ԿԳՄՍ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել դպրոցաշինության ծրագրերի ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ

22.01.2024 11:54
532

Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:

Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել  այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին կառուցվելու կամ վերակառուցվելու»,-պարզաբանեց Սվաջյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացում հստակ սկզբունքներ են առանձնացվել․ մասնավորապես,  քարտեզագրվել են մինչև 100 սովորող ունեցող դպրոցները, իսկ մյուս դեպքում՝ յուրաքանչյուր մարզում առանձնացվել է 5-ական դպրոց, որպեսզի աշխարհագրորեն համաչափ, ճիշտ բաշխվածություն լինի: Մեկ այլ սկզբունքով ծրագրում ընդգրկվել են ամենավատ վիճակում գտնվող դպրոցները: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է 293 դպրոցի ցանկ, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում, որոնցից մի մասի շինարարությունն արդեն ավարտված է:

«Այս տարվա դրությամբ արդեն 29 դպրոցի շինարարությունն ավարտվել է: Մի մասը դեռ շինարարության փուլում է և կարող է ավարտվել այս տարի կամ 2025 թվականին, բայց ամենամեծ մասը՝ 150-ից ավելի դպրոց, մրցույթների հայտարարման փուլում են, որոնց շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսներին»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ վերջինների շինարարության ավարտը կախված է մեծությունից, քանի որ կան նվազագույնը 144, ինչպես նաև 1000 տեղ ունեցող դպրոցներ:

Ըստ փոխնախարարի՝ բոլոր դպրոցների ընտրության համար կարևորվել  են նաև  սեյսմիկ անվտանգության գնահատման չափանիշները: Ընտրված դպրոցները հիմնականում բավականին բարձր սեյսմիկ ռիսկայնություն ունեն, ինչը եղել է այն գործոններից մեկը, որով պայմանավորված է եղել դպրոցի ընդգրկումը տվյալ ծրագրում:

Որոշ դպրոցների շինարարությունը պայմանավորված է աշակերտների թվի աճով:

«Նման տենդենց ավելի շատ նկատելի է երևանամերձ մարզերում, որտեղ բնակչության թվի մեծ աճ է նկատվում: Մենք ունենք դպրոցներ, որոնց հզորությունը մինչև 500 է: Չնայած այնտեղ ներկայում մոտ 400 աշակերտ է սովորում, բայց, դիտարկելով և վերլուծելով վերջին  տարիներին այդ բնակավայրերում բնակչության աճի տեմպերը, մենք, օրինակ, 800 տեղանոց դպրոց ենք նախագծել»,-ներկայացրեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ կան բնակավայրեր, որտեղ լրացուցիչ առանձին դպրոց կառուցելու խնդիր է դրվել, որովհետև նույնիսկ առկա դպրոցը վերակառուցելու պարագայում այն  չէր բավարարի առկա պահանջները՝ բնակչության աճով պայմանավորված:

Անդրադառնալով ուսումնական գործընթացը նորակառույց դպրոցներում սկսելու ժամկետներին՝ Սվաջյանը պարզաբանեց, որ շինարարության ավարտին նախ մի շարք տեխնիկական գործընթացներ են հաջորդում: Մասնավորապես, եթե նոր շենք է կառուցվել, ապա պիտի ստեղծվի  իրավաբանական անձ, որն արդեն աշխատակազմ կձևավորի, տնօրեն կունենա:

«Սրանք զուգընթաց գործընթացներ են: Փորձում ենք այնպես կազմակերպել, որ շինարարության ավարտին զուգընթաց կարողանանք ապահովել նաև գույքի մատակարարումը: Գույքի գնումն ավելի վաղ ենք կատարում՝ համաձայնեցնելով շինարարության ավարտի հետ, որպեսզի օր առաջ, երբ շինարարությունը կավարտվի և դպրոցը կհանձնվի շահագործման, կարողանանք ուսումնական գործընթացն արդեն կազմակերպել»,-ընդգծեց նա:

Խոսելով Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքից՝ Սվաջյանը հայտնեց, որ ինչպես դպրոցների, այնպես էլ այս դեպքում իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ, հստակեցվել են սկզբունքները, թե որ մանկապարտեզներն են համարվելու ծրագրում ընդգրկված, քանի որ սուբվենցիոն ծրագրերով այս հաստատություններում բազմաթիվ մասնակի աշխատանքներ են իրականացվում՝ տանիքի, ջեռուցման համակարգի վերանորոգում:

«Այժմ ծրագրով խնդիր է դրվել ընդգրկել միայն այն ուսումնական հաստատությունները, որտեղ ամբողջական աշխատանք է իրականացվելու: Հետևաբար, քարտեզագրվել  և այս պահին 470-ից ավելի մանկապարտեզի շինարարության ցանկ է կազմվել, որոնք կամ ավարտվել են, ընթացքում են կամ առաջիկայում մեկնարկելու են: Այդ ցանկը կհամալրվի  և մեր գնահատականներով 500-ն արդեն անցնում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը դրված է այն կարևոր սկզբունքի հիման վրա, որ երկրում չլինեն նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրեր, քանի որ նախադպրոցական կրթությունը կարևոր նշանակություն ունի հետագա ուսումնառության համար:

Բացի այդ, ինչպես նպատակադրված է կրթության զարգացման ռազմավարական ծրագրով, մինչև 2030 թվականը առնվազն 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսից ավելին պետք է ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում:

«Հետևաբար, տարաբնույթ լուծումների ենք գնում. քաղաքային, գյուղական մեծ բնակավայրերում, որտեղ մանկապարտեզ ունենալու կարիք կա, վերակառուցվում, կառուցվում են այդ հաստատությունները: Եթե փոքր բնակավայրի մասին ենք խոսում, այնտեղ մենք կարող ենք ունենալ ինտեգրված մի միջավայր, որտեղ կրթահամալիրի տեսքով կլինի թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական ծրագիր: Այս կրթահամալիրները ծառայելու են նաև որպես համայնքային կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի մշակութային, մարզական, երիտասարդական, մեծահասակների ժամանցի կազմակերպման միջոցառումներ կազմակերպել»,-ընդհանրացրեց ԿԳՄՍ փոխնախարարը:

armenpress.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34