Կյանքից հեռացել է Համո Սահյանի մեծ քույրը՝ Հասմիկ (Հայկանուշ) Գրիգորյանը

03.05.2016 11:30
5002

2016թ. մայիսի 2-ին Սիսիանի տարածաշրջանի Դարբաս գյուղում հողին հանձնվեց Համո Սահյանի ավագ քույրը՝ Հասմիկ (Հայկանուշ) Գրիգորյանը՝ ծնված 1922 թվականին:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Հասմիկ մայրիկի հարազատներին ու մերձավորներին:

2014 թվականին, երբ պատրաստում էինք «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ Համո Սահյանի 100-ամյակի կապակցությամբ, երկու անգամ այցելեցինք նրան: Հենց նրա օգնությամբ էլ ուզում էինք առավել խորությամբ ծանոթանալ Խաչիպապի գերդաստանին:

Արդյունքում ծնվեց ճանաչված լրագրող Սուսաննա Բաբաջանյանի չքնաղ հոդվածը՝ «Էտյուդ Համո Սահյանի մեծ քրոջ՝ 91-ամյա Հասմիկ մայրիկի եւ նրա ընտանիքի մասին» վերտառությամբ, որը տեղ գտավ թերթի 2014թ. ապրիլի 8-ի համարում (N314):

Հոդվածում միայն հուշապատում չէ մեծ բանաստեղծի մասին: Հոդվածում նախեւառաջ ինքն է՝ Հասմիկ մայրիկը՝ մարդկային իր հիանալի նկարագրով: Այնպես որ՝ արժե մեկ անգամ եւս ընթերցել այդ հոդվածը եւ վերհիշել հայ ժողովրդին Համո Սահյան պարգեւած ընտանիքի մեծ դստերը՝ Հասմիկ Գրիգորյանին:

Թող լույս իջնի նրա շիրմին:

Ահա թե ինչու Հասմիկ մայրիկին վերհիշելու, նրա թարմ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար էլ ներկայացնում ենք Սուսաննա Բաբաջանյանի հեղինակած հոդվածը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Էտյուդ` Սիսական աշխարհի եւ Համո Սահյանի մեծ քրոջ` 91-ամյա Հասմիկ մայրիկի եւ նրա ընտանիքի…

Ամեն անգամ նույն զարմանալի զգացումն է համակում ինձ. հենց մտնում եմ Սիսական լեռնաշխարհ, նրա ամեն քար ու թուփ հիշեցնում են Համո Սահյանին:

Փորձում եմ բանաստեղծի աչքերով նայել ձգվող լեռնաշղթաներին, ծառերին ու նրանց վերջին տերեւներին, իրենց գույներով հորիզոնին խառնված մարգագետիններին, աջ ու ձախ փռված թփերին, փախչող բլուրներին ու ու սարերին...

Ամեն ինչում ասես զգում ես Սահյանի շունչը, նրա սերը վարակում է քեզ, պարզ հասկանում ես, թե ինչ է զգացել նա` իր ողջ կյանքում այս գեղանկար-ճանապարհներով անցնելիս...

…Իսկ աշնանային քամու մեջ կարմիր-վառվող պտուղներով դեռ ծանրաբեռ մասրենուն ուղղակի տխուր-ուրախ, անանց կարոտով ու ցավով բարեւում ես եւ հայացքով մինչեւ վերջ ուղեկցում նրա հեռացող պատկերը, ինչպես կբարեւեիր ու հայացքով կհետեւեիր Սահյանին...

Նախքան Լոր հասնելը Դարբասն է` Սիսիանի շրջանի հեքիաթային գյուղերից մեկը: Հայկական գյուղին բնորոշ` հարթություններով, վերուվար ձորափեշերով, սարալանջերով, իրենց բնականությամբ ու գեղեցկությամբ անմրցելի տներ ու աշնանաքաղ, արդեն ձմեռող այգիներ, տեղ-տեղ, տոնածառի պես գույնզգույն խնձորներով ամբողջովին զարդարված, բայց արդեն անտերեւ ծառեր...

Համո Սահյանի մեծ քույրը` Հասմիկ մայրիկը, 16 տարեկանում Լորից հարս է եկել Դարբաս` իրենց գյուղից 10-15 րոպեի ճանապարհ, ամուսնացել աշխատասեր ու բարի, մի շատ օրինավոր եւ օրինապահ մարդու` Բուրթելի հետ, եւ հյուրասեր օջախում ծնվել են նրանց զավակները:
16-ամյա գեղեցկուհին` երիտասարդ մանկաբարձուհին, գալով Բուրթելի բազմանդամ օջախ հարսնության, արդեն գիտեր, թե ինչպիսի դժվարություն եւ հոգս է առնում իր դեռատի ուսերին. Բուրթելի առաջին կնոջ մահից հետո որբ էին մնացել նրա հինգ զավակները`  դուստրը եւ չորս տղան:

Դա 1939 թվականն էր: Լոր եւ Դարբաս գյուղերի բնակիչները երկար ժամանակ ցնցված էին այդ արտառոց իրադարձությունից: Հասմիկի հայր Սահակն ուղիղ տաս տարի խռով է մնացել աղջկանից,  չի կարողացել ներել աղջկան` իրենից 15 տարով մեծ, արդեն հինգ որբատեր Բուրթելի հետ կյանքը կապելու համար: Բայց արդեն ոչինչ հնարավոր չէր փոխել. Հասմիկի եւ Բուրթելի սերը հաղթանակել է, եւ այսօր էլ նրանց աննման ու մեծ սիրո մասին գյուղում առասպելներ են պատմում… Տասնյոթ տարեկանում ծնվել է Հասմիկի առաջնեկը` Հրանտը, այնուհետ` Գեղամը եւ` երեք դուստրը: Արդեն 25 տարեկանում Հասմիկը սկսել է խնամել իր եւ Բուրթելի տասը երեխային` առանց խտրության ու խորթության…

Այսօր բոլորն էլ տնավորված-ընտանիքավորված, ապրում են Դարբասում, հարեւան գյուղերում, Սիսիանում եւ Երեւանում:  Իսկ  Հասմիկ մայրիկն իր վաստակած ծերությունն է վայելում կրտսեր որդու` գյուղատնտես-մեխանիզատոր Գեղամի ու նրա ընտանիքի ջերմ հոգածությամբ ու գուրգուրանքով շրջապատված:  Ամուսնուն 25 տարի  առաջ է կորցրել: Կորցրել է նաեւ իր տասը երեխայից երկուսին` երիտասարդ, իր հարազատ աղջկան եւ մեկ էլ` Բուրթելի որդիներից մեկին: Երկուսի համար էլ հավասար սրտից արյուն է կաթացել, եւ մինչեւ հիմա վերքը դեռ բաց է, չի՜ սպիացել…

Հին, գյուղական տունը` իր գրավչությամբ ու մարդկային սիրով, անմիջապես աչք ու սիրտ է շոյում: Գյուղի ճանապարհից աջ թեքվող սարալանջի նեղլիկ կածանը միանգամից տանում է ուղիղ Հասմիկ մայրիկի տան դիմահայաց, աշնան արեւով ողողված նախասրահ-բակը: Որքա՜ն է Համո Սահյանն այս կածանով բարձրացել քրոջ տուն, - ակամա մտորում եւ գորովանքով նայում եմ ոտքերիս տակ չոր խշրտող քարերին ու հողին,ճանապարհին   եզրերին բուսած եղինջին ու մերկացած,  մազ ու փեշ քաշող մարդաբոյ թփերի գալարուն ճյուղերին…

…Դեռ տան մուտքից` մեծ գերդաստանի կարգ ու կանոնի եւ օրինապահության ազնիվ շուքը  բարության ալիքներով մեզ ընդառաջ է գալիս. փայտե, ներկը տեղ-տեղ թափած եւ արդար վաստակից ազնվորեն ճաքճքած դռան կողքին հերթով կանգնած էին տան բոլոր անդամները` մեծից`  փոքր: Իմանալով հյուրերի մասին, մեզ դիմավորելու էր դուրս եկել «մի պարզ գերդաստան»` Հասմիկ մայրիկի գերդաստանը: Տան ավագը` 91-ամյա Հասմիկ մայրիկը` տիպիկ սահյանական դատող-բանող աչքերով ու դիմագծերով, կանգնել էր տան գլխավորի` Գեղամ որդու թևի տակ: Պարզ երեւում էր. տան առաջնությունն արդեն նրան էր հանձնել, բայց ինքը թիկունքն ամուր պահում էր…

Այնուհետ` Գեղամի կինը` Անահիտը, Շամբից մորը տեսակցության եկած դուստրը` Անուշը, Գեղամի որդի Արթուրը, նրա կինը եւ ամենավերջում` ծոռնիկը` հնգամյա Գեղամիկը` սեւուկ, պլստան աչքունքով, ընդգծված զսպությամբ ու միանգամայն հարգանքի արժանի լրջությամբ…
Գրկում եմ Հասմիկ մայրիկին, համբուրում. արդեն շատ բան գիտեմ նրա մասին եւ շատ-շատ բաներ էլ հետո իմացա…

Գեղամի եւ Հասմիկ մայրիկի առաջնորդությամբ` մտանք հյուրասենյակ: Իսկը մեր ուզածով էր` ընդարձակ, հին կահույք ու աթոռներ եւ պատի կողքին`  ամեն ինչ տեղը տեղին, հաստ թիթեղով ձեռքի աշխատանք-վառարան: Փայտերն արդեն խնամքով շարված էին վառարանի  շուրթին, մնում էր Հասմիկ մայրիկի կարգադրությունը…Սկզբի պահերին Հասմիկ մայրիկը դեռ լռում էր, չգիտեր ի՞նչ ասեր, ո՞ր մեկը եւ որտեղի՞ց սկսեր: Բայց նախ եւ առաջ նա պետք է իր համար բացահայտեր մեր ով, որտեղից լինելը: Հավանաբար մտածեց, որ Երեւանի լրագրողներ ենք, իր հող ու ջրին խորթ, իր լեզվին ու կենցաղին օտար եւ արժանապատվորեն, ինձ թվաց, մի քիչ էլ խռոված` զննում էր, ուսումնասիրում` ի՞նչ պտուղ ենք…

Բայց երբ միանգամից ես սկսեցի իր հարազատ Լորի ու Դարբասի, Գորիսի բարբառներով ուրախ խոսել, հալում-հարցում անել` իր առողջությունից, եղանակից ու բերքից, վառարանից, ցրտից, հարսից-տղուց եւ ամենակարեւորը` Սահյանի՜ց…Տեսնել էր պետք`  ինչպե՜ս հանկարծակի Հասմիկ մայրիկը վերածնվեց, գույնն ու շունչը տեղը եկան, միտքն  ակնթարթի մեջ պարզվեց եւ, առանց չափազանցության, դարձավ նույն 16-ամյան, երբ առաջին անգամ Դարբաս հարս էր եկել…
Անկեղծությունը դուրս հորդաց. հարազատ լեզվով խոսող, իր հողի ու ջրի պես պարզ, սովորական մարդու էր հանդիպել, որը հեչ միտք չունի նրանից ջանքեր ու բարձր նոտաներ պահանջելու: Այս անգամ ինքը գրկեց ինձ, մազերս ու երեսս պաչպչեց եւ ձեռքերս ափերի մեջ առած` պինդ պահում էր: Ասելու բան ուներ Հասմիկ մայրիկը. նախ եւ առաջ:

Եվ սկսեց խոսել` համարյա Գորիսի բարբառով, նույնիսկ մի պահ մտածեցի` Սահյանի արմատները հո Գորիսից չե՞ն…

Ի դեպ, ընդմիջելով, ասեմ, որ Լորի, Դարբասի եւ Գորիսի բարբառները շատ մոտիկ եւ նման են իրար, եւ ես դա հենց սկզբից իմացա, երբ  ուրախ զարմանքով բացահայտեցի, թե ինչ հիանալի էին բոլորը հասկանում իմ գորիսյան սքանչելի բարբառը եւ ես էլ՝ իրենցը…

Սկսվեց մեր տաք ու մտերիմ զրույցը: Հուշեր եւ պատմություններ  պատմեց Հասմիկ մայրիկը`լրիվ երիտասարդացած ու պայծառացած, ես մոռանում էի մի վայրկյան առաջ նրա ասածը` նա հիշում էր, մտքի թելը հարցով կտրում` նա նորից դառնում-տուտը բռնում էր…

Երկու-երեք ժամից մեքենա եկավ. ես Լոր էի մեկնում` Հասմիկ մայրիկի` վերադարձնելու պայմանով  ինձ տված մասունք-գրքերով ու իր հուշերով ծանրաբեռ: Մուտքի մոտ, ցավ տեսած մոր անվրեպ զգայարանով, Հասմիկ մայրիկը գրկել էր ինձ եւ բաց չէր թողնում:

Ուզում էի կատակել.

- Հասմիկ մամա, ճի՞շտ է, որ Սահյանը խռովկան էր:

Անմիջապես զգացի` ինքը խռովեց եւ ունքերը կիտելով ասաց.

- Համոն խռովկան չէր, նեղացկոտ էր, բայց` տեղին, մուռտառ բանն արյունը չէր ընդունում:

Շտապ համաձայնեցի,  համբուրեցի Հասմիկ մայրիկի թորշոմ-գունատ այտը, ամուր գրկեցի եւ ամբողջովին սպիտակած գլուխը պահեցի կրծքիս` շոյելով այդ մեծ մոր ձյունի պես ճերմակ մազերը:

Մայրս էր ասես: Մեր բոլորի մայրը:

«Կգաս, սպասելու եմ», - լսեցի հետեւիցս նրա ձայնը եւ անբացատրելի հուզված, մի մեծ կտոր սիրտ թողնելով այնտեղ, կածանով ցած իջա…  


Հասմիկ մայրիկի հուշապատումները եղբոր` Համո Սահյանի մասին

Սահյանը բրոնխեալ ասթմայով համարյա սկսել է տառապել քառասուն-հիսունից հետո: Մի անգամ, երբ արդեն յոթանասուն էր, քրոջ հետ զրուցելիս, դժգոհությամբ ասաց. «Էս իմ հիվանդությունը մորական պապս` լեռնաշենցի Լալոնց Լալան է ինձ նվիրել (Լալազարյան), ինքն էլ դրանից մեռավ, ես էլ եմ դրանից մեռնելու...»:

Հետո կատակել է. «Այ մարդ, ասա մի լավ բան չունեի՞ր կտակելու թոռներիդ...Լեռնաշենից օգուտ չեմ ստացել, մենակ հոգսեր են պատճառել...
Տաղանդս Լորն է տվել, հերս էլ գրում էր (Սերոն մի օր տարավ, որ իբր տպի` էլ չբերեց...), հիվանդությունս` Լեռնաշենը...

Լորն ինձ անմահություն է տվել, Լեռնաշենը` մահ...եւ այսքանից հետո լեռնաշենցիներն  ուզում են հակառակը պնդել...Ավելին, իմ սիրելի Լորագետն էլ կռվախնձոր են սարքել, ինչ է թե` Լեռնաշենից է հասնում Լոր...Ասում են դա մեր «Իչենի» գետն է...Բայց վերջում ո՞վ հաղթեց, իհարկե` պատմությունը եւ արդարությունը...

Դա Լորագետի կռիվ չէր, Հասմիկ, դա Համոյի կռիվ էր` Լորագետի անունը փոխելով, կարծում էին Համոյի արյունն էլ կփոխեն, կսեփականացնեն ինձ...»:

***

Համո Սահյանի մայրը շատ վաղ է մահացել` տասներկուամյա մեծ աղջկա` Հասմիկի ձեռքերին թողնելով երեք ամսական տղային` Հայկին:

Սահյանն այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր, Բաքվում էր սովորում: Ամռանը գալով Լոր, ինքն է փոքրիկով զբաղվել, փոխել-լվացել փոքրիկի տակաշորերը, գրկել, օրորել եւ կերակրել:
Տիկին Հասմիկը պատմում է, որ Համոն այդ ժամանակ ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար...Մորս համար ոչինչ չհասցրի անել...»:

Իսկ երբ փոքրիկն ամիսներ անց մահացել է, Սահյանը փոքրիկին գրկած հասցրել է մինչեւ գերեզմանոց` մի վայրկյան չդադարելով լաց լինել... Իր ձեռքով դրել է գերեզմանափոսի մեջ, հետո գրկել քրոջը` Հասմիկին ու ասել. «Մաման ավելի լավ կպահի, Հասմիկ, մենք չկարողացանք մայր լինել Հայկի համար...»:

Իսկ երբ տանն աղքատիկ սեղանի շուրջ նստել են, Սահյանը լաց լինելով խնդրել է 12-ամյա մեծ քրոջը` Հասմիկին, մայր լինել իրենից փոքր չորս քույրերին, իրեն ու եղբորը` Համլետին...
Եվ ինքը կսկծալով` նորից մեկնել Բաքու...

Հետագայում Հասմիկին բոլոր քույրերը, նաեւ եղբայրները` Համոն եւ Համլետը, մամա են կոչել...
Համո Սահյանի քույրերից չորսը ողջ են եւ շարունակում են Հասմիկ տատին մայր կոչել, այդպես էլ գրելով իրենց նամակներում «Սիրելի մամա Հասմիկ…»:

1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար` խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս` Համոյի հետեւից եւ գնացինք դաշտ` սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հացի հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք` թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թեւին գցած` մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած` իր կողմը նայելիս, երեւի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասաց` մենք սինձ կուտենք, պահենք մեր հոր ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչեւ հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:

Ասին` դուք կերե՞լ եք, ասինք` չէ:

Մայրս ու հայրս լաց եղան:

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս` լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասաց` Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...

***

Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս` պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը` ճշմարտություն եւ սրբություն: 1991 թվականն էր: Համոն եկել էր Լոր, բայց մինչեւ Լոր հասնելը միշտ Դարբասում կանգնում էր, գալիս իմ տուն, ժամերով նստում, մեզ հետ զրուցում...Ամեն անգամ Դարբասից Երեւան գնալիս` իր ընկերներին լաց լինելով խնդրում էի, որ Համոյին լավ նայեն, որ ես հեռու եմ, ձեռս-ոտս չի հասնում...Այնքան էի լացում ու խնդրում, որ ընկերներն էլ չէին դիմանում, աչքները սրբում էին... Իսկ Համոն ձեռքը դեպի սիրտն էր տանում, ասում` վատացավ սիրտս, Հասմիկ, հերիք է, ուզում ես հիմա ապրե՞մ, թե` մեռնեմ...

Համոս արդեն հիվանդ էր, միշտ փաթաթված, հազում էր, անընդհատ ծխում...

Վերջին անգամ, որ Լորից գալուց` ճամփեցի, ասաց` Հասմիկ, կարող է էլ չկարողանամ Լոր գալ, մեր հոր դուռը փակ չթողես, մեկ-մեկ գնա դուռը բաց արա, մեր հոր Սահակի ու Խչիբաբի /Խաչի պապի/ ականջը ձենի ա լինելու, ձեն տուր, կարոտ չթողնես...

Ոտերիս, կռներիս զարկեցի, լացս դրի, ասի` Համո, հաշվի` ինձ արդեն թաղեցիր, Խչըբաբոնց ծուխը դու ես, քվերքիդ գլուխը մի կտրիր...

Համոս երեսը թաքցրեց վզի շալի մեջ, դուրս եկավ` ես էլ մինչեւ մեքենան շարժվելը` ծնկներիս տալով` հետեւից ընկած ...

...Համոյից հետո հաճախ եմ գնացել Լոր, բացել եմ մեր հոր տան դուռը եւ ամեն անգամ լաց լինելով` դուրս եկել: Բայց ամեն գնալուց հետո սիրտս հանգստանում է, թեթեւանում, ասես Համոյի օրհնանքն եմ ստանում...

Ասում եմ, Տեր Աստված, հոգիս առ էլի, սիրտս մղկտում է, էլ չեմ կարողանում դիմանալ: Քսան տարի է արդեն առանց Համո գնում-գալիս եմ, էլ մեծ եմ, ես էլ չեմ կարողանում...Հիմա էլ սարքել են, շինել, ցանկապատել, արդեն հորս ու Խչըբաբոնց հոտն ու շունչն էլ ա վերացել էդ տնից...Թանգարան են սարքել հորս տունը, էլ համ ու հոտ չկա...

Համոն ասում էր, Հասմիկ, ես ամաչում եմ, որ հորիցս հինգ տարի ավել եմ ապրել, ինքը 73-ում մեռավ, ես արդեն 79 եմ...Բա ես ի՞նչ ասեմ, Համո, տես քեզանից ինչքան ավել ապրեցի` 12 տարի: Ասում էր` Հասմիկ, դու պիտի երկար ապրես. համ մեր քույրերին ես պահել, համ էլ` մեր հորը, ումբուրդ երկար է լինելու...

Ավել չեմ ուզում, գոնե մինչեւ Համոյիս 100-ամյակն էլ ապրեմ, նույն օրն էլ` գիշերը, մեռնեմ:
Համոյի վերջին խնդրանքն էլ կատարեմ, ասում էր` հարյուրամյակիս, Հասմիկ, կգաս գլխիս վերեւ կանգնես, մեր տան շունչը զգամ...

***

Համոյի հիվանդությունը 92-ի դեկտեմբերին վերջնական սրվել էր, տեղաշոր էր ընկել: Ծանր, վատ տարիներ էին, չէի կարողանում գնալ, տեսնել եղբորս: Զանգահարեցի, ասաց` Հասմիկ, թե կարում ես, ինձ ազատի Սահմադից, ինձ լավ բռնացրել է տեղաշորում, ամեն օր գալիս, շնչիս նստում է եւ սկսում իր ոտանավորները կարդալ: Առանց այն էլ` օդ չկա, որ շնչեմ... Թե մեռնեմ, իմացիր, Սահմադն է ինձ սպանելու:

Սահմադը մեր հորեղբոր որդիներից մեկն էր եւ անպայման ուզում էր ինքն էլ բանաստեղծ դառնալ, ոչ ավել, ոչ պակաս, Համոյի պես:

Վեր կացա, մի կերպ մեքենա գտանք, գնացի Երեւան: Համոն պառկած էր: Տեսա` Սահմադն էնտեղ չէր: Հարցրի, Համոն ուրախ ասաց` ուղարկել եմ Լորվա շրեշի կուտապ բերելու, բայց ասել եմ, տես, շրեշը գարնանն է դուրս գալիս...Մի երկու ամիս կհանգստանամ, երեսը չեմ տեսնի...

Մինչեւ մենք խոսում էինք դեսից-դենից, երկու ժամ չանցած, Սահմադը եկավ` ձեռքին շրեշի երկու տաք կուտապ: Համոն հարցրեց` որտեղի՞ց է գտել: Սա թե` շուկայում մի կին կար, տեսա կուտապ է ծախում, մոտեցա` լորեցի էր, ասեց` շրեշի լավ կուտապ է, չե՞ս ուզում...Փող էլ չվերցրեց, Համո ապի, որ իմացավ քեզ համար եմ բերելու:

Համոն գլխին խփեց` վայ քո տունը շինվի, հենց գնացել-լորեցու՞ ես ռաստ եկել...էն կկվի ձենի պես...Չ՜է, սա ինձ վրա շատ թանկ է նստելու, ավելի լավ է, ինչ պարտք ու պահանջ ունես, ասա` տամ, հոգիս էլ առ, գնա...

Էս մեր «բանաստեղծ» բարեկամն էլ լուրջ ընդունեց Համոյի ասածը, միանգամից վրա տվեց.

- Համո ապի, ճանապարհին մի գլուխգործոց եմ գրել, էդ էլ կարդամ, նոր կուտապը կեր, սիրտս դինջանա, որ սրտուզելիքդ բերել եմ...

Համոն խռոված` երեսը դեպի պատն արեց, ինձ էլ ասաց` Հասմիկ, Սահմադին հետդ կտանես Լոր, թող էնտեղ բանաստեղծ դառնա..

Սահմադն էլ թե` Համո ապի, էս ձմեռով ի՞նչ կա Լորում, թող գարունը գա, մայիսին կգնամ, որ ծաղիկները տեսնեմ...

Համոն էլ չկարաց ծիծաղը պահել, շուռ եկավ, նայեց Սահմադին.

- Այ մարդ, մինչեւ գարուն ես կարող է մեռնեմ, եթե, իհարկե, ավելի շուտ ինձ չսպանես...
Ինձ էլ ասաց` Հասմիկ, իմ չարքաշ բախտը ինձ հետ է, պրծում չունեմ:

***

Այդ օրերին Շչորս Դավթյանն է գալիս: Արարատում Համոյի սիրած խնջլոզն է պատահում, գնում եւ բերում է: Համոն համարյա ոչինչ չէր ուտում, բայց որ Շչորսն ասաց` Լորի խնջլոզ է, Համոն ձեռքը մեկնեց, փունջը վերցրեց եւ հոտ քաշեց: Հետո նայեց-նայեց Շչորսին ու ասաց.

- Տար կորցրու, սա Լորի խնջլոզ չի, սա Արարատի անհամ-անհոտ խնջլոզն է:

Շչորսը հետո խոստովանեց, որ կյանքում մի անգամ ուզեց խաբել Սահյանին, էն էլ բռնվեց:

Ողջ օրը Համոն նեղացավ, հաց չդրեց բերանը: Հետո, երբ քոռուփոշման` Շչորսը գնաց, Համոն ինձ ասաց.

- Հասմիկ, ճիշտն ասած, խնջլոզի մասին չէի մտածել, բայց որ աչքս տեսավ էն սպիտակ գլուխն ու նուրբ տերեւները, սիրտս Լորի խնջլոզ ուզեց...Բա մարդ էդ պատվական բույսի վրա սուտ կասի՞...

Լաց եղա. մեծ ախպերս երեխաս էր դառել: Ասացի` Համո, Հասմիկի ջուխտ աչքերը քեզ համար քոռանան, պատվականը դու ես, բույսը ի՞նչ պատվական, բույս ա էլի...

Նեղացավ` էդպիսի բան էլ չասես, Հասմիկ, մեր սարի խնջլոզը մենակ պատվական չի, ազնվական է, գեղեցիկ եւ մեզ հավատարիմ...Հլա հիշիր մեր պապերին, ինչքա՜ն են կերել ու չի վերջացել, չի նեղացել, նորից բուսել է...

Նորից լաց եղա` ինքն էլ ինձ հետ լաց եղավ... Ասացի` աչքերս քոռանան, Համո, ես վաղը Լոր եմ գնալու, գետնի տակից էլ լինի` պոկելու եմ, բերեմ...

Սիսիանի ձմեռն այդ տարի շատ խիստ էր, սառույցը չքաշեց մինչեւ ապրիլ...

***

Համոն ծանր էր: Արդեն հեռախոսին չէր պատասխանում: Իմացա, որ դաղձի ծաղիկ է ուզել, ասել է` մենակ մեր դաղձի ծաղիկը շունչս կբացի...

Էդ տեսակ դաղձը` իր սիրուն, բուրավետ ծաղիկներով, Շամբի լանջերին է աճում: Ոտքով վազելով, շունչս կտրելով, հասա Շամբ, աղջիկս էնտեղ էր ապրում: Միասին ընկանք սարերը, դաղձի ծաղիկներ հավաքեցինք:

Սիրտս անհանգիստ-շտապում էր, քիչ էր մնում կոկորդիցս դուրս թռչեր: Աղջկաս` Անուշին ասացի` Անուշ, Համոյիս որ մի բան պատահի, իմացիր, մերդ մեռնելու է...Էհ, մարդուս ճակատը շատ պինդ է, ամեն ցավի դիմանում է:

Տեսա հետեւիցս Սիսիանի նախկին քաղաքապետի մեքենան Շամբ է եկել: Սիրտս ահ ընկավ, լացուկոծս դրեցի: Քաղաքապետը հանգստացրեց, ասաց` Հասմիկ մորքուր, Համոն ողջ է, բայց մենք էլ ենք ուզում գնալ, տեսնել մեր վարպետին: Ինձ խաբեցին: Ճանապարհին ոչ մեկը չէր խոսում, ես մեռած-չթաղած էի: Իմս արդեն ինձ էր տվել...

Երբ հասանք, ինձ արդեն ձեռքերի վրա բարձրացրին հարկերը: Ինձ կորցրել էի, բայց Համոյի դաղձի ծաղիկները պինդ բռնած պահում էի...

Համոյիս դաղձի ծաղիկները շարել էի դեմքի շուրջը, շաղ տվել կրծքին:

Համոն էլ չէր շնչում, բայց ես էլ, մյուս քույրերս էլ տեսանք, որ փակ կոպերի տակից արցունքը եկել, հասել էր դաղձի ծաղիկին...

Համոս զգացել էր, որ իր դաղձի ծաղիկները քույրը բերել է... Նրանց հետ էլ հողը մտավ...

Պատրաստեց` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33