսոլիկ այլասերումներից զերծ պահել հովվերգական պարզությամբ շնչող իր անզուգական հուզաշխարհն ու կասկածելի տարակարծություններից հեռու պահել լրջաբարո, զտարյուն արժեքներին ապավինած իր անկաշառ հոգին:

Աշխարհին Ակսել Բակունց, Գուսան Աշոտ, Սերո Խանզադյան եւ շատ այլ նշանավոր դեմքեր տված Գորիսն իրողություններն արժեւորելիս երեւի թե` օրինաչափ է, որ պիտի չմահավան լինի, որովհետեւ մեծերը նրա կյանքում տարաշխարհիկ առեղծվածի հեռավորության վրա չեն գտնվել, այլ նրա առօրեական կյանքի մի մասն են կազմել: Սովորականի մեջ արտասովորը, իսկ արտառոցի մեջ սովորականը տեսնող ու զանազանող գորիսեցուն թռուցիկ, անբովանդակ, չկայացած էժան բաներով դժվար է զարմացնել: Նրան հիրավի զարմացնել, կամ ավելի ճիշտ, հիացնել կարող են միայն կատարյալ, անխառն, անեղծ ու անկեղծ բաները…

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34