Խնձատին տոհմը

10.12.2015 15:23
3562

Հարցազրույց Արարատ Խանզադյանի հետ


Այցեքարտ

Արարատ Սերոյի Խանզադյան. ծնվել է 1946թ. մայիսի 20-ին Գորիս քաղաքում: Նույն տարում ընտանիքը տեղափոխվել է Երեւան: 1962թ. ավարտել է Երեւանի Կրուպսկայայի անվան (ներկայումս` Նիկոլ Աղբալյանի անվան) միջնակարգ դպրոցը: 1967թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը: 1971-ից մինչեւ հիմա աշխատում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (ներկայումս` համալսարան) գեղանկարչության ամբիոնում: 1976-ից ՀՀ նկարիչների միության անդամ է, 1978-ից` նկարիչների միության վարչության անդամ եւ միության գեղանկարչական սեկցիայի նախագահ:

Մասնակցել է մի շարք միջազգային, միութենական ցուցահանդեսների, ինչպես եւ 1970-ականներից մինչեւ հիմա Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին:

Ունի երկու որդի` Արեգ եւ Վահագն, երեք թոռ: 

***

«Սյունյաց երկիրը» Սերո Խանզադյանի 100-ամյակին նվիրված համարի նախապատրաստության ընթացքում ի սկզբանե կարեւորեց գրողի զավակների եւ մերձավորների հետ հանդիպումը: Եվ առաջինը հանդիպեցինք ավագ որդու` Արարատի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ 2014թ. հունիսի 23-ին` Երեւանի Ավետ Ավետիսյանի փողոցի 8/37 բնակարանում:

Նա ողջունեց թերթի խմբագրության որոշումը` գրողի հոբելյանի առթիվ պարբերականի հատուկ համար թողարկելու մասին: Մենք պայմանավորվեցինք հանդիպել նաեւ նրա արվեստանոցում, իսկ մինչ այդ պատասխանեց մեր հարցերին:

Զրույցի տեքստը` ստորեւ:

***

- Սերո Խանզադյանի մահվանից` 1998թ. հունիսի 24-ից, անցել է տասնվեց տարի: Հետաքրքիր է` ի՞նչ է արվել այդ ընթացքում նրա գրական ժառանգության գիտական արժեւորման, ինչպես եւ ստեղծագործությունների վերահրատարակման ու անտիպների տպագրության ուղղությամբ:

- Անտիպ գործերից մեկը` «Ղարաբաղը կրակների մեջ» մատյանը, հրատարակվեց 2006 թվականին` դոկտոր Հարություն Սաղրյանի հովանավորությամբ, 500 տպաքանակով:

1998-ին էլ հրատարակվեցին Աղբյուր Սերոբի մասին հուշերը, որ 1980 թվականին հորս պատմել էին Ազատ եւ Վալոդ Մխիթարյանները` ֆիդայի Հայո-Հայաստանի որդիները:

Վերահրատարակվել է «Կորած արահետներ» պատմվածքաշարը (2003թ.): Այդ մեկը` պետպատվերով:

2005թ. Մոսկվայում ռուսերենով 200 տպաքանակով վերահրատարակվեց «Թագուհին հայոց» (Царица армян) պատմավեպը:

2006թ. Մոսկվայում ռուսերենով (1500 տպաքանակով) հրատարակվեց «Մխիթար Սպարապետ» (Мхитар Спарапет) պատմավեպի երկու հատորը:

Երկու պատմավեպի թարգմանությունը նախկին ժամանակներից կար: Վերահրատարակել էին առանց մեզ տեղյակ պահելու: Որքանով տեղյակ եմ` վերահրատարակված այդ պատմավեպերն այնքան արագ սպառվեցին, որ կրկին տպագրվեցին:

- Ո՞վ է Սերո Խանզադյանի մահվանից հետո զբաղվել (զբաղվում) նրա գրական ժառանգության հրատարակման, վերահրատարակման, տարածման հարցերով:

- Ոչ ոք չի զբաղվել եւ չի զբաղվում: Մինչդեռ այդ գործերով պետք է զբաղվեին գրողների միությունը, մշակույթի նախարարությունը, ինչ-որ առումով` կրթության եւ գիտության նախարարությունը…

Ինքս նման հարցերով զբաղվելու, այդ գործերը կազմակերպելու հնարավորություն չունեմ:

Հայրս ազգային մեծ գործիչ էր ու գրող… Հայ ժողովուրդն իր պատմության վերջին շրջանում նշանավոր շատ գրողներ է տվել, սակայն նրանցից քչերն են եղել ազգային գործիչ-գրող: Սերո Խանզադյանն  այդ քչերից մեկն է ու բացառիկը:

Նա Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնածներից էր, շատերը նրա մոտ էին գալիս, նա էր առանձին դեպքերում ուղղորդում պայքարը:

Մեր ժողովուրդը պետք է ընդմիշտ հիշի այդ ամենը: Երիտասարդությունը, նաեւ եկող սերունդները պետք է իմանան այդ մասին:

Սերո Խանզադյանի ամենանվիրական երազանքներից մեկը Ղարաբաղն ու Նախիջեւանն ազատագրված տեսնելն էր:

Հիշում եմ` մահվանից մի քանի օր առաջ նա արդեն հաց չէր ուտում: Մայրս անհանգստացած զանգահարեց. «Հայրդ հաց չի ուտում»: Գնացի տուն, ասաց` քեզ հետ կուտեմ: Մայրս Գորիսի բոզբաշ էր սարքել, դրեց սեղանին: Հայրս դիտողություն արեց` ինչպե՞ս կարելի է առանց արաղի հաց ուտել: Մայրս արաղ բերեց, բաժակ բերեց: Ինքն էլ թե` բա էս մարդը մենա՞կ է խմելու: Ինքն էլ խմեց, եւ զրուցեցինք: Այդ վիճակում անգամ Ղարաբաղով էր հետաքրքվում: Ոգեւորված էր, որ Ղարաբաղն ազատագրված է: - Արարա՛տ, բա Նախիջեւա՞նը, - հարցրեց: - Նախիջեւանն էլ ենք ազատագրելու, հայրի՛կ, - ասացի, ինչը նրան ավելի ոգեւորեց:

Պետպատվերով գրքեր են հրատարակում: Լավ են անում, որ երիտասարդներին, սկսնակներին տեղ են տալիս: Բայց Սերո Խանզադյանի գրական ժառանգությունը (մեկ բացառությամբ) 1990-ականներից սկսած պետպատվերում տեղ չի ունեցել…

- Շատ անգամ ենք լսել, որ Սերո Խանզադյանը մեծ թվով անտիպներ է թողել, բայց չենք կարողանում այդ հարցում վերջնականապես պարզություն մտցնել: Ունե՞ք տեղեկություններ գրողի անտիպների մասին:

- Իսկապես, շատ անտիպներ է թողել: Ես էլ որոշ գործեր ունեմ` արվեստանոցում եմ պահում: Դրանց թվում` մի եզակի հուշատետր-օրագիր` կյանքի վերջին տարիներին առնչվող:

Արշակի մոտ էլ անտիպներ պետք է լինեն, Ազգային արխիվում` նույնպես: Բայց ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում:

- Գրողի գորիսյան առանձնատունն ուզում են տուն-թանգարան դարձնել, բայց գործը, կարծեք, տեղից չի շարժվում:

- Երբ Գորիսի Ըղջիյազի թաղամասի մեր տունը թանգարան դարձնելու միտք ծագեց, Սուրեն Խաչատրյանն ինձ առաջարկեց թանգարանի տնօրեն աշխատել եւ գլխավորել տուն-թանգարանի կազմակերպումը: Չհամաձայնեցի, չէի կարող: Բայց տուն-թանգարանի ներկայիս վիճակը սազական չէ ո՛չ Գորիսին, ո՛չ էլ Սերո Խանզադյանի անվանը:

Եթե թանգարանը նորմալ վիճակում լիներ, ինքս էլ գեղանկարներ եւ այլ նյութեր կտայի:

Կողքի փոքրիկ տունն էլ հայրս ինձ էր կտակել, բայց առանց նոտարական վավերացման: Այդ կտակն ի կատար ածելու դեպքում միգուցեեւ իմ բոլոր նկարներն այնտեղ տեղափոխեմ:

- Ե՛վ Գորիսի առանձնատան, ե՛ւ Նորքի առանձնատան շուրջ տարաբնույթ ասեկոսեներ էին շրջանառվում, իբր առուվաճառքի առարկա էին դարձրել այդ տները:

- Տեղյակ չեմ եղել տների առուվաճառքի մասին, հետո եմ իմացել…

Նորքի տունը գրավ էր դրված, բայց ոչ հորս կողմից: Հորս մահվանից որոշ ժամանակ անց Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն այդ տունը հանեցին գրավից: Բայց շենքը երկրորդ անգամ էլ առուվաճառքի առարկա դարձավ, դատական վեճեր եղան…

Հիմա եղբայրս` Արշակն է այնտեղ բնակվում, բայց ոչ որպես սեփականատեր:

Այդ շենքը, որքանով տեղյակ եմ, ներկայումս Երեւան քաղաքի սեփականություն է համարվում: Թե ինչ կլինի հետո, չեմ կարող ասել:

- Ըստ էության մեր հարցերը որոշ դեպքերում խիստ անձնական բնույթ են կրում, ինչի համար Ձեր ներողամտությունն ենք հայցում: Բայց նման հարցերը, որքան էլ Ձեզ տհաճություն պատճառեն, պարզաբանման կարիք ունեն, քանզի խոսքը մեր մեծ արձակագրի մասին է: Ըստ շրջանառվող խոսակցությունների` գրողի մեդալները, գրքերի, գեղանկարների մի մասը նույնպես վաճառվել են: Արդյո՞ք այդ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը:

- Մեդալները (հորս կյանքի վերջին շրջանում, երբ ինքն այլեւս հիվանդ էր եւ երերուն գիտակցություն ուներ)  վաճառեցին գորիսեցի ոմն Սենիկի (Ուղուզի Սենիկին): Նույն Սենիկն էր, ով գնել էր Ըղջիյազու մեր տունը: Այդ տունը հետագայում Սուրեն Խաչատրյանը հետ վերցրեց ու դարձրեց Գորիս համայնքի սեփականություն: Իսկ երբ փորձեցինք հետ բերել նաեւ մեդալները, արդեն ուշ էր: Սենիկ Փարսյանը դրանք վաճառել էր մեկ ուրիշի, վերջինս էլ՝ այլ գնորդի: Վարդանուշ տատիս գործած խալին էլ վաճառեցին: Անձնական գրադարան ուներ հայրս` 18 հազար կտոր գրքից բաղկացած, բացառիկ գրքեր կային այդ հավաքածուում: Դրանք էլ վաճառվեցին, երեւի չվաճառվեցին միայն այն գրքերը, որոնք գնորդներ չունեցան: Հայրս իր հոնորարների ուղիղ կեսը հատկացնում էր գրքեր ձեռք բերելուն:

- Ըստ Ձեզ` ո՞րն է Սերո Խանզադյանի ամենամեծ ու արժեքավոր գործը նրա գրական ժառանգության մեջ:

- Այդ հարցն ինքս եմ ժամանակին ուղղել հայրիկին: Ասել է` «Կարմիր շուշաններ» պատմվածքների ժողովածուն: Ասել է նաեւ` չգիտի, թե իր ստեղծագործություններից որոնք կմնան սերունդներին, բայց այդ մեկն անպայման կմնա:

- Ի՞նչ մնաց Սերո Խանզադյանի մահվանից հետո. ընկերությունը, բարեկամությունը, գաղափարակիցներն ու համակիրները, գրչակից ընկերները դիմացա՞ն ժամանակի քննությանը, թե՞…

- Սուրեն հորեղբայրը հորիցս շուտ էր մահացել: Հորիցս հետո չորս քույրերը մահացան` Ռոզան, Արաքսյան, Լիդան, Լորետան: Մնացել է Վերժինե հորաքույրը, շատ լավն է: Մայրս մահացավ 2007-ին, թաղված է Նորքի գերեզմանատանը: Խնձորեսկի Ակունց տոհմից էր` Ժենյա Հայկի Մարտիրոսյան:

Հորս մահվանից հետո ինը տարի հատուկ թոշակ էր ստանում: Քույրս` Անահիտն ԱՄՆ-ում է` Բոստոնում, եւ ահա` 22 տարի: Հորս ընկերներից գրեթե ոչ ոք չի մնացել, ոմանք էլ լավ օրերի ընկեր էին…

Ծանր ժամանակներ էին, յուրաքանչյուր ոք իր գործով էր զբաղված:

Ես վատ չէի, առողջական վիճակս է, որ անհանգստացնում է:

- Սերո Խանզադյանը ե՞րբ դադարեցրեց ակտիվ գործունեությունը, ավելի ճիշտ` ե՞րբ առողջական վիճակն այլեւս թույլ չտվեց ակտիվ գործունեություն ծավալել:

- 1995-96թթ. հայրիկի առողջությունը վատացավ, շատ ընկճվեց: Մի անգամ ասաց` արի մի քանի օր միասին մնանք, որովհետեւ կյանքին հրաժեշտ տալու ժամանակը, կարծես, եկել է:

Մեր համերկրացի Սուրեն Յոլյանի ղեկավարությամբ սրտաբանների կոնսիլիում կազմակերպվեց` որոշելու (ախտորոշելու) հիվանդությունը: Ես էլ էի ներկա կոնսիլիումին: Պարզվեց, որ սրտի վիճակը վատ չէ: Ուղղակի ինքը պետք է գոնե դրանից հետո իրեն հետեւեր` չխմեր, չծխեր: Դե չծխել չէր կարող, բայց խմելը թողեց: Վիճակը, ըստ երեւույթին, որոշ չափով կարգավորվեց: Մոտ մեկ, մեկուկես տարի նորմալ վիճակում էր, թեեւ շատ թույլ էր, ժամանակ առ ժամանակ պառկում էր «լեչկոմիսիայում»: Այնպես որ բժիշկների հսկողության տակ էր: Այդ շրջանում արդեն ակտիվ չէր, եւ խոսք չէր կարող լինել ստեղծագործելու մասին: Ծերունական հիվանդություն էր տանում:

Ամբողջ կյանքում պայքարի մեջ էր, ամբողջ կյանքում մտահոգված էր ժողովրդի ճակատագրով, ողջ կյանքում ստեղծագործական ակտիվ աշխատանքի մեջ էր, հոգնել էր, նյարդային համակարգն էլ փխրուն էր դարձել… 

- «Ղարաբաղը կրակների մեջ» գրքի նախաբանը Սերո Խանզադյանն այսպես է սկսում. «Այսօր յոթերորդ  թոռնիկս` Անդրանիկը, դարձավ հինգ տարեկան…»: Երեւում է, որ մեծ գրողը, ինչպես ամեն մի ողջամիտ մարդ, ուրախացել ու հպարտացել է թոռնիկներով:

- Իսկապես, ապշելու չափ լավ վերաբերմունք ուներ թոռնիկների հանդեպ:

Երկու տղա ես ունեմ, չորս տղա` միջնեկ եղբայրս` Նաիրին (երկուսը` Ալլայից, երկուսը` Գայանեից), երկու տղա էլ Արշակն ունի: Քույրս` Անահիտը, ունի տղա եւ աղջիկ:

Նաիրիի փոքրը մահացավ քսանհինգ տարեկանում (Գայանեից ծնվածն էր): Այդ դժբախտությունը տեղի ունեցավ երեք տարի առաջ, ծանր կորուստ էր:

Երեք թոռնիկ ես ունեմ, քույրս ու եղբայրներս դեռեւս թոռ չունեն:

- Գրելու, ստեղծագործելու, ազգի հոգսերով ապրելու խանզադյանական որակները գոնե մասամբ շարունակություն ունեցե՞լ են իր որդիներից, թոռներից որեւէ մեկի մեջ:

- Ճիշտն ասած շատ էր ուզում, որ ես շարունակեմ իր գործը: Բայց կյանքն այլ կերպ դասավորվեց: Միջնակարգն ավարտեցի տասնվեց տարեկանում: Մեր բակը գրողների, նկարիչների շենքերի բակ էր. մեր շենքում գրողներ էին բնակվում, կողքի շենքում` նկարիչներ: Ինձ ավելի լավ էի զգում նկարիչների շրջապատում: Դպրոցում լավ էի սովորում, գրում էի, շարադրություններս տանում էին ուրիշ դասարաններում ընթերցում: Մեր դասարանում երեք տղա էինք, երկուսը գրող դարձան` Դավիթ Հովհաննեսը, Արտեմ Հարությունյանը: Հակառակ հորս կամքի՝ ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրան չէի խառնել ընդունելության գործին: Ինքը մի քիչ տխրեց, բայց հետո հաշտվեց իմ ընտրության հետ: Եվ երբ տեսավ, որ գեղանկարչության բնագավառում հաջողություններ ունեմ, շատ ուրախացավ:

Նաիրին թատերականն ընդունվեց, Արշակի նախասիրությունը պատմությունն էր, իրավաբանությունը:

Իմիջիայլոց, ես որոշ բաներ ունեմ գրած, միգուցե մի օր տպագրեմ:

Քույրս էլ բանասեր է, գրողների միությունում էր աշխատում:

- Հետաքրքիր է, մեր գեղանկարիչներից ովքե՞ր են անդրադարձել Սերո Խանզադյանին, ստեղծել նրա դիմապատկերը, եւ որտե՞ղ են այդ նկարները:

- Մեր մեծանուն, երջանկահիշատակ Էդուարդ Իսաբեկյանն ունի հորս դիմանկարը, նա ձեւավորել է նաեւ «Մխիթար Սպարապետ» պատմավեպի երկու հատորը:

Ընտիր գեղանկարիչ էր նրա կինը` Արփենիկ Նալբանդյանը, նա էլ ունի հորս դիմանկարը, որը, եթե չեմ սխալվում, պետք է լինի Նորքի առանձնատանը: Արփենիկի վերջին գործն էր, շուտ մահացավ, հայտնի նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն էր:

Սիմոն Գալստյանն էլ հորս դիմանկարն ունի ու, եթե չեմ սխալվում, «Մխիթար Սպարապետի» հիման վրա երկու-երեք կոմպոզիցիա ստեղծեց: Նրա որդու` Հայկի միջոցով պետք է ճշտել, թե որտեղ են այդ գործերը:

Եվ Պարուհի Թեփելիկյանն էր կերտել հորս դիմանկարը, որ պիտի Նորքի տանը լինի:

Ինձ պատվիրեց ստեղծել իր պապի եւ հոր պապի նկարները: Ասաց` կարո՞ղ ես նկարել, ինչքա՞ն ես ուզում: Ասացի` իմ պապի ու քո պապի նկարները ձրի կանեմ, իսկ մնացածները` փողով: Եվ հասցրել եմ երկու նկար անել` իր պապի` Առաքելի եւ մեր տոհմի նահապետի` Դավիթի նկարը: Երեւակայությամբ եմ արել, լուսանկարներ, բնականաբար, չունեին: Դրանք նույնպես Նորքում են գտնվում:

Գորիսի դպրոցի բակի քանդակն արել է Գետիկ Բաղդասարյանը` իմ հրաշալի ընկերը, մեր ժամանակների լավագույն քանդակագործներից մեկը: Իմ կարծիքով` շատ հաջողված քանդակ է:

Պանթեոնի քանդակն արել է Սամվել Ղազարյանը, ես եմ նրան առաջարկել: Հաջողված գործ է:

Սարգիս Բաղդասարյանն ունի հորս բյուստը: Հիմա ինքը չկա, որդին կա` Աշոտ Բաղդասարյանը, հավանաբար նրա արվեստանոցում է գտնվում:

Մի քանդակ էլ ինձ մոտ կա, որ բավականին անհաջող գործ է: Ղուկաս Չուբարյանի արվեստանոցից են բերել: Բայց հեղինակն ինքը չէ, երեւի նրա աշակերտներից մեկի գործն է:

Ես որոշել էի հորս գործերի հիման վրա գեղանկարների մի շարք ստեղծել, բայց… 

Նրա ութ-ինը գիրք ես եմ ձեւավորել: Պատմվածքներն են` «Անձրեւից հետո», «Ինչու, ինչու»… Ձեւավորել եմ նաեւ «Թագուհին հայոց» պատմավեպի մի հրատարակություն, «Շուշի» պատմավեպը եւ այլն:

Այնպես որ Սերո Խանզադյանի հետ նաեւ գործընկեր ենք եղել, եւ ինքն այդ առումով ինձ գնահատում էր:

- Ասում են` Սերո Խանզադյանը շատ լավ երգում էր նաեւ…

- Չէ, լավ չէր երգում, բայց շատ էր սիրում երգ: Հատկապես սիրում էր Սայաթ-Նովայի երգերը:

Մի բան պատմեմ: Ապարանի նախկին Զովունի գյուղը լճի տեղն էր: Հայրս զբաղվում էր այդ գյուղի վերաբնակեցմամբ: Վերաբնակեցումն ավարտելուց հետո կազմակերպեց հին գյուղին հրաժեշտ տալու հանդիսություն. գյուղը մնում էր ջրի տակ, կային 4-րդ դարի տաճար, հին գերեզմանատուն: Միասին գնացինք, 15-16 տարեկան էի: Մեծ սեղան էին բացել, 200-ից ավելի մարդ էր նստած` ամեն տնից մի հոգի: Հայրս թամադան էր: Առաջարկություն եղավ, որ ներկաներից յուրաքանչյուրը որեւէ երգի կամ որեւէ բանաստեղծության մի քառյակ ներկայացնի: Հայրս ասաց` ես կարտասանեմ, իսկ Արարատը կերգի: Հրաշալի ասմունքում էր, Սայաթ-Նովայից ասմունքեց: Գյուղացիները հիացած էին, ջահել հարսները` առավել եւս:

Երբ 1946թ. Գորիսից տեղափոխվեցինք Երեւան, հորս նշանակեցին ժողստեղծագործության միության ռեֆերենտ` աշուղական, գուսանական արվեստի հարցերով: Աշուղ Աշոտը, Շահենը, Սմբատը, Սերոբը, Ռազմիկը մեր տան մշտական այցելուներն էին: Հայրս նրանց խորհրդատուն էր:

- Ո՞ւմ եք հիշում նշանավոր մարդկանցից, որ լինում էին Ձեր տանը:

- Ընկերական մի չքնաղ կոլեկտիվ կար, որի անդամներն իրենց կոլեկտիվին կոլխոզ էին անվանում, գրողների կոլխոզ: Համո Սահյանն էր, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը….

Հայաստանի ղեկավարության մեջ այդ ժամանակ շատերը կային, որ ազգային մտածելակերպ ունեին, նրանք էլ պարբերաբար լինում էին մեր հարկի տակ` Ալեքսան Կիրակոսյան, Գեւորգ Հայրյան…

- Իսկ Սուրեն Այվազյանի հետ, կարծեք, այնքան էլ համերաշխ չէր:

- Ճիշտն ասած Սուրեն Այվազյանը բողոք էր գրել հորս դեմ: Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը հորս սիրում եւ հարգում էր, բայց կանչեց կենտկոմի բյուրոյի նիստի: Հայրս մեղադրվում էր այն բանում, որ դաշնակցականի որդի է… Սուրեն Այվազյանին էլ էին հրավիրել բյուրո: Այնտեղ հորս տեսավ, շփոթվեց, ներողություն խնդրեց: Դրանից հետո ոչ թե թշնամի դարձան, այլ ուղղակի հորս կյանքից դուրս մղվեց: Մինչ այդ հայրս նրան թեւ ու թիկունք էր: Խնձորեսկում Սուրեն Այվազյանի հուղարկավորության ժամանակ հայրս նույնպես ելույթ ունեցավ:

- Ի՞նչ հետաքրքիր, ուշագրավ, զուտ ընտանեկան ավանդույթներ ունեիք: Առհասարակ ինչպիսի՞ն էր նա ընտանիքում:

- Փառահեղ հայր էր եւ ընտանիքի, ամբողջ գերդաստանի հովանավոր, հովանի:

Համարյա ամիսը մեկ հավաքվում էինք տանը` հորեղբայրս էր, հորաքույրերս էին… Մի երեսուն հոգի: Քարահունջի արաղն անպակաս էր, Էջմիածնի քյուֆթան` նույնպես: Ամեն անգամ մեկը թամադա էր լինում, տարիքը կարեւոր չէր: Դա ծեսի նման մի բան էր: Նաիրին ակորդեոն էր նվագում, հայրս հրաշալի պարում էր…

- Բայց ընտանիքում էլ, որքանով տեղյակ ենք, ինչ-ինչ խնդիրներ ծագեցին: Նաիրին եւ Ալլան բաժանվեցին…

- Ալլան եւ Նաիրին ի սկզբանե շատ լավ զույգ էին, դա տեսնում էին բոլորը: Ինչ-որ մի պահ նրանց հարաբերություններում խնդիրներ առաջացան: Ես չէի խառնվում, չեմ սիրում նման դեպքերում խառնվել: Եվ բաժանվեցին, չգիտեմ նույնիսկ, թե ինչու: Իրենք երկուսով որոշեցին բաժանվել: Հայրս ծանր տարավ այդ բաժանումը: Նա հարսներին շատ էր սիրում եւ գնահատում: Ալլայի ճակատագրում էլ որոշակի դեր էր խաղացել. Քյոսայանի ֆիլմերում էր Ալլան նկարահանվել: Ճիշտ է, Ալլան գեղեցիկ աղջիկ էր, շնորհալի էր, բայց այն ժամանակ «Մոսֆիլմի» կինոֆիլմերում գլխավոր դերում հայտնվելն այնքան էլ դյուրին բան չէր: Հիմա ոչ մի կապ չկա նրա հետ, ինչպես եւ նրա ավագ որդու` Արմենի հետ, ով, ցավոք, Խանզադյան ազգանունը փոխել եւ ինչ-որ հրեական ազգանուն է վերցրել: Իսկ մյուս որդու` Սերոբի հետ (պապի անունն է կրում) կապ կա, ժամանակ առ ժամանակ զանգահարում է:

- 1946թ. Ձեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան: 1954-70թթ. ապրել եք Տերյան 59-ում: Որտե՞ղ եք բնակվել դրանից առաջ եւ հետո:

- Գորիսից Երեւան տեղափոխվեցինք 1946թ. օգոստոսին: Կարապի լճի տեղն Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցն էր: Այնտեղ կար մեկ հարկանի տուն եւս` երկու սենյակով: Մինչեւ 1954-ի վերջն այնտեղ ենք ապրել: Հետո տեղափոխվեցինք Տերյան 59 շենք: Նոր էր կառուցվել, 5-րդ հարկում էր մեր բնակարանը: Ներքեւում Սիլվա Կապուտիկյանն էր բնակվում, կողքը` Հրաչյա Հովհաննիսյանը, վերեւում` Գուրգեն Բորյանը, Գեղամ Սարյանն էր այդ շենքում: 1971-ից հետո ես բնակարան ստացա Արաբկիրում, իսկ հայրս կառուցեց Նորքի տունն ու 1971-ին տեղափոխվեց այնտեղ: Նորքի տունը սկսել էր կառուցել 1960-ականների երկրորդ կեսին: Սկզբից որոշել էր այնտեղ կառուցել` ինձ համար արվեստանոց, իր համար` աշխատանքի վայր: Հետո միտքը փոխեց: Շենքը նախագծել էր Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալը` Գարիկ անունով: Առաջին անգամ, որ գնացի այդ վայր, հարցրի` օձերի եւ կարիճների մեջ ի՞նչ ենք անելու: Հայրս ասաց` ես այստեղ դրախտ եմ դարձնելու: Եվ դարձրեց: Վարպետներից մեկը գորիսեցի էր` անունը՝ Վարդան: Բոլորն օգնում էին շենքի կառուցմանը: Ինքս էլ քանիցս միջամտել եմ նախագծին, շինարարությանը:

Լեւոնի ժամանակ այգու մի մասը մեզանից խլեցին. 600 քառակուսի մետր թողեցին, 1000-ից ավելի քառակուսի մետրը վերցրին: Շատ գեղեցիկ այգի էր հիմնել, Մեղրուց նռան տնկիներ էր բերել, Սիրիայից` Քեսաբից` վարդեր, իր ձեռքով տնկել…

- Գորիսի Ձեր տան մասին կուզենայինք իմանալ, որտեղ նաեւ Դուք եք ծնվել: Նկատի ունենք Լենինի փողոցում գտնվող տունը:

- Պապիս` Նիկոլայի տունը վերեւի հիվանդանոցի մոտակայքում գտնվող երբեմնի պիոներ տունն էր: Ինքն էր կառուցել: Հետո վաճառեց ու գնեց Լենինի փողոցում գտնվող տունը, որ հիշատակեցիք: Նիկոլային Լենինի փողոցի այդ տնից են աքսորել: 1950-60-ականներին հայրս այդ տան մի մասը վերակառուցեց: Տան մի մասը մերն էր, մյուս մասը` հորեղբայր Սուրենինը: Հրաշալի տուն էր` սքանչելի այգիով: Այդ տան հետ կապված լավ հիշողություններ ունեմ: Հետագայում երկու եղբայրներով որոշեցին վաճառել տունը, շատ էժան վաճառեցին: Վարդանուշ տատս ազդվել էր, չէր ուզում, որ այդ տունը վաճառվի…

- Որտե՞ղ է թաղված Վարդանուշ տատը:

- Գորիսի քաղաքային գերեզմանոցում. այնտեղ է թաղված նաեւ հորս հորեղբայր Սերգեյը, մի քար էլ հայրս դրել էր իր հոր հիշատակը հավերժացնելու համար:

- Վերջերս «Կենտրոն» հեռուստատեսությամբ զրուցում էին հորաքույրդ, եղբայրներդ: Նորից խոսք եղավ Դադալունց Լեւոնի մասին, ով 1930-ականներին Գորիսի իշխանավորներից մեկն էր, ով, ըստ շրջանառվող կարծիքի, ժամանակին նախաձեռնել էր Նիկոլայ Խանզադյանի եւ նրա ընտանիքի աքսորը: Իրո՞ք այդ ծանր հուշը շարունակում է կենսունակ մնալ Ձեր գերդաստանում:

- Տատս պատմել է այդ ձերբակալության մանրամասները:

Պապս Գորիսի փոստատարն էր, փոստը ձիով Գորիսից Ղափան էր տանում: 30-ականներն էին, ղաչաղություն կար…

Մի անգամ շրջկենտրոնի կոլխոզի ժողովում Լեւոնն ու պապս վիճում են: Լեւոնն ասում է` Նիկոլա՛յ, Ձեր տոհմից 32 հոգու գնդակահարել են, բա դու բան չունե՞ս ասելու: Հետո Լեւոնն ավելացնում է` Գորիսում ուրիշ տղամարդ չկա՞, որ փոստը վստահեք նրան եւ ոչ թե Նիկոլային: Պապս էլ պատասխանում է` երեւի ուրիշ տղամարդ չկա, դրա համար էլ ինձ են վստահել: Երբ Նիկոլայ պապը տուն է վերադառնում` տատիս ասում է, որ հեսա գալու են իր հետեւից: Դա 1937թ. նոյեմբերի 28-ին էր: Գիշերվա 3-4-ի կողմերը դուռը ծեծում են ու… նրան տանում:  Մինչեւ 1992թ. փետրվար բոլորս կարծում էինք, թե նրան աքսորել էին մի անհայտ ուղղությամբ: 1992թ. փետրվարի 18-ին հայրս ստացավ Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարի պատասխան նամակը: Գրված էր, որ Նիկոլայ Խանզադյանը կալանավորվել էր 1937թ. նոյեմբերի 28-ին եւ մի քանի օր անց` դեկտեմբերի 8-ին, գնդակահարվել Երեւանի բանտում:

- Սերո Խանզադյանի եւ Գուսան Աշոտի ջերմ բարեկամության մասին տեղյակ ենք, բայց կարծիք կա նաեւ, որ Սերո Խանզադյանը չէր մոռանում Լեւոն Դադալյանի կատարածն իր հոր հանդեպ եւ, դրանից ելնելով, վերապահ վերաբերմունք ուներ Դադալյանների գերդաստանի, այդ թվում` Գուսան Աշոտի հանդեպ:

- Սխալ կարծիք է դա, Գուսան Աշոտի եւ Սերո Խանզադյանի մտերմությունն իր անկեղծությամբ եւ ջերմությամբ անօրինակ էր:

- Իսկ ճի՞շտ է, որ Սերո Խանզադյանը կտակել էր իրեն թաղել այն նույն բարձունքում (Ղազարի թումբը), որտեղ Գուսան Աշոտը թաղվեց:

- Հորս ցանկությունն էր` իրեն թաղել Գորիսի առանձնատան մուտքի մոտ կառուցված մատուռի կողքին (այդ մատուռը ես եմ նախագծել): Սակայն, երբ մահացավ, իշխանությունները նպատակահարմար գտան, որ Սերո Խանզադյանին հողին հանձնեն մեր ազգային պանթեոնում: Ես էլ այդ կարծիքին էի, թեեւ սխալ չէր լինի, եթե հողին հանձնեինք Գորիսում:

Գուսան Աշոտի հետ կապված զրույցներն անհիմն են: Ճշմարտությունն այն է, որ հայ ժողովրդի նշանավոր այդ երկու զավակը շատ ջերմ հարաբերությունների մեջ էին: Ամեն լավ առիթով մեր տանն էր իր քամանչայով: Ինձ էլ շատ էր սիրում, նույնիսկ երգ էր նվիրել` «Այ համով աղջիկ»: Ասաց` երբ մեծանաս ու սիրած աղջիկ ունենաս, այդ երգը նրան կնվիրես:

- Ունե՞ք ծրագրեր Սերո Խանզադյանի 100-ամյակի կապակցությամբ:

- Հույս ունեմ, որ Սերո Խանզադյան ազգային գործչի, արձակագրի 100-ամյակն արժանավայել կնշվի ամբողջ հանրապետությունում եւ սփյուռքում:

Կուզենայի, որ Երեւանի Տերյան 59 շենքի պատին փակցվեր հուշատախտակ. 1954-70թթ., ինչպես նշեցի, հայրս բնակվել է այդ շենքում:

Նպատակ ունեմ, եթե առողջությունս թույլ տա, հորս հոբելյանի առիթով իմ գեղանկարների ցուցահանդեսը բացել Գորիսում, Սիսիանում, Կապանում եւ Մեղրիում, ինչպես եւ Ղարաբաղում:

Հարցազրույցը` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25