Կրթությունը կարևոր ներդրում է Հայաստանի ապագայի համար. Դավիթ Ամարյան

20.12.2023 11:20
429

Հայազգի գործարար, ներդրող, «Բալչուգ Կապիտալի» հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանն իր եղբոր՝ գործարար, հայկական «Էփրիքոթ Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի հետ Հայաստանում ստեղծել են «Ամարյան» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության առանցքում Հայաստանում կրթական և մարդասիրական աջակցության ծրագրերի իրականացումն է։

Դավիթ Ամարյանի հետ զրուցել ենք հիմնադրամի ստեղծման, առաջին ծրագրերի, ինչպես նաև իր անցած ուղու, հետաքրքրությունների, Հայաստանում բիզնես ունենալու և այլ թեմաների մասին։ 

- Պարոն Ամարյան, Արցախում տեղի ունեցած դեպքերից հետո Ձեր եղբոր՝ Վարդան Ամարյանի հետ հայտարարեցիք, որ աջակցության ծրագրեր իրականացնելու նպատակով հիմնադրամ եք ստեղծում, որի գործունեության մեկնակետը Սյունիքի մարզն է։ Մանրամասնեք, խնդրեմ, «Ամարյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման ծրագրերը: Ինչո՞ւ որոշեցիք սկսել հատկապես Սյունիքից։

-Արմատներով սյունեցի եմ, Սյունիքն իմ հայրենիքն է։ Հայրական ու պապական գյուղս Սյունիքի Վերիշենն է, որտեղ անցել է իմ մանկությունը։ Ճիշտ է, ծնվել ու մեծացել եմ Երևանում. հայրս գիտնական է, մայրս` ուսուցչուհի, և նրանց աշխատանքի բերումով Երևանում էինք ապրում, բայց իմ մանկության ուրախ ու անհոգ տարիները հենց գյուղում են անցել, տատիկ-պապիկի ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված։ Սյունիքն ինձ համար հարազատ ու սիրելի վայր է, որին ես շատ կապված եմ։ Հիմնադրամի գործունեությունն այստեղից ենք սկսել, բայց, իհարկե, այն ծավալվելու է երկրի մասշտաբով։ 

Մեծացել եմ Արցախյան առաջին պատերազմի և դրան հաջորդող ծանր ճգնաժամի տարիներին, որը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, իմ կայացման, աշխարհընկալման վրա։ Ես տեսել եմ, թե ինչպես է պատերազմը կործանում մարդկային կյանքեր և զգացել եմ շատ երկրներին ի վերուստ տրված խաղաղ գոյության գինը։  

Այն, ինչ տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերին Արցախում, ինձ համար անձնական ողբերգություն է։ Մեր հայրենակիցները զրկվել են ամեն ինչից՝ իրենց տնից, հայրենիքից, հարազատներից։ Մարտահրավերները, որոնց բախվել են արցախցիները, բացառիկ են իրենց բարդությամբ և հրատապությամբ։ Եվ այդ է պատճառներից մեկը, որ մենք ստեղծեցինք «Ամարյան» բարեգործական հիմնադրամը, որպեսզի կարողանանք օգնել։ 

Բացի այդ՝ մենք ուզում ենք շեշտը նաև կրթության վրա դնել։ Կրթությունն իմ և եղբորս՝ Վարդանի գործունեության մեկնարկային կետն է։ Հենց դրա շնորհիվ էլ մեզ հաջողվեց կարիերայի աճ ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով, և, ի վերջո, հիմնել մեր բիզնեսները։ Մենք ուզում ենք մեր մյուս հայրենակիցներին ևս ընձեռել այն կրթական հնարավորությունները, որոնք մենք ենք ունեցել․ կրթությունը կարևոր ներդրում է Հայաստանի ապագայի համար։ 

Ես ու Վարդանն ուզում ենք մեր երկրում գործի դնել մեր ամբողջ փորձը, որ ձեռք ենք բերել ֆինանսական աշխարհում, որպեսզի իրական ներդրում ունենանք մեր երկրի զարգացման գործում։ Մենք մեծապես կարևորում ենք կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և գործակալությունների կատարած նշանակալի աշխատանքը, բայց կարծում ենք, որ մասնավոր հատվածը նույնպես կարող է կարևոր և փոխլրացնող դեր ունենալ։ 

Եթե դիտարկում ենք ԱՄՆ-ի և Եվրոպական շատ երկրների փորձը, ապա բիզնես կամ ֆինանսական ոլորտում գործունեություն ծավալող շատ անհատների կողմից ստեղծված բարեգործական կազմակերպությունները հասարակության համար կարևոր և մեծ ներդրում ունեն։ Մենք կարծում ենք, որ սա հիանալի մոդել է՝ հետևելու և նախադեպ ստեղծելու համար։ Հայաստանում այն արդեն սկիզբ է առել, և մենք նպատակ ունենք այն էլ ավելի զարգացնել։ 

- Պարոն Ամարյան, գիտենք, որ բավականին հետաքրքիր ուղի եք անցել՝ սկսած ԱՄՆ-ում սովորելուց, մինչև Wall Street-ում աշխատելը։ Կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին։

- Երկար տարիներ արտասահմանում ապրելը պայմանավորված է եղել հենց ուսմամբ և աշխատանքով։ Բայց միևնույն է՝ ես և եղբայրս երբեք չենք մոռացել մեր հայրենիքը և գործել ենք հանուն նրա զարգացման ու բարգավաճման։ 

Դպրոցական տարիներին մաթեմատիկա շատ էի սիրում, բայց նաև հումանիտար առարկաների` լեզվի ու գրականության սիրահար էի։ Այնուամենայնիվ, ֆինանսների, հաշվարկների հետ կապ ունեցող ամեն ինչ հետաքրքրում էր ինձ դեռ մանկուց։ Հիշում եմ, որ եղբորս՝ Վարդանի հետ, մեր հորինած խաղն ունեինք. մեր «Ամարյան կորպորացիան» էինք կառուցում՝ գեղեցիկ բարձրահարկ շենքերով, մեքենաներով, շատ աշխատակիցներով, և այդպիսով, փաստորեն, վիզուալիզացնում էինք մեր ապագան (ծիծաղում է, խմբ.): Եղբորս հետ կապվածությունը միշտ շատ ամուր է եղել: Առանց նրա չեմ պատկերացնում կյանքս ու գործունեությունս:

Միացյալ Նահանգներում դպրոցում և հետագայում համալսարանում, սովորել եմ բացառապես կրթական դրամաշնորհներով։ Առաջին անգամ ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն ստացա 1995 թվականին։ Այդ ժամանակ ութերորդ դասարանում սովորող 13-ամյա աշակերտ էի, երբ մի օր տեղական թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանում է Ռոբերտ Թեմբեկջյանը։ Ռոբերտը կեսօրին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) էթիկա և քաղաքագիտություն էր դասավանդում ավարտական կուրսերի ուսանողներին, իսկ երեկոյան՝ մեծահասակներին՝ շարունակական կրթության ծրագրի մասնակիցներին: Որոշեցի դիմել և խնդրել, որ թույլ տա մասնակցել իր երեկոյան դասերին։ Ես դպրոցում անգլերեն բավականին լավ էի սովորում, ու, երբ ծնողներիս ասացի, որ սա բացի նոր գիտելիքներից նաև հնարավորություն է լեզվի կրողի հետ շփվելու, լեզուն կատարելագործելու` քաջալերեցին, որ մասնակցեմ:

Գարնանային կիսամյակի ընթացքում շաբաթական չորս օր ավելի քան մեկ ժամ ճանապարհ էի կտրում՝ քաղաքի ծայրամասում գտնվող մեր տանից կենտրոնում գտնվող ՀԱՀ հասնելու համար։ Մեծահասակներով լի մեծ լսարանի առաջին շարքում էի նստում և շատ հաճախ դասերից հետո սպասում Ռոբերտին։ Նրա գրասենյակը ճանապարհին էր, քայլում էինք, զրուցում գրեթե ամեն ինչից` մեր ընտանիքների պատմություններից, սպորտից, քաղաքականությունից, եղանակից ու Թուրքիայի ու իր դաշնակից Ադրբեջանի կողմից Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանների երկարատև շրջափակման տնտեսական ու սոցիալական հետևանքներից: Հենց այդ խոսակցություններն ու Ռոբերտի հետ շփումն ու ընկերությունը (հիմա դրան մենթորշիփ են ասում, ծիծաղում է, խմբ.) ինձ օգնեցին ավելի մեծ նպատակներ սահմանել:

Մեկ տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ընտրվեցի և, ուսման ամբողջական կրթաթոշակ ստանալով, փոխանակման ծրագրով մեկնեցի ԱՄՆ՝ սովորելու Նյու Յորքի ամենահեղինակավոր  դպրոցներից մեկում` Թրինիթի դպրոցում (Trinity Prep School)։ Նյու Յորքում Ռոբերտի ընտանիքն ինձ հյուրընկալեց: Առաջադիմության հետ կապված խնդիրներ չունեի ու կարողանում էի համատեղել դասերս և սպորտը, տարբեր խմբակներն ու ընկերներիս հետ ժամանցը։ Այդ օրերից անցել է շուրջ 30 տարի, և ես ու Ռոբերտը մտերիմ ենք, ինչպես երբևէ։ Մենք մեկ ընտանիք ենք։     

Ծրագրի ավարտից հետո Հայաստան վերադարձա։ Կրթությունս շարունակեցի Օհայո նահանգի Մայամիի համալսարանում՝ կրկին ստանալով ուսման ամբողջական      կրթաթոշակ։ 

Այնուհետև աշխատանքի անցա Wall Street-ում։ Ես սկսեցի իմ կարիերան Sanford C. Bernstein ներդրումների կառավարչի մոտ (այժմ՝ AllianceBernstein) որպես պորտֆելի կրտսեր կառավարիչ, վերահսկում էի նյույորքաբնակ հաճախորդների մոտ չորս միլիարդ դոլարի ներդրումները։ Շատ էի աշխատում, առանց ընդմիջումների ու արձակուրդի, բայց փորձի տեսանկյունից անգնահատելի տարիներ էին: 

Աշխատանքս շատ էի սիրում, բայց ընտանիքիս, ծնողներիս հետ կապն ինձ համար ամենակարևորներից էր ու, այնուամենայնիվ, որոշում կայացրեցի և վերադարձա:  Որոշ ժամանակ անց, կրկին աշխատանքի բերումով, ՌԴ տեղափոխվեցի, այս անգամ՝ ընտանիքով։ Տարբեր առաջատար ֆինանսական և ներդրումային ընկերություններում եմ աշխատել, այդ թվում՝ «Տրոյկա-Դիալոգ», «Սիթիբանկ» և այլն։ Սակայն միշտ իմացել եմ, որ մի օր սեփական ընկերություն ենք հիմնելու, և դա միանշանակ լինելու է Հայաստանում։  

- Իսկ ինչպե՞ս ստեղծվեց «Բալչուգ Կապիտալը»։

- 2010-ին եղբորս՝ Վարդանի հետ հիմնեցինք մեր սեփական ներդրումային ընկերությունը։ Այս որոշումը 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից քաղած դասերի արդյունքն էր։ Դասեր քաղելով ինչպես մեր հաջողություններից, այնպես էլ ձախողումներից՝ մենք հասկացանք մարտահրավերներն ընդունելու և անընդհատ զարգանալու կարևորությունը։

28 տարեկան էի, մինչ այդ մեծամասամբ հաջողություններ էի ունեցել, տեսել էի միայն զարգացում, ընդլայնվող և անընդհատ աճող շուկա։ Իսկ 2008-ին թվում էր, թե աշխարհը շուրջդ փուլ է գալիս ու դու չգիտես ինչ անել, չգիտես՝ ինչ կլինի։ 

Այս շրջանում ես հասկացա, թե երբ է պետք կանգ առնել, ոչինչ չանել, երբ է պետք գործել։ Մենք սովորեցինք ճիշտ որոշումներ կայացնել։ Այսօր, հետհայացք գցելով այդ փորձառությանը, ես ոչնչի համար չեմ զղջում։ Յուրաքանչյուր փորձ իր դրական արդյունքն է ունեցել, իսկ հաջողությունները միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ են տրվել։ Ամեն ինչին պետք է մոտենալ հավասարակշռված՝ և՛ փիլիսոփայորեն, և՛ պրագմատիկորեն, սթափ դատողությամբ։ Եվ կարևորը, ինչ էլ լինի, չհանձնվել։

- Ինչպե՞ս եք պատկերացնում «Բալչուգ Կապիտալի» հետագա ընդլայնումը, որտե՞ղ։ 

- Մեր տեսլականն է դառնալ աշխարհում մեծ ճանաչում ունեցող, Հայաստանում գործող, համաշխարհային առաջատար հոլդինգ-ընկերություն։ Նպատակն է նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում ներդրումային մշակույթի զարգացման ու տարածման գործում։ 

«Բալչուգ Կապիտալի» կենտրոնական գրասենյակը միշտ կլինի Հայաստանում։ Ներդրումների կառավարման ոլորտում մենք շատ անելիքներ ունենք, և դա իրենից ենթադրում է հստակ ռազմավարություն, պրոֆեսիոնալ մասնագետների և ընկերությունների ներգրավվածություն, գործընկերների հետ համագործակցություն։ Այնուամենայնիվ, մենք արդեն իսկ հաջողություններ ու զգալի առաջընթաց ունենք, և վստահ եմ, որ ապագայում դրանք շարունակական կլինեն։

Հայաստանը շարունակում է առերեսվել տարբեր մարտահրավերների, և մենք պատրաստ ենք անել հնարավորինը՝ հանուն նրա զարգացման։ Անկախ «Բալչուգ կապիտալի» զարգացումից և այն հանգամանքից, թե որտեղ մենք կընդլայնվենք, մեր արմատներն ու գործունեությունը միշտ կապված են լինելու Հայաստանի հետ։ 

Ներկայում «Բալչուգը» կառավարում է զարգացման հսկայական ներուժ ունեցող ակտիվներ։ Հաջորդ տարվա համար արդեն իսկ շուրջ 3-5 գործարք ենք նախատեսում։ Մեր թիմը շարունակում է ընդլայնվել՝ ներգրավելով մասնագետներ, որոնք կիսում են նույն արժեքները, որոնք ընկերության հիմքում են՝ ազնվությունն ու բարությունը։ Առհասարակ, հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ քեզ շրջապատում ես ավելի խելացի ու ավելի կայացած մարդկանցով, որոնցից միշտ նոր բան կա սովորելու։ Շատ կարևոր է, թե ինչ էներգետիկա ունեն մարդիկ, որոնց հետ աշխատում ես։

- Վերադառնալով Ձեր անձնական հետաքրքրություններին. բավականին հետաքրքիր հոբբիներ ունեք՝ սպորտ, երաժշտություն։ Առաջին հայացքից մասնագիտությունն ու սիրելի զբաղմունքներն անհամատեղելի են թվում։

- Հաճախ եմ դա լսում (ժպտում է,-խմբ.)։ Սպորտն ու երաժշտությունն արդեն, կարելի է ասել, հոբբի չեն. ես դրանցով ապրում եմ, իմ կյանքի, առօրյայի մի մասն են։ Երաժշտությամբ 17 տարեկանից եմ զբաղվում։ Շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ ակումբ գնացի և հասկացա, որ էլեկտրոնային երաժշտությունը լրիվ այլ բան է, քան այն, ինչ մենք սովոր էինք լսել։ Ու սկսեցի խորապես ուսումնասիրել։ Ինչ-որ գումար ունեի հավաքած, դրանով երաժշտական գործիքներ գնեցի ու սկսեցի ուսումնասիրել էլեկտրոնային երաժշտությունը։ Առանց երաժշտության չեմ պատկերացնում իմ կյանքը, արդեն 26 տարի է՝ նվագում եմ։

Իսկ սպորտը մեր ընտանիքի բոլոր անդամների կյանքի անբաժան մասն է։ Մեր ընտանիքի հիմնական սպորտաձևերն են բրազիլական ջիու-ջիցուն և ձիավարությունը։ Երկու դուստրերս և որդիս ջիու-ջիցուով են զբաղվում։ 6-ամյա տղաս՝ Ալեքսը, աշխարհի երկակի և Հայաստանի չեմպիոն է։ 16-ամյա աղջիկս ձիավարությամբ է զբաղվում 3 տարեկանից։ Նա հաղթել է բազմաթիվ մրցաշարերում և Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։

- Միայն ա՞յդ առումով են Ձեզնից օրինակ վերցրել։ Ցանկանու՞մ են Ձեր գործը շարունակել։

Մեծ աղջիկս՝ Աննան, 15 տարեկան է, արդեն հետաքրքրվում է ֆինանսներով և տնտեսագիտությամբ։ Միասին երկար նստում, ինչ-որ հարցեր, խնդիրներ ենք քննարկում։ Միշտ ասում եմ, որ լավ սովորելու, պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու դեպքում, իհարկե, կարող է կարիերան սկսել մեր ընկերությունից։ Մյուս կողմից՝ տղաս, որը վեց տարեկան է, այդ փաստից այնքան էլ «ոգևորված չէ»։ Որոշ ժամանակ առաջ, երբ դժվարությամբ էր համաձայնել նստել դաս անելու, կինս փորձել էր ոգեշնչել, ասել, որ պետք է լավ մասնագետ դառնաս, որպեսզի հայրիկի ընկերությունում կարողանաս աշխատել։ Վրդովված պատասխանել էր՝ հայրիկն ընկերությունն արդեն Աննային (աղջկաս) է խոստացել (ծիծաղում է,-խմբ)։

Երեք զավակներս մեծանում են ընտանեկան կարևոր արժեքներով, բայց, իհարկե, ունեն ընտրության սեփական իրավունքն ու հնարավորությունները։ Ամենակարևորը, որ երեխաները լավ կրթություն ստանան։

- Որպես երկար տարիների փորձառություն ունեցող և տարբեր երկրներում գործունեություն ծավալող մարդ՝ ո՞րն է Հայաստանի ապագայի Ձեր տեսլականը։ Ի՞նչը հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից մարտահրավերներին և օրեցօր փոխվող ու զարգացող աշխարհի պահանջներին։

Այն բարդ հարցերից է, որը, կարծում եմ, ամեն հայ իրեն տալիս է կյանքի ինչ-որ փուլում։ Մեր նման փոքր երկրի համար տնտեսապես անկախ լինելը բարդ է: Բայց պետք է հասկանալ երկրիդ ուժեղ կողմերն ու հնարավորությունները, և դրանք ծառայեցնել զարգացմանը։

Նախևառաջ՝ ունենալ լավ կրթական համակարգ. իսկապես, կրթությունից շատ բան է կախված։ Մյուս կարևորագույն բաղադրիչները կայացած տնտեսությունն ու պաշտպանական համակարգն են: 

Երկիրը նաև պետք է լինի հետաքրքիր, ունենա ներդրումային ու զբոսաշրջային գրավչություն, հյուրընկալ միջավայր։ Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ միայն ներսում եղած ռեսուրսների և ներուժի հաշվին մենք մեծ հաջողություններ չենք ունենում։ Հետևաբար, պետք է ստեղծել միջավայր՝ արտաքին ռեսուրսների արդյունավետ ներգրավման և կիրառման համար։ Պետք է կենտրոնանալ համաշխարհային արժեք ստեղծելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53