Խոսում է Գարեգին Նժդեհը

21.12.2020 09:45
1407

Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի - դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է: Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա: Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը՝ վարել: - Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» - ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնութեան գիտակցութիւնից «գունատ», ապա օժտուած իր առաջնորդած ժողովրդի համար ամէն վայրկեան մեռնելու կամքով:

Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:

Որի՞ն հետեւել - ահա՛ հարցերէն ամենաճակատագրականը, որի՞ն - Նազովրեցո՞ւն, թէ՞ Բիւխներին, էմերսոնի՞ն, թէ՞ Մարքսին, Մամիկոնեանների՞ն, թէ՞ հայ մտաւորականութեան քաղաքականապէս անկապաշտ մասին: Առաջինները - ոգու հսկանե՛ր - քո մէջ կ՚ապրեցնեն աստուածայինը,վերջինները՝ մարդկօրէն անասնականը: Առաջինները քո մէջ կը մշակեն իդէալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեա պաշտպանող մահկանացուն:

ճշմարիտ մտաւորականութիւն, ասել է՝ ազգի հոգեւոր ընտրանին, առաջնորդութիւնը: Ստամտաւորականութիւն է դա, եթէ այդպիսին չէ: Ուր ճշմարիտ մտատրականութիւնը առաջնորդի իր դերի մէջ չէ՝ այնտեղ կոյր է ժողովուրդը, նաեւ՝ պառակտուած:

Մեր կեանքում դեռ զօրաշարժի ենթարկուած չէ ճշմարտութիւնը ստամտաւորականութեան պատճառով, հայութիւնը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը - դա հոգեվերանորոգուած հայ անհատն է:

ժողովուրդները յաճախ տառապում են հոգեզգացական կուրութեամբ - մայրը ամէն կարգի ներքին տկարութեանց եւ բաղխումների: Ճշմարիտ մտաւորականութեան է ընկնում՝ բուժել այդ կուրութիւնը իրենց ժողովրդի մէջ մշակելով բարոյական առաքինութիւններ - ճշմարտասիրութիւն, արդարամտութիւն, մեծահոգութիւն: Քաղցրօրէն ստել ու կեղծել իր ժողովրդին՝ մանիլովշչինա՛ - ահա՛ հայրենաքանդ այն տկարութիւնը, որով բռնուած է հայ մտաւորականութեան իմաստասիրօրէն կոյր եւ անցեղաշունչ մասը:

ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:

Ուր զօրաւոր առաջնորդ չկայ՝ այնտեղ ոգու կեանք չկայ, իսկ ուր այդ վերջինը չկայ՝ այնտեղ խանդավառներ, մարտիկներ, գերզոհաբերողներ չեն ստեղծւում:

Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:

Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի - կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:

Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան՝ իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Ուրիշ ազգերի կեանքում յաճախ մի դժբախտութիւնը գալիս է խափանելու մի ուրիշը, ուրիշնե՛րը: Մեզ մօտ ընդհակառակը, ամէն դժբախտութիւն դառնում է պատճառ նորի, նորերի՛: Կը վկայէ պատմութիւնը, որ իր դժբախտութեան պատճառները գիտակցող ժողովուրդը աւելի հեշտ է կրում իրեն վիճակուած դառնութեան բաժակը եւ հեշտութեամբ յաղթահարում չարիքը: Աւելի՛ն, նմանի համար ամէն մի ձախորդութիւն, գալիքի մի նախազգուշացում է: Միայն նմանին է յաջողւում հարուածախոյս լինել:

Երբ ժողովուրդը՝ ծուռ խղճմտանքի տէր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտութեանց պատճառներին, իր ամէն մի պարտութիւնից յետոյ նա դառնում է նաե՛ւ պարտուողական, որ ասել է՝ ատակ եւ արժանի նորանոր պարտութիւնների:

Առաջնո՞րդ ես, ուրեմն, եղի՛ր ազնիւ, ազնիւ եղի՛ր, էլի՛ ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ - դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:

Մի ժողովուրդ ցեղօրէն այնքան արթուն է, որքան դա զգայուն է դէպի իր մարգարէների, իր ընտրանիի կանչերը:

Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը - նա՛, ո՛վ փարիսեցիներիեւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում:

Զօրաւոր եւ օրհնաբեր է այն առաջնորդը, որի կամքը օժտուած է իր ցեղի ամենադրական յատկութիւններով:

Հոգեւոր կեանքի աննպատակ մարդուն տրուած չէ՛ գերագոյն նպատակի համար աշխատելու, զոհաբերելու, մեռնելու քաղցրութիւնը: Նմանը չէ՛ կարող առաջնորդ լինել:

ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն:

Մտքի անշարժութիւն, քարացում - երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:

Միայն մեծ առաջնորդներին է յաջողւում իրենց կամքի ողջ ուժականութիւնը փոխանցել իրենց ժողովուրդներին, առաւելապէս նրանց երիտասարդ սերունդներին: Եւ հենց դրանով են վերանորոգւում զանգուածները, վերածուելով մի բարոյական ընդհանրութեան, միակամ եւ միուղի ազգի:

Նախ հասցնել մի մեծ սերունդ - մե՛ծ իր պաշտամունքով եւ ատելու կարողութեամբ - եւ նրա միջոցաւ իրագործել իր պատմական առաքելութիւնը. այսպէ՛ս է գործում ճշմարիտ առաջնորդը:

Միջազգային առաջնորդութեան մասին խօսում են անյուսօրէն տգէտները միայն: Պատմութեանը դեռ անծանօթ է նմանը: Առաջնորդը - իբրեւ տուեալ ազգի կուլտուր-ընկերային գործառնութեանց կիրարկիչը - միշտ էլ երեւան է գալիս ազգային կնիքով:

Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական: Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը՝ դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:

Փառասէ՞ր է առաջնորդը - փառասէր է ճշմարիտ ամէն առաջնորդը - այդ ոչինչ, բաւական է որ նա իր ազնուական ու ստեղծագործ փառասիրութեան միացնում է իր շարժիչ միտքն ու մեծ սիրտը, բաւական է,որ խաչ կայ իր ուսին: Նմանի համար չէ՛ կոմպրոմիսը, նա վախ չունի հալածանքից եւ բնաւ հաշուի չի առնում, թէ իր սկսած պայքարում ո՞վ է իր հետ, ո՞վ՝ իրեն դէմ: Նրա առաջին թշնամին է կազմակերպուած միջակութիւնը՝ յանձին զանգուածների տգիտութեան եւ տկարութեան քուէներով ընտրուած իշխանութիւնը:

Երբ մի ժողովրդի մէջ ճշմարիտ առաջնորդի երեւումը ցնծութեան, փառաբանութեան եւ պաշտամունքի փոխարէն արժանանում է օձաթոյն նախանձի, թշնամանքի ու մատնութեան՝ պէտք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:

__________________________________

Գարեգին Նժդեհ

«Ռազմիկ», 1941թ.

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06