Խոտ-Որոտան՝ երկար սպասված ճանապարհի կառուցման ավարտը երեւում է

10.11.2024 13:07
448

    2021-ի աշնանը թուրք-ազերիները շրջափակեցին Մ-2 մայրուղու Գորիս-Կապան ճանապարհի՝ այսպես կոչված Էյվազլարի հատվածը:

    Այդ ժամանակ էլ ծագեց Խոտ-Որոտան (այլընտրանքային) ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը:

    Ճանապարհի կառուցումն ի սկզբանե ստանձնեց «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ մեծահամբավ ճանապարհաշինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Բեզոյանի գլխավորությամբ:

    2021-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած շինարարությունը, սակայն, ընթացքում բախվեց չնախատեսված խոչընդոտների: Մասնավորապես, խիստ կտրտված լեռնային այդ տեղանքում քանիցս երկրաբանական երեւույթներ ի հայտ եկան՝ սողանքներ, քարաթափումներ, սելավներ...

    Այդ ամենը, ի վերջո, հանգեցնում էր նաեւ նախագծերի փոփոխման անհրաժեշտության, որի շնորհիվ պետք է լուծում տրվեր առաջացող խնդիրներին:

    Արդյունքում՝ քանիցս փոխվեց ճանապարհի գործարկման ժամկետը, թեեւ սկզբնապես մեկ տարի էր նախատեսված շինարարության համար:

    Վերջին անգամ ճանապարհի կառուցման վերջնաժամետ էր սահմանվել 2024-ի հոկտեմբերը, սակայն...

    Իրավիճակը բարդացավ նոր խնդիրներ ի հայտ գալով կամ նախկինում եղած խնդիրների սրացման հետեւանքով: Մասնավորապես՝ ճանապարհի վերին մասում գտնվող Տաթեւ հէկի օրվա կարգավորիչ ջրամաբարից ջրերի հոսքը շարունակվում էր, միեւնույն ժամանակ  երեւան եկան սողանքային նոր երեւույթներ՝ այդ ամենից բխող հետեւանքներով:

    Խնդիր դրվեց՝ անպայման հիմնանորոգել օրվա կարգավորիչ ջրամբարը: Եվ «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն ընթացիկ տարում (ամենայն պատասխանատվությամբ) լուծեց այդ խնդիրը:

    Դա հնարավորություն տվեց, որ 2024-ի սեպտեմբերին վերսկսվեն ճանապարհի կառուցման ընդհատված աշխատանքները: Դրանից հետո որոշարկվեց՝ որտեղով պետք է անցնի 8-րդ կիլոմետրից մինչեւ Որոտան ընկած ճանապարհահատվածը (7+130-ից մինչեւ 10+200):

    Նոյեմբերի 9-ին ծանոթացանք ճանապարհաշինական աշխատանքներին: Այն ամենը, ինչ տեսանք այցի ընթացքում, միայն ուրախության եւ հպարտության զգացում առաջացրեց... Բարձրաբերձ լեռնագագաթներն ու քարակուտակ լանջերը ծնկի էին գալիս շինարարների առջեւ: Քարաժայռերի հետ կռիվ էին տալիս մեխանիզատորներ Համլետ Սաֆարյանը, Արմեն Ավետիսյանը, Հարություն Ասիլբեկյանը, ուրիշներ՝ մեկն էքսկվատորով, մյուսը հիդրոմուրճով, հաջորդը բուլդոզերով, վարորդներն էլ հանույթն էին տեղափոխում լցակույտ: Եվ 50-60 մ բարձրությամբ լեռնակողերն աստիճանաբար նահանջում էին՝ տեղ բացելով ապագա ճանապարհի համար:

    Շինաշխատանքներում, որքան տեսանք, գործածվում են ճանապարհաշինական ամենաարդիական մեքենաներ: Դժվար է, իհարկե, լեռնաճեղքերում աշխատող էքսկվատորի, հիդրոմուրճի տեխնիկական սպասարկումը, բայց դրա հնարքն էլ գտել են...

    Առանձնահատուկ հարգանքի է արժանի ճանապարհաշինական այդ ծրագրի շինաշխատանքների ղեկավար Գինեվան Ղազարյանը, ով գործի գլխին է սկզբից եւեթ:

    Գինեվան Ղազարյանը հավաստիացնում է, որ մինչեւ նոր տարի հողային աշխատանքներն ավարտին կհասցվեն: Ուրախությամբ է փաստում, որ Տաթեւ հէկի օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգումից հետո այլեւս ջրային հոսքերի չեն բախվում, ինչը նշանակում է նաեւ, որ հնարավոր սողանքների հավանականությունը նվազագույնի է հասցված:

    Ինչ վերաբերում է որոշ տեղերում նկատվող խոնավության հետքերին, ապա, ըստ Գինեվան Ղազարյանի, տեղ-տեղ երեւացող փոքր ծավալի հոսքերը կներառվեն կողային առուների մեջ: Դրանք, ըստ երեւույթին, կարող են լինել այլ աղբյուրներից սկիզբ առնող կամ տեղումներից առաջացող ջրեր, որոնք կառավարելի են:

    Ճանապարհաշինարարների օրակարգում է նաեւ Խոտի գյուղամիջյան՝ մոտ 400 մ երկարությամբ փողոցի աշխատանքների ավարտման հարցը: Այնտեղ արդեն պատրաստ են կողային առուները, նաեւ կոյուղին է կառուցվել: Մնում է եզրաքարերի տեղադրումը եւ մայթերի կառուցումը, որին կհաջորդի փողոցի ասֆալտապատումը: Այդ ամենը, եղանակային բարվոք պայմանների պարագայում, կիրականացվի առաջիկայում:

    Իսկ երբ դիտարկում էինք մեկ տարի առաջ ասֆալտապատված ու կահավորված 7 կմ երկարությամբ ճանապարհը (առայժմ առանց գծանշումների), չէր կարելի չնկատել, որ գործ ունենք հուսալի ու բարեհարմար ավտոճանապարհի հետ: Ասել է թե՝ Էդուարդ Բեզոյանի երկու տարի առաջ արված հավաստիացումը, թե Խոտ-Որոտանը կլինի հանրապետության լավագույն ճանապարհներից մեկը, իրականություն է դառնում:

    Իսկ ինչո՞ւ ենք Խոտ-Որոտան ճանապարհի կառուցման ավարտը համարում երկար սպասված:

    Դեռեւս մեկ տարի առաջ Էդուարդ Բեզոյանը երկու ուշագրավ միտք էր հայտնել, որը որոշակի լավատեսության տեղիք էր տվել:

    Նախ՝ համոզմունք էր հայտնել, թե Խոտ-Որոտանը գործարկելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել Մ-2 մայրուղով Գորիս-Կապան տրանսպորտային հաղորդակցությունը՝ պայմանով, որ Թասի լեռնանցքի որոշ ոլորաններում կկատարվեն ուղղման աշխատանքներ:

    Այնուհետեւ՝ Խոտ-Որորտան ճանապարհը գործարկելուց հետո հնարավոր կլինի մտածել Գորիս-Խազալ կապ ճանապարհի կառուցման մասին, որը պայմաններ կստեղծի Գորիս քաղաքից միանալ Խոտ-Որոտան ճանապարհին, այնտեղից էլ՝ Մ-2-ին (Որոտան գյուղի մերձակայքում):

    Հուսանք, որ Խոտ-Որոտան ճանապարհի գործարկումից հետո վերոնշյալ երկու՝ հույժ ցանկալի մտադրությունները կյանքի կկոչվեն:

    Սամվել Ալեքսանյան

    Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

    Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

    18.03.2025 23:43

    Պուտինն ու Թրամփն ավարտել են հեռախոսազրույցը

    18.03.2025 21:18

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

    18.03.2025 21:14

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52