Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որ մտահոգված է սահմանամերձ բնակավայրերի երեխաների ընթերցանությամբ

05.06.2023 10:22
1189

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար:

Գրադարանը նաև հանրապետության մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոն է:

Մեր զրուցակիցն է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

- Տիկին Տոնոյան, առաջին անգամ է Սյունիքի մարզային լրատվամիջոցով ներկայացվում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի հերթական համարը նվիրում ենք Սյունիքի մարզի գրադարաններին:

Այդ համատեքստում անհրաժեշտ և կարևոր համարեցինք անդրադառնալ Սյունիքի մանկական գրադարաններին և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ սյունեցի փոքրիկ ընթերցողների առնչություններին:

Եվ ուրեմն՝ նախ Ձեր օգնությամբ ծանոթանանք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին:

- Մեր գրադարանը հիմնադրվել է 1933 թվականին և այս տարի կնշվի այդ իրադարձության 90-ամյակը: Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին պետական մանկական մասնագիտացված գրադարանն է: 1935 թվականին գրադարանն անվանակոչվել է Խնկո Ապոր անվամբ՝ նրա մահվանից հետո՝ ի պատիվ հայ մեծ առակագրի: 1962 թվականին գրադարանն ստացել է հանրապետական, 1982 թվականին՝ գիտական առաջին կարգի նշանակության գրադարանի, իսկ 2003 թվականի ապրիլից՝ «Ազգային գրադարանի» կարգավիճակ: Գրադարանն իրականացնում է գրադարանային, մատենագրային, գիտատեղեկատվական, մշակութային, կրթական, գիտական, մեթոդական և ժամանցային գործունեություն: Հանդիսանում է մանկապատանեկան գրադարանային հավաքածուի ազգային պահոց և Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան գրադարանների ու այլ գրադարանների մանկապատանեկան բաժինների համար հանրապետական գիտամեթոդական, գիտատեղեկատվական և մշակութային կենտրոն: Ունի շուրջ  550.000 միավոր բազմալեզու հավաքածու:

1980 թվականից գրադարանն իր գործունեությունն իրականացնում է ճարտարապետական հորինվածքով հոյակերտ՝ քառանիստ ծավալ ունեցող շենքում: 1978 թվականին գրադարանի շենքը նախագծել են Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը (1940-2017) և ճարտարապետ Ռուզան Ալավերդյանը (1946-2017), որի համար նրանք 1981 թվականին իրավամբ արժանացել են Հայաստանի Լենինյան կոմերիտմության մրցանակի:

Ընթերցողների սպասարկումն իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային խմբերի և տարանջատված ընթերցասրահների առձեռն հավաքածուների միջոցով: Հարյուր ընթերցողի համար նախատեսված ընթերցասրահում սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային և քարտային եղանակով, կարող ես օգտվել մամուլից և պարբերականներից, տեղեկատվական-հանրագիտարանային բնույթի հարուստ հավաքածուից, արվեստաբանական և գիտական բազմաճյուղ գրականությունից ու ալբոմներից: Ձայնադարանում խմբով կամ անհատապես կարելի է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն: Փոքրահասակ, նախադպրոցական և կրտսեր տարիքի այցելու-ընթերցողները կարող են հյուրընկալվել հեքիաթի սրահում:

Գրադարանում գործում են տարբեր մանկապատանեկան արտադպրոցական խմբակներ և ստուդիաներ (նկարչական, թատերական, ասմունքի), ինչպես նաև՝ «Փաթիլ» տիկնիկային թատրոնը: Գրադարանում տարվա ընթացքում կազմակերպվում են հարյուրից ավել տարաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, կլոր սեղաններ, համազրույցներ, քննարկումներ, վարպետաց դասեր, ցերեկույթներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ, դասախոսություններ, հեքիաթապատումներ, տոնավաճառներ, փառատոներ և այլ հանդիսություններ: Ավանդույթ է դարձել «Մանկապատանեկան գրքի տոնավաճառը», Գիրք նվիրելու օրը, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», «Ազգային գրադարանային շաբաթը», «Գրադարանավարի օրը», «Մանկական գրքի միջազգային օրը», «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»:

Գրադարանում գործում են՝ 2006 թվականից՝ «Իրանական ընթերցասրահը», որը համալրված է պարսկերեն լեզվով լույս ընծայված մանկական, գեղարվեստական, ուսումնական գրականությամբ, տեղեկատվական, տեսալսողական վավերագրերով և համապատասխան տեխնիկայով, որտեղ պարսկերենի իրենց իմացությունն են խորացնում աշակերտները, ուսանողներն ու մասնագետները, և որը համագործակցում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ու Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի հետ, 2014 թվականից՝ «Չինական անկյունը», որից օգտվում են չինարեն ուսումնասիրող դպրոցականները, ուսանողները և մասնագետները, 2018 թվականից՝ «Արաբական անկյունը», որը  հիմնադրվել է «Իբբի ԱՄԷ» և «Կալիմաթ» հիմնադրամի միջոցներով և կահավորվել ու տեխնիկապես վերազինվել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ:

Գրադարանը համագործակցում է աշխարհի մի շարք երկրների մանկական գրադարանների, նաև՝ մանկապատանեկան գրականության և ընթերցանության խնդիրներով զբաղվող հայրենական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում գործող գրեթե բոլոր դեսպանությունների հետ՝ իրականացնելով մշակութային, կրթական և գիտական համատեղ ծրագրեր:

Գրադարանն անդամակցում է «Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդին» (ԻԲԲԻ-ին), «Գրադարանների միջազգային ասոցիացիային» (ԻՖԼԱ-ին), «Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային» (ՅԱՄԼ-ին):

- Հավանաբար տեղեկություններ ունեք հանրապետության մանկական գրադարանների ցանցի մասին: Ի՞նչ ունենք այդ առումով հանրապետությունում: Ի՞նչ ունենք Սյունիքի մարզում:

- Ցավոք, այսօր գրադարանային, հատկապես՝ մանկական գրադարանային ցանց, որպես այդպիսին, գոյություն չունի: 1996թ. ՏԻՄ-երի մասին օրենքի ընդունման արդյունքում այդ ցանցն ամբողջովին փլուզվեց. ստեղծվեցին համայնքներ, և գրադարանների կառավարումը տրվեց համայնքներին: Պետությունն այս պահին ունի 12 պետական գրադարան՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: 10-ը մարզային գրադարաններն են, մյուս երկուսը Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարաններն են:

Այսօր՝ համայնքների խոշորացման հետևանքով, շատ գրադարաններ փակվել կամ միավորվել են, շատ համայնքների երեխաներ զրկվել են ընթերցելու հնարավորությունից: Այս հարցը պետության ուշադրության կենտրոնում է: Խնդիրների վերհանման նպատակով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայում պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում գրադարանային և գրքի ոլորտի ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա, թե որ համայնքներում ինչ շենքեր է հնարավոր առանձնացնել, ինչ մշակութային կենտրոններ նորոգել՝ դրանք հետագայում գրադարաններին տրամադրելու հեռանկարով:

- Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ 1962 թվականից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նաև հանրապետության մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է (այդ մասին նշեցիք նաև Դուք): Մարզերում գործող և մանուկներին սպասարկող գրադարաններին ցույց տրվող մեթոդական օգնության մասին կուզենայինք իմանալ:

- Այո, 1962 թվականին՝ ստանալով հանրապետական գրադարանի կարգավիճակ, համակարգում էր հանրապետության մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական աշխատանքները: ԽՍՀՄ փլուզումից հետո, դառնալով ազգային մանկական գրադարան, իր կանոնադրական գործառույթների շրջանակներում շարունակում է այդ աշխատանքները: Ամեն տարի գործուղումներ են իրականացվում մարզեր՝ տեղում մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

- Մանկական գրականության հանրահռչակման, մանուկ ընթերցողների հետ կապի ակտիվացման նպատակով անցկացվող հանրապետական մասշտաբի միջոցառումների մասին... Հիշում ենք, օրինակ, 1980-ականներից անցկացվող «Մանկական գրքի շաբաթ» ծրագիրը, որի շրջանակում նաև ճանաչված մանկագիրներ էին շրջաններ այցելում և երեխաների հետ հանդիպումներ ունենում:

- Գրադարանը տարվա ընթացքում 100-ից ավելի կրթամշակութային միջոցառում է իրականացնում՝ մանկական ընթերցանությունը խթանելու նպատակով: Ավանդական են դարձել՝ Ազգային գրադարանային շաբաթը, Մանկական գրքի շաբաթը, որն անցյալ դարի 1980-ականներից ավանդաբար նշում ենք:

Իհարկե, մասնակցության մասշտաբները տարբերվում են ԽՍՀՄ տարիների համեմատ, որովհետև այն ժամանակ գրքի շաբաթը տոնվում էր ամբողջ միության սահմաններում: Ամեն տարի ԽՍՀՄ մի երկրում էր անցկացվում: 1984թ. մանկական գրքի շաբաթը Հայաստանում տեղի ունեցավ, և Երևանում էին հավաքվել ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների անվանի գրողներ ու գրադարանավարներ:

Այս տարի Մանկական գրքի շաբաթը, որին միացել էին Հայաստանում գործող բազմաթիվ գրադարաններ մարզերից ու Երևանից,  40-ամյակն է բոլորում: Գրքի շաբաթն ավանդաբար կազմակերպում ենք Հայաստանի գրողների միության հետ:

- Մենք հեռվից հեռու հետևում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատանքներին և տեսնում, թե որքան հարուստ առօրյայով է ապրում գրադարանը: Որքանո՞վ են այդ առօրյայում ընդգրկված հանրապետության մարզերի երեխաները: Եթե Սյունիքի հետ առնչությունների օրինակներ բերեք, ապա հաճույքով կծանոթանանք դրանց:

- 100-ից ավելի միջոցառում ենք կազմակերպում տարվա ընթացքում, որոնց մասնակցում են նաև մարզերի երեխաները: Մենք նույնպես այցելություններ ենք իրականացնում մարզեր: Հատկապես շեշտադրել ենք սահմանամերձ բնակավայրերի երեխաների շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացումը: Թեպետ Սյունիքի մարզի տարբեր քաղաքների գրադարանների հետ սերտ կապեր ունենք վաղուց, բայց ներկայացնեմ վերջին տարիների համագործակցության պատկերը:

Այսպես. 2016 թ. Սյունիքի մարզի տարբեր գրադարաններից մի շարք աշխատակիցներ մասնակցել են ԱՄՆ-ի Իլինոյիս համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ կազմակերպված գրադարանավարների վերապատրաստման դասընթացներին՝ «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով:

2019 թ. Գորիս քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում իրականացրել ենք «Բալասան» մանկապատանեկան ընթերցանության և մտավոր ժամանցի անկյունի բացումը: Անկյունին նվիրաբերվել են բուժվող երեխաների համար մանկական գրքեր, ինտելեկտը զարգացնող խաղեր, հանելուկներ, գիրք-խաղեր, տրվել է հեքիաթապատումներ անցկացնելու մեթոդական խորհրդատվություն: Անկյուն-սրահի հիմնման արդյունքում շահառու խմբերի ինտելեկտուալ ժամանցի նախադրյալներ ստեղծվեցին: Նոր հիմնված հետաքրքիր, մտավոր և ժամանցային կենտրոնից, բուժվող երեխաներից զատ, օգտվում են նաև շահառուների ծնողները և բուժանձնակազմը:

2021 թ. գրադարանը մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հետ համատեղ նախաձեռնած կրտսեր տարիքի երեխաների «Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Գորիսի  քաղաքային գրադարանի հետ կազմակերպվել է կրտսեր տարիքի ընթերցողների հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ  Աննա Ասլանյանի և Էդգար Թաթիկյանի հետ:

2021 թ. Գորիսի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի քաղաքային գրադարանի մանկական բաժնի համագործակցությամբ՝ միջին տարիքի դպրոցականների հետ, իրականացվել է հանդիպում-քննարկում 2019 թ. «ԻԲԲԻ Արմենիա» ՀԿ-ի կողմից հայտարարված մանկագիրների և նկարազարդողների մրցույթում հաղթող ճանաչված մանկագիրների հետ։ Շուրջ 25 փոքրիկ գրքասեր մասնակցել են ժամանակակից մանկական գրողներ Հովիկ Մխիթարյանի և Օլգա Դարյանի հետ հանդիպումներին: Նույն ծրագրի շրջանակում՝ օգոստոսին, Գորիսի քաղաքային գրադարանում բացվեց անկյուն. գրադարանը համալրվեց նոր գրապահարանով ու գրքերով: Տեղի գրադարանավարների համար իրականացվեց «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դաս:

Նշված այցելությունների շրջանակում նաև տրվել են մեթոդական խորհրդատվություններ, փորձել ենք օգնել մեր մարզային գործընկերներին՝ երեխաների շրջանում գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքվածության մակարդակը բարձրացնելու գործում:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամեն տարի մարզերի գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում: Այս տարի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին կմասնակցեն Սյունիքի մարզային ու համայնքային գրադարանների 25 աշխատակից:

- 2014-ից գրադարանում իրականացվում են թվայնացման աշխատանքներ, նաև էլեկտրոնային սպասարկման գործելակերպն է ներդրվում: Մարզերի մանկական գրադարաններում նույնպե՞ս թվայնացում է կատարվել կամ կատարվում:

- Հայաստանում էլեկտրոնային գրացուցակի ստեղծման աշխատանքները սկսվել են 2004 թ.-ից: Koha ծրագրի ներդրման արդյունքում ստեղծվել են գրադարաններում առկա գրքերի էլեկտրոնային համահավաք գրացուցակներ: Սկզբնական շրջանում ծրագրին միացել էին Երևանի մի քանի խոշոր գրադարաններ, այս պահին նաև՝ մարզային 10 գրադարան:

2022 թ. մեր գրադարանում ներդրվել է նաև էլեկտրոնային սպասարկումը: Ընթերցողի համար բացվում է էլեկտրոնային ընթերցողական քարտ: Մեծահասակները կարող են անգամ ինքնուրույն գրանցվել ու գիրք պատվիրել կամ երկարաձգել գրքի վերադարձի ժամկետը:

- Էլեկտրոնային սպասարկման արդյունավետությունը... Մի քանի տեղեկություն, որոնց օգնությամբ կկարողանայինք պատկերացում կազմել մարզերի երեխաների՝ էլեկտրոնային սպասարկումից օգտվելու մասշտաբի մասին:

- Ժամանակակից գրադարանն առանց էլեկտրոնային սպասարկման դժվար է պատկերացնել: Արագ փոփոխվող աշխարհում ժամանակակից գործընթացներին հաղորդակից լինելու լավագույն գրավականը համահունչ քայլելն է: Հայաստանյան մի շարք գրադարաններում արդեն ներդրվել և կիրառվում են էլեկտրոնային սպասարկման աշխատանքներ, որի արդյունավետությունն անժխտելի է: Ինչ վերաբերում է մարզերում էլեկտրոնային սպասարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասեմ, որ այդ գործընթացներն արդեն ընթացքի մեջ են և հուսամ՝ մոտ ապագայում իրագործելի:

- Որպես ազգային նշանակության գրադարանի ղեկավար՝ որքանո՞վ եք արդյունավետ համարում իրողությունը, որ մարզերում մանկական գրադարաններն ընդգրկված են համայնքային գրադարանների, մարզային գրադարանների կազմում: Արժե՞ այդ ոլորտում նոր մոտեցումներ որդեգրել:

- Աներկբա է, որ ընթերցանության մշակույթ ձևավորվում է վաղ տարիքից: Դրանում անփոխարինելի դերակատարում ունեն գրադարաններն ու գրադարանավարները: Որպես մանկական գրադարանի տնօրեն, խիստ կարևորում եմ գրադարանների դերն ընթերցանության կազմակերպման և խթանման գործում՝ կլինեն առանձին միավոր, թե ամբողջական միավորի՝ համայնքային, մարզային գրադարանի բաժին, էական չէ, կարևոր է, որ ունենան հարուստ հավաքածու և ընթերցանության կազմակերպման բավարար պայմաններ:

- Մանկական գրադարանների հավաքածուների համալրման գործընթացը մարզերում: Ինչպե՞ս է կանոնակարգվում այդ հարցը, արդյո՞ք մարզային, համայնքային, գյուղական գրադարաններին տրամադրվում են նոր հրատարակվող մանկական գրքերից:

- Գրադարանների համալրման  խնդիրը խիստ արդիական և միևնույն ժամանակ ցավոտ հարց է: Գրեթե 30 տարի շատ գրադարաններ չեն համալրվել կամ տարերայնորեն են համալրվել: Խախտվել է մարդու՝ հատկապես երեխայի ընթերցելու իրավունքը: Պետությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի վերականգնելու երեխայի՝ ընթերցող դառնալու իրավունքը՝ համալրելով գրադարանները՝ հատկապես մանկական բաժինները: Այսօր, բարեբախտաբար, ԿԳՄՍ նախարարության ենթակայության գրադարանները՝ մարզային գրադարանները, չունեն այդ խնդիրը: Այլ է պատկերը համայնքային ենթակայության գրադարաններում, որոնք տարիներ շարունակ չեն համալրվում:

- Միջգրադարանային բաժնույթից օգտվելու հնարավորությունը:

- Միջգրադարանային բաժնույթի ծառայությունը գրադարանների կարևոր գործառույթներից է: Եթե պահանջվող գիրքը տվյալ գրադարանում առկա չէ, ապա միջգրադարանային բաժնույթը հնարավորություն է տալիս այլ գրադարաններից պատվիրել և ստանալ ցանկացած գիրք:

- Մանկական պարբերականներ... Ի՞նչ ունենք այդ ոլորտում և որքանո՞վ են դրանք հասանելի ու որքանո՞վ են հետաքրքիր մանուկ ընթերցողներին:

- Հանրապետությունում գրեթե չկան մանկական պարբերականներ, ինչը մեծ բաց է: «Ծիծեռնակ» ամսագիրը պետական աջակցություն չունի, հրատարակվում է ընդհատումներով: Տարիներ առաջ գրադարանն ուներ «Ճոճանակ» գունագեղ ամսագիր, որը մեծ պահանջարկ ուներ: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվեց հրատարակությունը: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակում էր «Ուրախ գնացք» ամսագիրը, որը նույնպես ֆինանսի բացակայության պատճառով դադարեց հրատարակվել: 

- Հավանաբար առիթ եք ունեցել ուսումնասիրելու՝ ի՞նչ են ընթերցում մեր երեխաները ներկա ժամանակաշրջանում:

- Ընթերցանության շրջանակը շատ տարբեր է՝ դասական գրականությունից մինչև ժամանակակից, դպրոցական ծրագրային գրականությունից մինչև արտադասարանային ընթերցանության համար գրադարանի կողմից տրվող ցանկեր: Գրադարանը ծրագրային գրականությունից բացի առաջարկում է իր հավաքածուն տարբեր տարիքային խմբերի համար: Դա Հայաստանում լույս տեսնող մանկապատանեկան գրականությունն է, որտեղ առյուծի բաժինը թարգմանական գրականությունն է: Գրքի ընտրության հարցում օգնում են նաև գրադարանում ժամանակակից գրողների հետ հաճախակի կազմակերպվող հանդիպումները, ամենից ընթերցված հեղինակների հետ կենդանի երկխոսությունները, լավագույն ընթերցողների մրցանակաբաշխությունները:

- Ունե՞ք վիճակագրություն, թե, օրինակ, մինչև 16 տարեկան երեխաների որ մասն է օգտվում հանրապետության գրադարաններից:

- Այդպիսի ճշգրիտ վիճակագրություն կունենանք այն ժամանակ, երբ ունենանք հստակ վիճակագրություն հայաստանյան գործող գրադարանների թվի մասին: Իսկ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ներկայումս ունի շուրջ 20 հազար ընթերցող, տարեկան 250 հազարից ավելի հաճախում և 450 հազար գրքատացք՝ գրքերի շրջանառությունը:

- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը զբաղվում է նաև հրատարակչական աշխատանքների կազմակերպմամբ, ի՞նչ եք հատկապես հրատարակում:

- 1963 թ.-ից գրադարանն իրականացնում է հրատարակչական գործունեություն: Հրատարակվել ու հրատարակվում են բազմաբովանդակ մասնագիտական գրականություն՝ մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, հայ մանկական և թարգմանական գրականության մատենագիտություններ, մանկագիրների կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» օրացույցը, ալբոմներ, ամսագրեր:

Այս տարի կհրատարակենք «Հայ մանկական գրականության մատենագիտություն» գիտական աշխատանքի 10-րդ պրակը, որը ներառում է 2006-2007 թթ. Հայաստանում լույս տեսած մանկական գրքերը:

Միևնույն ժամանակ բազմաթիվ մեթոդ-մատենագիտական ուղեցույցներ ու ընթերցանությունը խթանելու մեթոդական ձեռնարկներ ենք հրատարակել: 1963 թ.-ից ի վեր 600-ից ավելի հրատարակություն ունենք:

- Իսկ ի՞նչ է հրատարակվում հանրապետությունում մանկական գրականությունից՝ և՛ հայ գրողներից, և՛ օտար հեղինակներից:

- Հրատարակչական ոլորտը բավականին աշխույժ է մեր երկրում: Ամեն տարի 2000-ից ավել անուն գիրք է հրատարակվում հանրապետությունում, որի առյուծի բաժինը մանկական գրականությունն է: Այսօրվա գրքերը գունեղ են, որակյալ, բովանդակությամբ հարուստ: Իհարկե ավելի շատ թարգմանական գրականություն է հրատարակվում:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում հանրապետությունում՝ մանկական գրադարանների արդիականացման, տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, աշխատանքային գործընթացների ավտոմատացման ուղղությամբ:

- Այսօր տեղի ունեցող գործընթացների՝ համայնքների խոշորացման հետևանքով, բազմաթիվ գրադարաններ փակվել են կամ չեն գործում: Խնդիրները բազմազան են՝ առկա են շենքային անբավարար պայմաններ, գրքային համալրման ու տեխնիկական զինվածության բացակայություն և այլն: Այսօր լայնամասշտաբ բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում, իսկ կրթությունն առանց գրադարանների՝ անհնար է պատկերացնել: Գրադարանների արդիականացման, համալրման հարցերը պետք է պետության  ուշադրության կենտրոնում լինեն:

Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան (IFLA) կայացած պետությունների համար երեք կարևոր հաստատություն է առանձնացրել՝ բժշկական կենտրոնները, դպրոցներն ու գրադարանները: Առողջ հասարակություններն իրենց կյանքում կարևորում են այս երեք հաստատության դերը: Մենք այլընտրանք չունենք. ժամանակակից, արդիական գրադարաններ ունենալու անհրաժեշտությունը բոլորիս է մտահոգում:

- Մեզանում, կարծեք, պակասում են, երեխաների ազատ ժամանակի կազմակերպման հնարավորությունները. երեխան միայն ընթերցանության համար չէ, որ պետք է հաճախի մանկական գրադարան. ճի՞շտ է մեր դիտարկումը:

- Այո, երեխան ոչ միայն ընթերցելու համար պիտի հաճախի գրադարան, բայց գրադարան այցն ինքնանպատակ չպետք է լինի: Գրադարանում անցկացրած ժամանակի ընթացքում նա պետք է գիտելիք ձեռք բերի: Այսօր գրադարանները, և հատկապես մեր գրադարանը, երեխաների ազատ ժամանցը կազմակերպելու և կրթամշակութային ծրագրերի միջոցով գիտելիք փոխանցելու հրաշալի հարթակներ են:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10