ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ԹԱՆԳԻ ՍԱՐԴԱՐՅԱՆ – 100

11.05.2021 17:32
5361

1. Կրթությունը մոդա չէ, արմատ է, ոգի և էություն
Դարերով համահայկական հոգևոր կերտվածքի առանձնահատկություններից են բարեկրթությունը, բազմակողմանի զարգացման բաղձանքը: Հայերս պանծանքով ենք մեծարում մեր երևելի մտավորականությանը, ովքեր ներկայացնում են համազգային սեր և հպարտություն վայելող սերուցքը:
Հռչակավոր արմենական մտավորականներն ազգային բարձր արժանապատվություն կրողներն են, ինչպես նաև ստեղծարար մտքի ու բանականության, հոգևոր կերտվածքի ձևավորողները և գալիք սերունդներին փոխանցողները: Խմորում են արժեքային համակարգ՝ հայրենասիրություն, մարդասիրություն, օրենքի հավասարություն ու բարձր զարգացածության օրինաչափություններ:
Կրթական գործընթացում գիտելիքների հաղորդման և առհասարակ ուսումնառության մակերեսայնությունն անթույլատրելի է: Եթե կրթվող սերունդները խորագետ ու նպատակասլաց չեն, վտանգվում է ազգի ապագան՝ հասցնելով ոգու սովի: Կրթությունը եկող-գնացող մոդա չէ: Կրթությունը արմատ է, ոգի և էություն:

Կրթական գործի կուռ կազմակերպումն ազգային միասնականություն ու համախմբվածություն է ձևավորում:

2. Գիտելիքն ուժ է, ուժը՝ գիտելիք

Գիտելիքը՝ մարդկային հզորագույն ձեռքբերումը, մեր ժամանակներում ցանկացած նշանավոր պետության առաջադիմությունն ու ճանաչումը սնուցող կարևորագույն աղբյուրն է Երկիր մոլորակի վրա: Գերազանցում է զարգացած ու առաջնակարգ դպրոցական համակարգ ունեցող երկիրը, որի վաղը, վստահելի ապագան գիտակ ու փորձառու մանկավարժների ձեռքերում են:

Չպետք է լինել ձրիակեր, ուրիշի հաշվին ճաշվոր, արհամարհել ու մերժել է պետք մտքի ծուլությունը: Չմոռանանք հանրահայտ ասույթը՝ «Գիտելիքն ուժ է, ուժը՝ գիտելիք»:
Սակավ գիտելիքներով մարդն անհամարձակ է ու վախկոտ, չունի հաստատուն հայացքներ և կեցություն: Ինչ մենք գիտենք, սահմանափակ է, ինչ չգիտենք՝ անվերջանալի: Ով ունի սեփական առաջնակարգ աշխարհայեցողություն, նպատակասլաց է, լուսավորյալ է առավել, այնքան նա ավելի օգտակար է հայրենիքին: Հավուր պատշաճի մեծարվում են կրթության բոլոր երախտավորները և ըստ արժանվույն գնահատվում հասարակության կողմից: Փառաբանվում են նրանց ուսանելի աշխատաոճը, օրինակելի բնավորության, մարդկային էության ներգործուն ու տպավորիչ, ազդեցիկ դրական գծերը:

3. Իմ պաշտելի հերոսը

Կապանն իմ օրրանն է: Ես քայլել եմ աշխարհի ճանաչված շատ մեծ քաղաքների ճամփաներով, բայց այն հպարտությունը, հարազատությունն ու երախտագիտությունը, որ ես տածում եմ իմ ծննդավայրի նկատմամբ, չեմ զգացել աշխարհի ոչ մի այլ տեղ:
Այս քաղաքում են հռչակվել իմ տոհմակիցները՝ Սարդարյանները և Թումանյանները՝ որպես բարձրակարգ մտավորականներ, և անքակտելի էր նրանց կապը միմյանց հետ:
Ես գիտեմ, որ այս քաղաքում սխալվելու իրավունք չունեմ, որովհետև անսխալական էր նաև հայրս. նա Կապանի սրբասուրբ մարդկանցից մեկն էր:
Թանգի Վահանի Սարդարյանը հանրահռչակ թիվ 2 միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրենն էր, որտեղ իրագործել է իր փայփայած ուսումնական նախագծերը: ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ էր: Ճանաչվել է համայն Խորհրդային Միության մեջ՝ կրթօջախի տնօրենի և մանկավարժական ուսանելի փորձը Ուլյանովսկում ընդարձակ զեկուցմամբ ներկայացնելով:
Ինչո՞ւ եմ համարձակվում գրել հորս մասին: Ես ևս կրթվել եմ Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ավարտել գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով: Հայրս եղել է նաև հայերենի իմ ուսուցիչը, իսկ ես ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ եմ, և տանը նույն սեղանի մոտ հորս հետ հաճախ ենք հայեցի կրթության հիմնախնդիրները վեր հանել մտերմական զրույցների ընթացքում: Դրա համար հավատացե´ք իմ անկեղծ պատումներին: Սա իմ սրտի տուրքն է սիրելի մարդու, հարազատ մանկավարժի հանդեպ:

4. «Կապան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը իմ հոգևոր տունն է»

Թանգի Սարդարյանը ծնվել է 1920 թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: Ավարտել է Կապանի մանկավարժական ուսումնարանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Պատերազմի բովով անցնելուց հետո սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
1952 թվականին նշանակվել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսմասվար:
1961-86 թթ. եղել է նույն դպրոցի տնօրենը: Մանկավարժական գործունեության 45-ից 38 տարիները նվիրել է թիվ 2 դպրոցին:
1965 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման:
Հարգարժան մարդու, փառաբանված ուսուցչապետի, վաստակաշատ մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա ինչպես բարեկամների, այնպես էլ համաքաղաքացիների հիշողության մեջ:
Բարեկամուհի Սիրան տատը Կապանի խոսվածքով այսպես էր բնութագրում նրան. « Անունդ՝ Թանգի, ինքդ՝ թանգ»:
Կրթության անխոնջ մշակ էր, իր գործի մեծանուն նվիրյալ:

5. Դպրոցի իդեալական տնօրեն էր, հայոց լեզվի և գրականության անփոխարինելի ուսուցիչ, ծնողների խորհրդատու

Երբ ի մի էի բերում թիվ 2 դպրոցի տնօրենի վարչական ու մանկավարժական ծավալուն գործունեությունը, թվում էր, թե 38 ուստարի նույն դպրոցում միապաղաղ աշխատանք է ծավալվել, բայց դպրոցի աշակերտների թիվը մշտապես հազարից անցնում էր, իսկ ուսուցիչները վաստակաշատ էին ու հանրաճանաչ: Դպրոցը գործարար ու քրտնաջան աշխատում էր Սարդարյանի ղեկավարության օրոք:
Թ. Սարդարյանը նորի, առաջավորի որոնող էր: Քաջ տիրապետում էր մի քանի լեզվի, ուներ մեթոդամանկավարժական փորձառու գործունեություն ծավալելու հմտություն, որը տարածում էր իր գործընկերների միջավայրում: Կապված էր նաև հայ-ռուսական մանկավարժական մամուլի ու մեթոդամանկավարժական նորագույն գրականության հետ:
Սկսնակ ուսուցիչն իր մանկավարժական աճի համար զգում էր հոգատար տնօրենի օգնության հետևողականությունը: Շահագրգիռ ծնողը, ծնողկոմիտեն իրենց արժանավոր դիտարկումները հանգամանալից քննարկում էին տնօրենի հետ: Նրանց շփման բոլոր հարաբերություններում իշխում էին բարյացակամությունը, բարեկրթությունը, խստապահանջությունը, համադպրոցական ընդհանուր հետաքրքրությունները:
 Անլուծելի խնդիր չկար դպրոցում. ուսումնական հաստատությունը ձուլված էր իր բոլոր օղակներով ինչպես մի հոգի ու մարմին, ինչպես մի ձեռք ու մի բռունցք, համերաշխ ու շահագրգիռ մտահոգված էին ամեն մի էական հարցի բարձրակարգ լուծմամբ: Բոլորը խոսում էին «մենք»-ի տեսանկյունից՝ «մեր դպրոցը, մեր որոշումը, մենք հարմար գտանք»...

Շատ լավ գիտեին ամենքը, որ տնօրենը բացառում էր «վատ աշակերտ» արտահայտությունը, որը կար, թերևս, ուրիշ դպրոցների տնօրենների և անհեռատես ուսուցիչների բառապաշարում: Դպրոցական կատարյալ կրթությունը և հետևողական դաստիարակությունը ցանկացած ծույլ աշակերտին անգամ բարոյապես վերածնվելու և առաջադիմելու հնարավորություն են ընձեռում, մղում վերափոխվելու: Տնօրենը համոզված էր, որ իրավունք չունի աշակերտներին բաժանելու լավ և վատ խմբերի, պարտավոր է խղճի մտոք ուշադիր լինելու ու բոլորին հնարավորություն ընձեռելու անձամբ նվիրվելու ուսմանը: Կապանում այս դպրոցը հռչակվել էր որպես «Սարդարյանի դպրոց», որովհետև բոլորի հանդեպ տնօրենը հոգատար էր, ուշադիր ու սրտացավ:

Տնօրենի գերխնդիրն էր աշակերտ, ուսուցիչ, ծնող կապերը ձևավորել սիրալիր, բարյացակամ , սրտացավ փոխհարաբերությունների շրջանակներում: Նա պետության կողմից առաջադրված ծրագրերի իրականացման հանձնակատարն էր, գումարած և իր գործնական մտահղացումները, մարդկային արժանապատիվ ըմբռնումները:
Արևավոր մարդ էր, հայոց լեզվի և գրականության դասավանդման 0,5 դրույքով դասավանդում էր չորսից տասներորդ դասարաններում՝ մեծահարուստ գիտելիքները փոխանցելով այն բախտավոր աշակերտներին, որոնցից շատերը հետո ընտրել են բանասերի մասնագիտությունը և իրենց փորձառությամբ ու ստեղծագործական տարերքով նմանվել անկրկնելի ուսուցչին: Բոլոր դասաժամերին ավետում էր կենաց լույսը, կազմակերպում տաղանդաշատ գրողների գրական երկերի անկրկնելի վերլուծություններ, դիմում պոետական գոհարների հուզական ասմունքի, ցուցադրում յուրատիպ բարձրաձայն խորհելու ու մտորելու ունակություններ: Անխտիր բոլոր դասերը շնչում էին հրապույրի, վայելքի զմայլանքով, խոսքի մեկնության բարձրագույն մշակույթով, կահավորման հետաքրքրաշարժ հնարավորություններով, ինքնատիպ ստեղծագործական շարադրություններ գրելու կարողությամբ:
Ես ուզում եմ շեշտել, որ Թ. Սարդարյանն ուներ գեղեցիկ ձեռագիր: Առհասարակ գեղեցիկ ձեռագրատեսակը վկայակոչում է հավասարակշռված բնավորության, ինքնատիրապետման բարձր կուլտուրայի տեր մարդու համբերատար խառնվածքի մասին: Դե´, նա ուրի˜շ մարդ էր, օրինակելի էր ամե˜ն ինչով...

Վերջաբան

 Ուզում եմ եզրափակել իմաստության վերաբերյալ աստվածաշնչյան երկու ասույթով.
 1.«Իմաստությունը լավ է անգին քարերից, և պատվական ոչ մի բան չարժե նրան»:
 2. «Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին»:
 Կապան համայնքի Ագարակ գյուղի գերեզմանատանն է ամփոփված հորս աճյունը: Նրա տապանաքարին փորագրված է՝ «Կյանքումս արարել եմ իմաստություն ու բարություն»:
Կողքին տեղադրված է մորս՝ Էլզա Մեսրոպյանի տապանաքարը: Մայրս դասվար էր. նրա տապանաքարի գրությունը մեծարում է հասարակության հանդեպ մորս անձնվիրությունը՝ «Կյանքումս և ոչ մի օր չապրեցի միայն ինքս ինձ համար»: Առհասարակ մի խելամիտ ասացվածք էլ է մեր ժողովուրդը հիշատակում. «Ամեն ականավոր տղամարդու մեջքին կանգնած է մի իմաստուն կին»: Համամիտ եմ այս սահմանմանը ևս:
Մի քարե հուշատախտակ էլ պահում է Թանգի Վահանի Սարդարյանի հիշատակը թիվ 2 դպրոցի մուտքի սրահում:
Որպես պատգամ, ընունում էր Նարեկացու պատվիրանն ուսման վերաբերյալ. «Միշտ ուսանիմ և երբեք ի ճշմարտություն գիտության ոչ հասանիմ»:

 

Սեդա Սարդարյան
   մեթոդիստ ուսուցչուհի


 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25